Կառավարությունը «Թեղուտ»-ին հարկային արտոնություններ է տրամադրում, իսկ ակտիվիստները շարունակում են բողոքել - Mediamax.am

1851 դիտում

Կառավարությունը «Թեղուտ»-ին հարկային արտոնություններ է տրամադրում, իսկ ակտիվիստները շարունակում են բողոքել


Լուսանկարը` http://www.ecolur.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության որոշման համաձայն, «Թեղուտ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013թ. մարտի 1-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել մինչեւ 2016թ. մարտի 1-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ներկայացնելով հարցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ծրագրի իրագործման համար ներդրումների ծավալը գնահատվում է մոտ $ 338,6 մլն, որից մոտ $ 132 մլն կկազմի ֆաբրիկայի կառուցման եւ սարքավորումների ձեռքբերման ծախսերը:

 

«Սարքավորումների ներմուծումն արդեն ընթացքի մեջ է: Այս ծրագրի իրականացումը կստեղծի լրացուցիչ 1 000 աշխատատեղ», - ասել է նախարարը:

 

Նիստի ընթացքում կառավարության շենքի դիմաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ցույց էին անցկացնում՝ ձեռքերում պահելով մաքուր սպիտակ պաստառներ:

 

Լրագրողների հետ զրույցում ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն ասել է, որ դեռ 2012թ. դեկտեմբերի 21-ին նախաձեռնությունը նամակ էր ուղարկել կառավարություն եւ Հատուկ քննչական ծառայություն՝ հիմնավորելով, որ Թեղուտի հանքավայրի ներկա շահագործումը տեղի է ունենում օրենքի խախտումներով, սակայն մինչ օր որեւէ պատասխան չեն ստացել:

 

«Նոր նախագիծը փորձագիտական քննություն չի անցել: Մինչեւ հարկային արտոնություններ տրամադրելը, անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք այդ ընկերությունը հանքը շահագործում է օրենքի պահանջներին համապատասխան», - ասել է նա:

 

Խոսելով բողոքի խորհրդի՝ մաքուր սպիտակ պաստառների մասին, ակտիվիստներից մեկն ասել է. «Ի՞նչ է թողնում մեր երկրի ղեկավարությունը մեր սերունդներին՝ ոչինչ, դատարկություն»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին