Նախագահների քվեարկությունը, սարքի խափանումն ու հանգիստ աղջիկը - Mediamax.am

exclusive
9154 դիտում

Նախագահների քվեարկությունը, սարքի խափանումն ու հանգիստ աղջիկը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Լիլիա Կարոտյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Լիլիա Կարոտյանը

Լուսանկարը` Photolure

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Լիլիա Կարտոյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Լիլիա Կարտոյանը

Լուսանկարը` Photolure

Լիլիա Կարտոյանը
Լիլիա Կարտոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լիլիա Կարտոյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լիլիա Կարտոյանը

Լուսանկարը` PAN Photo

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լիլիա Կարտոյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լիլիա Կարտոյանը

Լուսանկարը` PAN Photo


2017թ.-ի ապրիլի 2-ի ընտրությունների օրը Լիլիա Կարտոյանը դեռ երկար կհիշի. այդ օրը նրա դեմքը բազմիցս հայտնվեց հեռուստաէկրաններին: Լիլիան նույն այն աղջիկն է, ով սպասարկում էր 9/18 ընտրատեղամասի տեխնիկական սարքավորումներից մեկը: Այն նույն տեղամասում եւ այն նույն սարքավորումը, որը «հրաժարվում էր» նույնականացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնությունը:

 

Մեդիամաքսը գտել է Լիլիա Կարտոյանին եւ պարզել, թե ինչպես էր այդ գործը հենց նրան վստահվել, ինչպես ծագեցին տեխնիկական խնդիրներն ու ինչպես կարողացավ քաջություն հավաքել, որպեսզի հեռուստաէկրաններից այն կողմ նստած մարդկանցից եւ ոչ մեկը չկռահեր, թե որքան է հուզվում իրականում:

 

Լիլիա Կարտոյանը ծնվել եւ ապրում է մայրաքաղաքում: Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի է: 19-ամյա Լիլիան դասերից հետո նկարչությամբ է զբաղվում: Նախկինում մեկ անգամ եղել է ընտրական հանձնաժողովի անդամ: Երբ ընտրություններից առաջ ԿԸՀ կայքում հայտնվեց հայտարարությունը՝ տեխնիկական սարքավորումները սպասարկող անձանց աշխատանքի հրավիրելու մասին, Լիլիան որոշեց լրացնել էլեկտրոնային հայտը: ԿԸՀ-ն հրավիրեց մասնագիտական դասընթացների, քննությունը գերազանց հանձնելուց հետո նրան վստահվեց սպասարկել 9/18 ընտրատեղամասի տեխնիկական սարքավորումը:

Լիլիա Կարտոյանը Լիլիա Կարտոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գիտեի, որ նախագահներն այդ տեղամասում են քվեարկելու: Տեխնիկական սարքավորւմները երկուսն էին: Երբ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ ժամանեց, մեր տեղամասային հանձնաժողովի նախագահը Սերժ Սարգսյանին ուղեկցեց դեպի իմ կողմ, իսկ տիկին Ռիտա Սարգսյանին` մյուս մասնագետի` Հայկի մոտ: Հանրապետության նախագահը սկզբում իր կենսաչափական անձնագիրն էր տվել, որն անցնկացնելիս խնդիր եղավ: Կենսաչափական անձնագրերի հետ այդ խնդիրը մինչ այդ էլ էր ծագել, դժվարությամբ էր «կարդում»: Ասացի` կարող եմ Ձեր տվյալները ձեռքով մուտքագրել: Պարոն նախագահն ասաց, որ այլ անձնագիր էլ ունի եւ տվեց այն: Մյուս խնդիրը ծագեց աջ ձեռքի ցուցամատի ներմուծման ժամանակ»,- պատմում է Լիլիան:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Լիլիա Կարտոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Լիլիա Կարտոյանը

Լուսանկարը` Photolure

Իր պարտականությունները Լիլիան հրաշալի գիտեր, ինչի շնորհիվ էլ չխառնվեց եւ ինչպես մյուս ընտրողներին, այնպես էլ ՀՀ նախագահին հանգիստ ներկայացրեց մատնահետքերը թողնելու հերթականությունը:

 

«Երբ սկզբում երկու ցուցամատները չնույնականացան, իհարկե, խառնվեցի, շփոթվեցի, մտածում էի, որ այդպես չպետք է լինի: Մեծ պատասխանատվություն էր: Քանի որ նախագահն էլ շատ հանգիստ էր այդ պահին, կարողացա հավաքել ինձ: Ցավոք, սարքը չկարողացավ ընթերցել նրա մատնահետքը եւ բոլոր 10 մատները ներմուծելուց հետո կտրոնը տպեցի, հանձնեցի նրան ու նախագահը գնաց քվեարկության»,- հիշում է նա:

 

Սերժ Սարգսյանի` ընտրատեղամասից հեռանալուց անմիջապես հետո բոլոր լրագրողները միանգամից շրջապատեցին Լիլիային: Տեսախցիկներն ու լույսերն ուղղվեցին նրա դեմքին ու սկսեցին տեղալ հարցերը` «ինչպե՞ս ստացվեց, որ սարքավորումը չաշխատեց, ո՞րն էր ծագած տեխնիկական խնդիր պատճառը, արդյո՞ք դա նշանակում է, որ սարքավորումներն անորակ են»:

 

«Այդ պահը թույլ չտվեց, որ շփոթմունքս ու անհանգստությունս անցնի: Առաջին անգամ էի հարցազրույց տալիս եւ շատ լարված էի: Փորձում էի բավական մատչելի բացատրել սարքի աշխատանքը»,- ասում է նա:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լիլիա Կարտոյանը Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լիլիա Կարտոյանը

Լուսանկարը` PAN Photo

Դեռ նոր էր հեռուստաէկրաններին հայտնվում լուրը, որ Սերժ Սարգսյանի քվեարկության ժամանակ տեխնիկական խնդիրներ են ծագել, երբ նույն տեղամաս մտավ Հայաստանի առաջին նախագահը:

 

«Երբ սարքը չկարդաց առաջին նախագահի մատնահետքը, նորից անակնկալի եկա: Ընտրողների մատնահետքերի գրեթե 70%-ը ճանաչում էր: Ուղղակի, ինչպես ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր մատնահետքերը սարքը չկարողացավ ընթերցել, քանի որ գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվել»,- պատմում է Լիլիան:

 

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը տեխնիկական խնդիրների ծագելու ժամանակ քչախոս չէր: Նա, նույնիսկ մի քիչ նյարդային թվաց մատնահետքը մի քանի անգամ մուտքագրելու ընթացքում: «Չեք գտնելու: Կուզեք 10 մատն էլ անեմ, չեք գտնելու»,- ասաց նա եւ քիչ անց ավելացրեց. «Վայ, ինչ դժվար է»:

 

Երբ Լիլիան խնդրեց նրան հաջորդ մատի մատնահետքը թողնել, Տեր-Պետրոսյանն ասաց. «Ես գնացի… տուն»: Լիլիան, հասկանալով, որ առաջին նախագահը կատակում է, հանգիստ տոնով արձագանքեց. «Ոչ, ես հիմա Ձեզ համար կտրոն կտպեմ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լիլիա Կարտոյանը Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լիլիա Կարտոյանը

Լուսանկարը` PAN Photo

«Իրականում շատ էի հուզվել այդ պահին, որովհետեւ կարճ ժամանակ էր անցել ՀՀ նախագահի քվեարկությունից: Երկրոդ անգամ նորից մատնահետքի հետ կապված խնդիրներ եղան ու նորից նախագահ էր դիմացս: Ստիպված եղա բոլոր մատնահետքերը վերցնել: Ոչ միայն նա, բոլոր ընտրողներն էլ դժգոհում էին, երբ ստիպված էի լինում խնդրել մյուս մատնահետքերն էլ ներմուծել»:

 

Երեկոյան, երբ փակվեցին ընտրատեղամասերը, եւ Լիլիան գնաց տուն, հարցերը նորից սկսեցին տեղալ, այս անգամ արդեն ընտանիքի անդամներն ու հարազատներն էին:

 

«Բոլորը տեսել էին, ոմանք առաջին հայացքից չէին էլ ճանաչել: Անընդհատ հարցնում էին` ինչպես չե՞ս շփոթվել եւ այդ իրավիճակը հարթ անցել է… Էմոցիաները շատ բուռն էին»,- ասում է Լիլիա Կարտոյանը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին