Սպասման 26 տարիները եւ վերջին ԴՆԹ հույսը - Mediamax.am

exclusive
6019 դիտում

Սպասման 26 տարիները եւ վերջին ԴՆԹ հույսը


Էլեոնորա Ավանեսյանը
Էլեոնորա Ավանեսյանը

Լուսանկարը` Մարիամ Սարգսյան

Լուսանկարը` ԿԽՄԿ

Էլեոնորա Ավանեսյանը
Էլեոնորա Ավանեսյանը

Լուսանկարը` Մարիամ Սարգսյան

Լուսանկարը` ԿԽՄԿ


Արդեն 26-րդ տարին է, ինչ Էլեոնորա Ավանեսյանը սպասում է իր ամուսնուն։

 

1991թ․ օգոստոսի 5-ին Ռոմա Մկրտումյանը սովորականի պես տանից դուրս եկավ, սակայն ոչ ոք չգիտեր, որ նա վերջին անգամ է աշխատանքի գնում։

 

Արդեն սպիտակահեր Էլեոնորան վերհիշում է այդ օրը․

 

«Պիտի Ստեփանակերտից Մարտունի վառելիք բերեին, Մալիբեյլու կոչվող բնակավայրում ադրբեջանցիները իրեն ու մեր հարեւանին բռնեցին, այդ օրվանից ոչ մի լուր չունենք»։

 

Էլեոնորան ու Ռոման միասին 20 տարի են ապրել, տղա էին ուզում, բայց 4 աղջիկ ունեցան։ Երեխաներից մեծը երաժշտական քոլեջ էր ընդունվել, իսկ կրտսերը 8 տարեկան էր, երբ հայրն անհայտ կորավ։

 

Ռազմագերիների փոխանակման նպատակով մի քանի ադրբեջանցի էին բերել իրենց տուն։ Հարեւան երեխաների հետաքրքրասիրության պատճառով գերիները հասկացան, թե որ քաղաքում են գտնվում եւ փախան, անհետացավ նաեւ փոխանակման հույսը։

 

«Ռոմիկը ընդհատակյա շարժման մասնակից էր։ Մի անգամ մի տղա ասաց, որ նրան հաստատ սպանել են հենց այդ պատճառով»,- պատմում է Էլեոնորան՝ չհասկանալով

ինչին հավատա՝ ամուսնուն սպանե՞լ են, թե՞...

 

«Մեկ-մեկ հուսահատվում եմ: Եթե ողջ է, միթե՞ այսքան տարվա մեջ  գոնե մեկ անգամ չէր կարող իր կենդանության մասին հայտնել»,- ասում է կինն ու հուզմունքից արցունքոտված աչքերը խոնարհում։

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով Ղարաբաղյան հակամարտության պատճառով 1992-1994 թթ․ տարածաշրջանում 4500 մարդ է անհետացել: Լեռնային Ղարաբաղում գրանցված է 370 անհայտ կորած։

 

Լեռնայում Ղարաբաղում, Հայաստանում եւ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համագործակցում է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հետ: ԿԽՄԿ-ն նաեւ աշխատում է անհայտ կորածների ընտանիքների հետ:

 

«Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը բարդ գործընթաց է, որը ներառում է մի շարք բաղադրիչներ: Առաջին փուլում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկության պահպանման եւ պահպանության նպատակով, ԿԽՄԿ-ն հավաքել է մանրամասն տվյալներ յուրաքանչյուր գրանցված անհայտ կորած անձի վերաբերյալ՝ իրենց ընտանիքներից»,- ասում է ԿԽՄԿ Ղարաբաղյան առաքելության  հաղորդակցման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

Լուսանկարը` ԿԽՄԿ

2014 թվականից ԿԽՄԿ-ն սկսել է անհայտ կորածների մտերիմ, արյունակից հարազատներից կենսաբանական նմուշի՝ԴՆԹ հավաքագրման ծրագիրը:

 

«270 կենսաբանական նմուշ է հավաքվել 90 անհայտ կորածների  ընտանիքներից: Եթե ապագայում աճյունների արտաշիրիմում տեղի ունենա, կամ աճյուններ հայտնաբերվեն, կենսաբանական նմուշները կարող են նպաստել աճյունների նույնականացման հարցում, քանի որ ընտանիքի անդամները միախմբված են միեւնույն ԴՆԹ-ով»,- ասում է Էթերին։

Լուսանկարը` ԿԽՄԿ

Էլեոնորան մեկ տարի առաջ է կենսաբանական նմուշ հանձնել։ Իրեն հայտնել են, թե ինչի համար են վերցնում։ «Այդպես գոնե հստակ կիմանանք, որ մահացել է, ու ինքն էլ գերեզման կունենա։ Թե չէ ամեն տարի օգոստոսի 5-ին առանց շիրմաքար գերեզմանոց ենք գնում, որտեղ նրա շորերն են դրված», - ասում է Էլեոնորան։

 

ԿԽՄԿ-ն հաճախակի է այցելում իրեն։ Մի քանի տարի առաջ կարի մեքենա են նվիրել, օգնել կտորների հարցում: Հիմա օրվա մեծ մասը կարի մեքենայի մոտ է՝ սպիտակեղեն է կարում։

Էլեոնորա Ավանեսյանը Էլեոնորա Ավանեսյանը

Լուսանկարը` Մարիամ Սարգսյան

Հարցիս «Ի՞նչ կուզեիք ասել նրան», Էլեոնորան մտածում է․ «Երեխաներին մեծացրի, ամուսնացրի, 9 թոռ ունենք, որից 6-ը տղա... թող գա ինքն էլ տեսնի», - նորից խոնարհում է աչքերը։

 

Տարակուսանքի ու սպասման հետ ապրում է 26 տարի, երբ փորձում է համակերպվել, որ այլեւս չկա, ասես մեղք է գործում ու նորից ժխտում իրեն՝ «բայց ո՞վ գիտե, գուցե գա»։

 

Գուցե գա, ծաղիկների սիրահար իր կնոջ համար լավ ու բարի ժամանակների պես  լավագույն ծաղիկներով՝ մեխակներով, իսկ կինը իրեն հատուկ ձեւով տաք բլինչիկներ հյուրասիրի ամուսնուն։

 

Մարիամ Սարգսյան (Ստեփանակերտ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին