«Ինքնիշխանությունը ուղիղ համեմատական է մեր կարողություններին» - Mediamax.am

6654 դիտում

«Ինքնիշխանությունը ուղիղ համեմատական է մեր կարողություններին»


Ավետիք Չալաբյանը
Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` Ա.Չալաբյանի անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների որոշակի սրումը պայմանավորված է թե՛ Մոսկվայի եւ թե՛ Երեւանի գործողություններով:

«Ռուսաստանը հարաբերությունները սրում է երկու պատճառով։ Մի կողմից, այն ձգտում է սեղանին վերադարձնել Լավրովի տխրահռչակ պլանը, եւ մեզ պարտադրել Արցախյան հարցի կարգավորման այն տարբերակը, որից ակնհայտ շահում է Ռուսաստանը՝ ընդլայնելով իր աշխարհաքաղաքական ներկայությունը եւ ազդեցության շրջանակը, բայց որից բնավ չենք շահում մենք, քանի որ այն տեղի է ունենում հիմնականում մեր հաշվին։

 

Մյուս կողմից, անկախ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներից, Ռուսաստանի ղեկավարությունը ֆունդամենտալ անվստահությամբ է վերաբերվում այս կառավարությանը, մանավանդ նրա շարքերում մի շարք ընդգծված հակառուսական դեմքերի հայտնվելուց հետո, եւ այս անվստահությունը մղում է նրան իր պատկերացմամբ «պրեվենտիվ» քայլեր ձեռնարկելու։

 

Հայաստանը, իր հերթին, հարաբերությունները սրում է, որովհետեւ կառավարությունում հայտնված նույն սորոսականները իսկապես ունեն ընդգծված հակառուսական օրակարգ, եւ փորձում են ամեն քայլափոխում այն գործի դնել, սքողելով այն Հայաստանի ինքնիշխանության վերականգման մասին վերամբարձ խոսակցություններով։ Սա կարող էր մասամբ արդյունավետ լինել, եթե ուղեկցվեր աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների ընդգծված աջակցությամբ, սակայն Նիկոլ Փաշինյանի այցելությունը Բրյուսել եւ դրան հաջորդած իր եւ արեւմտյան դեսպանների հայտարարությունները ցույց են տալիս, որ Արեւմուտքը բնավ պատրաստ չի գրկաբաց ընդունել նոր կառավարությանը (մասամբ նաեւ ելնելով Վրաստանին եւ Ուկրաինային անվերապահ աջակցելու դառը փորձից), եւ եւս զգուշավոր մոտեցում է ցուցաբերելու, ուղղորդելով նրան գնալու պրագմատիկ գործողությունների ճանապարհով», - գրել է Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում:

 

«Այս պայմաններում ինչ է մնում անել մեզ՝ որքան էլ պարզունակ հնչի, վերադառնալ նախորդ իշխանության կողմից իրականացվող կոմպլեմենտար կուրսին, երբ մենք աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հարաբերությունները զարգացնում ենք հետեւողական, ամենօրյա աշխատանքով, կոնկրետ հնարավորություններ մշակելով եւ առաջ տանելով, կոնկրետ շահեր հասկանալով եւ սեփական շահերի հետ համադրելով, մանեւրելով եւ խուսանավելով», - կարծում է Ավետիք Չալաբյանը:

 

«Երկարաժամկետ հեռանակարում, մենք, իհարկե, պետք է աշխատենք տարածաշրջանում եւ աշխարհում մեր ինքնիշխանության աստիճանը հետեւողականորեն բարձրացնելու ուղղությամբ։ Սակայն ինքնիշխանությունը ուղիղ համեմատական է մեր կարողություններին, եւ ոչ թե վերացական ցանկություններին։ Կարողություններն էլ ստեղծվում են հնարավորությունների ճշգրիտ գնահատմամբ, դրանց շուրջ նախաձեռնողական գործողություններով, ճարտար մտքի օգտագործմամբ, եւ հետեւողական աշխատանքով», - գրել է Ավետիք Չալաբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին