Փարիզում անցկացվեց առաջին հայկական փառատոնը - Mediamax.am

exclusive
2628 դիտում

Փարիզում անցկացվեց առաջին հայկական փառատոնը



Փարիզի 8-րդ թաղամասի Ժան Գուժոն փողոցում, ուր գտնվում է հայկական եկեղեցին, նախորդ կիրակի կայացավ առաջին հայկական փառատոնը, որին մասնակցեցին հազարավոր մարդիկ։ Ֆրանսիայում Մեդիամաքսի սեփական թղթակիցը եւս մասնակցել է միջոցառմանը եւ զրուցել դրա կազմակերպիչների եւ հյուրերի հետ։

 

Փողոցում դադարեցվել էր երթեւեկությունը, եկեղեցու դիմաց տոնական տրամադրություն էր, հայկական երաժշտություն, տարբեր տաղավարներ եւ, իհարկե, հայկական ուտեստներ։ Պատարագի ավարտից հետո հենց եկեղեցու դիմաց ռեհանի օրհնություն տեղի ունեցավ, որից հետո էլ կատարվեց փառատոնի բացման արարողությունը` ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Փարիզի 8-րդ թաղամասի թաղապետ Ժան դ'Օթստեղի եւ «Առաջնորդարանի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Ռեմի Մակինաջյանի գլխավորությամբ։

 

Թեմի առաջնորդը Մեդիամաքսին պատմեց, որ նման փառատոն անցկացնելու միտքն իր մոտ հղացել է մի ընթրիքի ժամանակ։ Երբ խոսել է իր այս նպատակի մասին, իր շրջապատում կարծել են թե խոսքն ընդամենը փոքր հյուրասիրության մասին է` «20 քյաբաբ-լավաշով», բայց եկեղեցու առաջնորդն ասել է, որ ինքը մեծ ծավալով միջոցառման մասին է խոսում, խոսքը ոչ թե 20, այլ` 2 հազար եւ ավելի հյուրի մասին է։

 

Սրբազանն ասաց, որ այս միջոցառման իրագործմամբ ցանկացել է նաեւ հայ ժողովրդի կերպարը ներկայացնել. «Օտար երկրներում հայ ժողովրդին հիմնականում Ցեղասպանության զոհերի հետ են կապում, իհարկե, մենք պետք է խոսենք այդ մասին, բայց կուզենայի նաեւ, որ մեզ որպես ուրախ ժողովուրդ ճանաչեին, օտարերկրացիները մեր երգն ու պարը տեսնեին, ծանոթանային մեր մշակույթին։ Եվ ուրախալի է, որ շատ օտարերկրացիներ են այսօր այստեղ։

 

Դյուրին չէր այս ամենն անելը, պետք էր մի ամբողջ փողոցի երթեւեկություն կանգնեցնել, այն էլ այս «ոսկե» թաղամասում։ Այս միջոցառումն իրականացավ նաեւ մեր նվիրյալների քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- նշեց հոգեւորականը։

 

Փարիզի 8-րդ թաղամասի թաղապետ Ժան դ'Օթստեղը Մեդիամաքսի հետ զրույցում հույս հայտնեց, որ կհաջողվի փառատոնն ամենամյա դարձնել: «Հայ համայնքը շատ մեծ նշանակություն ունի Ֆրանսիայի համար։ Հայ ազգը աշխատասեր եւ կառուցող է, ես մեծ հարգանք եմ տածում հայերի նկատմամբ եւ շատ հայ ընկերներ ունեմ։ Եվ այսօր նրանց կողքին եմ որպես այս թաղամասի ղեկավար այս միջոցառումն իրականացնելու, եւ իհարկե, այն ամենամյա դարձնելու համար»,-ասաց նա։

 

Տիկին դ'Օթստեղը նաեւ նշեց, որ հայկական խոհանոցի երկրպագու է։ «Ես շատ հայ ընկերներ ունեմ եւ ծանոթ եմ հայ մշակույթին, ինքս էլ ցանկանում էի, որ անպայման հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորություն ունենանք։ Իսկ հայկական խոհանոցը շատ եմ սիրում, տարբեր ճաշատեսակներ արդեն համտեսել եմ։ Իհարկե, ֆրանսիական խոհանոցը շատ հարուստ է, բայց միշտ էլ հետաքրքիր է այլ երկրների մշակույթ եւ խոհանոց ներկայացնել, այսպես կկարողանանք միասին ապրել»,- նշեց պաշտոնյան։ Օրվա ավարտին ներկաները դասական համերգ վայելեցին։

 

Փառատոնի պաշտոնական կազմակերպիչներն էին Ֆրանսիայի հայոց թեմը եւ «Առաջնորդարանի բարեկամներ» կազմակերպությունը։

 

Էլլադա Ղուկասյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին