Yandex տաքսիի վարորդ Թամարան, ով սիրում է մարդկանց օգտակար լինել - Mediamax.am

exclusive
24630 դիտում

Yandex տաքսիի վարորդ Թամարան, ով սիրում է մարդկանց օգտակար լինել


Թամարա Կապրիելյանը
Թամարա Կապրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Կապրիելյանը
Թամարա Կապրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Կապրիելյանը
Թամարա Կապրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Կապրիելյանը
Թամարա Կապրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Կապրիելյանը
Թամարա Կապրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Կապրիելյանը եւ Մարիամ Մանոյանը
Թամարա Կապրիելյանը եւ Մարիամ Մանոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Թամարա Կապրիելյանը Yandex տաքսիի հազվադեպ հանդիպող կին վարորդներից է: Նա ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն եւ զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով, պահեստամասերի պատվերներով, հագուստի արտադրամասի մենեջեր է: Ազատ ժամանակ էլ տաքսի է վարում: Նրան լիցքավորում են հաճելի շփումներն ու մարդկանց օգտակար լինելու զգացումը: Եթե Yandex պատվիրելիս ձեզ հանդիպի Թամարան, ապա վստահ եղեք, որ ձեր օրը լավ է անցնելու:

 

Վերջերս հաճելիորեն զարմացա, երբ իմ պատվիրած մեքենայի ղեկին կին վարորդ էր: Ընթացքում արդեն ուրախացա, որ սովորականից երկար ճանապարհ էի գնալու: Թամարային հարցրեցի, թե ինչպիսի՞ն է լինում մարդկանց արձագանքը, երբ տեսնում են, որ իրենց վարորդը կին է: Նա ինձ պատմեց ամենահիշվող եւ զվարճալի արձագանքների մասին: Ճանապարհի վերջում նրան ասացի, որ լրագրող եմ եւ խնդրեցի կրկին հանդիպել հարցազրույցի համար: Թամարան սիրով համաձայնեց մեր ընթերցողների հետ կիսվել իր տպավորություններով:

Թամարա Կապրիելյանը եւ Մարիամ Մանոյանը Թամարա Կապրիելյանը եւ Մարիամ Մանոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Yandex-ի գրասենյակում ինձ շատ լավ ընդունեցին»

 

7 տարուց ավել է, ինչ իմ սեփական մեքենան եմ վարում, բայց մինչեւ մեքենա ձեռք բերելն էլ վարել գիտեի: Մեքենայի մասերից եւ խնդիրներից բավականին լավ եմ գլուխ հանում, շատ ուշադիր եմ, եթե ինչ-որ խնդիր է լինում, գնում եմ արհեստավորի մոտ: Սկսում եմ առաջինը թվարկել իմ ենթադրությունները խնդրի վերաբերյալ, իսկ վարպետը ինձ նկատողություն է անում, ասում է՝ «թույլ տուր, ես ասեմ խնդիրների մասին»:

 

Վարել շատ եմ սիրում, երեկոյան երբեմն պարզապես վարում էի քաղաքում: Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց Yandex տաքսի վարել, համատեղելով հաճելին եւ օգտակարը: Ես էլ սկզբում ասացի, որ մի փոքր վախենում եմ մարդկանց արձագանքից` ինչպե՞ս կընդունեն կին վարորդին: Բայց որոշեցի փորձել: Yandex-ի գրասենյակում ինձ շատ լավ ընդունեցին, եւ ես սկսեցի աշխատել:

 

«Մեր երթեւեկությունը աննորմալ է եւ շատ անկանոն»

 

7 տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ արագության խախտում թույլ տվել: Արագությունը խախտել եմ Ռուբինյանց փողոցի վրա, որտեղ վայրէջք է եւ թույլատրելի արագությունը 40կմ է, իսկ իմ արագությունն այդ պահին 51 էր: Ընդհանրապես տուգանքներ չեմ ունենում, անգամ երբ հաճախորդը խնդրում է չթույլատրվող տեղում կանգնել կամ շրջադարձ կատարել, նշելով, որ տեսախցիկ չկա, միեւնույն է, միայն թույլատրելի տեղում եմ կայանում:

Թամարա Կապրիելյանը Թամարա Կապրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջերս մի հարբած վարորդ մեծ բեռնատարով հետեւից հարվածեց իմ մեքենային: Այդ պահին մեքենաս կարմիր լույսի տակ կանգնած էր, եւ մեքենայում հաճախորդներ կային, երկու կին էին նստած հետեւում: Առաջին հերթին փորձեցի պարզել, թե նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն է: Բեռնատարի վարորդն ասաց, որ առիթ է եղել եւ նա ալկոհոլ է օգտագործել ու մի պահ չի կարողացել կառավարել մեքենան: Փառք Աստծո, կանանց բան չէր պատահել եւ վնասն էլ մեծ չէր, սակայն չափազանց կարեւոր է ուշադիր լինել եւ ալկոհոլ օգտագործած վիճակում ղեկին չնստել:

 

Մեր երթեւեկությունը աննորմալ է եւ շատ անկանոն. ով ինչպես ուզում է, վարում է: Հարբած վիճակում մեքենայի ղեկին նստելը «նորմալ» է, լավ մեքենաներով եւ «լավ համարներով» վարորդներն ընդհանրապես խնդիր չունեն, ճանապարհը միշտ իրենցն է: Երթեւեկության մեջ չպետք է լինեն այսպես կոչված «պրինցիպներ», պետք է լինեն միայն ու միայն կանոններ: 

 

«Գիտակցում եմ, որ մարդու կյանքն իմ ձեռքերում է»

 

Ինձ համար շատ կարեւոր է մարդկանց ապահով տեղ հասցնել եւ օգտակար լինել: Ես դրանից ինձ լավ եմ զգում: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում իմ աշխատանքին, բարեխիղճ վարորդ եմ: Երբ երեխաներ են լինում մեքենայում, պատասխանատվությունը կրկնապատկվում է: Երբ ինձ խնդրում են արագ վարել, ասում եմ՝ երեք րոպեն ոչինչ չի փոխի, ավելի կարեւոր է ապահով տեղ հասնել: Շատ ուշադիր եմ վարում, քանի որ գիտակցում եմ, որ մարդու կյանքն իմ ձեռքերում է: Կուզենայի, որ բոլոր վարորդներն էլ հասկանային, որ մարդը իր չէ, ամեն մեկն էլ տանը սպասող ունի:

Թամարա Կապրիելյանը Թամարա Կապրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարդիկ ուրախանում են, երբ տեսնում են, որ մեքենան մաքուր է, լավ միջավայր եւ լավ երաժշտություն է. բոլոր մարդիկ արտահայտվում են այս առումով: Միշտ զգուշացնում եմ երաժշտություն միացնելիս: Հնարավոր է, որ մարդ հոգնած է աշխատանքից հետո կամ տրամադրություն չունի: Փորձում եմ հասկանալ, արդյո՞ք իմ նախընտրած երաժշտությունն այդ մարդուն հաճելի է, թե ոչ: Երբ տեսնում եմ, որ կեսձայնով ձայնակցում են, ուրախանում եմ, ուրեմն, ճիշտ երաժշտություն է մեքենայում:

 

Խորհուրդ կտամ այս աշխատանքով զբաղվել միայն համարձակ աղջիկներին, ովքեր կարող են արագ կողմնորոշվել իրավիճակներում եւ եթե սիրում են մարդկանց հետ շփվել: Չէի ցանկանա ասել, որ սա կանացի աշխատանք չէ, բայց դժվար է, հատկապես եթե ամբողջ օրը ղեկին լինես:

 

«Պատահել է ասել են՝ կլինի՞ վերջում նկարվենք»

 

Բոլորի մոտ համարյա նույն արձագանքն է՝ զարմանք եւ ուրախություն: Բայց լինում են նաեւ տարօրինակ արձագանքներ: Օրինակ, մի երիտասարդ տղա մի անգամ ասաց՝ «կարո՞ղ եք սպասել, ընկերներս գան տեսնեն, որ կին է վարորդը»:  Նման բաներն ինձ դուր չեն գալիս, ամբողջ աշխարհում էլ կան կին վարորդներ եւ դա բնական է:

Շատ անգամ պատահել է, որ ասել են՝ կլինի՞ վերջում նկարվենք: Երբ տեսնում եմ, որ ուրիշ մտքով չեն ասում, պարզապես զարմացել են եւ իրենց պատահած առաջին կին վարորդն եմ, չեմ մերժում:

Թամարա Կապրիելյանը Թամարա Կապրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբեմն պատահել է, որ ամուսինը կնոջն է դիմացը նստեցնում կամ էլ կինը ասում է, որ տղամարդը իր հետ հետեւում նստի եւ ոչ իմ կողքին: Սա կապված է մեր մտածելակերպի հետ, կամ միգուցե խանդի հարց է: Լինում է, որ պատվերից հետո տղաները սուրճի են հրավիրում, ես էլ սիրալիր մերժում եմ: Հաճախորդների տվյալները սովորաբար լինում են Yandex-ում, այդ առումով ես հանգիստ եմ եւ չեմ վախենում. պատահական մարդիկ չեն կանգնեցնում մեքենան: Տհաճ պատահարներ ինձ հետ գրեթե չեն եղել:

 

«Հաճելի է ճանապարհ գնալ լավ մարդկանց հետ»

 

Իմ կրթությունը տնտեսագիտական է, բայց միշտ երազել եմ հոգեբան դառնալու մասին: Սիրում եմ հոգեբանական գրականություն կարդալ, եւ դա ինձ շատ է օգնում աշխատանքում: Երբեմն տեսնում եմ, որ մարդ օգնության կարիք ունի, կամ այդ պահին նրան պետք է մեկը, ով կլսի իրեն եւ փորձում եմ օգտակար լինել: Այս աշխատանքի շնորհիվ շատ ծանոթներ եմ ձեռք բերել տարբեր բնագավառներից, որոնց հետ սիրով շարունակում եմ շփումս:

 

Չեմ առաջնորդվում գումար վաստակելու ցանկությամբ, առաջին հերթին փորձում եմ օգտակար լինել մարդկանց: Վերջերս մի մարդու հիվանդանոց էի տարել, ոտքի վնասվածքով, խնդրեց որ սպասեմ իրեն: Այդ ընթացքում սպասումի հաշվիչը չէի միացրել, հետո նա ինձ սպասումի համար էլ վճարեց, բայց գումարն այդ պահին ինձ համար երկրորդական էր, առաջնային էր մարդկային վերաբերմունքը:

 

Մի անգամ էլ մի հաճախորդ 5000 դրամ վճարեց եւ դուրս եկավ մեքենայից: Սկզբում ուշադիր չէի եղել, մտածեցի 1000 դրամ է, բայց երբ տեսա, մեքենայից դուրս եկա ու երկար քայլեցի այդ մարդու հետեւից, որ վերադարձնեմ: Երբ հասա նրան, ասաց, որ չի սխալվել, պարզապես ցանկացել է այդքան վճարել: Եթե նրա  հետեւից չգնայի ու չճշտեի, երեւի ամբողջ գիշեր չէի կարողանա քնել: Միշտ ինձ մոտ մանր եմ պահում, որ վերադարձնեմ: Մտածում եմ, որ հնարավոր է 100 դրամն էլ մարդուն շատ հարկավոր է:

Թամարա Կապրիելյանը Թամարա Կապրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ սովորաբար գնահատում են պատվերից հետո, երբեմն էլ հարցնում են, թե 10 կամ 20 աստղ կարո՞ ղ են գնահատել: Ասում եմ, որ առավելագույն գնահատականը 5 աստղն է, իրենք էլ ասում են, որ մեկնաբանություն կթողնեն:

 

Մարդկանց հետ շփվելու մշտական կարիք ունեմ: Երջանիկ եմ, երբ մարդկանցից ստանում եմ դրական էմոցիաներ: Շատ եմ ուրախանում, երբ լավ ու հաճելի մարդիկ են պատահում, այդ շփումն ինձ լիցքավորում է: Հաճելի է ճանապարհ գնալ լավ մարդկանց հետ:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին