Տիեզերքը Երեւանում է՝ Նոր Նորքում - Mediamax.am

exclusive
8983 դիտում

Տիեզերքը Երեւանում է՝ Նոր Նորքում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում վերաբացված Տիեզերքի թանգարանում կարելի է ձեռքով դիպչել Տիեզերքից վայրէջք կատարած սարքավորումների ու «շոշափել տիեզերական փոշին»:

 

Նոր Նորքի զանգվածում ներկայումս ստեղծվող տեխնոպարկի տարածք թանգարանը տեղափոխվել է Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտից, որտեղ բացվել էր 2001թ.-ին:  2001-ին բացմանը մասնակցել են Գրիգոր Գուրզադյանը, տիեզերագնաց Վալենտին Լեբեդեւը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը եւ ուրիշներ:

 

Ցուցանմուշների անվտանգության խնդիրների հետ կապված հետագայում որոշվեց թանգարանը տեղափոխել Երեւան: Նորացված եւ հարստացված, այն վերաբացվեց Երեւանում  2015թ. նոյեմբերին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում ցուցադրված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ, որոնք ստեղծվել են հայ մասնագետների կողմից: Այստեղ կարելի է տեսնել տիեզերական հետազոտություններին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ «ՎՈՍՏՈԿ», «ՍՈՅՈՒԶ» տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների ձեռագիր նյութերը, նամակներ:  Նյութերի զգալի մասը գաղտնիության պատճառով հանրության համար մնում էր անհայտ: Արժեքավոր նմուշներից է Նոբելյան մրցանակակիր, միջուկային զենքի ստեղծողներից մեկի` Հանս Բեթեյի հոդվածի ձեռագիրը, որը գրվել է ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ:

 

Թանգարանի կազմակերպիչ պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը (Գրիգոր Գուրզադյանի որդին), որը եվրոպական LARES տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ է, ասել է, որ արտասահմանում նա տեսել է տիեզերքի թանգարաններ` հիմնված սոսկ մոդելների վրա, մինչդեռ այստեղ հավաքված են բնօրինակներ, այն էլ տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի, ինչը ունի բացառիկ պատմա-փաստագրական արժեք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ ներկայացված սարքերը եղել են բաց տիեզերքում, նրանց հետ այնտեղ աշխատել են տիեզերագնացներ, կարելի է տեսնել անգամ տիեզերքում նրանց արված գրառումները:

 

Ի դեպ, Գառնիի կենտրոնում իրենց նախաթռիչքային պարապմունքներ են անցել մոտ  40 խորհրդային տիեզերագնաց: Թանգարանում ցուցադրված են խորհրդային տիեզերագնացների ձեռագիր փաստաթղթեր` ուղղված Գրիգոր Գուրզադյանին: Նրանցից մեկը Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի հրամանատար, գեներալ-գնդապետ Պյոտր Կլիմուկն է:

 

Մեդիամաքսը Վահագն Գուրզադյանի օգնությամբ առանձնացրել է առավել ուշագրավ նմուշները:

 

K-2 հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը

 

K-2 հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը (բնօրինակ) առաջին անգամ տիեզերք է արձակվել 1962-ին՝ P5B հրթիռով, 500 կմ բարձրության վրա: Այդ տարիներին հրթիռային տեխնիկայով տիրապետում էր միայն Խորհրդային Միությունը եւ ԱՄՆ-ը: Եվրոպայում, որը ներկայումս հզոր տիեզերական տարածք է, նման թռիչքներ կատարվել են տարիներ անց:

Լուսանկարը` Մեդիամաքս

1950-ականների վերջերից սկսած հայ երիտասարդ, սակայն արդեն անվանի աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը առաջիններից էր, որ հրթիռային` ռազմական տեխնիկան օգտագործեց գիտական խնդիրների համար: Դրանում նրան մեծապես աջակցեց նրա ուսուցիչը՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ Խորհրդային տիեզերագնացության հիմնադիր Սերգեյ Կորոլյովը, ում անմիջական որոշմամբ P5B բալիստիկ հրթիռները տրամադրվեցին Գուրզադյանի գիտափորձերի համար:

 

Թանգարանային այս բացառիկ նմուշը վայրէջքի ժամանակ մինչեւ 6 հազ. աստիճան տաքանում էր, ուստի պատրաստված է հատուկ հրակայուն նյութից:

 

Հրթիռային աստղադիտարանի կայունացված հարթակ (1960-80թթ.)

 

Այս հարթակը տիեզերք է արձակվել երեք անգամ՝ մինչեւ 500 կմ բարձրություն: Հրթիռը բարձրանալիս տատանվում էր, եւ հարթակի կայունացումը սկզբունքային խնդիր էր, քանի որ նրա վրա է տեղադրված եղել աստղադիտակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կայունացման համար օգտագործվել են արեգակնային եւ աստղային տվիչներ, որ նույնպես ցուցադրված են թանգարանում: Հետագայում այստեղ կիրառված սկզբունքները կիրառվել են նաեւ պաշպանական խնդիրների լուծման համար:

 

ՕՐԻՈՆ-1 ուղեծրային աստղադիտարան

 

ՕՐԻՈՆ-1 ուղեծրային աստղադիտարանը, որի պատճենը ներկայացված է թանգարանում (բնօրինակը մնացել է տիեզերքում), տեղադրվել է աշխարհում առաջին տիեզերական կայանի` ՍԱԼՅՈՒՏ-1-ի վրա (1971թ.):

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տիեզերական աստղադիտակով աշխատել է տիեզերագնաց Պացաեւը, որը զոհվեց վայրեջքի ժամանակ: Գիտական արդյունքները, սակայն, փրկվեցին եւ հրատարակվեցին աշխարհի առավել հեղինակավոր գիտական ամսագրերում:

 

ՕՐԻՈՆ-2 ուղեծրային աստղադիտարան

 

ՕՐԻՈՆ-2 ուղեծրային աստղադիտարանը (պատճեն) տեղադրվել էր ՍՈՅՈՒԶ-13 տիեզերանավի վրա:  Այս նմուշով 2000թ. Հայաստանը ներկայացել է Հանովերում անցկացված EXPO 2000 համաշխարհային ցուցահանդեսում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս աստղադիտարանով աշխարհում առաջին անգամ ստացվել էին թույլ աստղերի, նաեւ միգամածության` ուլտրամանուշակագույն տիրույթի սպեկտրներ, ինչը անհասանելի էր Երկրի վրա տեղակայված աստղադիտակների համար:

 

ԱՍՏՐՈՆ արբանյակի ֆոկուսացման եւ կայունացման սարք

 

Ֆոկուսացման եւ կայունացման սարքը 1983-ին արձակված ԱՍՏՐՈՆ արբանյակի կարեւորագույն հատվածն էր, քանի որ դրանով էր պայմանավորված դիտումների որակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես ասել է ԱՍՏՐՈՆ-ի կայունացման հանգույցի հեղինակը` ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Զախարյանը, ԱՍՏՐՈՆԸ  տիեզերքում անխախան աշխատել է  տարիներ շարունակ:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին