Փոխգնդապետ Քամալյանը, ում որդին ուզում է աստղագետ դառնալ - Mediamax.am

exclusive
9351 դիտում

Փոխգնդապետ Քամալյանը, ում որդին ուզում է աստղագետ դառնալ


Արա Քամալյանը` ընտանիքի հետ
Արա Քամալյանը` ընտանիքի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Քամալյանը
Արա Քամալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 12-ին Արցախի Մարտունիում 67 զինծառայողներ ու երկարամյա ծառայության կենսաթոշակառուներ բնակարաններ ստացան նորակառույց բազմաբնակարան շենքերում, որոնց շինարարությունը շարունակվում էր նույնիսկ անցած ապրիլի թեժ օրերին էր։

 

Նոր թաղամասում բնակարան է ստացել նաեւ փոխգնդապետ Արա Քամալյանը։ Նա հինգ երեխաների հայր է, զոհված ազատամարտիկի որդի, 24 տարի է, ինչ կրում է զինվորական համազգեստ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բարի ժպիտով այս մարդու համար ճակատագիրը միշտ է փորձություններ սահմանել։

 

«Երբ նորածին էի, թոքաբորբով էի հիվանդացել, մի կերպ փրկվեցի բժշկուհու շնորհիվ, ով պատգամել էի ինձ բժիշկ դառնալ։ Առաջին դասարանից այդ միտքն ինձ հրապուրել էր ու որոշել էի գերազանց սովորել, լավ բժիշկ դառնալու, երեխաներ կյանքեր փրկելու համար»,- պատմում է Արան։

 

Իր հայրական տանը եւս 5 երեխա է մեծացել, բոլորին հետեւում էր, պիտի լավ սովորեին, իրենց երազանքներին հասնեին, բայց եկավ 1992 թվականը։

 

«Ճակատագիրը խլեց-տարավ մեր բոլոր երազանքները։ Հայրս զոհվեց, մայրս հինգ երեխաներին մեծացնելու համար խոհարարություն էր անում դեռ նոր կազմավորվող Մարտունու ջոկատում»,- պատմում է նա։

 

13 տարեկան տղան դարձավ ընտանիքի հենասյունը, սովորում էր գիշերները՝լամպի լույսի տակ։ 17 տարեկանում ավարտեց դպրոցը, սակայն իր երազած բժիշկը չդարձավ, այլ՝ զինվորական։

 

«Կարո՞ղ եք համեմատել Ձեր եւ Ձեր երեխաների մանկությունը»,-հարցիս մեղմ պատասխանում է՝ «Ուզում ես տխրե՞մ»: Այնուհետեւ, դեպի արեւմուտք թեքվող արեւին նայելով՝ կկոցում է աչքերը։ Կանաչադարչնագույն այս աչքերն ասես զինվորական համազգեստի արտացոլանք լինեն։

Արա Քամալյանը Արա Քամալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկու պատերազմի միջով անցած եւ արդեն 24 տարի մահվան աչքերին նայող Արան պատերազմների մասին մի կարծիք ունի․

 

«Ոչ մի պատերազմ մյուսին նման չի լինում։ Դրանք իրենց ժամանակների պահանջներն են ունենում։ 1992 թվականի պատերազմը համախմբում էր պահանջում ու համախմբվեցին՝զինվոր, մտավորական, ռանչպար։ Այժմ համալրված ենք արդի զինտեխնիկայով ու մնում է հակառակորդի սադրանքներին պատասխանել»,- ասում է Արա Քամալյանը։

 

Մերին՝ Արայի կինը, մանկությունն ու պատանեկությունը Ռուսաստանում է անցկացրել, հետո ամուսնացել է, տեղափոխվել հայրենիք։ Ամռանը լրանում է նրանց ամուսնության 17-րդ տարեդարձը։

 

Նոր ստացած բնակարանում տղաներն արդեն աղջիկներից առանձին սենյակներ կունենան, հին տանից միայն մի բան միշտ իրենց հետ կլինի՝ սպասումը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Զինվորականների ընտանիքում սպասում միշտ կա»,- ասում է փոխգնդապետ Քամալյանի կինը։

 

Մինչ զրուցում էի ծնողների հետ, երեխաները տունն ու պատուհանից բացվող տեսարանն էին ուսումնասիրում։

 

Արա Քամալյանը ներկայացնում է երեխաներին․ «Փոքրերը զույգ են՝ Ահարոնն ու Ադրինեն, Միան, Արենը՝ լավագույն զինվորիս անունն է, եւ ավագը՝ Արամը, հորս անունն է կրում»։

 

Մերին նշում է, որ Արամը 16 տարեկան է, աստղագետ է ուզում դառնալ: Մնում է հուսալ, որ հորը սպասելու ժամերին Արամը միայն խաղաղ երկնքում աստղեր կորոնի։

 

Մարիամ Սարգսյան (Արցախ)

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին