Փորձարարական վարժանքը՝ «անցանկալի» լրագրողի աչքերով - Mediamax.am

3256 դիտում

Փորձարարական վարժանքը՝ «անցանկալի» լրագրողի աչքերով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամփոփվել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շրջանակում սեպտեմբերի 6-ին մեկնարկած՝ մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժության արդյունքները:

 

Զորավարժությանը մասնակցել է նաեւ Մեդիամաքսի լրագրող Սիրանուշ Եղիազարյանը: Նա ներկայացնում է զորավարժության խաղարկային դրվագներն ու դրանում ներգրավված անձանց բաժին հասած առաջադրանքը:

 

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանն ու Արա Նազարյանը, երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, բարձրաստիճան այլ զինվորականներ եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ «Տավուշ» տեղեկատվական կենտրոնում անցկացնում են բրիֆինգ:

 

3-րդ զորամիավորման հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը, որը զորավարժության սցենարի համաձայն, ղեկավարում է ՊՆ «Տավուշ» տեղեկատվական կենտրոնը, ներկայացնում է զորավարժության սցենարը՝ Տավուշի մարզի սահմանագծին մոտ գտնվող մի շարք բնակավայրերի ուղղությամբ, սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, հակառակորդն անցել է հարձակման:

 

ՀՀ ԶՈՒ հետախուզական մարմինները, նախօրոք բացահայտելով հակառակորդի պլանները, օգոստոս ամսվա վերջից անցել են ծածուկ պաշտպանության, ինչի արդյունքում հնարավոր է եղել բոլոր ուղղություններով կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Սահմանամերձ համայնքներում կատարվել են անվտանգության ապահովման լրացուցիչ աշխատանքներ: Կիրառելով ավիացիայի, հրետանու եւ զրահատեխնիկայի կրակ՝ հակառակորդն անցել է բացահայտ հարձակման, սակայն, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների համակարգված եւ հակազդիչ գործողությունների շնորհիվ, հաջողության չի հասել: Սահմանագծում հակառակորդն իրականացնում է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներկայացվում է նաեւ սպասվելիք առաջադրանքը. մասնակից 8 լրատվամիջոցից 3-ը, որպես խաղարկային դրվագ, պետք է դառնան չհավատարմագրված կամ «անցանկալի» լրատվամիջոց, որոնց աշխատանքին խոչընդոտելու են ռազմական ոստիկանության աշխատակիցներն ու տեղական ինքնակառավարման մարմինները:

 

Ես կամավոր անդամագրվում եմ չհավատարմագրված՝ «անցանկալի» լրագրողների ցուցակում՝ փորձելով նման իրավիճակում իմ գործողությունների ճիշտ կամ սխալ լինելը:

 

Բրիֆինգի ավարտին պայմանական «ցանկալի» լրագրողներին կցվում է ուղեկցող սպա, իսկ «անցանկալի» լրագրողներին՝ քաղաքացիական անձինք, որից հետո մենք ուղղվում ենք մեր մշտական տեղակայման վայր, որտեղից հաջորդ օրը պետք է մեկնենք զորավարժության կազմակերպիչների կողմից ուղարկված տարածք եւ անցնենք մեր հիմնական աշխատանքին:

 

Սեպտեմբերի 7-ի առավոտյան յուրաքանչյուր լրագրող անցնում է իր առաջադրանքի կատարմանը, որի շնորհիվ, զորավարժության նպատակի համաձայն, պետք է ձեւավորվեն պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների աշխատակիցների շրջանում անհրաժեշտ հմտություններն ու վեր հանվեն առկա խնդիրները:

 

«Տավուշ» կենտրոնի ղեկավարի ցուցմամբ՝ քաղաքացիական անձն ինձ ուղեկցում է հայ-ադրբեջանական պետական սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պառավաքար գյուղ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ՝ որպես չհավատարմագրված կամ «անցանկալի» լրագրողի, ռազմական ոստիկանության աշխատակիցները պետք է խոչընդոտեին ինձ կազմակերպել իմ աշխատանքը: 

 

Գյուղ մտնում եմ անարգել, գնում գյուղապետարանի շենք, որտեղ ինձ դիմավորում է Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը, որը, զորավարժության սցենարի համաձայն, նաեւ համայնքի քաղպաշտպանության շտաբի պետն է: Ռոլանդ Մարգարյանը նախ նշում է, որ համայնք մուտք եմ գործել առանց ռազմական ոստիկանության թույլտվության եւ հրաժարվում է պատասխանել իմ հարցերին, որոնք, ըստ նրա, ռազմական բնույթ կարող են ունենալ:

 

Իմ դիտարկումից հետո, որ հարցերս ոչ թե ռազմական են, այլ խաղաղ բնակչության շրջանում տրամադրությունների, նրանց անվտանգության ապահովմանն ու գյուղի առօրյայի խաթարման վերաբերյալ, զրուցակիցս պատասխանում է, որ «քաղպաշտպանության պլանի համաձայն, արված են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ համայնքի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար»: «Գյուղի բնակչությունը խուճապահար չէ, զբաղվում է իր առօրյա աշխատանքով, առկա են բոլոր պայմանները՝ անհրաժեշտության դեպքում համայնքի բնակիչների տարհանման, անվտանգ տեղափոխության եւ մի քանի օր շարունակ սննդով ապահովման համար», - հավելում է նա:

 

Հարցազրույցի ավարտին, որպես «անցանկալի» լրագրող, հայտնաբերվում եմ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք, որոշ տվյալներ գրանցելուց հետո, խնդրում են հեռանալ գյուղի տարածքից:

 

Սցենարից անկախ՝ հանդիպում եմ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, որի ուղեկցությամբ լինում եմ նաեւ սահմանամերձ Այգեպար համայնքում: Այստեղ, ի տարբերություն Պառավաքարի, իրավիճակն ավելի սրված է. պայմանական հակառակորդը կրակ է բացել գյուղի ուղղությամբ, ինչի արդյունքում մեծ վնասներ են գրանցվել: Տարհանվել են գյուղի ծերերը, երեխաներն ու կանայք, իսկ տղամարդիկ, որպես աշխարհազորայիններ, զենք են ստացել ու լծվել հայրենիքի պաշտպանության գործին:

 

Համայնքի ղեկավար, քաղպաշտպանության շտաբի պետ Անդրանիկ Այդինյանը ներկայացնում է գյուղում տիրող իրավիճակը, տեղեկացնում, որ «հակառակորդի բացած կրակի հետեւանքով ամբողջովին վնասվել է 3 բնակելի տուն, կա երկու զոհ եւ երեք վիրավոր»: Տարհանված բնակիչները գտնվում են անվտանգ տարածքում եւ ապահովված են սննդով ու հագուստով: Գյուղը հսկվում է ռազմական ոստիկանության եւ մի քանի զինված աշխարհազորայինների կողմից՝ կանխելու համար անծանոթ եւ կասկածելի համարվող անձանց մուտքը, արված են անվտանգության բոլոր միջոցառումները գազատար խողովակը, էլեկտրասնուցման եւ հեռախոսային կապուղիները հնարավոր վթարներից պաշտպանելու համար: Չնայած ծանր իրավիճակին՝ բնակիչների մեջ խուճապային տրամադրություն չկա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոսելով վնասների մասին՝ համայնքի ղեկավարը նշում է, որ «մոտենում է նաեւ խաղողի բերքահավաքի եւ աշնանացանի ժամանակահատվածը, եւ պատերազմական իրավիճակի չդադարման դեպքում, գյուղացիները հնարավոր է՝ զրկվեն ամբողջ տարվա համար նախատեսված ապրուստի միջոցներից»:

 

Գյուղը լքելով՝ շարժվում ենք դեպի առաջնագիծ: Դիրքերում մեզ հայտնում են, որ «մի քանի ժամ տեւած կրակահերթից հետո՝ կիրառելով իրենց ձեռքի տակ եղած ողջ զինտեխնիկան, կարողացել են սեպտեմբերի 7-ի լուսադեմին լռեցնել հակառակորդին: Դիրքապահները վստահությամբ իրականացնում են իրենց մատական խնդիրն ու ամեն պահ պատրաստ են կանխելու հակառակորդի նախահարձակ գործողությունը:

 

Դիրքերում շրջելուց եւ մեզ անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց հետո, կրկին, ճանապարհվում ենք դեպի «Տավուշ» տեղեկատվական կենտրոն, որտեղ, զորավարժության սցենարի համաձայն, համապատասխան մասնագետները ստուգում են մեր կողմից տեսա- եւ լուսանկարահանված նյութերի անվտանգությունը, ապա տեղի է ունենում հերթական բրիֆինգը, որի ընթացքում ներկայացվում է առաջնագծում տիրող իրավիճակն ու երկու կողմերի կրած մարդկային եւ նյութական վնասի չափերը:

 

Բրիֆինգի ավարտին զորավարժությունն ամփոփում ու անցնում են փակ քննարկման, որի ընթացքում փորձարարական զորավարժության կազմակերպիչներն ու լրագրողները,  հարց ու պատասխանի արդյունքում, վեր են հանում զորավարժության պլանով առաջադրված աշխատանքի ընթացքում գրանցած խնդիրները:

 

«Փորձարարական զորավարժությունը կոչված էր պետական տարածքային եւ տեղական ինքնակառավարման միջոցների, ԶԼՄ-ների, ռազմական ոստիկանության ուժերով հակազդել հակառակորդի տեղեկատվա-քարոզչական պայքարին, հանրությանն ու սեփական զորքերին տալ օպերատիվ, օբյեկտիվ տեղեկատվություն»,- ասել է 3-րդ զորամիավորման հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը:

 

Նրա խոսքով՝ զորավարժության ընթացքում արձանագրվել են որոշ թերություններ, որոնց համար կկազմվի վերացման պլան, որը եւ հիմք կդառնա հետագայում նմանատիպ բացթողումներից խուսափելու համար:

 

Անդրադառնալով լրագրողների աշխատանքին՝ գնդապետն իր գոհունակությունն է հայտնում փոխըմբռնման, միմյանց նկատմամբ հանդուրժողականության եւ համակարգված աշխատանքի համար:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին