Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ մերժել են «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու առաջարկը - Mediamax.am

7777 դիտում

Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ մերժել են «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու առաջարկը


Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Հանրային խորհրդի 4 հանձնաժողովները մերժել են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու առաջարկությունը, որը ներկայացրել էր օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին տեղեկացրել է «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Գրիգոր Ազիզյանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ դեռևս ամիսներ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը: Օդանավակայանի կառավարիչը հին մասնաշենքը քանդելու մտադրությունը բացատրում է նրանով, որ կառույցի պահպանումը եւ վերականգնումը լուրջ ծախսեր է պահանջում: Բացի այդ, ընկերության կողմից մշակված «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման ծրագրով հին մասնաշենքի տարածքում այլ կառույց է նախատեսվում:

 

Գրիգոր Ազիզյանը նշել է, որ օդանավակայանի հին մասնաշենքը կառուցվել է 1970-ական թթ.-ին եւ, բնականաբար, այն չի համապատասխանում քաղաքաշինական գործող նորմերին: Սակայն, ճարտարապետի պնդմամբ, դա չի կարող հիմք լինել խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը` «Զվարթնոցի» հին մասնաշենքը ամբողջությամբ քանդելու համար:

 

«Այո', շենքը ուժեղացման կարիք ունի: Միֆ է, թե անհնար է շենքը ուժեղացնել: Օդանավակայանի կառավարիչը պնդում է, թե շենքի վերականգնումը ծախսատար է եւ պահանջում է 10-12 միլիոն դոլար, մինչդեռ շենքը քանդելու եւ դրա փոխարեն նորը կառուցելու համար անհրաժեշտ է տասնապատիկ անգամ ավելի գումար»,- նկատել է Գրիգոր Ազիզյանը:

 

Ճարտարապետի խոսքով, «Զվարթնոց» օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակը նշանակալիորեն տարբերվում է Երեւանի Կենտրոնական Փակ շուկայի խնդրից: «Փակ շուկայի պարագայում քանդման որոշում կայացրեց սեփականատերը: «Զվարթնոց»-ի պարագայում սեփականատերը պետությունն է, որը օդանավակայանի շահագործումը հանձնել է կոնցեսիոն կառավարչին: Եթե պետությունը համաձայնի հին մասնաշենքի քանդմանը, դրանով քարտ-բլանշ կտա կառավարչին»,- ասել է Գրիգոր Ազիզյանը:

 

Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն, իր հերթին, ողջունել է օդանավակայանի կառավարչի կողմից նախաձեռնած լայն հասարակական քննարկումները:

 

«Լավ է, որ քննարկումները ուշացած չեն: Պետք է մասնագիտական վերլուծություններ կատարել, հին մասնաշենքի նպատակային օգտագործման տարբերակներ գտնել: Մենք չեն կարող գնալ նույն ճանապարհով եւ թույլ տալ մեր ճարտարապետական ժառանգության լավագույն շենքերից մեկի քանդումը»,- ասել է Մկրտիչ Մինասյանը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին