Արման Մանուկյանը՝ հայկական առաջին սելեկտիվ օծանելիքի ստեղծողը - Mediamax.am

exclusive
8721 դիտում

Արման Մանուկյանը՝ հայկական առաջին սելեկտիվ օծանելիքի ստեղծողը


Արման Մանուկյանը
Արման Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Մանուկյանը
Արման Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Մանուկյանը
Արման Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետաքրքիր է, բայց երբեմն նույնիսկ մեր օրերի հսկայական օծանելիքի շուկան չի կարող բավարարել «սեփական» բույրը գտնելու փորձերը: Ժամանակի ընթացքում մենք սովորում  ենք տարբերել եւ գնահատել հարուստ բույրերը, ավելի լավ «հասկանալ» մեր տատիկների եւ պապիկների օծանելիքը եւ հատուկ ուշադրություն դարձնել սելեկտիվ պարֆյումերիային, որի հեղինակների թվում այսօր կան նաեւ համաշխարհային ճանաչում ձեռքբերած հայազգի օծանագործեր: 

 

Մեր երկրում երբեք օծանելիքի արտադրությամբ չեն զբաղվել, եւ դա հաշվի առնելով՝ հատկապես հետաքրքիր էր զրուցել Հայաստանում բնակվող Արման Մանուկյանի հետ, ով մի քանի  տարի առաջ հիմնել է Arman Manoukian Parfums ապրանքանիշը եւ հանդիսանում է հայկական առաջին սելեկտիվ օծանելիքի ստեղծողը:

 

- Արման, ո՞վ եք մասնագիտությամբ եւ ինչպե՞ս սկսեցիք զբաղվել նման անսովոր եւ գեղեցիկ գործով:

 

- 2006թ-ին ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան՝ նկարիչ եմ եւ դիզայներ, սակայն երկար տարիներ տարված եմ պարֆյումերիայով:

 

5-6 տարեկան էի, երբ ինձ համար բացահայտեցի բույրերի աշխարհը՝ մայրիկիս զարդասեղանին հայտնաբերելով հանրահայտ Fidji օծանելիքը: Այդ օրվանից սկսեցի յուրահատուկ ուշադրություն տածել բույրերի նկատմամբ: Պատանեկան տարիքում, առանց օծանելիքի ստեղծմանը վերաբերող գիտելիքների, փորձում էի նոր բույր ստանալ՝ տարբեր օծանելիքներ միմյանց խառնելով եւ ավելացնելով տարատեսակ համեմունքներ, ցիտրուսների կեղեւներ եւ այլն:

Արման Մանուկյանը Արման Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ ժամանակվանից սկսած հավաքում եմ նաեւ օծանելիքի սրվակներ, որոնց թիվն այսօր գերազանցում է երկու հազարը:

 

Դասական հասկացությամբ` պարֆյումերիայով զբաղվում եմ վեցերորդ տարին: Պարզապես մի օր գիտակցեցի, որ պարֆյումեր լինելը ինչ-որ անհավանական երազանք չէ, կարելի է նույնիսկ ինքնուրույն սովորել հիմքերը, քանի որ մեր օրերում համապատասխան տեղեկատվություն գտնելը խնդիր չէ:

 

Բացի այդ, Մոսկվայում հաճախել եմ արոմաթերապիայի դասընթացներ, որոնք օգնեցին ինձ ճանաչել բուրային «գունապնակը»: Երբ սկսեցի զբաղվել այս ամենով, նաեւ խորացրեցի գիտելիքներս քիմիայի բնագավառում:

 

Առաջիկայում ծրագրեր ունեմ սովորել ամենահեղինակավոր պարֆյումերային դպրոցում, որը գտնվում է Ֆրանսիայում:

 

- Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր առաջին օծանելիքը: 

 

- Առաջին ստեղծագործությունս՝ յոթ բույրերից կազմված հավաքածուն է, որի վրա աշխատել եմ չորս տարի: Այս  բույրերի բաղադրության մեջ առկա են նաեւ հայկական բնաշխարհի խոտաբույսերից ստացված եթերայուղերը` արարատյան անանուխ, լեռնային ուրց, ռեհան...Փոքրիկ լաբորատորիա ունեմ, որտեղ այդ յուղերը պատրաստվել են բոլոր «օրենքներին» համաձայն:

 

Ընդհանուր առմամբ, ամեն բույրի համար օգտագործվել է մոտ 30 բաղադրիչ, որոնցից յուրաքանչյուրը (բացառությամբ մրգայինների) բնական ծագման է: Հավաքածուի մեջ տեղ են գտել միմյանցից կտրուկ տարբերվող կոմպոզիցիաներ`, մուշկային-արեւելյան, փայտյա-կաշվե, մրգային-ցիտրուսային, շիպրային…

 

Այս բույրերը կարող են «կրել» ինչպես կանայք, այնպես էլ`տղամարդիկ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկու տարի առաջ կայացավ «Յոթ մեղք, յոթ բույր» շնորհանդեսը, որի ժամանակ թեմատիկ բեմադրության ներքո ներկայացվեցին իմ`Աստվածաշնչային յոթ մահացու մեղքերը ներկայացնող կտավները, իսկ բույրերը հանդես եկան որպես մեղքերի հակամարտություն:

 

Այժմ աշխատում եմ նոր շարքի ստեղծման վրա, որը Հայաստանին է նվիրված լինելու եւ ավելի լայնածավալ ներկայացնելու է մեր բուսականությունը:

 

Առօրյա գործունեությունից բացի ունենում եմ նաեւ մասնավոր պատվերներ` ստեղծում եմ անհատական բույրեր: Հաճախորդին ցուցադրում եմ աշխատանքներս, ներկայացնում եմ եթերային յուղերը, քննարկում ենք, ինչ է նա պատկերացնում եւ համաձայնության գալիս: Յուրաքանչյուր օծանելիքի ստեղծումը պահանջում է առնվազն երկու ամիս: Պատվերի գինը կախված է ֆորմուլայից եւ բաղադրիչներից: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հումքը հիմնականում գնում եմ մասնագիտացված կայքերից, որտեղ այն վաճառվում է սահմանափակ քանակությամբ, իսկ սրվակները պատվիրում եմ ԱՄՆ-ից: 

 

- Որտեղի՞ց կարելի է գնել Ձեր պատրաստած օծանելիքը:

   

- Պաշտոնական վաճառք դեռեւս չկա, սակայն մոտ ապագայում կսկսի գործել Arman Manoukian Parfums ապրանքանիշը ներկայացնող կայքը, որտեղից հնարավոր կլինի ձեռք բերել իմ հեղինակած օծանելիքը:

 

- Արման, իսկ ի՞նչ նյութերից է պատրաստվում օծանելիքը եւ ինչպիսի՞ն է բույրի «կառուցվածքը»:

 

- Օծանելիքի հիմքում ընկած են եթերային յուղերը, որոնք պատրաստվում են  բույսերից եւ ծաղիկների որոշ տեսակներից: Յուղերը ստանում են տարբեր մեթոդներով. օրինակ՝ «անֆլյորաժ» մեթոդը, որի կիրառման ժամանակ ծաղիկները (կամ թերթիկները) տեղադրվում են մշակված ճարպի մեջ եւ այն սկսում է կլանել ծաղկի բույրը: Այնուհետեւ ստացված հումքը վերամշակվում է:

 

Կա թորման տարբերակը, որը նաեւ կիրառում են ցիտրուսային եթերայուղերի պատրաստման ժամանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Օծանելիքի պատրաստման մեջ անհրաժեշտ են նաեւ կենդանական ծագման նյութեր: Դրանք են` ամբրան, մուշկը, կաստորեումը, աֆրիկյան քարը: Այս նյութերը ստանում են կենդանիների տարբեր տեսակի արտադրություններից. ամբրան` կաշալոտից,  մուշկը`եղջերուներից, կաստորեումը`ջրասամույրերից (выдра) եւ կուղբերից (бобер), ցիբետինը` ցիվետ կենդանուց:

 

Սինթետիկ բուրային նյութերը ստանում են քիմիական լաբորատորիաներում` եթերային յուղերի, փոշիների, էսենցիաների տեսքով: Այսօր «սինթետիկան» կարող է փոխարինել ցանկացած բուսական կամ կենդանական ծագման բուրային նյութ:  Բոլոր մրգային «համով» բույրերը (ցիտրուսայիններից բացի) կարող են լինել միայն սինթետիկ ծագման. իսկական ելակից կամ խնձորից եթերային յուղ ստանալը անհնարին է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաշկի վրա բույրի երկարակեցությունը կախված է բնական բաղադրիչների քանակից, քանի որ բնական մոլեկուլներն ավելի ծանր են եւ դանդաղ են ցնդում: Սակայն պարտադիր պետք է լինեն նաեւ բույրի ֆիքսատորներ, որոնք քիմիական հեղուկ են:

 

Բույրը բաղկացած է նոտաներից`վերին, միջին եւ հիմնային: Վերին նոտաները (top-ը) համեմատաբար արագ են ցնդում (15-30 րոպե)՝ տեղ զիջելով բույրի միջին, կամ`սրտի  նոտաներին, որոնք հիմնականում ծաղկային կամ մրգային են լինում: Բույրի «սիրտը» հնչում է մոտ մեկ ժամ: Վերջում հանդես են գալիս բույրի առավել ծանր`հիմնային նոտաները: Հիմնային նոտաների տեւողությունը մոտ 6 ժամ է: Ամենահայտնի հիմնային նոտաներից են աբմրան եւ մուշկը:

 

Նախկինում օծանելիքի ստեղծման մեջ օգտագործվում էր շուրջ 300 բաղադրիչ: Իհարկե, այսօր նման բույրեր չեն թողարկվում, բաղադրիչների թիվն էլ հիմնականում չի գերազանցում քսանը:

 

- Իսկ որ՞ն է տարբերությունը «նիշային» եւ «լյուքսային» պարֆյումերիայի միջեւ:

 

- Լյուքսային օծանելիքը լայն տարածում ունի, նախատեսված է զանգվածային սպառողի համար, արտադրվում է մեծ քանակությամբ, բույրերը մեծամասնությամբ հեշտ ընկալվող են: Կարելի է ասել, որ այսօր լյուքսային պարֆյումերիան գրեթե ամբողջությամբ պատրաստվում է սինթետիկ բաղադրիչներից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիշային (կամ սելեկտիվ) պարֆյումերիան սկզբունքորեն տարբերվում է լյուքսաինից թե՛ մոտեցմամբ, թե՛ օգտագործվող նյութերով:

 

Նիշային օծանելիքը՝ հեղինակային աշխատանք է, որը կարող է անսովոր լինել եւ կտրուկ տարբերվել ընդհանրացված «օծանելիք» հասկացողությունից: Սելեկտիվ պարֆյումերիան պատրաստվում է բնական հումքից` բացառությամբ այն բուրային մոլեկուլների, որոնք հնարավոր է ստանալ միայն քիմիական մեթոդով: Օրինակ՝ կաշվե բույրը, կամ` դիմափոշու: Նիշային են համարվում նաեւ հնագույն բաղադրատոմսերով պատրաստված բույրերը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բնականաբար, գնային առումով նման օծանելիքը տարբերվում է հոսքային արտադրությունից:

 

- Ժամանակակից ո՞ր պարֆյումերին եք առավել համակրում:

 

- Սիրում եմ մեր հայազգի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանի բոլոր աշխատանքները: Քյուրքջյանը համարվում է նաեւ նորարար՝ օծանելիքի ստեղծման մեջ նա այնպիսի բաղադրիչներ է օգտագործել, որոնք մինչ օրս չէին կիրառվել: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատիվ եմ ունեցել հանդիպել նրա հետ եւ ցուցադրել աշխատանքներս: Անչափ զարմացել էր, որ Հայաստանում կա մեկը, ով զբաղվում է պարֆյումերիայի ստեղծմամբ: Քյուրքջյանը մի փոքր վարպետության դաս մատուցեց, ինչը անմոռանալի փորձ հանդիսացավ ինձ համար:

 

- Կարո՞ղ է պարֆյումերիայի սիրահարը  ցանկության դեպքում դառնալ օծանագործ:

 

- Պարֆյումերի «զինանոցում» կան չորս հազարից ավելին բաղադրիչներ, որոնցից մոտ հազարը`աշխատանքային են: Այսինքն, եթե դու լավ տարբերում ես այդ հազարը, տեսականորեն հնարավոր է օծանելիք պատրաստել: Անշուշտ,կարելի է սովորել եւ տեխնիկական մասը, սակայն պետք է առկա լինի ստեղծագործելու ունակությունը, որը նույնքան անհրաժեշտ է, որքան, օրինակ, կտավ նկարելու կամ երաժշտություն գրելու համար: 

Արման Մանուկյանը Արման Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բույրի ստեղծման վրա աշխատելիս միշտ չէ, որ ստանում ես այն, ինչ ի սկզբանե պատկերացնում էիր: Պատահում է այնպես, որ միացնելով այս կամ այն եթերայուղերը, համոզված ես լինում գեղեցիկ հնչեղության մեջ, սակայն պարզվում է, որ մաշկի վրա այդ համադրությունը լսվում է ծանր է եւ բարդ: Այստեղ արդեն հարկավոր է զինվել համբերությամբ, միացնել ներքին զգացողությունը եւ սկսել որոնումները `ցանկալի արդյունքը ստանալու երբեմն դժվարին, սակայն մշտապես գրավիչ գործընթացում: 

 

Արման Մանուկյանի հետ զրուցել է Աննա Բուբուշյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին