Բարանկիցե եւ Քաթինա՝ Գյումրին ատելությանը հաղթած սիրո օրինակ է - Mediamax.am

3833 դիտում

Բարանկիցե եւ Քաթինա՝ Գյումրին ատելությանը հաղթած սիրո օրինակ է


Մարգարիտ Բարանկիցեն ու Թոմ Քաթինան
Մարգարիտ Բարանկիցեն ու Թոմ Քաթինան

Լուսանկարը` Ավրորա

Մարգարիտ Բարանկիցեն ու Թոմ Քաթինան
Մարգարիտ Բարանկիցեն ու Թոմ Քաթինան

Լուսանկարը` Ավրորա

Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ
Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ

Լուսանկարը` Ավրորա

Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ
Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ
Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան


«Ավրորա-2016» մարդասիրական առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ու «Ավրորա 2017»-ի հավակնորդ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան առաջին անգամ հանդիպեցին մայիսի 24-ին՝ Գյումրիում:

 

Երկու մարդասերները հանդիպեցին Գյումրիի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում, որը 2015 թվականին օծվեց ու անվանակոչվեց ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի: Նրանց դիմավորեց Գյումրիի հայ կաթոլիկների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը, որն Աստվածաշնչյան խոսքերով դիմավորեց քրիստոնյա իր զավակներին.

 

«Շատերի կարծիքով՝ բարեգործությունը միայն նյութականն է, բայց Տերն ընդունում է այն բարեգործին, որը կարողանում է հիվանդներին հաց տալ, ջուր տալ, խնամել նրանց: Դուք ուժ եք գտել ապրելու այդ ձեւով, այն ինչ արել եք, արել եք Քրիստոսի համար: Երանի մենք բոլորս Ձեր սրտի չափ մեծ սիրտ ունենայինք եւ Ձեր սիրո չափ սեր ունենայինք»:

 

Քահանայի խոսքից տպավորված՝ Մարգարիտը գորովանքով գրկեց իրեն տեսնելու եկած հաշմանդամություն ունեցող Էդիկ Թորոյանին: Արցունքոտ աչքերով որոշեց նախ մոմ վառել ու աղոթել բոլոր հիվանդների ապաքինման համար, հետո նաեւ Տիրոջ ու Աստվածամոր փառաբանության երգերով խնդրանքը հասցնել Աստծուն: Ապա կիսվեց իր փորձով ու նշեց, որ ամեն արհավիրք ու հիվանդություն  կարելի է բուժել, եթե ներարկիչի մեջ դեղից առավել կա Սեր. 

 

«Որպես քրիստոնյա՝ նախ պիտի ասեմ, որ սերն է փրկելու աշխարհը: Այս քաղաքը, որ ավերվել է երկրաշարժից, այն փաստը, որ մենք հիմա գտնվում ենք այս քաղաքի եկեղեցում, կարծում եմ, որ սա հենց սիրո հաղթարշավն է աշխարհում եւ սիրո հաղթանակն է ատելության դեմ։ Գիտեմ, որ 200 հազ. բնակչություն ունեցող ձեր քաղաքը 1988 թվականի երկրաշարժի պատճառով այժմ ունի նախկին բնակչության կեսը, բայց նաեւ գիտեմ, որ ձեր մեջ խիզախություն եք գտել այդ տխուր ու ողբերգական էջը թերթելու։ Գիտեմ, որ Շառլ Ազնավուրի երգը ծնվել է այստեղ ու այդ արհավիրքից»,- ասաց Մարգարիտ Բարանկիցեն, որի խոսքը շարունակեց Թոմ Քաթինան. 

Մարգարիտ Բարանկիցեն ու Թոմ Քաթինան Մարգարիտ Բարանկիցեն ու Թոմ Քաթինան

Լուսանկարը` Ավրորա

«Ես չէի պատկերացնում, որ այսպիսի գեղեցիկ քաղաք կարող եմ տեսնել: Ես շատ եմ տպավորված, ես չեմ տեսել նման ջերմ մարդկանց: Եթե իմ կարիքը զգացվի, ես պատրաստ եմ նաեւ գալ ու Գյումրիում աշխատել, եթե միայն Նուբայի լեռներում իմ փոխարեն բժիշկներ լինեն ու 750 հազ. բնակչի օգնեն: Ի դեպ, շնորհակալություն եմ հայտնում երեք հայ բժիշկներին, որոնք հիմա իմ փոխարեն «Մայր Ողորմություն» հիվանդանոցում են, որ ես կարողանամ մասնակցել «Ավրորա» մրցանակաբաշխությանը»:

 

Հայկական քոչարին՝ աֆրիկյան գույներով  

 

Մարգարիտ Բարանկիցեին ու Թոմ Քաթինային աղ ու հացով սպասում էին Գյումրիի «Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոնում:

 

 

Մտնելով շենք՝ Մարգարիտը գրկեց երեխաներին, հերթով ծանոթացավ նրանց հետ ու նաեւ «Թռչունյան տան» կենտրոնի մասին տեղեկություններ ճշտեց՝ 1915թ. այս շենքում «Ամերկոմի» (Մերձավոր Արեւելքում Ամերիկյան օգնության կոմիտե) որբանոցն է եղել, ավելի վաղ՝ ռուսական բանակի զորանոցները։ Երբ կանայք ու երեխաները փախել են Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից, հարց է ծագել, թե որտեղ տեղավորել նրանց։ Ցարական Ռուսաստանն ու Միջազգային Կարմիր խաչը համատեղ որոշել են, ու ռուսական բանակն ազատել է այդ շենքերը եւ տվել որբացած երեխաներին։ Գյումրիում գտնվող 30 հազ. երեխաներից 3 հազ-ը կացարան են գտել հենց այս շենքում, իսկ հիմա այն 80 երեխաների խնամք է ապահովում, որոնք իրենց հյուրերին դիմավորեցին երգ ու պարով, իսկ փոքրիկ Լուսինեն տեղավորվել էր «բարի տատիկի» գրկում:

 

Մոր գուրգուրանքի կարոտ երեխաները հրավիրեցին հյուրերին միանալ իրենց պարին: Հայկական տարազին ու պարին միացան աֆրիկյան գույներն ու այն մեծ սերը, որ մի քանի ժամով բերել էին հյուրերն իրենց հետ:

Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ

Լուսանկարը` Ավրորա

«Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես են կենտրոնի երեխաները պարում, ես ասեցի, եթե նրանք կարող են, ինչու ես էլ չխիզախեմ ու պարեմ, բավական բարդ պար էր, նման չէին  աֆրիկյան պարերին, Բուրունդիում եւս մեր երեխաները պարում են: Իսկ մանկատան երեխաներն իմ թուլությունն են, ես բարկացած եմ ինքս ինձ իմ վրա, որ ոչ բոլորին կարող եմ օգնել ու բայց ավելի շատ բարկանում եմ նաեւ մեծահասակների վրա, թե ինչպես են երեխաներին մենակ թողել»,- ասաց մինչեւ վերջ երեխաների հետ պարող Էլվիսը, որը Մարգարիտի փրկած 30 000 երեխաներից մեկն է: 

 

«Թռչունյան տան» երեխաների խնամքի կենտրոնի տնօրենը նախ շնորհակալություն հայտնեց հյուրերին գալու ու կենտրոնը ջերմությամբ, լույսով ու վառ գույներով լցնելու համար, ապա առաջարկեց համատեղ լուսանկարվել, որից հետո «Ավրորա»-ի առաջին դափնեկիրը չկարողացավ զսպել արցունքները.

 

«Այս երեխաներն ինձ հիշեցնում են այն հազարավոր երեխաներին, որոնց թողել եւ փախել էին պատերազմի պատճառով: Այս երեխաները որբ չեն, քանի որ քրիստոնյան երբեք չի կարող որբ լինել: Սրանք դժբախտության արցունքներ չեն, այլ դաժանության, որոնցով ես ուզում եմ ինչ-որ բան փոխել: Երեխան պետք է իր ընտանիքում մեծանա, որ ինքնություն ունենա, որքան էլ ասնեք, մանկատունը, դժբախտաբար, չի կարող տալ այդ ինքնությունը երեխային»,- ասաց Մարգարիտ Բարանկիցեն՝ մաքրելով արցունքները:

Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

Կենտրոնի բակում արդեն երեխաներն ուրախացրին գթասիրտ տատիկին, ոչ թե հայկական, այլ աֆրիկյան պարեր փորձեցին պարել ու երգել. իսկ փոքրիկ Անահիտը մի փունջ ծաղիկ հավաքեց ու նվիրեց ջերմ ու արեւոտ տատիկին, որի մատուցած ճաշն էլ համտեսեցին համատեղ ճաշկերույթի ժամանակ: 

 

Հայերը պետք է Տիրոջ ուղերձը տարածեն աշխարհում   

 

Մարգարիտի համար «Ավրորա»-ի առաջին մրցանակը դարձավ Տիրոջ կամքն ու ուղերձ, որ ընդունել է ու շարունակել իր առաքելությունը՝ օգնելով երեխաներին: Բարանկիցեի համար «Ավրորա»-ն հայի վեհությունն է. նա հատկապես կարեւորում է հանգամանքը, որ իրեն հատկացված գումարը կարող էր օգտագործվել հայերի կարիքներն ու հոգսը հոգալու համար, բայց տրվեց Հայաստանից շատ հեռու գտնվող Բուրունդիի երեխաներին: 

Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ Մարգարիտ Բարանկիցեն երեխաների հետ

Լուսանկարը` Անահիտ Հարությունյան

«Ինչպես Մարիամն իմացավ, որ կրելու է իր մեջ Աստծու որդուն եւ ասաց, թող լինի Աստծո կամքը, այնպես էլ ես, որ իմացա կրելու եմ «Ավրորա»-ի մրցանակը, ասացի՝ թող որ լինի Տիրոջ կամքը: Ես հայրենիք չունեմ, անհայրենիք եմ, ես լքել եմ իմ հայրենիքը, եւ այդ մրցանակը ես ընդունեցի Աստծուց եկած ուղերձ, որ ասում էր՝ մի՛ վախեցիր: Հարցին, թե որն է իր ուղերձը, մարդասեր բարեգութ տիկինն ավելի քան անկեղծ էր.

 

«Մենք բոլորս Աստծո զավակներն ենք, Աստծո ուղերձը Ձեր ժողովրդին հղվել է դեռ այն ժամանակ, երբ առաքյալները եկան այս երկիր քրիստոնեությունը Հայաստան բերելու համար: Այդ պահից ի վեր բոլորդ առաքյալներ եք ու Աստծո ուղերձը տարածողները: Մի՛ մոռացեք՝ Դուք թագադրվել եք Աստծու կողմից եւ դուք եք, որ այդ ուղերձը պետք է տարածեք աշխարհում»:

 

Ահանիտ Հարությունյան (Գյումրի)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին