Տավուշի սահմանապահ գյուղերը՝ ժողովրդագրական դեֆորմացիայի շեմին - Mediamax.am

exclusive
13121 դիտում

Տավուշի սահմանապահ գյուղերը՝ ժողովրդագրական դեֆորմացիայի շեմին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն օրերս լրագրողների համար շրջայց էր կազմակերպել Տավուշի մարզ՝ մարզի ժողովրդագրական խնդիրներին ծանոթանալու համար:

 

Ժողովրդագրական պատկերը, ինչպես հանրապետության մյուս մարզերում, սահմանամերձ Տավուշում եւս, այնքան էլ հուսադրող չէ: 2016-ի հունվարի 1-ի տվյալներով մարզի մշտական բնակչությունը կազմում է 125 հազար 514 մարդ, որից 18 հազար 815-ը 63 տարեկանից բարձր տարիքային խմբում է: 

 

ՀՀ ԱՎԾ Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանի փոխանցմամբ` 63-ից բարձր տարիքային խմբի գերակշռությունը հատկապես ցայտուն է սահմանամերձ բնակավայրերում, ինչը լուրջ անհանգստության առիթ է տալիս եւ ի վերջո կարող է հանգեցնել ժողովրդագրական դեֆորմացիայի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախորդ տարի Տավուշի մարզում բնակչության բնական հավելաճը, որը որոշվում է մեկ տարվա ընթացքում ծնունդների եւ մահվան դեպքերի թվաքանակի տարբերությամբ, կազմել է ընդամենը 5 մարդ: Վերջին 12 տարվա ընթացքում մարզում մահացության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2015-ին՝ 1424 մահ:

 

«2015-ին, առաջին անգամ, բնակչության բնական հավելաճը մեզ մոտ եռանիշ թվից հասել է միանիշի: Նշված 1424 մահացության դիմաց գրանցվել է 1429 ծնունդ: Նշված ժամանակահատվածում ոչ միայն մահացության թիվն է աճել, այլեւ նվազել է ծնելիության ցուցանիշը», - նշում է Աիդա Աչինյանը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով մարզում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիությանը. գրանցվել է 710 մահ եւ 678 ծնունդ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարզի գլխավոր վիճակագրի ուշադրությունը գրավում է հատկապես սահմանամերձ Բարեկամավանը, որտեղ 2015-ին ծնունդ չի գրանցվել, փոխարենը եղել է 6 մահ, իսկ սահմանամերձ Բերքաբերում վերջին երեք տարիներին մահացությունը մշտապես գերազանցում է ծնելիությանը:

 

Ծնելիության ցուցանիշի վրա, զբաղվածության բացակայությունից եւ միգրացիայից բացի, մեծ ազդեցություն է թողնում փաստացի պատերազմական իրավիճակը:

 

Բարեկամավան. Դատարկվող ու ծերացող բնակավայրերից մեկը

 

Համայնքների խորացման ծրագրով սահմանամերձ Բարեկամավանը կորցրել է համայնքի կարգավիճակը եւ արդեն համարվում է Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերից մեկը:

 

Բարեկամավանի վարչական պատասխանատու Ջոնիկ Միքաելյանը Մեդիամաքսի հետ զրույցում նշում է, որ  բնակավայրում հաշվառված է 185 տնտեսություն, որից, վիճակագրական ծառայության վերջին տվյալով, առկա է 100-ը: Բնակիչների թիվն այստեղ 232-ն է, որից մշտապես ներկա է 181-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարչական պատասխանատուի փոխանցմամբ` Բարեկամավանը ծերացող ու դատարկվող բնակավայր է, որտեղ ծերերի թիվը գերակշիռ մաս է կազմում:

 

«Գյուղը դատարկվում է, հիմնական լքողները երիտասարդությունն ու միջին տարիքի մարդիկ են: Պատճառը սահմանամերձ լինելն ու գործազրկությունն է, ինչն էլ արդյունք է համայնքում ծնելիության, ամուսնության գործակցի նվազման ու մահացությունների թվի գերազանցմանը»:

 

Ջոնիկ Միքաելյանը նշում է, որ Բարեկամավանը շուրջ 450 հա վարելահող չի կարողանում օգտագործել, քանի որ գտնվում է հակառակորդի անմիջական նշանառության ներքո: Մասամբ օգտագործվում է միայն 60 հա տարածք: «Այստեղ աշխատանք ու ապրուստի միջոց չկա, մարդիկ պարտքով են ապրում: Կան մի քանի երիտասարդ ընտանիքներ, սակայն նրանք էլ խուսափում են երեխա ունենալուց»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բարեկամավանի դպրոցն այսօր ունի 21 աշակերտ: Անցած տարիներին գոնե մեկ կամ երկու առաջին դասարանցի են ունեցել, բայց այս տարի այդ տարիքի երեխա չունեն, իսկ ավարտական` 12-րդ դասարանում երկու աշակերտ է սովորում` երկուսն էլ տղա:

 

«Ունենք նաեւ աղջիկների պակաս. մի քանի տարի հետո, շատ համայնքների նման, մենք էլ հարս բերելու խնդրի առջեւ պետք է կանգնենք», - ասում է Ջոնիկ Միքաելյանը:

 

Լուսաձոր. Տղաներով «լի» դպրոցը

 

Լուսաձոր համայնքում եւս առկա է սեռերի անհավասարության խնդիրը: Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 32 աշակերտ: Առաջին դասարանում 2 աշակերտ կա, երկուսն էլ`աղջիկ: Դպրոցի երրորդ դասարանում սովորում է 4 աշակերտ, չորսն էլ տղա, իսկ ավարտական դասարանում տղաները չորսն են, աղջիկները՝ երկուսը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղապետ Վարդան Սարդարյանի խոսքով` դպրոցի շենքային անբարենպաստ պայմանների ու ցրտի, որոշ դեպքերում նաեւ կոմպլեկտավորված դասարանների առկայության պատճառով, շատ ծնողներ գերադասում են իրենց երեխաներին Իջեւանի դպրոց տանել:

 

«Այս տարի երկու ընտանիքի համոզել ենք, որ իրենց աղջիկներին դպրոց բերեն. երկարատեւ բանակցություններից հետո միայն երկու աշակերտով առաջին դասարան է բացվել»,- նշում է համայնքի ղեկավարը: Նա ասում է, որ բանակցություններն ավելի բարդ են լինում, երբ դասարանում տղաներն ավելի շատ են, իսկ աղջիկները մեկը կամ երկուսը՝ «այս դեպքում աղջիկների ծնողները խուսափում են իրենց երեխային դպրոց ուղարկել»:

 

Բերքաբեր. Ապագա մայրեր փնտրող գյուղը

 

Ի տարբերություն Լուսաձորի, որտեղ հարեւան համայնքներից հարս բերելու հնարավորություն են տեսնում, Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը դժգոհում է.

 

«Մի քանի տարի է`տղաների թիվն էապես գերազանցում է աղջիկների թվին, իսկ հարեւան գյուղերից մեզ հարս չեն տալիս»:

Լուսանկարը` Մեդիամաքս

ԱՎԾ Տավուշի մարզային գործակալության պետի փոխանցմամբ`վերջին երեք տարիներին Բերքաբերում եւս մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիությանը, իսկ ամուսնությունների գործակից գրեթե չի հաշվարկվում:

 

Արթուր Մադաթյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հակառակորդի կրակոցների պայմաններում գյուղի երիտասարդները խոսափում են ընտանիք կազմելուց եւ զավակներ ունենալուց.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամուսնության ու ծնելիության ցածր գործակցի վրա ազդում է ոչ միայն պատերազմական իրավիճակը, այլեւ գործազրկությունը: Մեր գյուղի բնակչության ու երիտասարդության միակ զբաղմունքը սահման պահելն է», - ասում է Մադաթյանը:

 

Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին