Ռազմիկն ու Սոնյան՝ հանդիպում Բերձորում եւ ամուսնություն 23 տարի անց - Mediamax.am

exclusive
4005 դիտում

Ռազմիկն ու Սոնյան՝ հանդիպում Բերձորում եւ ամուսնություն 23 տարի անց


Ռազմիկ Խաչատրյանը եւ Սոնյա Մարտիրոսյանը
Ռազմիկ Խաչատրյանը եւ Սոնյա Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնյա Մարտիրոսյանը
Սոնյա Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռազմիկ Խաչատրյանը
Ռազմիկ Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


73-ամյա Ռազմիկ պապն է: Կողքին կինն է տիկին Սոնյան: Պահապան հրեշտակի պես կանգնել  է կողքին ու ձեռքն ուսին դրել՝ այնպես հանգիստ ու բնական, ասես ամբողջ կյանքում այդպես ձեռք ձեռքի, ուս ուստի տված էլ ապրել են:

 

Ռազմիկ Խաչատրյանն ու Սոնյա Մարտիրոսյանն առաջին անգամ հանդիպել են 1994 թվականին Ղարաբաղյան կռվի ամենաթեժ շրջանում, երբ ականի պայթյունից վիրավորում ստացած Ռազմիկին տեղափոխել էին Բերձորի վրանային հիվանդանոց, երբ նա դեռ չգիտեր, որ իր տան մեջ ականի պայթյունից մահացել են կինն ու միակ որդին, երբ մասնագիտությամբ բուժքույր Սոնյան չէր էլ մտածում, որ նա, ում վերքերը վիրակապում է, 23 տարի անց դառնալու է իր ամուսինը…

 

«Բուժքույր էի, Արաբկիրի մանկական հիվանդանոցում էի աշխատում: Որ պատերազմը սկսվեց, գործուղեցին Բերձոր: Հիվանդանոց չկար, վրաններում էինք օգնություն ցույց տալիս: Մի օր Ռազմիկին բերեցին. մեջքից ծանր վիրավորվել էր: Բժիշկը վիրահատեց, հետո սկսեցի խնամել նրան: Էն ժամանակ չէինք էլ մտածում, որ տարիներ հետո նորից հանդիպելու ենք»,- ապագա ամուսնու հետ առաջին հանդիպումն է հիշում տիկին Սոնյան:

 

Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տիկին Սոնյան Երեւան չի վերադարձել, որոշել է աղջկա հետ Բերձորում ապրել՝ մինչեւ 2004-ը, երբ դստեր մոտ անսպասելի ի հայտ եկած հիվանդությունը նրանց հետ է բերել մայրաքաղաք: Բժիշկներն ախտորոշել են քաղցկեղ: Կարճ ժամանակ անց դուստրը մահացել է: Տիկին Սոնյան սկսել է Երեւանում քրոջ տանն ապրել, մի քանի ամիս անց քույրը եւս մահացել է: Տուն-ինտերնատ տեղափոխվելուց բացի այլ տարբերակ չի մնացել:

 

«Ես արդեն ինտերնատում էի, որ Ռազմիկն եկավ: Հանդիպեցինք, հիշեցինք հինը, ահագին խոսեցինք: Ռազմիկն ասում էր՝ կին է ուզում, բայց որ լավը լինի, իրեն հարմար… Մի խոսքով՝ իսկական «տան կնիկ»: Մի օր էլ, որ խոսում էինք, ինձ ասաց՝ Սոնյա՛, արի ամուսնանանք»,- պատմում է տիկին Սոնյան:

Ռազմիկ Խաչատրյանը Ռազմիկ Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

…Ռազմիկ պապը նախկինում ամուսնացած է եղել: Առաջին ամուսնությունից մեկ որդի են ունեցել: Ղարաբաղյան մարտերի ընթացքում ականը հենց իր տան մեջ է պայթել, կինը եւ որդին տեղում մահացել են: Մենակ լինելու կարգավիճակին Ռազմիկ պապը դժվարությամբ է հարմարվել: Բերձորում տուն, տնտեսություն է հիմնել, հողագործությամբ զբաղվել, անասուն պահել, հետո՝ թողել ամեն ինչ, տունը կտակել անծանոթ մեկին ու Երեւան տեղափոխվել:

 

«Ամեն ինչ ունեի, բայց մենակ էի: Զբաղմունք կար, տնտեսություն կար, բայց ո՞ւմ համար աշխատեի. ընտանիք չունեի: Տունս նվեր տվեցի ուրիշին, եկա Երեւան՝ ինտերնատ»,- ասում է Ռազմիկ պապը:

 

Երկրորդ հանդիպումը 73-ամյա Ռազմիկ պապի ու տիկին Սոնյայի կյանքում ճակատագրական է եղել: Նրանք որոշել են ոչ միայն ամուսնանալ, այլեւ իրենց միությունն օրհնել եկեղեցում: Հետաքրքրվում եմ՝ զագսո՞ւմ էլ են գրանցել իրենց ամուսնությունը: Պարզվում է՝ ոչ․

 

«Որ եկեղեցին կա, էլ ի՞նչ զագս: Եկեղեցին ավելի էֆեկտնի ա»,- ասում է Ռազմիկ պապը:

 

2016 թվականի հունիսի 28-ին եկեղեցում պսակադրվել են: Օրհնությունն՝ օրհնություն, պսակադրությունը՝ պսակադրություն, բայց առանց հարսանեկան նվերների էլ չի լինի: Ամուսնության առաջարկն ընդունելու հենց հաջորդ օրը Ռազմիկ պապն ապագա կնոջ համար ոսկյա մատանի, ականջօղեր ու վզնոց է գնել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Սոնյան գոհ է ամուսնուց, ասում է՝ շատ ուշադիր է, ոչ մի առիթ կամ տոն բաց չի թողնում՝ հաճելի որեւէ անակնկալ անելու համար:

 

Ամուսինները քննարկելու թեմա միշտ գտնում են. խաչբառ են լուծում, զրուցում անցած կյանքից, կիսվում իրենց մտահոգություններով, քննարկում՝ ինչ է պետք շուկայից գնել, որ բարեկամին կարելի է այցելել…

 

«Եղանակները բացվեն՝ այգի էլ կգնանք, կնստենք, կզրուցենք…»,- վստահեցնում է Ռազմիկ պապը:

 

Ընտանիքում վեճեր հազվադեպ են լինում: Սովորաբար ցանկացած հարցում արագ համաձայնության են գալիս, տարաձայնությունների դեպքում զիջողը տիկին Սոնյան է:

Սոնյա Մարտիրոսյանը Սոնյա Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Որ կոնֆլիկտ է լինում, Ռազմիկի ասածով եմ շարժվում, որովհետեւ նա տղամարդ է. կինը մի քիչ զուսպ պետք է լինի, տղամարդուց առաջ չվազի»,- ասում է տիկին Սոնյան ու ավելացնում, - «Կինը պետք է զգա, որ կողքին տղամարդ կա, որ սյուն կա, որին կարող է հենվել: Մենք իրար հասկացել ենք արդեն էս կյանքում ու դարձել  մի սիրտ»:

 

Տաթեւիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին