Վերադարձ դեպի Արցախ - Mediamax.am

exclusive
6100 դիտում

Վերադարձ դեպի Արցախ


Լուսանկարը` Marco Fleber


Արցախի Հանրապետությունում 2007-ից բնակչության թվի զգալի աճ է արձանագրվել: Ութ տարում բնակչության թիվն ավելացել է 8%-ով, որից 3.5%-ը՝ (շուրջ 4 100 անձ)՝ հայրենադարձության ծրագրի շնորհիվ:

 

Մեդիամաքսը պարզել է, թե ինչ փուլում է այսօր հայրենադարձության ծրագիրը եւ վերաբնակեցման համար ինչպիսի պայմաններ է առաջարկում կառավարությունը:

 

16 տարվա վերաբնակները

 

Սերոբյանների ընտանիքը 16 տարի առաջ հավաքեց իրերը, թողեց Չարենցավանի տունն ու տեղափոխվեց Արցախ: Քարվաճառում վերաբնակվելու եւ նոր կյանք սկսելու որոշումը կայացրին սոցիալական վատ պայմանների պատճառով:

 

«Արցախում լավ ապրելու հույսեր կային, եւ այդ հույսերն արդարացան, շատ գոհ ենք, որ եկել ենք»,- ասում է ընտանիքի դուստր Ռոզա Սերոբյանը, որը Արցախի պետական համալսարանն ավարտելուց հետո ուսուցչուհի է աշխատում Քարվաճառի դպրոցում:

 

Նոր կյանքի սկիզբը ընտանիքի համար հեշտ չեղավ: Հետպատերազմական շրջաններում ամեն ինչ զրոյից սկսելու դժվարությունները, սակայն, չվախեցրին:

 

«Երբ տեղափոխվեցինք, հեռախոս եւ հեռուստացույց չունեինք, էլեկտրաէներգիան ժամով էին տալիս: Քարվաճառից Վարդենիս էինք գնում, որպեսզի սնունդ գնենք: Մոտ մեկ ամսվա ուտելիք էինք բերում, քանի որ տրանսպորտը եւս չէր աշխատում: Դժվար էր շատ: Մեզ տեղավորել էին հյուրատանը: Մեկ-երկու տարի հետո արդեն տուն կառուցեցին մեզ համար, իհարկե, ոչ այնքան լավ վիճակում: Բայց դե ոչինչ, մեր ուժերով վերանորոգում ենք»,- պատմում է Ռոզա Սերոբյանը:

 

Ըստ նրա՝ եթե համեմատենք իրենց տեղափոխվելու տարիների եւ ներկայի պայմանները, ակնհայտ է, որ այժմ դրանք շատ ավելի լավն են: Աշխատատեղեր կան, շինություններ են կառուցվել, ապրուստ վաստակելն ավելի հեշտ է:

 

Վերաբնակեցման պայմանները

 

ԼՂՀ կառավարության Տարածքային կառավարման եւ վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը վստահեցնում է, որ անխտիր ընդունում են ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք մշտական բնակություն հաստատելու ցանկություն են հայտնում:

 

Այլ պետությունների քաղաքացների պարագայում, ինչպես նշում է նա, նախ անհրաժեշտ է լուծել ՀՀ  քաղաքացիության, երկքաղաքացիության կամ ժամանակավոր/մշտական կացության կարգավիճակի հարցերը:

 

«Արտասահմանում ունենք շուրջ 200-ն անցնող պոտենցիալ հայրենադարձ ընտանիքներ, որոնք պատրաստակամություն են հայտնում մշտական բնակության տեղափոխվել»,- Մեդիամաքսին ասում է Ժիրայր Միրզոյանը:

 

Տարածքային կառավարման եւ վերաբնակեցման վարչության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ երկու եւ ավելի անձից բաղկացած աճող ընտանիքները տեղափոխման, սոցիալ-կենցաղային կարիքները հոգալու, տեղում հնարավորինս կարճ ժամանակահատվածում հիմնավորվելու համար միանվագ գումարներ են ստանում:

 

ԼՂՀ կառավարության որոշման համաձայն` 10 տարվա օգտագործման իրավունքով տրամադրվում է անհատական տուն կամ բնակարան, որը պարտավորությունների կատարման (վարկերի վերադարձ, մշտական բնակություն) դեպքում նվիրատվության պայմանագրով հանձնվում է ընտանիքին` համատեղ սեփականության իրավունքով:

 

2009-ից գործարկվել է նաեւ պետության կողմից հատկացված շինանյութով սեփական ուժերով բնակարանների վերակառուցման ծրագիրը:

 

Մշտական օգտագործման իրավունքով հայրենադարձ ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է նաեւ 6000 քմ հողատարածք: Ընտանիքը 5 տարի ժամկետով  ազատվում է բնակարանային կոմունալ ծառայությունների վարձավճարից:

 

Արցախի Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում, որպես վառելափայտի եւ էլեկտրաէներգիայի փոխհատուցում, ընտանիքի ամեն անդամին տրվում է ամսական միջինը 1100 դրամ:

 

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այժմ հայրենադարձ ընտանիքների համար նախատեսված են արտոնյալ բյուջետային վարկեր՝ սեփական մանր տնտեսություն հիմնելու համար:

 

Ընդհանուր առմամբ, մեկ վերաբնակ (միջինը՝ 4 անձի հաշվարկով) ընտանիքի վրա Արցախի կառավարությունը ծախսում է շուրջ $ 49 հազ.:

 

Վերաբնակեցման ծրագիրն այսօր

 

Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ հայրենադարձությունը` որպես պետական քաղաքականության ռազմավարական բաղկացուցիչ, շարունակում է դինամիկ զարգացումը:

 

«Այսօր խնդիրը հայրենադարձության հոսքի համակարգումն է, հայրենադարձ ընտանիքների սոցիալական ու կենցաղային խնդիրների բարելավումը, յուրաքանչյուր ընտանիքի բնավորման եւ ապագա նորմալ կենսապայմանների ստեղծումը: Բնական է, այսպիսի սկզբունքային մոտեցումն ավելի շատ նյութական եւ ֆինանսական միջոցներ է պահանջում»,- ասում է նա:

 

Ժիրայր Միրզոյանը նկատում է, որ Արցախն այսօր ընկալվում է որպես կեցության համար անվտանգ, ձեռնարկատիրության համար հարկային նպաստավոր դաշտ ունեցող տարածք:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին