Տնօրհնեք. փոխանցել ավետիսը եւ դառնալ հրեշտակ - Mediamax.am

exclusive
5841 դիտում

Տնօրհնեք. փոխանցել ավետիսը եւ դառնալ հրեշտակ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

տեր Նշան քահանա Ալավերդյանը
տեր Նշան քահանա Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սուրբ Հարության տոնից հետո շատ ընտանիքներ հյուրընկալում են քահանայի: «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, խաչով ու Ավետարանով եկեղեցու սպասավորներն այցելում են հավատացյալներին, օրհնում նրանց տունն ու բնակիչներին: 50 օր՝ Զատկից մինչեւ Հոգեգալստյան տոն, տնօրհնեքի շրջան է:

 

Մարկոսյանների բազմանդամ ընտանիքն ամեն կիրակի եկեղեցի է գնում, մասնակցում Պատարագների: Աղջիկներից 2-ը երգում են Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբում: Այսօր, սակայն, օրհնությունն «իր ոտքով է» եկել նրանց տուն: Մոմերը վառած, հացը, աղը, ջուրը սեղանին՝ պատրաստվել են տնօրհնեքի:

 

«Սուրբ Հարության ավետիսը հրեշտակները տվեցին կանանց, կանայք՝ առաքյալներին, առաքյալները՝ աշխարհին: Մենք հիմա նույնն ենք անում. փոխանցելով ավետիսը՝ մենք ինչ-որ մեկի կյանքում դառնում ենք հրեշտակ, իրենք էլ ուրիշների կյանքում են հրեշտականում»,- ասում է տեր Նշան քահանա Ալավերդյանը:

տեր Նշան քահանա Ալավերդյանը տեր Նշան քահանա Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընտանիքն այս տարի արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում քահանային: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարգի համաձայն, Սուրբ Ծննդյան եւ Հարության տոներից հետո կատարվում է տնօրհնեք: Քահանան ասում է՝ արարողության ակունքներն առաջին դարից են գալիս. «Որ տուն մտնեք, նախ ասացեք՝ խաղաղություն այս տանը»,- մեջբերում է ավետարանական տողերը:

 

Մեծից փոքր՝ թողնելով համակարգիչ ու տնային գործեր, արագ հավաքվում են քահանայի շուրջ: Սարկավագը հետ ու առաջ է տանում բուրվառը, ու խնկի բույրը տարածվում է տնով մեկ: Քահանան, շարականներով ու աղոթքներով, սկսում է արարողությունը, ընտանիքի համար խաղաղություն ու պահպանություն խնդրում Աստծուց:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օրհնի՛ր այս տունը եւ այն հեռու պահիր ամեն չարիքից եւ փորձանքից: Քո ողորմության շնորհներն այս տան վրա առատ արա: Այն քո սիրո եւ երկյուղի վրա հաստատիր, որովհետեւ ցանկացած տուն միայն քեզնով է շինվում, պահվում, բարգավաճում եւ պայծառանում: Իսկ առանց քեզ իզուր տեղը հոգնում են այն շինողները: Քանզի այս տան բնակիչները քեզ վստահեցին, Տե՛ր, թող իրենց հույսը պսակվի քո աստվածային օրհնությամբ, որպեսզի ամեն բանի մեջ քո խնամքը զգալով՝ գոհանալով փառավորեն Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից: Ամեն»:

 

Ընտանիքի անդամների երգակցությամբ տեր Նշանը խաչով օրհնում է աղը, հացը, ջուրը՝ դրանց միջոցով օրհնելով տան ամբողջ բարիքը: Սրանք կենսական նշանակություն ունեն յուրաքանչյուրի համար, նաեւ հոգեւոր կյանքում կարեւոր խորհրդանիշեր են: Աստվածաշնչում Քրիստոս իրեն համեմատում է կյանքի ջրի եւ հացի հետ, իսկ քրիստոնյաներին՝ աշխարհի աղի: Հետո քահանան օրհնված ջրով խաչաձեւ ցողում է տան պետերին: Արարողության ավարտին բոլորը շտապում են ճաշակել օրհնված բարիքները:

 

«Տնօրհնեքը մեզ համար էական նշանակություն ունեցող ծիսակարգերից մեկն է: Շատ ոգեւորված ենք, որովհետեւ կարճ ժամանակահատվածում արդեն 2-րդ անգամ է տնօրհնեք լինում: Որպես կանոն՝ մարդիկ ամեն ինչի սերուցքն ուզում են քաշել, օգտվել, բայց պարտականություն, պատասխանատվություն չկրել: Այդ իմաստով սա առաջին հերթին պատասխանատվություն է»,- ասում է Արմեն Մարկոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տնօրհնեք է արվում նաեւ նոր բնակարան տեղափոխվելիս կամ երբ ընտանիքի կյանքում շարունակական փորձություններ ու անհանգստություններ են լինում:

 

«Կարեւորը մարդուն Քրիստոսի հետ հանդիպեցնելն է, որ տնօրհնեքը ձեւական բան չդառնա, որ մարդ այդպես էլ Քրիստոսին չճանաչի, Ավետարան չկարդա, աղոթք չանի:  Մարդիկ սնահավատորեն չասեն՝ քահանան թող գա, տունս օրհնի, գործերս հաջողեն, ամեն ինչ լավ լինի: Դա մոտավորապես աչքի ուլունքի նման բան է դառնում»,- ասում է տեր Նշանը:

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին