Կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի կառուցման համար - Mediamax.am

7319 դիտում

Կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի կառուցման համար


Իէն Գիլանն ու Սերժ Սարգսյանը (արխիվային լուսանկար (մարտ 2010թ.))
Իէն Գիլանն ու Սերժ Սարգսյանը (արխիվային լուսանկար (մարտ 2010թ.))

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարության ավարտական աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլն դրամ:

Մեդիամաքս-ը նշում է, որ կառավարությունն արդեն երկրորդ անգամ է գումար հատկացնում Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարության համար:

 

Առաջին անգամ պահուստային ֆոնդից 10 մլն դրամ էր հատկացվել 3 տարի առաջ, 2010թ. գարնանը: Երկու դեպքում էլ կառավարությունը որոշումները կայացրել է` ղեկավարվելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներով:

 

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն այսօր ասել է, որ «դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում, եւ պետք է ապահովել վերջնական փուլի կատարումը եւ պետության մասնակցությունն այդ աշխատանքներին»:

 

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի կառուցման նախագիծը համատեղ իրականացնում են Մեդիամաքս-ը, Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` բրիտանական ռոք-աստղեր Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի ակտիվ մասնակցությամբ:

 

Նախագծի պատմության մասին կարող եք կարդալ այստեղ:

 

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա ս.թ. սեպտեմբերին: Նախատեսվում է, որ դրան ներկա կգտնվեն Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանը, Rock Aid Armenia նախագծի նախաձեռնող Ջոն Դին, Մարդիգյան ընտանիքի անդամները:

 

«Շնորհակալ եմ ՀՀ նախագահին եւ կառավարությանը այսօրվա որոշման համար: Արդեն առիթ ունեցել եմ ասել, որ այս դպրոցը կառուցելու համար իրենց ջանքերը միավորեցին ամենատարբեր կազմակերպություններ ու անհատներ` հայկական բարեգործական կազմակերպություն, ավստրալիական ոչ կառավարական կազմակերպություն, հայկական մեդիա-ընկերություն, համաշխարհային ռոքի աստղեր, սփյուռքահայ բարերարներ, մասնավոր ընկերություններ, ՀՀ նախագահ ու կառավարություն: Արդյունքում մի քանի ամիս անց դպրոցի սաները վերջապես հրաժեշտ կտան տնակներին ու կուսանեն նոր, հարմարավետ դպրոցում», - ասաց Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեոսյանը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին