«Բարի եկար Լիբանան». Մաս 4-րդ - Mediamax.am

exclusive
3377 դիտում

«Բարի եկար Լիբանան». Մաս 4-րդ


Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազյան համալսարանը, Բեյրութ
Հայկազյան համալսարանը, Բեյրութ

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոլ Հայդոստյանը
Փոլ Հայդոստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազյան համալսարանի շենքը Բեյրութում
Հայկազյան համալսարանի շենքը Բեյրութում

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալասրանի գրադարանը
Համալասրանի գրադարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազյան համալսարանի կարգախոսը
Հայկազյան համալսարանի կարգախոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազյանի շրջանավարտները՝ վկայականի հանձման արարողությանը
Հայկազյանի շրջանավարտները՝ վկայականի հանձման արարողությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազյան համալսարանի այգին
Հայկազյան համալսարանի այգին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ ժողովուրդը մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել գիտելիքի և կրթության նկատմամբ: Մեր հազարամյա պատմության դժվար ուղին լուսավորող միակ արժեքը եղել է գիտելիքը, կրթվելու մեր անհագ ցանկությունը:

 

Հենց այս գաղափարով են առաջնորդվել Ցեղասպանությունից հետո Լիբանանում եւ Սիրիայում հաստատված մեր հայրենակիցները: Փորձելով ուշքի գալ իրենց պատուհասած ողբերգությունից՝ 1920–ականներին Լիբանանում հաստատված հայերը սկսեցին մտորել լիբանանահայության հաջորդ սերունդների գիտելիքահեն ապագայի կառուցման մասին: Նրանք փորձեցին հնարավորինս արագ վերականգնել Արեւմտյան Հայաստանում կորցրած հոգեւոր, մշակութային եւ կրթական հաստատությունները: Այդ ժամանակաշրջանը նպաստավոր էր, որպեսզի հայերը, օգտվելով բոլոր իրավունքներից, մասնակցեն Լիբանանի պետականաշինությանը:

 

1940-ականներին լիբանանահայությունն արդեն ուներ հաստատված համայնքային կառույցներ, որոնք նպաստում էին հայոց լեզվի պահպանմանը: Հայկական եկեղեցիներին կից արդեն հիմնվել էին առաջին հայկական վարժարանները, որոնք սակայն ունեին մանկավարժական կադրերի պակաս: 

Հայկազյան համալսարանը, Բեյրութ Հայկազյան համալսարանը, Բեյրութ

Լուսանկարը` Մեդիամաքս

Հենց այս նպատակին ծառայելու համար 60 տարի առաջ հիմնադրվեց ներկայում Բեյրութում մեծ համբավ վայելող Հայկազյան համալսարանը: Ամեն ինչ սկսվեց մանկավարժական կադրերի պատրաստման ծրագրից:  

 

«Հայկազյան համալսարանի հիմնադրումը ճիշտ պատկերացնելու համար պետք է նախ իմանալ կրթական այն գործունեության մասին, որը դեռեւս 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում ծավալում էր Հայ Ավետարանական եկեղեցին՝ հիմնելով վարժարաններ, ճեմարաններ, զբաղվելով հայ կանանց եւ աղջիկների կրթության հարցերով: Հայ Ավետարանական եկեղեցու կրթական այս փորձը հետագայում շատ օգտակար եղավ լիբանանահայության համար՝ այստեղ դպրոցներ հիմնելու տեսանկյունից»,- պատմում է Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայդոստյանը:

Փոլ Հայդոստյանը Փոլ Հայդոստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ 1950–ականներին Հայ Ավետարանական եկեղեցին Բեյրութում նախաձեռնում է հայ ուսուցիչների որակավորման երկու ծրագիր: Ի սկզբանե, եկեղեցին մտադրված էր հայ ուսուցիչներ պատրաստելու համար Բեյրութում քոլեջ հիմնել, սակայն դրա համար չկային ոչ նյութական, ոչ մարդկային ռեսուրսներ: Այս պատճառով Հայ Ավետարանական եկեղեցին դիմում է Նյու Յորքում 1918թ. հիմնադրված Ամերիկահայ Ավետարանչական ընկերակցությանը՝ քոլեջ հիմնելու համար անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով:

 

Փոլ Հայդոստյանը պատմում է, որ Բեյրութում Հայկազյան համալսարանի (այն ժամանակ՝ դեռեւս քոլեջի) ստեղծման գաղափարը խանդավառում է ԱՄՆ-ում բնակվող Ստեփան Փիլիփոսյանին ու Ստեփան Մեխակյանին, որոնք էլ դառնում են քոլեջի առաջին նվիրատուները: 

 

Հաճըն քաղաքից ԱՄՆ գաղթած եւ Ֆիլադելֆիայում մեծ կարողություն ստեղծած Ստեփան Փիլիպոսյանը քոլեջի գաղափաղարով վարակում է Արիզոնա նահանգում բնակվող, կրկին Հաճընից գաղթած Ստեփան Մեխակյանին: 

 

«Երկու Ստեփաններն էլ ԱՄՆ էին տեղափոխվել Ադանայի կոտորածներից հետո: ԱՄՆ-ում բնակվելով՝ միշտ ցանկացել են վերադառնալ Հաճըն եւ այնտեղ դպրոց հիմնել: Այս երկու անհատներն էլ, մտքում պահելով այդ երազանքը, դառնում են Բեյրութում քոլեջ հիմնելու գաղափարի իրականացնողները»,- պատմում է Հայկազյան համալսարանի նախագահը:

Հայկազյան համալսարանի շենքը Բեյրութում Հայկազյան համալսարանի շենքը Բեյրութում

Լուսանկարը` Մեդիամաքս

Քոլեջը Հայկազյան անվանակոչելու պատմությունը հետեւյալն է. Ստեփան Մեխակյանի կինը Կոնիա քաղաքի դպրոցի տնօրեն, պրոֆեսոր, վերապետվելի Արմենակ Հայկազյանի դուստրն էր: Արմենակ Հայկազյանը կրթություն էր ստացել Յեյլի համալսարանում, այնուհետ վերադարձել հայրենիք: Երբ սկսվում են հայերի կոտորածները, նա իր տիկնոջն ու դուստրերին ուղարկում է ԱՄՆ, իսկ ինքն ավելի ուշ հայ մտավորականների խմբի հետ աքսորվում է: Գաղթի ճանապարհին նա հիվանդանում է տիֆով եւ մահանում 1921թ.: Պրոֆեսոր Հայկազյանի մահվան մասին գրում է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը:  

    

Ցանկանալով հավերժացնել հայ նշանավոր նահատակի անունը՝ Ստեփան Մեխակյանի առաջարկությամբ Բեյրութում հիմնադրվող քոլեջը կոչվում է Արմենակ Հայկազյանի անունով:

 

ԱՄՆ-ից ստանալով անհրաժեշտ աջակցությունը՝ 1955թ. հիմնադրվում է Հայկազյան քոլեջը՝ հայ ուսուցիչներ եւ առաջնորդներ պատրաստելու համար: Հայկազյանը սկսում է գործել 43 ուսանողներով, որոնցից 15-ն օտարերկրացիներ էին:

Համալասրանի գրադարանը Համալասրանի գրադարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կրթությունը Հայկազյանում իրականացվում էր անգլերենով: Քոլեջը գործում է ամերիկյան կրթական մոդելով, ինչն այն հրապուրիչ էր դարձնում նաեւ ոչ հայերի համար: Ունենալով հայկական առաքելություն՝ Հայկազյանը բաց է եղել բոլորի համար: Այդպես է նաեւ մինչեւ օրս»,- ասում է Փոլ Հայդոստյանը: 

 

Սկզբնապես ուսուցչական կադրեր ստեղծելու համար բացված քոլեջն ընդլայնում է իր առաքելությունը՝ 1991թ. վերածվելով համալսարանի, որն իր գործունեության 60 տարիների ընթացքում պատրաստել է մեծ թվով հայ ուսուցիչներ, հոգեւոր առաջնորդներ, գիտնականներ, Սփյուռքի կառույցների ղեկավարներ:  

 

Հայկազյան համալսարանի շրջանավարտ լինելը չափազանց պատվաբեր է:  «Ճշմարտություն, ազատություն, ծառայություն. Հպարտություն արժանիքներով»՝ սա է համալսարանի կարգախոսը:

Հայկազյան համալսարանի կարգախոսը Հայկազյան համալսարանի կարգախոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուսուցչական կադրերի պատրաստումից բացի, այս կրթօջախն ունի մեկ այլ առաքելություն:

 

«Մերձավոր Արեւելքի խռովություններով լի աշխարհում, նույնիսկ Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին, Հայկազյանը մնաց խաղաղության օազիս: Հայկազյանում խաղաղ պատկեր էր: Այստեղ արտոնված չէր ծուռ նայել ընկերոջը»,- ասում է Փոլ Հայդոստյանը, որը Հայկազյանի ուսանող է եղել 1980-ականներին սկզբին:

 

Հայկազյանի երրորդ առաքելությունը, ըստ բուհի ղեկավարի, այն է, որ համալսարանն իր ծավալած գործունեությամբ բարձրացրել է լիբանանահայերի հեղինակությունը, քանի որ այն կրթություն է տրամադրում ոչ միայն հայերին, այլեւ օտարազգի ուսանողներին:

 

Համալսարանի 4 դպրոցների բակալավրիատում եւ մագիստրատուրայում ներկայում սովորում է շուրջ 900 ուսանող, որի 43%-ը հայեր են: Ուսանողների շրջանում մեծ պահանջարկ է վայելում հատկապես Հայկազյանի բիզնես դպրոցը: Եւ սա բնավ պատահական չէ. Լիբանանը բիզնեսի երկիր է:

Հայկազյանի շրջանավարտները՝ վկայականի հանձման արարողությանը Հայկազյանի շրջանավարտները՝ վկայականի հանձման արարողությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազյանը Հայաստանի հետ կապեր է հաստատել դեռեւս  խորհրդային տարիներին՝ ժամանակ առ ժամանակ Բեյրութ հրավիրելով հայաստանցի դասախոսներին: ՀՀ անկախացումից հետո դրվեցին համագործակցության նոր հիմքեր: 1990-ականների սկզբին Հայկազյան համալսարանի մասնաճյուղ բացվեց Հայաստանում, սակայն ինչ-ինչ պատճառներով այն շչարունակեց իր գործունեությունը:

 

Փոլ Հայդոստյանի խոսքով՝ վերջին 6 տարիների ընթացքում համագործակցության նոր հորիզոններ բացվեցին, եւ ամրապնդվեց Հայկազյանի գործակցությունը ԵՊՀ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ազգային գրադարանի եւ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հետ, որոնց հետ բուհը կազմակերպում է համատեղ գիտաժողովներ, փոխայցելություններ: Ներկայում Հայկազյանի հայագիտական ամբիոնը տրամադրում է բակալավրիատի ծրագիր: 1970-ից վեր համալսարանում հրատարակվում է նաեւ «Հայկազյան» հայագիտական հանդեսը, որի 35-րդ հատորը կհրապարակվի այս սեպտեմբերին: 

Հայկազյան համալսարանի այգին Հայկազյան համալսարանի այգին

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարեկան 8 միլիոն դոլար բյուջե ունեցող համալսարանն ավելի քան 1 միլիոնը հատկացնում է կրթաթոշակներին, որոնցից հիմնականում օգտվում են հայ ուսանողները: Փոլ Հայդոստյանը նկատում է, որ այս կրթաթոշակներով բազմաթիվ հայեր կարողանում են ստանալ բարձրագույն կրթություն՝ «վստահ կառուցելու իրենց ապագան Լիբանանում»:

 

Փոլ Հայդոստյանը համոզված է, որ լիբանանահայությունը մեծ դերակատարություն ունի Մերձավոր Արեւելքի կյանքում, տարածաշրջան, որտեղ օրեցօր նոսրանում են քրիստոնյա համայնքները: Բացի այդ, լիբանանահայերն առաջնորդվում են այն գիտակցությամբ, որ չափազանց կարեւոր է մոտ մնալ Կիլիկյան Հայաստանի մեր պատմական հողերին, եւ սա, ըստ բուհի ղեկավարի, զուտ զգացական հարց չէ:

 

«Լիբանանում եւ Սիրիայում մեր առկայությունը մեզ մոտ է պահում է ոչ միայն կիլիկյան հողին, այլեւ օդին, մթնոլորտին, ապրելակերպին: Զգացմունքային տեսանկյունից բացի՝ ավելի մեծ իմաստ կա սրանում: Երբ փչում է երեկոյան հովը, ես առնում եմ Կիլիկիայի օդը: Երբ ձմեռ է գալիս, եւ մեզ հաղորդում են Եվրոպայից սպասվող քամու ալիքի մասին, մենք գիտենք, որ այդ քամին անցնելու եւ մեզ է հասնելու Մարաշի վրայով: Եւ իրապես, անձրեւի ամպը, որ Մարաշով է անցնում, հետո տեղում է Բեյրութի վրա: Սրանք իրական զորություններ են: Այստեղ ամեն մարդ գիտի, որ Լիբանանում կա հարազատ հոգի, միջավայր, որը դյուրին չէ գտնել այլ տեղ»,- ասում է նա:

 

Երեւան-Բեյրութ

Եկատերինա Պողոսյան

Կարող եք կարդալ նաեւ շարքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին