Արամ Մանուկյանի ոգին կենդանի է, ասել է վարչապետը - Mediamax.am

3406 դիտում

Արամ Մանուկյանի ոգին կենդանի է, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին ներկա է գտնվել պետական-հասարակական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացմանը:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

 

«Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետեւ նրա կյանքը եւ գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի եւ գործունեության, ով ծնվեց, ապրեց եւ մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն եւ ի վերջո իրագործեց այդ առաքելությունը:

 

Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թեւերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար եւ նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետեւանքով եւ ամբողջացրեց իր առաքելությունը:

 

Եվ ես հավատում եմ, որ այդ առաքելությունը նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ նա կանգնել է այն տեղերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք:

 

Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եւ այդ առաքելությունն է լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը եւ ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ եւ ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան եւ Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է եւ հայ ժողովուրդն այլեւս հաղթանակած է հավիտյան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին