«Հալեպը քիչ մը հանդարտվի, երթանք մեր տուները» - Mediamax.am

exclusive
4926 դիտում

«Հալեպը քիչ մը հանդարտվի, երթանք մեր տուները»


Լուսանկարը` Keeg am

Ներսես եւ Սիթա Աշտյոքյանյանները
Ներսես եւ Սիթա Աշտյոքյանյանները

Լուսանկարը` Անահիտ Հարությունյանի

Տիրուհի Պետրոսյանը
Տիրուհի Պետրոսյանը

Լուսանկարը` Անահիտ Հարությունյանի


«Գյումրիի մարդիկ իրանք էլ տուժած են, իրանք էլ աղետ ու դժվար օրեր տեսած են, մեկս մյուսիս կհասկանանք… Գյումրիի նման Հալեպը ավիրվեց, տարիներ շարունակ  նորեն ու նորեն ռումբերու ձայներ կհնչին ու կավիրեն շենքերը, քանիմ մը շենք է մնացել, անոնք էլ մե ուժեղ փռշտոցից հիմնահատակ կըլլան։ Ադոր համար է, որ  գյումրեցին մեզի ջերմ ընդունեց, կլսես, թե ինչպես կըսին, ասոնք մեղք են, տուն տեղ կորցրել են, ինչ պիտի անեն հոս։ Կուզեն բանով մը օգնած ըլլան»,- գյումրվա ու  սիրահայերին բնորոշ խոսվածքը իրար խառնելով սկսեց իր պատմությունը Գյումրիում բնակվող Ներսես Աշտյոքյանյանը։

 

Նրա ընտանիքը առաջինն էր, որ զգալով պատերազմի վտանգավոր ու սարսափելի հոտը, որոշեց հայրենիք գալ։ Երկու տարի Երեւանում ապրելուց հետո որոշեցին տեղափոխվել Գյումրի ու իրենց  տունը կառուցել այս քաղաքում։ Նախկին մանկապարտեզի մի մասը վերանորոգել ու ապրում են երկու դուստրերի ու որդու հետ։

 

«Հոս հանդարտ է, հանգիստ, մարդկություն կա, ես Գյումրին շատ սիրեցի, Երեւան չկրցա մնալ, հոն աղմուկը շատ է: Հոս վստահությունը շատ է, ամենքն ալ իրար ծանոթ կամ բարեկամ են, հանգիստ  ու ապահով տարածք մըն է,- ավելացնում է Ներսեսի կինը՝ Սիթան: -Միակ դժվարությունն աշխատանքին պակասությունն է։ Հոս դժվար է աշխատանք գտնել, եթե աշխատանք ըլլա, Գյումրիից լավ տեղ չի կա»։ 

 

Ամուսինը փորձել է մեքենաներ վերանորոգել, ոսկերչություն անել, պատ շարել, բայց   մշտական աշխատանք չի կարողանում գտնել։ Տիկին Սիթան էլ փորձել է աշխատել ու ընտանիքի հոգսը կիսել, բայց ապարդյուն։

 

«Ես Հալեպ չեմ աշխատել, հոնտեղի տղամարդիկ չէին ձգե իրենց կանանց ու աղջիկներին աշխատելու, տղամարդուն աշխատավարձը բավարար էր, որ տունը  պահեր։ Կապրեինք ոչ թե աղքատին պես, այլ ամեն ինչեն օգտվելով ու ճաշակելով»,- շարունակում է տիկին Սիթան։ Երկու աղջիկները կրթություն են ստացել, բայց աշխատանք չեն գտնում, քանի որ փորձ չունեն։

Ներսես եւ Սիթա Աշտյոքյանյանները Ներսես եւ Սիթա Աշտյոքյանյանները

Լուսանկարը` Անահիտ Հարությունյանի

Օգնություն ստացել են տարբեր կազմակերպություններից, բայց  չեն սիրում ամեն անգամ խնդրել, արժանապատիվ են համարում սեփական քրտինքով վաստակելը։ Զբաղվածության պետական կենտրոն դիմել են, բայց դրական նորություն չկա։

 

Հաց վաստակելու փնտրտուքն էլ նրանց հալեպցի հարեւանի ընտանիքն է բաժան-բաժան արել։ Տիրուհի Պետրոսյանը որդու եւ ամուսնու հետ Հալեպից եկել է Գյումրի։ Երեք տարի է, ինչ չեն կարողանում մշտական աշխատանք գտնել։ Ամուսինը, ինչպես տիկին Տիրուհին է ասում, հայաստանցու պես դարձել է խոպանչի ու գնացել Ռուսաստան աշխատելու, ինքը աշխատանք գտել է Երեւանում, իսկ որդին չի ուզում հեռանալ Գյումրիից: Տանը միայնակ մնալով, առանց ծնողական խնամքի, սովորում է միջին մասնագիտական հաստատությունում։

 

«Մենք արդեն «հին սիրիահայ» դարձանք,  հայաստանցու աչքով կնայեն։ Հիմա էլ կուտան օգնություն, եթե երթամ խնդրեմ, երթամ լամ, կուտան։ Էդ է իրանց ուզածները, միշտ խնդրես, որ քեզի տան, շատ վիրավորելով օգնություն կուտան։ Մարզպետարան ու քաղաքապետարան դիմել ու ստացել եմ օժանդակություն, բայց ամեն անգամ պիտի երթաս նոր դիմումագիր գրես, ես ալ էդ բանը կատեմ: Ի՞նչ է, մեր ոտքի մե կտորը մարզպետարան, մե կտոր քաղաքապետարան պիտի ըլլա օր թուղթ լցնեմ։ Ադոր տեղը գործք ըլլա` կաշխատիմ։Վեց ամիս է՝ Երեւան կաշխատիմ, հոն տան վարձք, հոս տան վարձք, չեմ հասցնե ուտելուն գումար»,- վրդովված ասում է տիկին Տիրուհին:

Տիրուհի Պետրոսյանը Տիրուհի Պետրոսյանը

Լուսանկարը` Անահիտ Հարությունյանի

«Երեւանին մեջ եռուզեռը շատ է, հոն գլուխ չի մնար, Գյումրիում լավ է: Ճիշտ է, սկզբում շատ հոգնեցա, ճնշումս բարձրցավ, բայց հետո մարմինս վարժվեցավ»,- հավելում է նա:

 

Ցավալով է նշում, որ Սիրիա վերադառնալու հույսերն օր օրի նվազում են։ Սիրայից տեղեկություններ ամեն օր է ստանում. «Մեկը թող չմտածե, որ հետ պիտի  դառնա, էրթա Հալեպ, մտքի ծայրեն չանցնե, էրթալով քար ու քանդ եղավ, էնտեղի ժողովուրդն էլ կուզե դուրս էլլնե, նյութականի պակասություն ունին»։

 

Սիրիահայերին օգնում են տարբեր բարեգործական կազմակերպություններ, հոգեբանական ու մասամբ էլ նյութական օգնություն տրամադրում։ Իսկ Շիրակի մարզպետարանում նշեցին, որ սիրիահայերը՝ գյումրեցու բարբառով ասած, «շատ թասիբով ժողովուրդ են»: Մի քանի անգամ են դիմել, օգնել են, բայց  գերադասում են աշխատել, քան մարզպետարանի դռները ծեծել։

 

Հանրապետության երկրորդ քաղաք եկած սիրիահայերի ինը ընտանիքներից մնացել են ընդամենը չորսը, մնացածը գնացել են հաց վաստակելու՝ Երեւան, կամ էլ Կանադա։ Բայց բոլորի երազանքը մեկն է՝ «Հալեպը քիչ մը հանդարտվի, երթանք մեր տուները»:

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)` հատուկ Մեդիամաքսի համար

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին