Սպիտակի երկրաշարժից երեք տարի էր անցել: 1991 թվականի ամառային արձակուրդները, ինչպես եւ նախորդ երկուսը, Լենինականի մանուկները նախկինի նման ուրախ եւ անհոգ չէին անցկացնելու:
Բայց նրանցից մի քանիսի համար այս արձակուրդները անմոռանալի էին լինելու: Նիդեռլանդների Թագավարությունը օգնության ձեռք էր մեկնել հայերին` փորձելով «վերադարձնել» փոքրիկների` փլատակներում մնացած մանկության անհոգությունը:
13-ամյա Արթուր Հայրապետյանը աղետից տուժած մի խումբ երեխաներից մեկն էր, ովքեր հոլանդացի ընտանիքներում անցկացրեցին ամառային արձակուրդները:
Այժմ Մոսկվայում բնակվող 38-ամյա Արթուր Հայրապետյանը 25 տարի անց Մեդիամաքսին պատմել է հոլանդացի ընտանիքի հետ անցկացրած արձակուրդների եւ ոչ սովորական վերադարձի մասին:
Արթուրից երկրաշարժը խլել էր մայրիկին, նա Լենինականում ապրում էր հոր, եղբոր եւ ազգականների հետ: Սլոքերս ընտանիքի տանն Արթուրը հյուրընկավեց գյումրեցի եւս մեկ պատանու հետ:
Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից
«Մեզ նվերներ էին տվել եւ շատ լավ էին ընդունել: Փոքրիկ քաղաք էր: Տարիքով ամուսիններ էին: Իրենց հետ մոտ 25 տարեկան որդին էր ապրում` Նիկը: Երկու հարկանի սեփական տուն ունեին: Երբ փոքր ես, լեզվական խոչընդոտներն ինքնաբերաբար են լուծվում: Մենք միանգամից ընդհանուր լեզու գտանք: Շփվում էին անգլերենով, որն անցնում էինք Լենինանականի դպրոցում: Հաց ուտելուց եւ քնելուց առաջ նրանք միշտ աղոթում էին: Մենք սովետական երեխաներ էինք, եւ մեզ համար դա շատ անսովոր էր, սակայն հարգելով տան ավանդույթները, ճաշի սեղանի շուրջ նստելիս մենք էլ էինք փակում աչքերը: Հայաստանի մասին մեզ շատ հարցեր էին տալիս, եւ ինձ օգնում էր այն, որ տատիկս պատմության ուսուցչուհի էր: Նաեւ պատմում էի այն ամենը, ինչը լսել էի մեծ տատիկից, որը փրկվել էր Ցեղասպանության ժամանակ», - հիշում է Արթուրը:
Գյումրեցի երեխաները Հոլանդիայում հանդիպել էին Թագուհի Բեատրիքսի հետ, որի մասին պատմող հոդվածն ու լուսանկարը տպագրվել էին թերթում, որը, ցավոք, Արթուրի մոտ չի պահպանվել:
Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից
Երկու ամիսների ընթացքում նրանք նոր ընկերներ ձեռք բերեցին, այցելեցին տարբեր տեսարժան եւ զվարճանքի վայրեր: Գրեթե ամեն շաբաթ օր հայկական կամ կաթոլիկ եկեղեցի էին գնում:
Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից
Հայաստան վերադարձը, սակայն, նույնքան անհոգ չստացվեց:
«Նիդեռլանդներ մեկնում էինք Խորհրդային Միությունից, իսկ վերադառնում էինք օգոստոսի 19-ի հեղաշրջման փորձից հետո, երբ ԽՍՀՄ-ն արդեն փլուզման շեմին էր: Օգոստոսի վերջի կամ սեպտեմբերի առաջին օրերն էին: Ինքնաթիռը վայրէջք կատարեց «Շերեմետեւո» օդանավակայանում, որտեղից մեզ հրաժարվեցին Հայաստան ուղարկել: «Ասում էին` թող Հայաստանը ինքնաթիռ կամ վառելիք ուղարկի, որպեսզի ձեզ ուղարկենք»,- պատմում է Արթուրը:
Պատանիները Մոսկվա էին հասել գիշերը, բայց քանի որ օդանավակայանում հրաժարվեցին ապաստարան տրամադրել, ստիպված մնացին մուտքի մոտ: Գնալու տեղ չունեին, որոշեցին հենց այդտեղ էլ քնել ճամպրուկների վրա:
Դեռ նոր էին տեղավորել իրերը, երբ օդանավակայանի մուտքի մոտ կրակոցներ հնչեցին: Գյումրեցի մանուկները հայտնվեցին ոստիկանների եւ հանցագործների փոխհրաձգության կիզակետում:
Ոստիկանները, նկատելով երեխաներին, շրջապատեցին նրանց եւ պաշտպանեցին կրակոցներից: Նրանցից մեկը կարգադրեց պառկել գետնին եւ թաքնվել իրերի հետեւում: Այդ ընթացքում ոստիկաններից մեկը վազեց օդանավակայանի ղեկավարության մոտ եւ պահանջեց երեխաներին ներս թողնել:
«Շնորհակալ եմ Մոսկվայի օդանավակայանի ոստիկաններին, ովքեր մեզ պաշտպանեցին` վտանգելով իրենց կյանքը, ինչպես նաեւ այն սպային, ով միջամտեց եւ այդ վտանգավոր իրավիճակում օգնեց, որ մեզ ներս թողնեն»,- ասում է Արթուրը:
Լուսանկարը` Արթուր Հայրապետյանի արխիվից
Երկու օր մնացին օդանավակայանում, քնում էին` ով որտեղ կարող էր: Վերջապես Հայաստանից կարողացան կազմակերպել երեխաների վերադարձը:
Արթուրը վերադարձավ Լենինական` ընտանիքի մոտ, իր հետ բերելով անհոգ երկու ամիսների երջանիկ հիշողություններն ու երախտագիտություն` հոլանդացի ընտանիքի ու ժողովրդի հանդեպ:
Նա պատմում է, որ շատ էր մտերմացել Սլոքերս ընտանիքի հետ, վերադառնալուց հետո նամակագրական կապի մեջ էին, սակայն հետո Հայաստանում խառը ժամանակներ էին, պատերազմ, եւ կապը կտրվեց: Բայց Արթուրն հուսով է, որ կգտնի այն մարդկանց, ովքեր քառորդ դար առաջ իրեն երջանկության երկու ամիս նվիրեցին:
Մարի Թարյան
Լուսանկարները` Արթուր Հայրապետյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: