Երկու ամիս Սիրիայում՝ ականատեսի պատմությունը - Mediamax.am

exclusive
9912 դիտում

Երկու ամիս Սիրիայում՝ ականատեսի պատմությունը


Լուսանկարը` REUTERS

Գարիկ Հայրապետյանը Սիրիայում
Գարիկ Հայրապետյանը Սիրիայում

Լուսանկարը` Գ. Հայրապետյանի արխիվից

Լուսանկարը` Գ. Հայրապետյանի արխիվից

Մայրամուտը Հալեպում
Մայրամուտը Հալեպում

Լուսանկարը` REUTERS


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը օգոստոսի 3-ից հոկտեմբերի 8-ն աշխատել է Սիրիայում: Նա Մեդիամաքսին պատմել է այնտեղ կատարած աշխատանքի, հայկական համայնքի հետ հանդիպումների մասին:

 

Գործուղում

 

ՄԱԿ-ի բնակչության գրասենյակը Սիրիայում ժամանակավոր փոխներկայացուցչի կարիք ուներ եւ առաջարկվեց իմ թեկնածությունը, քանի որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի արագ արձագանքման խմբի անդամ եմ:

 

Առաջարկությունը ընդունելուց առաջ որոշակի մտավախություններ ունեի, բայց Սիրիա գնալու ցանկությունս մեծ էր: Մտածում էի, եթե այլ մարդիկ կարողանում են այնտեղ աշխատել, ես ել կկարողանամ:

Գարիկ Հայրապետյանը Սիրիայում Գարիկ Հայրապետյանը Սիրիայում

Լուսանկարը` Գ. Հայրապետյանի արխիվից

Սիրիայում ապահով զգալը շատ հարաբերական է: Մեր հյուրանոցի պատուհանից երկու-երեք կիլոմետր հեռավորության վրա ժամանակ առ ժամանակ արկեր էին պայթում: Հյուրանոցի տարածքից դուրս շրջում էինք միայն զրահապատ մեքենաներով:

 

Աշխատանք

 

Սիրիայում տրամադրում էինք վերարտադրողական առողջության հետ կապված հումանիտար աջակցություն եւ աշխատանքներ էինք տանում գենդերային բռնությունների դեմ, աջակցում դրանց զոհերին: Մեծ անհրաժեշտություն կար համապատասխան օգնություն տրամադրել հղի կանանց եւ երիտասարդ աղջիկներին:

 

Նաեւ աշխատում էինք երիտասարդության հետ, որ նրանք ավելի պատրաստ լինեն՝ ստեղծված իրավիճակում ավելի հանդուրժող հասարակություն կառուցելու համար:

 

Փորձում էինք տարբեր ազգերի եւ կրոնական ներկայացուցիչների հավաքել մեկ հարկի տակ եւ երկխոսություն ծավալել՝ հասարակությունում ապագա խաղաղության հիմքեր ապահովելու համար: Մարդիկ շահագրգռված էին այցելել մեր հավաքներին, քանի որ հասկացել էին, որ հաց, ջուր եւ գլխին տանիք ունենալու խնդրից զատ՝ մեր առաջարկած ուղղությունները պակաս կարեւոր չեն:

 

Հատկապես վերջին տարիներին բարձրացել է հետաքրքրությունը վերարտադրողական մայրական առողջության ուղղությամբ: Մարդիկ սկսում են հասկանալ, որ երկարատեւ կոնֆլիկտի առկայության դեպքում բարձր ծնելիություն կանխարգելումը դառնում է անհրաժեշտություն:

Լուսանկարը` Գ. Հայրապետյանի արխիվից

Սիրիայում կան տարածաշրջաններ, որտեղ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տրամադրած շարժական կլինիկաներից բացի, բժշկական ծառայության այլ աղբյուր ուղղակի չկա:

 

Կյանքի փրկություն

 

Այց էինք կազմակերպել փախստականների ճամբար, շրջում էինք, հարցումներ անում, թե ով ինչի կարիք ունի: Հանկարծ նկատեցինք, որ մի երիտասարդ աղջնակ կուչ է եկել երկու տնակների արանքում եւ բարձր լալիս է: Նրա հետ երկար խոսելուց հետո պարզվեց, որ աղջիկը հղիացել, իսկ տղան փախել է Թուրքիա: Ինքն էլ թաքնվում է հորից, որը դանակը ձեռքին իրեն է փնտրում, որ սպանի: Անմիջապես կազմակերպեցինք այդ աղջկա տեղափոխումը անվտանգ ապաստարան: Այդպիսով՝ իրական մեկ մարդու կյանք փրկեցինք: Սիրիական իրականության մեջ ամենաանպաշտպանը երիտասարդ աղջիկներն են:

 

Խաղաղության պատրանք

 

Սարսափելի եւ անմարդկային իրավիճակը ողջ Սիրիայում չէ: Դամասկոսում, օրինակ, կյանքը շարունակվում է. շաբաթական երկու-երեք անգամ օպերային թատրոնում ներկայացումներ են լինում: Բայց, իհարկե, ռիսկ կա, որ արկը կարող է պայթել ցանկացած վայրում եւ ցանկացած ժամանակ:

 

Հայկական համայնքը եւ վերջինիս կարծրատիպերը

 

Սիրիայում անհնար է չնկատել հայերի հանդեպ մեծ հարգանքը: Հայերը հարգված են առաջին հերթին իրենց աշխատասիրության շնորհիվ: Շուկաներում շրջելիս կարելի է նկատել, որ ոսկերչությամբ զբաղվողների 10-ից 8-ը հայեր են: Օպտիկական ծառայությունների գրեթե 100 տոկոսը հայեր են մատուցում:

 

Համայնքի անդամների հետ զրուցելիս շատ էի զարմանում, երբ նրանցից լսում էի, թե Հայաստանում վտանգավոր է ապրել: Հայաստանի մասին շատ բացասական առասպելներ կան: Սիրիայում բնակվող հայերից շատերը մեծ ցանկություն չեն արտահայտում գալ Հայաստան՝ անգամ գիտակցելով, որ իրենց երեխաների ապագան այդ երկրում երաշխավորված չէ:

Մայրամուտը Հալեպում Մայրամուտը Հալեպում

Լուսանկարը` REUTERS

Ոմանք ասում էին, որ Հայաստանում ապահով չէ բիզնեսի եւ կյանքի միջոցներ հայթայթելու առումով, որ իրենց այստեղ կարող են հեշտությամբ կողոպտել ու անգամ՝ սպանել: Կարծում եմ, պետությունը անելիք ունի այդ կարծրատիպերը կոտրելու համար:

 

Հալեպ

 

Արեւելյան Հալեպում վիճակը շատ վատ է, մեծ թվով քաղաքացիական մարդիկ են զոհվում: Այնտեղ շրջափակված մարդիկ ամեն ինչ կտան, որ դուրս գան այդ տարածքից:

 

Արեւելյան Հալեպում, ըստ տարբեր գնահատականների, կան մի քանի հարյուր հայեր, որոնք շրջափակման մեջ են: Նրանց տարհանման հարցը բավական բարդ է կազմակերպել:

 

Ի՞նչ է Սիրիան

 

Այնտեղ անցկացրած երկու ամսվա ընթացում մտածում էի՝ որը՞ կլինի այն մեկ բառը, որը լավագույնս կբնորոշի Սիրիան: Եվ գտա՝ մարդիկ: Մարդիկ, որոնք այս տարիների ընթացքում բացարձակ չեն չարացել: Չնայած սարսափելի իրավիճակին, մարդկային հարաբերությունների առումով յուրահատուկ մթնոլորտ է Սիրիայում, որի շնորհիվ սիրահարվում ես այդ երկրին:

 

Գարիկ Հայրապետյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին