«Սեւ կյանքը»՝ 7 տարի անց - Mediamax.am

exclusive
15451 դիտում

«Սեւ կյանքը»՝ 7 տարի անց


Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան

Լուսանկարը` Տիգրան Մանգասարյան


«Սեւ կյանք», որն անջնջելի հետք թողեց ոչ միայն մասնագիտական գործունեության, այլեւ լուսանկարչի կյանքի վրա: Ավելի քան 7 տարի, 10 հազարից ավելի կադր եւ 50 նկարից կազմված շարք, որը Ռուբեն Մանգասարյանը նվիրեց Ադրբեջանից Արցախ, այնտեղից էլ Բագրատաշեն գաղթած ու ծանր պայմաններում ապրող ընտանիքի կյանքի ամեն մի սեւ օրը պատմելուն:

 

Զանգ, որը բացեց սեւ կյանքի դռները

 

Մի հեռախոսազանգ Ռուբեն Մանգասարյան-լրագրողին կանչում է Բագրատաշեն, ուր նրան էին սպասում սեւացած թշերով երեխաները՝ իրենց մոր եւ տատի հետ: Լուսանկարչի եղբայրը՝ Տիգրան Մանգասարյանը հիշում է, որ Ռուբենը hենց հաջորդ օրը նստեց մեքենան ու մեկնեց Բագրատաշեն: Գնաց ու առաջին նկարահանումից հետո կապվեց սահմանամերձ գյուղում ապաստանած ընտանիքին, որի կյանքում ամեն ինչը սեւ էր:

 

Ընտանիքը Բաքվից Արցախ էր գաղթել, բայց այնտեղ էլ ոտատեղ չէր գտել ու եկել էր Հայաստան: Այստեղ նրանց տուն էին տվել. երկու սենյակ էր, որից միայն մեկն էին օգտագործում: Կինը՝ Լիդան, ընտանիքը մարմնավաճառությամբ էր կերակրում, նաեւ խորովածանոցից անասունի մեծ ոսկորներ էին տալիս՝ վրան բարակ շերտով միս: Երեխաները մարմնավաճառության արդյունքն էին, կինը եւս չորս երեխա էր ունեցել, որոնց վաճառել էր: Իր հետ մնացել էին երկու տղաները ու երկու աղջիկները: Ռուբեն Մանգասարյանի ընկերը՝ Աշոտ Մուրադյանը, հիշում է, որ նկարահանումների ընթացքում Լիդան եւս մեկ երեխա ունեցավ: Այս երեխան, ինչպես հետո պարզվեց, փոքր հասակում մահացավ: Տատը նույնպես նկարահանումների ընթացքում մահացավ: Լիդան վերջին նկարահանումների ժամանակ ծանր հիվանդ էր: Չորս երեխաներն ինչ-որ կերպ գոյատեւում էին:

 

Առաջին այցի ընթացքում ամբողջ օրը նկարահանելուց հետո գիշերը Ռուբեն Մանգասարյանը վերադարձավ քաղաք, զանգեց եղբորը ու կանչեց իր մոտ. «Ռուբենի կյանքի վերջին մեծ նկարահանումն էր, որը կտրուկ տարբերվում էր նախորդներից: Այստեղ մի քիչ ավելի շատ նկարչական մոտեցումներ կային՝ գույնից սկսած, իրավիճակներով վերջացրած: Նախկինում զուտ ժուռնալիստ էր, սա այլ էր, որի առաջին ցուցադրությունից բոլորն էին ցնցված»:

 

«Ահավոր դաժան, ծանր շարք»: Մանգասարյանի ընկեր Աշոտ Մուրադյանի խոսքով, այդ ամենը շատ խորն էր մտել նրա մեջ. «Լուսանկարը ձեզ վրա ազդում է լուսանկարչի ապրածի 30 տոկոսով: Անընդհատ նորից գնալ ու բախվել դրա հետ՝ իմանալով, թե քեզ ինչ է սպասվում, ինչ էներգետիկա է տանելու, շատ բարդ է: Երկրաշարժ, պատերազմ… նման բաներ տեսած մարդը պատրաստ է, բայց ահավոր ցնցված էր: Մտանք, լուսանկարները պատին կպցրած էին, ինքը ծխում էր: Մոտ կես ժամ ոչ մեկս ձայն չհանեց: Նայում էինք ու մտածում՝ միթե՞ սա կարող է լինել: «Սեւ կյանք» անվանումը շատ ճիշտ էր, իրոք սեւ էր: Նյարդ կար այդ ամբողջի մեջ: Սա ամենադժվար նկարվող թեմաներից է, գեղեցիկն ինչպես էլ նկարես, գեղեցիկ է, բայց այդ սեւությունը, տգեղությունը… Պետք էր սահմանը գտնել, ու նա գտել էր. մի կետ էր, որից աջ կամ ձախ անհաջող կլիներ»:    

 

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյան

 

«Հետաքրքիր է՝ ինչքան շատ էր գնում եւ նկարում, ավելի լավ էր ստացվում»,- հիշում է եղբայրը,- «Վերջին նկարահանումը, իմ կարծիքով, ամենաուժեղն էր: Առաջինում սոցիալական մասն էր՝ ոսկոր կրծելը, սեւացած դեմքերն ու վառարանը, սեւ սենյակը: Վերջին շարքի շեշտադրումները հոգեբանական էին: Երեխաներն էլ էին մեծացել, դեմքերի արտահայտությունը փոխվել էր: Այս նկարահանումից հետո սկսեց մեծ ուշադրություն դարձնել գեղարվեստական կողմին, գույնի ու լույսի շիթին»:

 

 

 

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյան

 

«Սեւ կյանքը» ցնցեց BBC-ին

 

Ռուբեն Մանգասարյանը սահմանին ապաստանած ընտանիքի մոտ հաճախ էր գնում: Միայն նկարելու չէ, գնում էր ուղղակի տեսնելու նրանց: Ընկերներն ու հարազատները նկատում են, որ ժամանակին կարող էր նաեւ հրաժարվել, ոչինչ չանել, բայց գնաց մինչեւ վերջ եւ ամեն ինչ արեց ընտանիքին օգնելու համար:

 

«Այս նկարահանմամբ Ռուբենը շատ լավ ցույց տվեց, թե ինչ կարող է անել ժուռնալիստիկան մարդկանց կյանքում»,- ասում է եղբայրը:

 

Ռուբենի ընկերոջ`լրագրող Մարկ Գրիգորյանի օգնությամբ փախստական ընտանիքի մասին նյութը տեղադրվեց է BBC-ի ռուսաստանյան ծառայության կայքում: Մարկ Գրիգորյանը եւս վկայում է, որ այդ ընտանիքի կյանքը Մանգասարյանի վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ. «Ինքը տեսավ, թե ինչ վիճակում են ապրում, ու հասկացավ, որ դա այդպես թողնել չի կարող: Լուսանկարները տեսնելուց հետո ասացի, որ դրանք անպայման պետք է հրապարակել BBC-ում: Քանի որ ընտանիքը փախստական էր Ադրբեջանից, մենք տեղադրեցինք այդ ժամանակ արվող հատուկ ղարաբաղյան էջում: Այդ էջը հետագայում լավագույնը ճանաչվեց, մրցանակաբաշխության ընթացքում նկարները նկատեցին նաեւ անգլիական ծառայության խմբագիրները եւ խնդրեցին իրենց մոտ եւս հրապարակել: Դրանից հետո սկսեց նամակների եւ զանգերի տարափը»:

 

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյան

 

Սկսեց օգնություն գալ աշխարհի տարբեր ծայրերից՝ սառնարան, զուգարանակոնք, հագուստ, գումար:

 

«Ռուբենն իրենց շատ էր խղճում, բայց իրենք այդպես էլ չկարողացան ճիշտ օգտագործել օգնությունը: Հիմա էլ այդ ընտանիքը ծանր պայմաններում է ապրում: Իրենց կյանքը շարունակեց մնալ այդ սեւի մեջ: Դա նաեւ նրանից է, որ երեխաները թերի զարգացած էին, առանձնացված, դպրոց չէին գնում, չէին շփվում մարդկանց հետ: Նրանց սենյակում փակած պահելը սխալ էր: Մայրն էլ միայնակ չէր հասցնում բոլոր հարցերը կարգավորել»,- պատմում է Աշոտ Մուրադյանը:

 

Ինչո՞ւ «Սեւ կյանքը» չստացավ World Press Photo-ի մրցանակը

 

Ռուբեն Մանգասարյանը բառերով չէր արտահայտում տեսածը: Այդպես էլ ոչ մի անգամ չխոսեց 7 տարուց ավելի տեւած նկարահանումների մասին: Ինչպես Աշոտ Մուրադյանն է հիշում, ասում էր՝ ոչինչ մի պատմիր, ցույց տուր:

 

«Նույն բանն էր նկարում, բայց երբեք նույնը չէր ստացվում, ամեն անգամ մի պակաս բան էր լրացվում, ինքը փորձում էր շարքը ճիշտ դինամիկայով հասցնել իր ավարտին: Պետք է կարողանաս ժամանակին կանգնել, եթե չկանգնես, անվերջ ինչ-որ բան կավելացնես, գնալով, որպես կանոն, փչանում է: Կանգնելու պահը չգիտեմ` հասել էր, թե ոչ… ինձ թվում է՝ գոնե 95 տոկոսով հասել էր դրան»,- ասում է ընկերը:

 

Աշոտ Մուրադյանի բնորոշմամբ, Մանգասարյանի նկարների ողջ իմաստը ճշմարտությունն էր, երբեք չէր գեղեցկացնում, դառն է, ուրեմն՝ դառն է: Երբեք չէր փորձում խաբել, ոչինչ չէր ավելացնում:

 

«Ազնիվ էր, շատ քիչ մարդիկ կան, որ կարող են այդքան հետեւողական լինել: Մասնագիտությունն իր առաջին կինն էր: Չէր բավարարվում, եթե տեսնում էր, որ թեման կարող է զարգանալ, զարգացնում էր»,- նշում է ընկերը:

 

Եղբոր՝ Տիգրանի խոսքով՝ «Սեւ կյանքը» World Press Photo մրցույթում միայն մեկ պատճառով չհաղթեց. չափից ավելի էր սահմանից այն կողմ, եթե մի քիչ թույլ լիներ, կանցներ: «Բայց դա չփակեց «Սեւ կյանքի» ճանապարհը: Այլ մրցույթներում գլխավոր մրցանակներ եղան, նկարները փակցվեցին տարբեր քաղաքների փողոցներում եւ տպագրվեցին աշխարհի տարբեր անկյուններում: Ցուցահանդես արեցինք Ռուբենի 50-ամյակին՝ 2010-ին: Մի քիչ ռիսկային էր՝ մեզ մոտ մենթալիտետն այլ է. նկարին չեն նայում որպես արվեստ: Պրոֆեսիոնալները սրա մասին լավ գիտեին, միայն Հայաստանում չլուսաբանվեց: Հսկա ու տպավորիչ լուսանկարներն անտեսվում էին՝ աղքատ ընտանիքին ցույց չտալու պատճառով»:

 

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյան

 

«Ես մեր խոսակցությունն եմ հիշում. ֆոտոշարքը մրցանակաբաշխությանը չհաղթեց, քանի որ ինքը պետք է ընտրեր՝ ընտանիքին օգնել, կամ մրցանակ ստանալ: Բանն այն է, որ երբ ինքը սկսում էր ընտանիքին օգնել, լրագրողական ֆունկցիայից դուրս էր գալիս», - ասում է Մարկ Գրիգորյանը:

 

7 տարի անց՝ նորից նույն սեւը

 

Նույն սեւ պատերն ու մրոտված դեմքերը՝ միայն թե ավելի հասուն ու մեծացած: Մանգասարյանի վերջին նկարահանումից անցել է ավելի քան 7 տարի: Մեդիամաքս-ը որոշեց գտնել «Սեւ կյանք»-ի հերոսներին ու իմանալ, թե ինչպես է այսօր ապրում Բագրատաշենում ապաստանած ընտանիքը: Բագրատաշեն գնացինք Ռուբեն Մանգասարյանի եղբոր՝ Տիգրանի հետ:

 

Պատերի սեւը մի քանի շերտ ավելի է խորացել: Լիդան հիմա ապրում է երկու մեծ երեխաների՝ Արմենի եւ Մարիամի հետ, մյուս երկուսը՝ Մարիան եւ Արթուրը, Բագրատաշենի գյուղապետի միջնորդությամբ տեղավորվել են Դիլիջանի գիշերօթիկ դպրոցում: Սեւ կյանքի հերոսների կյանքը գունավորվում է միայն արձակուրդների օրերին, երբ երեխաները տուն են գալիս: Այս փոքրիկ սեւ աշխարհում ընտանիքն երջանկության իր բանաձեւը գտել է. նրանք երջանիկ են իրարով, իսկ սեւ պատերի արանքում գույներ են գտնում իրար փոխանցող մեծ սիրո միջոցով:

 

Լուսանկարը՝ Տիգրան Մանգասարյան

 

Արմենը մտավոր խնդիրներ ունի, սակայն թոշակ չեն հատկացնում, քանի որ հարկավոր է հաշմանդամության կարգ ստանալ, իսկ մայրաքաղաք գնալու եւ համապատասխան զննումներն անցնելու հնարավորություն չունեն: Հիմա տղան աշխատում է գյուղում, օգնում է մարդկանց այգիների բերքը հավաքել, ինչի համար նրան օրական 500 դրամ են վճարում: Մեծ աղջիկը՝ Մարիամը, տան գործերով է զբաղվում, օգնում է մորը, ցելոֆան ու պլաստմասե շշեր հավաքում, որ տաքացնեն տունը: Սեւացած պատերի գաղտնիքն էլ հենց այստեղ է:

 

«Էնտեղ լվացվում ենք, էնտեղ սեւանում: Փայտ չենք վառում, որ մուր չլինի: Անօգնական վիճակում ենք՝ ոչ փող ունենք, ոչ նորմալ ուտելիք»,- արդարանում է Լիդան:

 

Լուսանկարը՝ Տիգրան Մանգասարյան

 

Մոր կենցաղային խոսքն ընդհատում են Մարիամի երազանքները. «Ուզում եմ ամուսնանամ, նորմալ մարդ, երեխաներ ունենամ, ապրեմ՝ ինչպես մյուսները»:

Մարիամի երազանքներին իրենն է խառնում Արթուրը. «Ես էլ ուզում եմ զինվոր դառնալ»:

 

Հետո սկսում են հիշել Ասյա տատին, շատ փոքր տարիքում մահացած քրոջը: Տատիկի եւ անցած օրերի մասին զրույցներն ավելի են թեժանում, երբ նրանց ենք փոխանցում ֆրանսիական ամսագրում տպագրված իրենց հին լուսանկարները:

 

- Էն ե՞ս եմ, էն էլ Մարիա՞ն ա ձեռքիս: 

 

-Հա, Մարիան ա:

 

- Էս ո՞ր երեխեն ա: Վույ, զարմացա, էս ինչի մե՞նք ենք: Էս էլ մամա՞ն ա: Հեսա, բաբոն ա, նայեք: Էս առաջ մենք տե՞նց ենք ապրել: Ես նայում եմ, զարմանում եմ, չեմ ճանաչում ինձ: Էդքա՞ն սեւ ենք ինչի առաջ եղել, վայ, Աստվա՜ծ: Էս խոխան ո՞վ ա, չեմ հիշում: Աստված ոչ անի, մենք տենց սեւ լինենք:

  

Լուսանկարը՝ Տիգրան Մանգասարյան

 

Լիդան ու երեխաները տարիներ առաջ Մանգասարյանի արած իրենց լուսանկաներն առաջին անգամ են տեսնում, զգացմունքները չեն զսպում, զարմացած ձայներ են արձակում ու կարծես իրենք իրենց փորձում են հերքել, որ այս սեւ կյանքի հերոսներն են:

 

- Վույ, նեգրներ ենք: Մեջներիս սպիտակը բաբոն ա:

 

- Հեսա, դու ես, բաբոն ա: Էս ձե՞րն ա, կթողե՞ք մեզ:

 

Դրական պատասխան ստանալուց հետո շարունակում են ուսումնասիրել հին օրերի վավերագրությունը:

 

- Ես իմ վրա ծիծաղում եմ, մաքրությունը լավ չի՞ բա: Դե առաջ դժվար ա եղել է, դրա համար: Չնայած հիմա էլ ենք շատ դժվար ապրում… Արմենը լրիվ նույնն ա: Հլը թերթի, էն ո՞վ ա: Ոնց որ սատանա ա, է՜: Չգիտեմ ես՝ էդ ով ա: Ես ինձ չեմ ճանաչում էստեղ:

 

Լիդան իր 4 երեխաների հետ շարունակում է զվարճանալ հին օրերի սեւության վրա, իսկ դեմքին նույն սեւությունն է քմծիծաղում: Սեւ կյանքը շարունակվում է սեւ պատերի արանքում՝ երբեմն փոխելով օրվա հոգսերն ու հներին գումարելով նորերը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Ռուբեն Մանգասարյանի եւ Տիգրան Մանգասարյանի

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին