Գյումրվա «ֆռռիկի» վերածնունդը - Mediamax.am

exclusive
20269 դիտում

Գյումրվա «ֆռռիկի» վերածնունդը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Գոհար Պետրոսյանը
Գոհար Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչո՞ւ ֆռռիկ եւ ոչ հոլ:

 

- Ֆռռիկ՝ ըդիկ մեր բարբառով կըսենք, եթե գրականով հոլ ըսենք, ինչխօր արմատներից կտրես ֆռռիկը ու ուրիշ խաղ դառնա: Իմ մանկության մէ մասը իմ ֆռռիկն է, ոչ թե իմ հոլը,- ժպտալով պատասխանում է գյումրեցի երիտասարդ Արսեն Վարդանյանն ու պատմում նոր ծնված հին ֆռռիկի պատմությունը:

 

Գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ: Գյումրեցի երիտասարդներով որոշել են ֆռռիկներ պատրաստել ու որպես հուշանվեր վաճառել: Բայց հետո մտափոխվել են: Էլ ինչ խաղալիք, որով չկարողանան խաղալ:

 

«Լավ ֆռռիկ սարքող վարպետներին դժվարությամբ գտանք, գիտեինք, օր շատ մարդիկ են զբաղվել, ուզում էինք հնուց էկած վարպետներին դիմել, որոնք վաղուց անջատել էին գործիքները: Գտանք: Մէ մասը չհավատաց մեզի, մէ մասն էլ հավատաց, բայց հավեսն էր փախել: Վերջապես գտանք երիտասարդ վարպետի, ում պապն էր եղել ֆռռիկ սարքող»,- նշում է նախաձեռնողներից Գագիկ Մխիթարյանն ու  ցավում, որ հիմա երեխաներ կան, որ տեսնելով ֆռռիկը՝ չգիտեն ինչ է, ինչպես են խաղում: 

 

«Թաղի մեծերից տեսնելով, սորվելով՝ ես խաղցել եմ, ձգտել եմ տարբեր հնարքներ էնել, օր կարողանայի հաղթել, բայց մեր թաղի մեջ ինձնից փոքր ֆռռիկ խաղացող չէղավ, օր ես էլ իրանց սորվցնեի, իմ վախտս արդեն էրեխեքը «Մարիո» կխաղային», -հավելում է Գագիկ Մխիթարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեխաներին համակարգչային բազմագույն աշխարհից կտրելու ու նոր խաղով գրավելու համար երիտասարդները որոշեցին սովորական հոլին (ֆռռիկին) նոր ու  գունեղ զգեստներ հագցնել: Ու այս հարցում կարեւոր էր, որ ֆռռիկն ունենար հայեցի տեսք: 

 

«Նախշազարդելու ժամանակ վերցնում եմ տարրեր հայկական մանրանկարչությունից, գորգարվեստից, ժայռապատկերներից, հետո իմ ոճով համադրում եմ։ Ստացվում է այն, ինչ ստացվում է»,- ասում է երիտասարդ նկարչուհի Գոհար Պետրոսյանն ու հիշում, թե որքան անգույն է եղել իր մանկության հոլը` գործարանային արտադրության, ոչնչով չտարբերվող. «Հիմա ես ամեն ֆռռիկին մի կերպար եմ տալիս, մեկը մյուսին նման չէ: Ֆռռիկ ֆռռցրել եմ, բայց հնարքներն ու կանոնները լավ չգիտեմ, երկու քույր ունեի, ո՞վ էր սովորեցնելու»:     

Գոհար Պետրոսյանը Գոհար Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աղջիկներին ֆռռիկ ո՞վ կուտար, ասում էինք՝ գնա քո տիկնիկը խաղա: Հոլը տղաների խաղ էր, մրցակցում էինք, հատուկ հնարքներ անում: Դա է պետք  երեխային, որ ինքն իր ձեռքով խաղա, ոչ թե համակարգչի դիմաց անշարժ նստի  տանկերով կրակի կամ բոստան ցանի: Ծնողը երեխային դուրս պետք է հանի, վերջապես, հիշենք, թե ինչ է ասել Մաքսիմ Գորկին. «Խաղը միջոց է աշխարհը ճանաչելու եւ վերափոխելու», սա չի հնացել»,- վրդովված  նշում է մարզախաղերի  ու շարժախաղերի մասնագետ Ազատ Մաթեւոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա մանկական իր հիշողություններով ու մասնագիտական կարծիքով հավաստում է, որ խաղի ընթացքում ձեւավորվում են բնավորությունը, մրցելու, հաղթելու, ընկերներ ձեռք բերելու ու շփվելու ընդունակությունները: Այնուհետ, բացելով ազգային խաղերի գիրքը, պատմում է, որ հոլի տարբեր տեսակներ կան՝ բռնուկ հոլ, հոլոցիկ եւ մականախաղ հոլ: Վերջինիս մասին հիշատակություններ կան նաեւ մեր էպոսում, թե ինչպես է Սասունցի Դավիթը բռնում Մելիքի հոլն ու հաղթում: Բայց սա խաղի մյուս տեսակն է, որ ավելի մեծ տարիքում են խաղացել երեխաները:

 

«Սրանք այլ տարբերակներն են, ռազմամրցակացային խաղ չէ ֆռռիկը, մանկական խաղերից է, որ տարբեր ժողովուրդների մոտ կարելի է նկատել: Ազգային խաղերի մեջ առանձնացված չէ այն, բայց երեխաները նախկինում շատ են խաղացել, Շիրակ աշխարհում այն կոչվում է ֆռռիկ, այլ տարածաշրջաններում հանդիպում է հոլ, ֆոֆռիկ, քոլ, բզզան, ղժիկ, պզզան, վիժռնեկ, տում-տումա, դարձդարձիկ տարբերակները»,- ընդգծում է ազգագրագետ Կարինե Բազեյանը: 

 

Ֆռռիկի երկու ձեւ էին հիմնականում նշում երիտասարդներն ու տարեցները, պուտուկ (երբ պետք էր հարվածով փոսիկ առաջացնել հոլի վրա) եւ փոս (երբ հոլերը պետք է առանձնացված փոսում հայտնվեին): Գյումրեցի երիտասարդներն իրենք են խաղում իրենց ստեղծած հոլերով ու բացատրում խաղի կանոնները, իսկ անցորդներն էլ նախ զարմանում են, ապա կանգ առնում ու կիսվում սեփական հիշողություններով:

 

«Գիտե՞ք ես ինչ սիրուն կներկեի ֆռռիկս, անունս կգրեի, դպրոցն էդքան գրիչով չէինք գրե, ինչքան ֆռռիկը կներկեինք օր ֆռռալուց սիրուն էղներ»,- պատմում է 40-ամյա Կարենը:

 

«Ֆռռիկը չպտի մոզկտե, այսինքն քիթը բդի ուղղաձիգ պտտվի, ավելորդ պտույտներ ու խաղիկներ չտա, թելքաշ չպտի էղնի, ղայթանը փաթթելու ձեւ կա, օր լավ ֆռռա»,- բացատրում է Արսեն Վարդանյանը:

 

«Հբը ղայթանը (լարանը), ըդիկ հատուկ չափի բդի էղներ: Յորղան շուլուլելու թելը կգողնայինք տնից, կտանեինք օր ղայթան գործեին, մերս վրես ինչքան կնեղենար»,- հիշում է Գագիկն ու ձեռքի ափի մեջ վերցնում պտտվող հոլը: 

 

«Վայ, հբը օր ֆռռիկը պուտուկ հանելուց կջարդեին, էդ արդեն հաղթանակ էր: Ջարդողը կվերցներ ֆռռիկի քիթը, էդ մեծ պարծանք էր: Հարամություն էլ կէնեինք, կզարկեին ֆռռիկին, կըսեինք շուտվա պուտուկ է, բայց էդոր էլ հնար կար, կմոմեին, պլաստիլով կհարթեցնեին»,- հիշում է տարեց մի մարդ, որի աչքերում նկատվում է մանկության չարաճճի փայլը:

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Շուկայում առկա տարատեսակ խաղալիքներին այլընտրանք հոլի հեղինակները ռիսկային են համարել յուրօրինակ այս բիզնեսի մեկնարկը ու նախապես մի քանի հատ են պատրաստել, ֆռռիկի «գովազդ»-ն էլ տեղադրել են սոցցանցերում, ինչպես նաեւ տեսանյութով բացատրել, թե ինչպես կարելի է հոլ խաղալ:

 

«Պատրաստված է Գյումրիում: Հայոց լեռնաշխարհի ամենանրբաճաշակ արվեստագետների եւ արհեստավորների ձեռքերով՝ ինչի շնորհիվ քո անհոգ մանկության վառ գույները կգտնես այս հոլի վրա: Կյանքի խորհրդանիշ հայկական զարդանախշերով այս յուրօրինակ նվերը կարող ես ձեռք բերել քո, բալիկներիդ, մտերիմների համար»,- այս պիտակով  է վաճառվում գունեղ զարդանախշերով  գյումրեցի հոլը: 

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Գնորդներ կան նույնիսկ արտասահմանից, հիմնականում տարեց մարդիկ են գնում, որոնք ուզում են փրկել մանկության մի պատառիկը: Պապիկ-տատիկներն էլ թոռնիկներին են նվիրում՝ մոռացված խաղը նորից բակ բերելու համար: 

 

«Տատիկ էր եկել, թե Ֆեյսեբուքից տեսել եմ, եկել եմ երկու հատ նույն ֆռռիկից առնիմ թոռներիս համար: Նախ բացատրում ենք, տատ, միանման չկա, հետո էլ զարմացած հարցրինք, թե տատ, դո՞ւ էլ ես Ֆեյսբուքում գրանցված, պատասխանեց՝ հա, ես առնիմ թոռներս ֆռռիկ խաղան, օր ես նստիմ կամպյուտռի մոտ»,- զարմացած ու հիացած պատմում է Գագիկ Մխիթարյանն ու ուրախանում, որ տատիկները հետ չեն մնացել թոռնիկներից, միայն թե տատիկների մանկության խաղերն անցել են բակում՝ բնությանն ու արեւին մոտ, իսկ թոռնիկների խաղը մեկ այլ աշխարհում է, որը հաճախ սահմանափակվում է համակարգչային էկրանով:

 

Գյումրեցի երիտասարդները որոշել են՝ հաջորդ քայլը լինելու է մոռացված մեկ այլ խաղը նոր հանդերձանքով ներկայացնելը:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Անահիտ Հարությունյան (Գյումրի)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին