Միլսը կրկին խոսել է Ամուլսարի մասին՝ մերժելով «սպառնալիք» որակումը - Mediamax.am

2705 դիտում

Միլսը կրկին խոսել է Ամուլսարի մասին՝ մերժելով «սպառնալիք» որակումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող իրադարձություններով:

EVN Report-ին տված հարցազրույցում Ռիչարդ Միլսը ասել է, որ չկա ոչ մի ապացույց Լիդիան ընկերության կողմից կոռուպցիայի դրսեւորման վերաբերյալ: 

 

«Ծրագրի ֆինանասավորումը ապահովել են բաժնետերերը եւ ինստիտուցիոնալ ներդրողները: Նրանք ունեն իրենց բնապահպանական պահանջները, որոնք պարտադիր են հանքարդյունաբերական նման ծրագրերի մեջ ներգրավվելուց առաջ», - նկատել է Միլսը: 

 

ԱՄՆ դեպսանն ասել է, որ մտահոգությունների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ծրագիրը նույնիսկ չէր սկսել հանքարդյունահանումը: 

 

«Ծրագիրը դեռ շինարարության փուլում է, եւ ստացվում է, որ հանքավայրը փակվել է առանց բնապահպանական որեւէ իրական վտանգի առկայության», - նշել է դիվանագետը: 

 

«Կարելի էր եւս մեկ բնապահպանական հետազոտություն անցկացնել, եթե ընկերությունը եւ կառավարությունը նման որոշում կայացնեին, եւ միաժամանակ շարունակել շինարարությունը», - ասել է Միլսը: 

 

Դեսպանն ավելացրել է, որ Հայաստանում կա 27 մետաղական հանք, եւ դրանցից ոչ մեկի աշխատանքը չի կանգնեցվել: 

 

«Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել եւ դա հետեւանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից», - ասել է Ռիչարդ Միլսը: 

 

Նրա խոսքով, Ամուլսարը բնապահպանության տեսանկյունից լավագույն չափանիշներով աշխատող ծրագիր է, որն արդեն «բավական շատ քայլեր է արել» եւ որեւէ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված լինելու ապացույց չկա, մինչդեռ աշխատանքները դադարեցվել են «առանց կառավարության կողմից իրավական որոշման»: 

 

Ցուցարարները փակել են հանք տանող ճանապարհը, նշել է Միլսը, ասելով, որ թեեւ ինքը քաղաքացիական անհնազանդության ուժի հանդեպ մեծ հավատ ունի, «նման գործողություններն արդարացված են, եթե տեսակետներն արտահայտելու այլ եղանակ չկա»: 

 

«Չեմ կարծում, որ սա այդ դեպքն է, որ արդարացնում է հարյուրավոր մարդկանց աշխատանքի կորուստը եւ այս ներդրման չեղարկումը», - շեշտել է դեսպանը: 

 

«Սա իսկապես առաջացնում է ներդրումային խնդիր եւ սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել: Բայց ես նախ եւ առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի եւ ԱՄՆ քաղաքացիների եւ ներդրողների առաջ եւ եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց ասելու եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք, որ Լիդիանի հետ նման բան է տեղի ունեցել, եւ պետք է ինքներդ եզրակացություններ անեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն», - ասել է Միլսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին