1942-ին սկսված Անդրե պապի ու Վարդանուշ տատի սիրո պատմությունը - Mediamax.am

exclusive
10603 դիտում

1942-ին սկսված Անդրե պապի ու Վարդանուշ տատի սիրո պատմությունը


Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը
Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը
Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Վարդանուշ Զաքարյանը
Վարդանուշ Զաքարյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը
Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը
Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար


Ներկապնակի բոլոր գույները, երանգները կխեղճանային, եթե Անդրե պապի ու Վարդանուշ տատի անցած ու ընթացող կյանքի ուղին որպես նկարիչ ցանկանայիր կտավին հանձնել: Համոզված եմ, նկարների մի խճանկար է հարկավոր ստեղծել, որ   վետերանների 95 տարիների կյանքի պատմությունն ու 75 տարվա ընտանիքի ճանապարհը բավարար լինի ներկայացնել: 

 

Բայց մի բան հաստատ է, նրանց կյանքի պատմությունը տարբերվում է լսածս բոլոր վետերանների պատմություններից, միայն մեկ ընդհանրություն կա: Ինչպես բոլոր պատերազմները, այս մեկն էլ ժամանակագրական շրջանների բաժանեց մարդկանց կյանքը` պատերազմից առաջ ու հետո, իսկ Անդրե պապի ու Վարդանուշ տատի համար եւս մեկ շրջան ավելացավ` պատերազմի վախի ու թաքուն կարճ հանդիպումների ժամանակաշրջան, երբ ոչ թե կինն էր սպասում ամուսնու վերադարձին, այլ ամուսինն էր սպասում` բանակից կնոջ վերադարձին: Անդրե պապի ու Վարդանուշ տատի սիրո պատմությունը սկսվել է Շիրակի մարզի Ջաջուռ  գյուղի կայարանում:

 

-Երկաթգիծը կաշխատեի, գնացքները կստուգեի, օր ապահով տեղ հասնեին: 1942 թվականին ելա գնացք, էն ժամանակ Լեննագան-Ջաջուռ պոյեզի գիծ կար, մեկ էլ տեսա մե աղջիկմ է նստած շլյապով,- պատմում է Անդրե պապն ու նկարագրում է  լայնեզր այն գլխարկը, որ գրավել է նրա ուշադրությունը, ապա ավելացնում, -մեր Ջաջուռի աղջիկներին, Ախուրյանի կողմի աղջիկներին, էրթող-գալողին գիտեի, ըսի էս ո՞վ է էս աղջիկը: Մոտեցա, չեմուչում էրավ: 

Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

-Ես օր պոյեզով թազա  էկա, հագած-կապած, շլյապով, ռեդիկուլով, հավաքվան բոլորս սաղ տղեքը: Ես իրան չէի ուզե, մե հատմ ղոնաղռանցի տղա կար, էնօր կուզեի: Ըսիկ դաբիդցա եղավ, առավ ինձի էնօր ձեռից, չնայած ընիկ շուտ մեռավ,- ծիծաղում է Վարդանուշ տատն ու անկեղծանում, որ պապի կռվարար բնավորության պատճառով սկզբում չի ցանկացել նրա հետ ամուսնանալ, բայց հետո կյանքը կապել է նրան: Ամուսինը, նրա ծնողներն ու հինգ քույրերը դարձել են Վարդանուշի համար ընտանիք, որն այնքան երազել էր:

 

- Ես ծնվել եմ Թիֆլիսում, սկզբից զրկվել եմ հորից, հետո ապրել եմ Բաքվում մորս ու  երկրորդ հորս մոտ: Մերս մեռավ, էկա Հայաստան: Իրա հետ, ամուսանացա գնացի իրանց գյուղը, դարձան ինձի ընտանիք: Էնտեղ երկու ամիս չէր անցել գյուղապետը կանչեց.  զինկոմը եկել նստել էր: Ինձի քննեցին, զննեցին, համ ռուսերեն գիտեի, համ թուրքերեն:  Ըսեցին` բանակ պտի էրթաս, ասացի, չէ, ասին ինչղ չէ,- տատի խոսքը ընդհատում է Անդրե պապն ու նշում, որ կնոջը բանակ տանելը եղել է հրաման: Իսկ ինքը չէր կարող միայնակ պետությանը դեմ գնալ ու չթողնել: Ոչ միայն Վարդանուշը, այլեւ Ախուրյանից 24 աղջիկներ են պատերազմ  գնացել:  

 

-Ինքը լաց եղավ, ես լաց եղա, ինչ էնեի, պետական օրենք էր, ոչ իրա ձեռն էր ոչ իմ: Ինձի նստցրեցին տավառնի վագոնը, Անդրեն էլ հետս եկավ մինչեւ Թիֆլիս, բայց ըդորից հետո իրան չթողեցին:

 

Սերը պատերազմի տարիներին

 

-Հասանք Բաթումի: Լողցրին, շորերս փոխեցին,տարան այրոստատնի չաստ: Ըդիկ էնպես չաստ էր, օր սամալյոտի պես մեծ սարքած ռեզին պտի փչեինք ուռեր,  հանեինք վերեւ, ըդիկ օր խփեր սամալյոտին կընկներ: Մե քանի ամիս էդտեղ մնացի: Միջներից շուստրինն ես էի, էն մյուսների վրա կխոսային, օրմ էլ ախուրյանցի աղջկան պաշտպանելու համար` որպես պատիժ տեղափոխեցին զենիթնի արտիլերիա: Ես բինոկլը աչքերիս կհաղորդեի, թե սամալյոտները ուրտից կուգան, ուր կերթան: էդտեղ մնացի, ծառայեցի, -պատերազմական հիշողություններով կիսվում է  Վարդանուշ Զաքարյանն ու նաեւ նշում, որ ոչ մի դրվագ, ոչ մի պահ չի մթագնել ուղեղում:

 

-Իրան տարան բանակ, 6 ամիս աշխատելուց հետո մտածեցի, էգուց օր էս կնիկս եկավ, պտի ըսե, «դու ի՞նչ տղամարդ,  ես բանակ ծառայել եմ, դու չէ»: Որոշեցի ես էլ էրթամ բանակ: Թամանյան դիվիզիայի հետ տարան մեզի Գորի, հետո Կրասնադար: 2  օր մնալուց հետո տարան Կերչ: Եթե մտար ֆրոնտ, արդեն վախ չկա: Էդպես դարձանք  զինվոր: 1943 թվին էլ Կերչը ազատագրելու օրը տռիվոգ տվեցին, թե պտի հարձակվիգ նեմեցի վրա…Շատ դաժան կռիվ էր: Մի՞ն էր, ի՞նչ էր տրաքավ, ես վիրավորվա: Սաղ գլուխս, ուսս ասկոլկա էր,-  Անդրե Անդրեյանի համար պատերազմը սկսվում ու ավարտվում է այսպես, շատ մանրամասներ հիշում է, բայց չի ուզում պատմել, թե ինչպես մոտ 100 ընկերներ են ընկել, 500-ը վիրավորվել իր աչքի առաջ:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Բայց պատերազմը մի մեծ դաս է տվել, որի մասին կարող է երկար խոսել ու խրատել:  Պատերազմը սովորեցնում է գնահատել կյանքի ամեն մի վայրկյանը, ճանաչել մարդկանց ու «հետո»-ին չթողնել այն կարեւոր խոսքերը, որոնք կարող են մի քանի րոպե անց դառնան ուշացած, չասված ու սրտին դարդ մնացած բառեր, որ ուղեկցելու են ամբողջ կյանքում:

 

Այս դասը ամուսինները ծառայելու առաջին օրերին հասկացան: Սերն ու հոգատարությունը ծառայող ամուսինները չխնայեցին`նամակներ հնարավորինս հաճախ են գրել իրար, ընտանիքի անդամներին, Աստրախանում գտնվող սկեսայրին, հինգ տալերին, որոնցից մեկը նույնպես  բանակում էր: «Ինչպե՞ս եք, ես լավ եմ, կարոտում եմ», -պատերազմի նամակները այսպիսին են եղել. պարզ ու շատ կարեւոր, առանց վախի, ցավի ու լավատեսական:  

 

Երիտասարդ Անդրեն թեեւ կռիվ գնաց իր Վարդանուշին սեփական խիզախությունը ապացուցելու համար, բայց  ռազմի դաշտում է գիտակցել, որ այդ օրերին ու տարիներին Խորհրդային միության բոլոր ազգերը մեկ էին դարձել ու կռվում էր հանուն հայրենիքի, թեեւ հոգու խորքում ամեն մեկը կռվում էր իր փոքրիկ հայրենիքի համար` գիտակցելով, որ մեկ նահանջը կարող է լինել ճակատագրական ու վտանգավոր. «Րոպե առ րոպե Թուրքիան կսպասեր օր հարձակվեր Ստալինգրադի վրա: Հենց Ստալինգրադը վերցնեին, թուրքը կլցվեր Հայաստան, Վրաստան: Բայց Սովետական միության բանակը գնաց առաջ, թուրքերը նահանջեցին, էդ համախմբվածությունը հաղթեց ու ուժ տվեց սաղիս, ափսոս օր մինչեւ վերջ չմնացի,  վիրավորվա»:

 

- Ես էդ վախտ պոստի կկանգնեի: Եկա օր երկու ժամ պտի քնիմ, աչքս կպել էր, մեկ էլ կողքիս աղջիկը եկավ, թե  Вставай, парень у ворот тебя ждет: Էկա տեսա Անդրեն կանգնած էր, վիրավորված, թեւը կապած: Կամանդիրին խնդրեցի մե երկու ժամ թողեց, խոսացինք: Հետո ես էկա հետ չաստ, Անդրեն էլ տուն գնաց -Վարդանուշ տատիկը հիմա էլ, երբ խոսում է այդ օրվա մասին, սիրտը լցվում է, աչքերը խոնարհում ու մի պահ լռում` պատերազմը կարող էր նորից իրեն զրկել ընտանիքից:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Անդրե Անդրեյանը վերադառնում է տուն: Սկսում է աշխատել կոլխոզում, հետո  որպես պատերազմի մասնակից վիրավորված զինվորի Երկաթգծի կայարանում  ավելի թեթեւ աշխատանքով է զբաղվում: Բայց նրան ամուսնու պարտքն ու Վարդանուշի կարոտը ամեն ամիս կանչում տանում էին Բաթումի` տեսնելու ծառայող կնոջը: 

 

-Երբ Անդրեն կուգար, կամանդիրս կթողար մե երկու ժամ էրթայի տեսնեի, բայց միշտ մատը թափ կուտար ու կսեր, Смотри, осторожно…Մե օրմ էլ ջղայնացա հարցրի, թե ինչի էդպես ամեն անգամ այ կուտաս: Կամանդիրը ըսավ, օր  հանկարծ «արարողություն» չէղնի ամուսնուդ հետ քանի կծառայես…»: Ես ըսեցի «спокойно, спокойно, բան չի էղնի»:

 

Այսպես մինչեւ պատերազմի ավարտը, մոտ երկու տարի Անդրե Անդրեյանը ու Վարդանուշ Զաքարյան ամուսինները հանդիպում էին ամեն ամիս: Մինչեւ ....

 

-Օր հաղորդեցին Война кончилась, մենք սաղս քնած էինք, տռիվոգ տվին, էլանք ստրոյ կանգնանք... ուրախությունից չէին նայե,աղջիկը  տղայի կպաչեր, տղեն աղջկա կպաչեր: Ուրախության չափ ու սահման չկար,- պայծառ աչքերով պատմում է Վարդանուշ տատը, իսկ Անդրե պապը  անհամբերությամբ հարցնում է,

 

 -Քանի սալդատի ես պաչէ, հլը ըսա….:

 

Կյանքը  մայիսի 9-ից հետո

 

Երբ հարսը բանակից տուն գալիս է, Ախուրյան գյուղում մատաղ են անում: Պատերազմից բոլոր վերադարձածների համար կյանքի մի նոր փուլ է սկսվում` հաղթահարել պատերազմի ցավը, կորուստը, վերքերն ամոքել ու նորից արարել: 

 

1945 թվականի մայիսի 9-ից հետո լույս աշխարհ եկան Անդրե Անդրեյանի  ու Վարդանուշ Զաքարյանի երկու որդիներն ու երեք դուստրերը:

 

- Լավ հագցրել-կապցրել եմ, ամեն ինչով, ուտելներս լավ է էղել: Էն վախտ շատ արտոնություններ ունեինք, ամբողջ Սովետի  քաղաքները եղել եմ, բացի Օդեսայից, - պատմում է Վարդանուշին տատին ու  հիշում, թե ինչպես է խանդել  Անդրե պապին, բայց հիմա փոշմանել է. «խանդել եմ, բայց ինչ եմ շահել, ըդիկ լավ բան չէ»:

Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

- էդիկ անցած է, ես իրան շատ եմ խղճացել, որբ է եղել, կնիկմարդ էղնելով պատերազմի դառնություն է տեսել, սիրել եմ չէ՞, օր արդեն 75 տարի իրար հետ ենք:  5 երեխա,  15 թոռ, 45 ծոռ ու 4 ծոռի երեխա ունինք: Հմի էլ իրար հետ կապրինք երկուսով,- ջահել ժամանակվա «մեղքերն» ու տիկնոջը իր սերն է խոստովանում Անդրե պապը, իսկ վետերան կինը ցույց է տալիս ընտանեկան ալբոմը, իր ջահել ժամանակվա նկարները, բոյով-բուսով թոռներին ու ծոռներին, որոնց մի մասը ապրում են իրենց հարևանությամբ`Գյումրիի երկաթգծի թաղամասում, մյուսներն էլ  արտերկրում են:

 

Խորհրդային Միության փլուզումն ու 88-ի երկրաշարժը զրկեց նրանց տնից  ու վետերաններին տրվող շատ արտոնություններից: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող վետերան ամուսինները 25 տարի ապրեցին տնակում ու ոչ մի առաջնահերթություն չօգնեց, որ  նոր բնակարան ստանային երկրաշարժին իրենց կորցրած սեփական տան փոխարեն: Երկու տարի առաջ միայն Գյումրու քաղաքապետարանը որոշեց քարապատել վետերան ամուսինների տնակը, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն զբաղվեց տնակի ներքին հարդարմամբ: Թաղամասում վետերանների տնակը առանձնանում է խնամված բակով, մաքրությամբ ու կոկիկությամբ:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

-Ուրիշի էրած գործը չեմ հավնի, սաղ ես կենեմ, օգնող չունիմ, ուրտեղ էլ բոյս չի հասնի իրան կսեմ: Գարդիրոբի գլխները, շուշեքը սրբելուց կօգնե, բայց վրես շատ կխոսա, կսե շատ գործ կէնես,-  բողոքում է Վարդանուշ տատը, իսկ պապը միանգամից ավելացնում է, - իրա տարիքին չի նայե, տունը մարդ էկավ գնաց, կէլնի կավլե կսրբե, ախր, չի կեղտոտի, մե՞ղք չէ, ըդոր համար կխոսամ:

 

 

Վետերան ամուսիններին հատկապես հիշում ու հյուր են գալիս հաղթանակած մայիսին: Վետերանների միությունից, ռուս սահմանապահ ջոկատից ու ռուսական ռազմաբազայից գալիս են, կազմակերպվող միջոցառումներին հրավիրում,   մեդալներ ու նվերներ փոխանցում:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

95 տարեկան Անդրե պապն ու 94-ամյա Վարդանուշ տատը գիտեն, որ մայիսից մայիս են հիշելու վետերաններին, իսկ մեդալների, շնորհակալագրերի ու պատվոգրերի հաշիվը վաղուց են կորցրել: Եթե տարիներ առաջ ամեն մի մեդալը մի պատմություն ու առիթ էր հպարտանալու, այժմ դառը օրերը թողել են անցյալում. «Կարևոր հմի «գողինք չընկնեինք», իրար հետ կռվել-բարշելով մեզի համար ապրինք, ինչքան Աստված կամեցել է: Ամեն տարի կերթանք Մայր Հայաստան, մեր վետերանները  տարի տարու վրա կքչնան, հմի Լեննագան մնացել ենք 30 վետերան, մեծ մասը հիվանդ պառկած են» - ցավով Վարդուշ տատը հիշում է զինակից ընկերներին  ու պապին խնդրում, որ իր բաժակն էլ օղի լցնի, ապա ամուսիններով բաժակ են բարձրացնում.

Վարդանուշ Զաքարյանը Վարդանուշ Զաքարյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

- Աշխարհին խաղաղություն էղնի, հացին` էժանություն, մահին` թանկություն: Պատերազմի դառնությունը թող հեչ մարդ չտեսնի: Էն մեր սահմանին պահող էրեխեքն էլ բարով հասնին տուն, ընտանիք կազմեն ու մնան, չէրթան դուս:

Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը Անդրե Անդրեյանն ու Վարդանուշ Զաքարյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին