Վարդանյանը հուսով է, որ նոր իշխանությունը իրապես կփոխի համակարգը - Mediamax.am

6383 դիտում

Վարդանյանը հուսով է, որ նոր իշխանությունը իրապես կփոխի համակարգը


Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հույս ունի, որ նոր իշխանությունները «կկարողանան իսկապես փոխել համակարգը եւ այնպես անել, որ Հայաստանը դառնա արագ զարգացող, դինամիկ եւ երջանիկ երկիր»:

RTVI-ին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե կլանային համակարգն է, այլ փակված լինելը:

 

«Մեր մրցակցությունն աշխարհի հետ նվազագույն է եղել: Օրինակ, ՏՏ եւ բանկային հատվածում կլանային խնդիր չկա: Բանկային հատվածում կա տասնութ բանկ, այդ թվում՝ արեւմտյան եւ ռուսական: Թափանցիկ ոլորտ է, որտեղ նորմալ մրցակցություն կա:

 

Գոյություն ունի սովետական կախվածության մոդելից ազատվելու խնդիր, երբ դու ակնկալում ես, որ ինչ-որ մեկը պետք է քո համար լավ կյանք ապահովի: Դա սարսափելի հիվանդություն է: Այն, ցավոք, վարակի պես խոցել է շատ երկրներ, մենք միակը չենք, ովքեր դա վերապրում են: Այն ընկալումը, որ քո ապագան քո ձեռքերում է, եւ դու պետք է պատասխանատվություն կրես դրա համար, շատ լուրջ մարտահրավեր է: Ոչ բոլորն են պատրաստ դրան:

 

Հարկավոր է հասկանալ, որ ամեն տարի դեպի Հայաստան ուղղվում են 2 միլիարդ դոլարի մասնավոր փոխանցումներ՝ ընտանիքներից, հարազատներից, ընկերներից: Դա սովորեցնում է նրան, որ դու գումար ես ստանում ոչ թե նրա համար, որ վաստակում ես, այլ որ քեզ օգնում են:

 

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության եկած այլ մարդիկ դժվար իրավիճակում են: Նույն բարդ իրավիճակում էր Սերժ Սարգսյանն ու նրա թիմը, որովհետեւ այդ օգնությունը մի կողմից, շատ անհրաժեշտ է, մյուս կողմից՝ փչացնում է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

«Մեզ սպասվում է ծանր, դժվարին շրջան: Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը շանս ունի, որովհետեւ հայերն այն քիչ ազգերից են, որոնք մի կողմից շատ լուրջ պատմական արմատներ եւ փորձ ունեն եւ մյուս կողմից՝ լավ հայացք դեպի ապագա»,- նշել է IDeA-ի համահիմնադիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին