Նոր Ջուղայից Լայպցիգ` մի ափսեի պատմություն - Mediamax.am

exclusive
4781 դիտում

Նոր Ջուղայից Լայպցիգ` մի ափսեի պատմություն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Պողոսյանը
Դավիթ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Գրասսի ազգագրության թանգարանում Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Թանգարանագիտության ամբիոնի դասախոս, մ.գ.թ. Դավիթ Պողոսյանը մասնակցել է երկամսյա հետազոտական ծրագրի։

 

Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է թանգարանում գտնվող հայկական յուրօրինակ նմուշների,  իր հետազոտության եւ հետագա ծրագրերի մասին։

 

- Ի՞նչ նպատակով էիք ժամանել Լայպցիգի Գրասսի թանգարան։

 

- 2015 թ. Բրիտանական թանգարանի միջազգային ծրագրին Հայաստանից ես էի մասնակցում եւ ծրագրի գործընկեր համարվող «Դրեզդենի արվեստի պետական հավաքածուներ» կազմակերպությունը Բրիտանական թանգարանի երաշխավորությամբ հրավիրեց Գերմանիա մասնակցելու իր՝ Դրեզդենում եւ Լայպցիգում գտնվող 14 մասնաճյուղերից մեկում ամենամյա հետազոտական ծրագրի:

Դավիթ Պողոսյանը Դավիթ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ հրավերի հիման վրա 2016թ. սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին Լայպցիգի Գրասսի ազգագրության թանգարանի կրթական ծրագրերի բաժնում մասնակցեցի փորձի փոխանակման եւ միաժամանակ հետազոտական ծրագրի:

 

- Ի՞նչ հայկական նմուշներ են ցուցադրվում թանգարանում, որոնք հասցրել եք ուսումնասիրել, եւ ի՞նչ նմուշներ կան թանգարանի պահեստային ֆոնդում։

 

- 19-րդ դարի կեսերից գործող այս թանգարանում պահպանվում են տարբեր մշակույթներին պատկանող մոտ 200 000 ազգագրական առարկաներ, որոնց մի զգալի մասը ցուցադրվում է դասական՝ սիստեմատիկ-աշխարհագրական սկզբունքով:

 

Համապատասխան կուրատորական բաժնից ճշտեցի, որ ներկայիս Հայաստանի տարածքից կա ընդամենը մեկ գրանցված կենցաղային բնույթի առարկա: Սակայն ցուցադրությունում՝ Իրանին վերաբերվող ցուցանմուշների մեջ, հանդիպեցի 19-րդ դարի վերջում հավաքված եւ 1901 թ. թանգարան բերված Նոր Ջուղայի հայ համայնքի կողմից ստեղծված չորս ցուցանմուշների:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանի տարեց աշխատակից Ռոլֆ Շվարցը պատմեց, որ 1890-ական թթ. Ֆիլիպ Վալտեր Շուլցը Իրանում ձեռք է բերել ավելի քան 900 առարկաներ, որոնց թվում նաեւ Նոր Ջուղայի շնորհաշատ վարպետների կողմից ստեղծված բարձրարժեք իրեր: Դրանք հետագայում թանգարանը ձեռք է բերել, սակայն ցուցադրում է փոքր մասը, իսկ մնացածը պահպանվում է նույն շենքում գործող կիրառական արվեստի թանգարանում: Ցուցադրված առարկաների մեջ էին կնոջ ամբողջական տարազ, արծաթյա գոտի, հարսանեկան ափսե եւ հրեշտակներով շրջապատված Աստվածամոր պատկերը՝ կտավի վրա:

 

Ցուցադրված էին նաեւ երեք գործվածքներ՝ ներկայացված Թուրքիայի տարածքից, սակայն հայկական կարպետներին բնորոշ զարդանախշերով: 

 

- Ի՞նչ արժեք ունեն այդ ցուցանմուշները։

 

- Ցուցանմուշները Նոր Ջուղայի հայտնի արհեստավորների մանրակրկիտ աշխատանքի ակնառու օրինակներ են, խոսում են ժամանակի բարձր գեղագիտական ճաշակի մասին: Դրանցում կարելի է տեսնել  իրանական արվեստի ազդեցությունը եւ հայկական ավանդույթների արտացոլումը:

 

Առարկաների միջոցով հետաքրքրական է եւս մեկ անգամ համոզվել, որ ժամանակի միջազգային առեւտրում կարեւոր դեր ունեցող հայ համայնքը լավագույնս յուրացրել է նաեւ իրերի պատրաստման տարբեր տեխնոլոգիաներ՝ պահպանելով սեփական ինքնությունը:

