Խաչատրյանները. Պառավաքարի մի ընտանիքի պատմություն - Mediamax.am

exclusive
5261 դիտում

Խաչատրյանները. Պառավաքարի մի ընտանիքի պատմություն


Խաչատրյանների երեխաները
Խաչատրյանների երեխաները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մամիկոն պապը
Մամիկոն պապը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատրյանների ընտանիքը
Խաչատրյանների ընտանիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատրյանների ընտանիքը
Խաչատրյանների ընտանիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատրյանների երեխաները
Խաչատրյանների երեխաները

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատրյանների ընտանիքում
Խաչատրյանների ընտանիքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արեւը դեռ չծագածˋ այգին ջրել ու քաղհան է արել Մամիկոն պապը: Հերթը վաստակած հանգիստը «վայելելունն» է:

 

Դողացող ձեռքով գրպանից հանում է նախկինում կիսատ թողած ծխախոտը, վառում  այն, հենվում ջրամանին,  անէանում շրջապատից ու անցնում իր հիմնական «գործին»ˋ մտածմունքին:

 

Արդեն 24 տարվաˋ ամենօրյա ու ծանր «գործի» հետքն է, որ դաջվել է 64-ամյա Մամիկոնի դեմքին, անխնա ճմրթել մաշկըˋ  ծալքերի  արանքում ու աչքերի տակ գոյացած պարկերի մեջ քարացնելով 11 հոգանոց ընտանիքիˋ ժամ առ ժամ ծանրացող հոգսը...

Մամիկոն պապը Մամիկոն պապը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ Մամիկոն պապը ժամանակին լավ աշխատանք է ունեցել: Օրվա ապրուստի ու ապագայի համար մտահոգվելու առիթ չի եղել: Հիմա էլ հպարտությամբ է հիշում Պառավաքարի զարգացած գյուղատնտեսության մասին, որը հանդիսանում էր Իջեւանի տարածաշրջանի պահածոների գործարանների հիմնական մատակարարը: Իսկ դեմ դիմաց գտնվող հակառակորդի հետ ընկերություն ու բարեկամություն էին անում, սովետական տոներն էլ միասինˋ գետի ափին բացված սեղանի շուրջ նշում:  

 

Պատերազմը երկու մասի է բաժանել Մամիկոնի կյանքըˋ ապրած ու չապրած տարիներով, որոնք նոր հոգսեր ու անակնկալներ են բերել նրա համար:

Խաչատրյանների ընտանիքը Խաչատրյանների ընտանիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

1993-ից գործազուրկ դարձած Մամիկոնի միակ զբաղմունքը տան առջեւ գտնող փոքր հողակտորի մշակում է, որի տված բերքը միայն իր ընտանիքի որոշ կարիքներին է բավարարում:  24 տարի էˋ Մամիկոնի ամենածանր գործը մտածումն է, արդյունքըˋ հույսի խամրումն ու անտարբեր վերաբերմունքը կյանքի հանդեպ, վախըˋ թե ամեն ինչ ավելի վատ չլինի:

 

Մամիկոնը երկու որդի ունի: Մեծը մեկ տարուց ավել  էˋ մեկնել է արտագնա աշխատանքի, որ կուտակած պարտքերը կարողանա մարել, բայց անհետացել է ու լուր չի տալիս իրենց, իսկ հարսը, ամուսնու մեկնումից հետո, երեք երեխային թողել է պապի տանը, հետ գնացել իր գյուղ, ամուսնացել ու այլ ընտանիք կազմել:

 

Դպրոցահասակ թոռները մնացել են Մամիկոնի, ավելի ճիշտˋ նրա կրտսեր որդուˋ Անդրանիկի խնամքին: Կրտսեր որդին էլ չորս երեխա ունի, երեք աղջիկ եւ մեկ տղա:

Խաչատրյանների ընտանիքը Խաչատրյանների ընտանիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բազմանդամ այս ընտանիքի միակ եկամուտը Մամիկոնի «30 մանեթ» (նկատի ունի 30 հազար դրամ-հեղ.) թոշակն է, պայմանագրային զինծառայության մեջ գտնվող որդուˋ Անդրանիկի շուրջ 150 հազար դրամ աշխատավարձը, եւ երեխաների նպաստը, որը նրանց հագուստին անգամ չի բավարարում:

 

Արդեն 9 տարի էˋ Անդրանիկն առաջին գծում սահման է պահում: Ամսվա 15 օրը դիրքում է, մյուս օրերին կամ տանը, կամ ˋ տագնապ հրահանգով դիրքերում ու վերապատրաստման: Բայց Անդրանիկն էլ երկու աշխատանք է կատարում.  հորˋ 24 տարի սկսած ծանր գործը կիսելու բախտը վիճակվել է նաեւ նրան: Անգամ այն 15 օրը, որ դիրքում է անցկացնում, մտքով տնեցիների ու իր հոգսերի հետ է:

Խաչատրյանների երեխաները Խաչատրյանների երեխաները

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկի կինըˋ Ալվինան, Հայ Օգնության Ֆոնդի(ՀՕՖ)ˋ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում վարսահարդարման դասընթացներ է անցել ու համապատասխան գործիքներ ստացել: Երբեմն տանն աշխատում է, բայց պետական սահմանից 2 կմ հեռավորության ու հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող Պառավաքար գյուղում կանայք վարսահարդարի մոտ գնալու սովորություն չունեն:

 

ՀՕՖ-ի ու այլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբˋ տանը կից սանհանգույց են կառուցել, սակայն, գումարը չի բավարարել ու կիսատ է մնացել, իսկ նորածին տղայի համար պետության կողմից տրամադրած գումարով լվացքի մեքենա են գնել, ինչը տան տիկնանց համար ուրախության մեծ առիթ է դարձել:

 

ՀՕՖ-ը վերոնշյալ ծրագրի մեկ այլˋ տնտեսական զարգացման բաղադրիչով, Խաչատրյանների ընտանիքին նաեւ խոզի գոջի ու հավեր է տվել, որոնց շնորհիվ ինչ-որ չափով փորձում են կայունացնել համեստ տնտեսությունը:

 

Ասում են, երբ գալիս է հավի ածած ձուն վերցնելու պահը, երեխաները,  իրար հերթ չտալով, նետվում են հավաբուն: Ճիշտ է, տատն ու պապը հերթ են դրել, բայց 6-9 տարեկան 6 երեխայի համար հերթ պահելու ավանդույթը դեռ սովորություն չի դառնում:

 

Անասնապահությամբ կամ ընդլայնված հողագործությամբ զբաղվել Մամիկոնի ընտանիքը  չի կարող, քանի որ գյուղի հողերն ու արոտավայրերը հակառակորդի նշանառության տակ են: Ստիպված են բավարարվել տանը կից ունեցած փոքր այգով, ինչը եւս ապահովագրված չէ կրակից. հակառակորդի թիրախում գտնվող տան ուղղությամբ էլ կրակոցներ հաճախ են լինում: Երկարատեւ կրակոցի պարագայում վերցնում են 6, հիմա արդենˋ 7 երեխային ու իջնում հարեւանի նկուղˋ սպասելու այնքան ժամանակ, մինչեւ կրակոցը կլռի:

Խաչատրյանների ընտանիքում Խաչատրյանների ընտանիքում

Լուսանկարը` Մեդիամաքս

- Էն աղջիկը չեկավ,-երկարատեւ լռությունը խախտում է Մամիկոն պապն ու անհանգստությամբ նայում կնոջ կողմը:

 

«Էն աղջիկ»-ը ավագ որդու դուստրն է, ով դպրոց է գնացելˋ գրքերը հանձնելու համար: Տեսնելով թոռանը, Մամիկոնը խորը շունչ է քաշում, անցնում քիչ առաջ կիսատ թողած ու խնայած ծխախոտի վերջին քուլաներում մտքերը մշուշելու գործին:

 

Թեեւ ամառային արձակուրդը նոր է սկսել, Խաչատրյանների ընտանիքի մեծերըˋ Մամիկոնը, որդին, կինն ու հարսը մտածելու նոր հոգս ունենˋ ընդամենը 3 ամիս անց դասերը կսկսվեն. երեխաներին շոր, կոշիկ, պայուսակ ու գրենական պիտույքներ են պետք, իսկ դպրոց հաճախող երեք երեխային այս տարի կմիանա եւս մեկը…

 

Բազմանդամ այս ընտանիքում ամեն մեկն իր տարածությունն ունի, որտեղ, իրենից բացի, փորձում է տեղավորել իրեն տանջող մտքերն ու դրանց համար լուծումներ փնտրելˋ այդ գործին չխառնելով մյուսներին, իսկ այդ տարածություն մուտքի իրավունք ունեն միայն երեխաները, այն էլˋ առանց թույլտվությանˋ իրենց ուրախության կամ կռվի ճիչերով…

Խաչատրյանների երեխաները Խաչատրյանների երեխաները

Լուսանկարը` Մեդիամաքս

Տուն կամ դպրոց տարածությունն այս երեխաների համար ընդհատվում է բակի համեմատաբար անվտանգ մասում վազվզելու, կռվելու կամ դեպի իրենց երազները ճախրելու փոքր հեքիաթով ու թաքուն սպասումով, որն, ի տարբերություն մեծերի, նրանց դեմքին ժպիտ է բերում. այն պարզ ու անհոգ ժպիտից, որ երկարատեւ լացից հետո հայտնվում է ամենափոքրիˋ երեք ամսական Արամի դեմքին, երբ մայրը գրկում է իրեն ու դուրս հանում սայլակից…

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարներըˋ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին