Օդանավակայանի տաքսիների հարցը կարող է լուծվել նոր տերմինալի գործարկումից հետո - Mediamax.am

exclusive
4568 դիտում

Օդանավակայանի տաքսիների հարցը կարող է լուծվել նոր տերմինալի գործարկումից հետո


«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան

Օդային ճանապարհով Երեւան ժամանող զբոսաշրջիկներին եւ մեր համաքաղաքացիներին քաջ հայտնի է հետեւյալ իրադրությունը. «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից դուրս գալուն պես նրանց մոտենում են կասկածելի արտաքինով մարդիկ եւ առաջարկում տաքսի-ծառայություն, որը հաճախ իրականացվում է ոչ պակաս կասկածելի եւ հնամաշ ավտոմեքենաներով: Ընդ որում, այդ մեքենաները հաճախ հիմնականում ամենեւին էլ տաքսի չեն, այլ նշված անձանց սեփական տրանսպորտային միջոցներն են, որոնցով նրանք, փաստացի, իրականացնում են ապօրինի գործունեություն:

Այս իրողությունը ամենեւին չի նպաստում Հայաստան ժամանողների մոտ երկրի մասին առաջին լավ տպավորության ձեւավորմանը:

 

Քաղաքակիրթ երկրներում օդանավակայանի շենքից դուրս գալուն պես ժամանողը տեսնում է կայանած տաքսիները, որոնք սպասարկում են խիստ հերթականությամբ` այսպիսով` խուսափելով ուղեւորի համար «մրցապայքարից»:

 

«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանը տեղեկացրեց, որ օդանավակայանի` տաքսիների համար հատկացրած տարածքում կայանելու եւ համապատասխան ծառայություններ մատուցելու իրավունք այս պահի դրությամբ ունի միայն մեկ տաքսի-ծառայություն` «Տաքսի Տուր»-ը, իսկ մյուս տաքսի-ծառայությունների մեքենաները, պատվիրատուին օդանավակայան հասցնելուց հետո չեն կարող կայանել ժամանման սրահի մոտ` տաքսիների համար նախատեսված տարածքում:

 

Օդանավակայանի հետ պայմանագիրը, բացի սպասարկման բացառիկ իրավունքից, «Տաքսի Տուր»-ին տալիս է նաեւ օդանավակայանի շենքի տարածքում աշխատակից ունենալու իրավունք, որն առաջարկում է ժամանողներին ծառայությունը` ներկայացնելով ընկերության գնացուցակը: Ծառայության գները նախապես ֆիքսված են, որպեսզի վարորդը չկարողանա ուղեւորից կամայական գումար պահանջել: Երեւանում, կախված վայրի հեռավորությունից, ծառայության արժեքը կազմում է 3000 կամ 4000 դրամ:

 

Ծառայությունների` շուկայականից բարձր արժեքը պայմանավորված է այն պահանջներով, որոնք տաքսի-ծառայությանը ներկայացնում է «Զվարթնոցը»: Այդ պահանջներից է մեքենաների նոր լինելը, լավ տեխնիկական վիճակը, օդափոխության համակարգի առկայությունը, կտրոններ տրամադրելու հնարավորությունը, ուղեւորի ապահովագրումը: Օդանավակայանի հետ համագործակցող տաքսի ծառայությունը պարտադրված է այնտեղ մշտապես ունենալ մեքենաներ` անկախ տվյալ ժամին չվերթի առկայությունից:

 

«Տաքսի Տուր» ծառայության փոխտնօրեն Ջանիկ Սարգսյանի խոսքերով, օդանավակայանի տարածքում ապօրինի գործող տաքսիստները լրջորեն հարվածում են իրենց աշխատանքին:

 

«Մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցը օդանավակայանի ղեկավարության առջեւ, սակայն լուծում այդպես էլ չի եղել», - ասում է Ջանիկ Սարգսյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում: «Տաքսի Տուր» ընկերության ներկայացուցիչը նշում է նաեւ, որ հասկանում է նման երեւույթների բացառման բարդությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապօրինի տաքսի-ծառայություն մատուցողները գալիս են օդանավակայան իրենց անձնական մեքենաներով, որպես պարզապես դիմավորող, եւ արդյունքում առաջին հայացքից իրենց անհնար է տարբերել մյուս դիմավորողներից:

 

Երեւույթին ծանոթ է եւ լիազորությունների սահմաններում փորձում է դրա դեմ պայքարել նաեւ ոստիկանությունը: ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի հրամանատարի տեղակալ Գարեգին Մովսիսյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասաց, որ բաժնի աշխատակիցները ապօրինի տաքսիստներից շատերին ճանաչում են դեմքով եւ չեն թողնում նրանց ժամանման սրահ, ինչպես նաեւ չեն թողնում, որ սրահի դռների մոտ լինեն մարդկանց կուտակումներ:

 

«Այդ մարդկանց թվում կան նաեւ տաքսի-ծառայություն մատուցելու իրավունք ունեցող անհատ ձեռներեցներ, եւ մենք լիազորված չենք խոչընդոտել նրանց աշխատանքին; ինչ վերաբերում է ապօրինի գործունեություն իրականացնողներին, ապա նրանք մեր կողմից նախապես զգուշացվում են, իսկ օրինական պահանջին չենթարկվելու դեպքում` ենթարկվում են ֆինանսական տույժի», - ասաց  Գարեգին Մովսիսյանը, հավելելով, որ ոստիկանությունը կատարում է իր պարտականությունները, սակայն չի անցնում իրեն տրված լիազորություններից:    

 

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերության մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանը նշում, է, որ այս խնդիրը չի լուծվի «Զվարթնոց»-ի հետ համագործակցող տաքսի-ծառայությունների թվի ավելացմամբ: «Ամբողջ աշխարհում ընդունված երեւույթ է, երբ օդանավակայանների հետ համագործակցող տաքսի-ծառայությունների սակագները ավելի բարձր են քաղաքային գներից` պայմանավորված օդանավակայանների կողմից ներկայացվող որակի հստակ պահանջներով», - ասաց Գեւորգ Աբրահամյանը, հավելելով, որ օդանավակայանի պահանջներին բավարարող ցանկացած տաքսի ծառայություն կարող է դիմել «Զվարթնոցին» եւ կնքել համագործակցության պայմանագիր:

 

Նա հույս է հայտնում, որ խնդիրը լուծում կստանա օդանավակայանի նոր տերմինալի գործարկումից հետո, քանի որ արդյունքում «Զվարթնոցի» գործընկեր տաքսի-ծառայությունների մեքենաները կունենան տերմինալի մուտքերի մոտ առաջնային գծի վրա կայանելու հնարավորություն. ներկայումս, շինարարական աշխատանքների պատճառով, տաքսիները կայանում են ժամանման սրահից մոտ 50մ հեռավորության վրա:

Մեր ընտրանին