 

Հատկապես ուշագրավ է ցուցադրվող հարսանեկան ափսեն, որի վրա ոչ շատ պարզ, շրջանակների մեջ պատկերված են յոթ հարսանեկան տեսարաններ:

 

Լաքապատ պապյե մաշե տեխնիկայով եւ յուղաներկով արված այս փոքրածավալ ցուցանմուշն իր վրա ունի արեւելյան արվեստին բնորոշ ճոխ բուսական զարդեր, կրում է լույս ու ստվերի պատկերման եվրոպական ավանդույթները եւ հայկական ավանդական հարսանեկան արարողության հետաքրքիր մեկնաբանություն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանի աշխատակիցների օգնությամբ գրադարանում կարողացա գտնել Ինգե Ցայվերթի գերմաներեն հոդվածն այս եւ նմանօրինակ մեկ այլ ափսեի վերաբերյալ, որը ցուցադրված չէր եւ մեկ տեսարան ուներ նույն թեմատիկայով: Թանգարանի գիտական հոդվածների ժողովածուի մեջ հեղինակը հետաքրքիր անդրադարձ էր կատարել ավանդական հայկական հարսանեկան արարողությանը՝ հիմնվելով Ս. Լիսիցյանի աշխատանքների վրա, ապա դրանք փորձել մեկնաբանել ափսեների տեսարաններով:

 

Պատկերներից յուրաքանչյուրը պատմում է այն հարսանեկան նախապատրաստական արարողությունների մասին, որոնք կարեւոր նշանակություն ունեին համայնքի կյանքում: Պատկերում տեսնում ենք հաց թխելու արարողությունից մինչեւ փեսայի եւ հարսի հանդիպումը արդեն բուն հարսանիքի ժամանակ: Երկու նմանակերպ ափսեները, նաեւ ոչ բոլոր արարողությունների պատկերումը, ենթադրել է տալիս, որ պետք է որ գոյություն ունենան նաեւ այլ նմանօրինակ առարկաներ, որոնք առավելապես կիրառական նշանակություն չեն ունեցել, որքան պատվիրվել են որպես հուշ կամ նվեր:

 

- Կարո՞ղ եք ավելի մանրամասն նկարագրել ափսեում պատկերված դրվագները։

 

- Կենտրոնում պատկերված է հարսի եւ փեսայի ընտանիքների հանդիպումը, որը գործողությունների հենց սկիզբն է։ Տեսարանում հարսն ու փեսան չկան, քանի որ նրանց փոխարեն հիմնական որոշումները կայացնում էին իրենց ընտանիքները՝ քննարկելով նորաստեղծ ընտանիքի տնտեսական կյանքին վերաբերող հարցեր, թե ով ինչ նվեր պետք է նվիրի, որը շատ կարեւոր էր համայնքի ու ընտանիքի համար։ Այս տեսարանի անմիջապես ներքեւում պատկերված է փեսան, որը նվերներ՝ հավ, ուլ է տանում հարսնացուի համար։

 

Մյուս տեսարանում պատկերված է տղաների եւ աղջիկների շարասյուն։ Փեսայի կողմից տղաները «մակարներ» էին կոչվում, որոնք համապատասխանում են  ներկայիս «ազաբ-բաշուն»։ Մակարների պետը հարսանիքի ամենակարեւոր մարդն էր, քանի որ նա զինված էր եւ համարվում էր ողջ շքախմբի պաշտպանը։ Մակարների պետի ընտրության տարբեր ձեւեր են եղել, օրինակ՝ եղել է գավազան, որը նա գնել է եւ դարձել մակարների պետ։

 

Կենտրոնից դեպի վերեւի տեսարանում պատկերված են երաժիշտները, որոնք եւս շատ կարեւոր են եղել հարսանեկան արարողության ժամանակ։ Տեսարաններից մեկում պատկերված են կանայք, որոնք հաց են թխում՝ ընդունված է եղել, որ հարսանիքի հացը պետք է թխեին ամուսնացած հաջողակ կանայք, որպեսզի ամուսնացող զույգերը եւս երջանիկ լինեն։

 

- Ի՞նչ յուրահատուկ հետազոտական նախագիծ կարողացաք մշակել եւ ո՞րքանով նշված հայկական առարկաները ընդգրկվեցին այդ նախագծում ։

 

- Որպես թանգարանագետի՝ ինձ հետաքրքրում է առավելապես թանգարանային առարկայի բազմակողմ մեկնաբանությունը, դրա արդիականացման, արժեւորման տարաբնույթ գործընթացները, ինչպես նաեւ ցուցանմուշների հնարավոր նորովի մեկնաբանությունը սույն թանգարանի հաղորդակցման տարածքների վերափոխման գործընթացում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանային առարկան իր ստեղծումից սկսած սերնդեսերունդ կարող է տարբեր կիրառություն ունենալ եւ դրա հետ կապված արդեն թանգարանում կարեւորվում է այն բազմաշերտ տեղեկատվությունը, իրականության ընկալման, զգայական եղանակների բացահայտումը, արժեւորումը եւ մեկնաբանումը, որոնք թաքնված են դրանում: Փաստորեն, առարկայի տարակերպ վերաիմաստավորումը թանգարանում եւս չի դադարում, քանի որ այն կրում է տարբեր պատմություններ եւ կարող է մեկնաբանվել ու արդիականացնել նաեւ արդի տարբեր մասնագիտական, սոցիալական, ընդհուպ քաղաքական պահանջմունք¬ներից ելնելով:

 

Այս առումով Գրասսի ազգագրության թանգարանը, փաստորեն, սեփական հավաքածուները նորովի մեկնաբանելու փոխարեն նույնիսկ դրանց մերժելու կեցվածք է ընդունում, որը եւ առիթ տվեց խորհելու նշված հայկական ափսեի նորովի մեկնաբանման շուրջ:  

 

Թանգարանն իր փոխակերպվող հաղորդակցման տարածքով փորձում է արձագանքել առկա այն խնդիրներին, որոնք որպես պատում, այդքան էլ նոր չեն, հատկապես մեզ համար, առավել եւս՝ Նոր Ջուղայի, որը ձեւավորվեց բռնի տեղահանման արդյունքում, բայց որը նաեւ կարողացավ ոչ միայն ինտեգրվել օտար միջավայրին, այլեւ պահպանել իր ինքնությունը եւ զարգացնել տվյալ երկրի տնտեսական, մշակութային, գիտակրթական կյանքը: Այս առումով ցուցադրվող ափսեն դրա վառ վկայություններից է, որը փաստորեն կարող է պատմել նաեւ ներգաղթի եւ ինտեգրման, օտար միջավայրում համայնքի ուրույն դիմագիծը եւ ավանդույթները պահպանելու մասին՝ փոխանցելով դա արդեն մեկ այլ սփյուռքահայ համայնքի Գերմանիայում:

 

Այս մոտեցումը փորձեցի զարգացնել թանգարանային կրթական ծրագրի միջոցով: Վերջինս կրում «Առարկա երկխոսության համար «Սփյուռքից սփյուռք» խորագիրը  եւ նախատեսում հատկապես Լայպցիգի եւ Հալլեի հայ համայնքներից ներգրավված լսարանների համար սույն ափսեն մեկնաբանել իր տարբեր կողմերով, ծանոթացնել նրանց Նոր Ջուղայի հայկական սփյուռքի փորձառությանը, մղել մտորելու այն խորհրդանիշների մասին, որոնք կարեւոր են այսօր Գերմանիայում ապրող հայերի համար: Այս առումով ափսեի բացատրությունից զատ, կրթական ծրագրի հիմնական փուլերից է այցելուների կողմից սեփական ափսեի պատկերումը՝ յոթ հարսանեկան տեսարանների փոխարեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատարված հետազոտության հիման վրա կազմել եմ նախագիծ-առաջարկ եւ ներկայացրել թանգարանին՝ որպես համայնքների հետ աշխատանքում այլընտրանքային կրթական հարացույց: Առավել ոգեւորիչ է այն աջակցությունը, որ ունեմ այս ընթացքում Լայպցիգի հայ ուսանողների միության անդամների՝ Անահիտ Բաբայանի, Հակոբ Մաթեւոսյանի, Ժաննա Գեւորգյանի կողմից: Նրանց հետ նույնիսկ նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել կրթական ծրագրի փորձնական իրականացման ուղղությամբ, երեք լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն եւ հայերեն տարբերակներով պատրաստել կրթական ծրագրի ազդագիրը եւ այլն: Հուսով եմ, որ կրթական ծրագիրը հետագայում ինչ-որ կերպ կիրականացվի թանգարանի հետագա գործունեության ընթացքում, որով եւ հարսանեկան ափսեն նոր մեկնաբանության եւ արդիականացման համատեքստում կհայտնվի եւ կվերածվի տարբեր սերունդների եւ երկրների սփյուռքահայ համայնքների միջեւ երկխոսության ազդեցիկ միջոցի:

 

Զրուցել է Սիրարփի Մովսիսյանը

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին