Հայոց եռագույնը Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթին - Mediamax.am

exclusive
4508 դիտում

Հայոց եռագույնը Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթին


Ավետիս Կալպակյանը Ակոնկագուայի գագաթին
Ավետիս Կալպակյանը Ակոնկագուայի գագաթին

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Ավետիս Կալպակյանը Ակոնկագուա լեռան վրա
Ավետիս Կալպակյանը Ակոնկագուա լեռան վրա

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Ակոնկագուա լեռան վրա
Ակոնկագուա լեռան վրա

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից


Օրեր առաջ բեյրութահայ լեռնագնաց Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթը՝ արգենտինական Ակոնկագուան։ Ծովի մակերեւույթից 6962մ բարձրության վրա գտնվող լեռան գագաթին Ավետիսը ծածանել է Հայաստանի դրոշը։

 

Հայազգի լեռնագնացը ծնվել ու մեծացել է Լիբանանում: Լեռնագնացությամբ սկսել է զբաղվել 2002 թ-ից: Իր կյանքի 48 տարիների ընթացքում արդեն հասցրել է բարձրանալ ավելի քան 35 լեռ, այդ թվում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները։

 

Նրան մնում է հաղթահարել Անտարկտիդայի եւ Ասիայի ամենաբարձր գագաթները (Վինսոնը՝ 4892մ եւ Էվերեստը՝ 8848մ)։ Մեդիամաքսի թղթակիցը զրուցել է Ավետիսի հետ լեռնագնաց դառնալու որոշման, աշխարհի ամենաբարձր գագաթները մագլցելու դժվարությունների եւ դրանց հաղթահարման մասին։

 

- Ավետիս, տեղյակ եմ, որ տարիներ առաջ Ակոնկագուա բարձրանալու փորձ եք արել, սակայն գագաթին չեք հասել։

 

- Այո, դա 2012-ին էր։ Մինչեւ այդ չորս լեռ Ալպերում էի մագլցել, նաեւ բարձրացել էի Կիլիմանջարո (5895մ)։ Ակոնկագուան ամենաբարձրն էր իմ բարձրացած լեռներից, սակայն գագաթին բարձրանալու օրը, երբ մնացել էր ընդամենը 170մ, ինձ մոտ սուր լեռնային հիվանդություն սկսվեց։ Ընտրեցի նահանջի ճանապարհը, չնայած շատ մոտ էի գագաթին։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ իմաստուն որոշում եմ կայացրել, քանի որ լեռը միշտ իր տեղում կանգնած է։

 

- Այս անգամ ի՞նչ դժվարությունների հանդիպեցինք։ Ինչպիս՞ն էր եղանակը։

 

- Ակոնկագուան մի շարք առանձնահատկություններ ունի։ Օրինակ՝ ջերմաստիճանի կտրուկ նվազումը (-25/-35)՝ հիմնականում քամիներով ուղեկցվող, որոնք կարող են հեղեղներ առաջացնել։ Ակոնկագուան բարձր լեռ է, հետեւաբար՝ կարող են առողջական որոշակի բարդություններ առաջ գալ։

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

Բուն լեռը բարձրանալու համար պահանջվեց 10 ժամ, իսկ ամբողջ ընթացքը տեւել է 18 օր։ Լեռ մագլցելու ժամանակ համբերությունը հաջողության հասնելու բանալին է։ Այս դեպքում եւս այդպես էր։ Ամենաերկար ու դժվար օրը լեռան գագաթին հասնելու օրն էր, որը սկսվեց առավոտյան ժամը 6-ին։ Չափազանց ցուրտ էր, այդ պատճառով էլ չէի կարող ավելի շուտ սկսել։ 10 ժամում հասա գագաթին, եւս 4 ժամում իջա ճամբար։

 

- Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, երբ վերջապես կարողացաք հասնել գագաթին:

 

- Այդ պահին ես ինձ երջանիկ ու բավարարված էի զգում, քանի որ դա իմ երկրորդ փորձն էր: Իրականում, ամեն գագաթ բարձրանալիս տարբեր էմոցիաներ եմ ունենում: Դա բարձունքի ընթացքում ունեցած բոլոր դժվարությունների, ցավի եւ ուսերիս վրա ամեն վայրկյան իրեն զգացնել տվող ծանրության միախառնումն է: Այս անգամ Հայաստանի դրոշն ինձ հետ բարձրացնելը մեծ ուժ էր տալիս, ես զգում էի, որ ոչ թե միայնակ եմ բարձրանում, այլ ինձ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Ավետիս Կալպակյանը Ակոնկագուա լեռան վրա Ավետիս Կալպակյանը Ակոնկագուա լեռան վրա

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

- Եկեք վերադառնանք անցյալ: Ինչպե՞ս տարվեցիք ալպինիզմով։

 

- Փոքր տարիքում ամեն ամառ մենք լեռներում էինք մնում, այնտեղ տուն ունեինք: Մեր ընտանիքում բոլորը սիրում էին սպորտով զբաղվել, չնայած ես առաջինն էի, ով դարձավ լեռներ մագլցող: Ամեն ինչ սկսվեց 2002 թ-ին, երբ ընկերոջս հետ բարձրացանք Լիբանանի բարձր գագաթներից մեկը, որտեղ հասկացա, որ բնությունը բարձրադիր վայրերում նույնքան կենդանի է, որքան ցածրադիր վայրերում: Սիրահարվեցի այդ գեղեցկությանն ու սկսեցի ժայռեր մագլցել:

 

- Հիշո՞ւմ եք Ձեր առաջին լեռը:

 

- Իհարկե: Դա Ալլալինհորն էր՝ Փենինյան Ալպերի գագաթներից մեկը (4027մ): Հետո, երբ գնացի Շվեյցարիա 10-օրյա հեծանվային տուր անցկացնելու, բարձրացա նաեւ Բիշորը (4153մ): Կարող եմ ասել, որ այս երկու գագաթները կարեւոր դեր խաղացին իմ կյանքում, եւ ես սկսեցի լեռնագնացությամբ զբաղվել:

 

-Ի՞նչ են Ձեզ տալիս լեռները:

 

 - Դրանք իմ կիրքն են: Ես ինձ լավ ու հարմարավետ եմ զգում, երբ մագլցում եմ։ Երբ մի քանի օր բնությանը մոտ չեմ լինում, սկսում եմ վատ զգալ: Երբ ինձ մոտ որեւէ երկրի անուն են տալիս, առաջին հարցը, որը գալիս է մտքիս, հետեւյալն է՝ ո՞րն է այդ երկրի ամենաբարձր գագաթը: Սա ինձ համար մոլուցքի նման բան է:

Ակոնկագուա լեռան վրա Ակոնկագուա լեռան վրա

Լուսանկարը` Ա. Կալպակյանի արխիվից

- Երբ «պատին եք դեմ առնում» եւ թվում է, թե այլեւս չեք կարող առաջ գնալ, ի՞նչն է Ձեզ օգնում առաջ շարժվել:

 

- Լեռան վրա մենք հաճախ ենք հարվածում այդ պատին։ Փորձառությունս ինձ ստիպում է գնահատել դժվարության աստիճանը եւ որոշել՝ արդյոք պետք է առաջ շարժվել, թե հետ վերադառնալ։ Երբեմն ամենամեծ սխալը դառնում է այն, որ մենք շարունակում ենք դեմքով դեպի պատը գնալ։ Ես ամեն ինչ քայլ առ քայլ եմ անում, փոքր քայլերով առաջ եմ գնում, եւ պատն անհետանում է։

 

 - Ի՞նչ նշանակություն ունի «անհնարին» բառը Ձեզ համար:

 

- Անհնարինն այն է, երբ դու բավարար պատրաստված չես որեւէ լեռ մագլցելու համար: Լավ ծրագիր ունենալու դեպքում «անհնարին» բառ գոյություն չունի:

 

- Մի փոքր էլ մեր երկրի մասին խոսենք։ Երբեւէ եկե՞լ եք Հայաստան։

 

-Առաջին անգամ Հայաստան եկել եմ 2014 թվականի փետրվարին, երբ ծանոթացա հրաշալի գիդ Գեւորգ Գասպարյանի հետ։ Մի քանի օր ազատ ժամանակ ունեի, որոշեցինք միասին Արագածի հարավային եւ արեւմտյան գագաթները բարձրանալ։ Ավելի ուշ՝ աշնանը գունավոր Հայաստանը տեսնելու եւ վայելելու համար արշավ կազմակերպեցի։ 2015-ի եւ 2016-ի փետրվարը եւս անցկացրեցի Հայաստանում՝ առաջնորդելով մի շարք խմբերին՝ բացահայտելու սպիտակ Հայաստանը, որտեղ դահուկային սպորտով զբաղվելու համար հրաշալի լեռներ կան։ Փորձեցի Լիբանանից շատ մարդկանց այդտեղ բերել՝ վայելելու Հայաստանում տարվա բոլոր եղանակների գեղեցկությունը։ Հայաստանը սքանչելի երկիր է՝ լի պատմությամբ, մշակույթով, հաճելի մարդկանցով, չմոռանամ նշել նաեւ համեղ սնունդը։ Հունիսի վերջին կրկին Հայաստան կգամ, արշավականների խումբ եմ բերելու՝ 10 օրով մեր երկիրը վայելելու համար։

 

- Արարատ բարձրացե՞լ եք։

 

- Այո, չորս անգամ ։ Առաջին անգամ 2013 թվականին։ Արարատը հրաշալի լեռ է, ամեն անգամ հաճելի թարմ օդ եմ զգում։

 

Ավետիս Կալպակյանի հետ զրուցել է Գոհար Արամյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին