Երեւանում մեկ ամիս կգործի «Առաջինները» ցուցահանդեսը - Mediamax.am

2170 դիտում

Երեւանում մեկ ամիս կգործի «Առաջինները» ցուցահանդեսը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Առաջինները» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետություն 100-ամյակին:

Ցուցահանդեսին ներկայացված 3 ճարտարապետներին միավորում է «առաջինը» լինելու հանգամանքը. Հովհաննես Քաջազնունին Առաջին Հանրապետության առաջին վարչապետն է, Նիկողայոս Բունիաթյանը՝ 1924-38 թթ. Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետը, Աննա Տեր-Ավետիքյանը՝ Հայաստանի առաջին կին ճարտարապետը:

 

Ցուցադրված նյութերը՝ նախագծեր, լուսանկարներ, գծագրական գործիքներ, հոդվածներ, հիմնականում պահվում են թանգարան-ինստիտուտի արխիվում: Դրանք շատ չեն, բայց Հայաստանի ու հատկապես՝ Երեւանի պատմության կարեւոր վկայություններն են: Այդ արխիվային նյութերում ներկայացված կառույցների մի մասը, ինչպես Աննա Տեր-Ավետիքյանի նախագծած «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի, Լեզվի ինստիտուտի շենքերը, Նիկողայոս Բունիաթյանի «Սեւան» հյուրանոցը կամ Քաջազնունու նախագծով Բաքվում կառուցված Սուրբ Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցին, այլեւս չկան, որոշ շենքեր էլ կորցրել են նախնական տեսքը: 

 

 

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն ասել է, որ այս նյութերը հանրությանը ներկայացնելու կարիք կա:

 

«Ճարտարապետ Լոլա Դոլուխանյանը գրքեր ունի Քաջազնունու եւ Բունիաթյանի մասին, դրանք վերատպելու կարիք կա: Ե՛ւ Քաջազնունին, ե՛ւ Բունիաթյանը շատ լավ են գրել: Եթե կարդաք նրանց հոդվածները, կզարմանաք: Նրանք ոչ միայն որպես մասնագետներ վերլուծել են շինությունները, այլեւ շատ պոետիկ են, բանիմաց, լայնախոհ: Տիկին Դոլուխանյանն առաջարկել է Քաջազնունու հոդվածների ժողովածու տպագրել՝ իր գրքույկը որպես նախաբան օգտագործելով: Եթե կլինեն մարդիկ, որոնք կհասկանան այս աշխատանքի կարեւորությունը եւ կաջակցեն, մենք կիրականացնենք ծրագիրը»,- նշել է թանգարանի տնօրենը:

 

 

Ցուցադրության որոշ նյութեր տրամադրել են ճարտարապետների ընտանիքները: Աննա Տեր-Ավետիքյանի որդին՝ Աշոտ Հովհաննիսյանը, ներկայացրել է մոր գծագրած շենքերը, հիշել, թե ինչ հանգամանքներում քանդվեցին դրանցից մի քանիսը: 

 

«Առաջինները» խորագրով ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս: Մուտքն ազատ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին