Սահմանամերձ Բերքաբերում «Խաղաղության այգի» է հիմնվել - Mediamax.am

exclusive
5369 դիտում

Սահմանամերձ Բերքաբերում «Խաղաղության այգի» է հիմնվել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տավուշի մարզի սահմանամերձ-սահմանապահ Բերքաբեր համայնքում Ջորջ Տաբակյանի նախաձեռնությամբ «Խաղաղության այգի» է հիմնվել:

 

Այգին կլինի Բերքաբերի հայ-ադրբեջանական սահմանագոտումˋ դեռեւս խորհրդային տարիներին կառուցված Ջողազի ջրամբարի մոտ: Ջրամբարն այնտեղ պայմանական սահմանաբաժանն էˋ մի կողմում հայկական Բերքաբերն է, մյուսում` ադրբեջանական Մըզըմ գյուղը, բարձունքումˋ հակառակորդի դիրքերը:

 

«Կլինի արքայանարինջի ծառերով հարուստ այգի: Իր բնակլիմայական պայմաններից ելնելովˋ  ժամանակին այդ տարածքը հայտնի է եղել արքայանարինջով: Փորձելու ենք վերականգնել այդ ավանդույթը»,-Մեդիամաքսին պատմել է Ջորջ Տաբակյանը: Նա նկատել է, որ գաղափարական կարեւորությունից զատˋ այգու բերքը նաեւ տնտեսական օգուտ կտա համայնքին:

 

«Բերքաբերից երկու ընտանիք է մասնակցում այս նախաձեռնությանը: Նրանցից մեկի երիտասարդ տղան մեծ ցանկություն ու հստակ որոշում ունիˋ ապրելու է հայրենի սահմանամերձ գյուղում ու սեփական բիզնեսն է հիմնելու: Երկու տարի անց նա հնարավորություն կունենա այգուց բերքահավաք կազմակերպել ու արքայանարինջի չիր պատրաստել, որը վաճառքի կհանվի»,- նշել է Ջորջը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեկվանից մեկնարկել են հողի բարեկարգման աշխատանքները, երկու շաբաթ անց կկայանա ծառատունկը, որի ժամանակ «Խաղաղության այգում» շուրջ 300 տնկի կդրվի:

 

«Որոշել ենք, որ յուրաքանչյուր ծառ ունենալու է իր անունըˋ անվանակոչվելով այն մարդկանց անունով, ովքեր տարբեր ժամանակներում իրենց կյանքն ու գործը նվիրաբերել են ի շահ հայ ժողովրդի ու Հայաստանի անվտանգությանը», - ասել է նախաձեռնության հեղինակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այգում առաջին ծառը կկոչվի հայ-հասարակական ու քաղաքական գործիչ, գրող եւ փիլիսոփա Շահան Նաթալու անունով:

 

«Խաղաղության այգու» անկայուն խաղաղությունը

 

Հակառակորդի անմիջական նշանառության տակ «Խաղաղության այգու» անվտանգության միակ երաշխիքը դեռեւս անկայուն խաղաղությունն է լինելու:

 

«Ծառերը կոռոգվեն կաթիլային եղանակով, որն այս պարագայում ամենահարմար տարբերական է: Որոշ բերքաբերցիներ այդ տարածքում ունեն այգիներ ու այս կամ այն կերպ փորձում են տարբերակներ գտնել դրանք մշակելու համար: Հիմա օգտվում ենք այս պահի հարաբերական խաղաղությունից, բայց, այգու անուն էլ դնելով «խաղաղության», հույս ունենք, որ մի օր հասնելու ենք դրան», - ասել է մեր զրուցակիցը:

 

Ջորջ Տաբակյանը նկատում է, որ վերջին ժամանակներում «խաղաղություն» բառի իմաստն այլ ընկալում է ստացել.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խաղաղության մասին խոսելիսˋշատերն այն զիջումների հետ են կապում, բայց պետք է գիտակցել, որ հողային որեւէ զիջման դեպքում մենք ոչ թե խաղաղության, այլ ավելի մեծ պատերազմի առջեւ կկանգնենք: Այս հարցում երկու տարբերակ կա. կամ կողմերը պետք է երկխոսեն ու հասկանան, որ այս պատերազմից օգուտ չկա եւ ժամանակն է խաղաղություն հաստատելու կամ պետք է պարտադրված խաղաղություն լինի, ինչն այսօր ունենք: Հույս ունենք, որ ժամանակի հետ կվերականգնվի խաղաղություն բառի իմաստը», - եզրափակել է այգու հիմնադիրը, որը «Արար» հիմնադրամի գործադիր տնօրենն է:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին