exclusive
7309 դիտում

Գուսան Հայկազունը նեղված է, բայց ոչ նեղացած


Լուսանկարը` Մեդիամաքս

Գուսան Հայկազունը
Գուսան Հայկազունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուսան Հայկազունը
Գուսան Հայկազունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գետաշեն», «Հայեր, միացեք», «Հպարտ գնացեք», «Պիտի գնանք»․ արցախյան պատերազմի տարիներին գրված երգերն այսօր էլ հաճախ են  հնչում։ Բանակի օրը, Անկախության օրը, Հաղթանակի եռատոնն ու բազմաթիվ այլ տոներ չեն նշվում առանց այս երգերի, միայն թե հեղինակը՝ 65-ամյա Գուսան Հայկազունը ներկա չի լինում այդ միջոցառումներին։ Նրա երգերը ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր ոգեշնչում են հազարավոր մարդկանց։ Վերջերս Գուսանն անձնական պատերազմ ուներ` ծանր հիվանդություն։ Երգահանը Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իրեն ոգեշնչել եւ դեպի հաղթանակ է ուղեկցել կինը` Արմինեն։

«2 տարի շատ վատ վիճակում էի, բայց ամեն բան լավ ավարտվեց։ Հեռացվեց ստամոքսիս 80 տոկոսը, դրան հաջորդեց քիմիաթերապիայի կուրսը, որի հետեւանքով սրտիս հետ կապված խնդիրներ առաջացան եւ ստենտավորման կարիք առաջացավ։ Ինձ շատ է օգնել կինս։ Ոչ մի րոպե ինձ միայնակ չեմ զգացել, լավատեսորեն եմ գնացել վիրահատության։ Եղել են նաեւ ընկճումներ, բայց ես չեմ սիրում բողոքել»,– պատմեց նա։

Առողջական խնդիրները հաղթահարել երգահանին օգնել են ընկերների կազմակերպված դրամահավաքները, բացի այդ, նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով նա եղել է ԱՆ հսկողության տակ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամբողջ կյանքը գյուղում ապրած Գուսանը մոտ 2 տարի է` տեղափոխվել է Երեւան: Երկար տարիներ Խարբերդում սոցիալական վատ պայմաններում ապրելուց հետո Երեւանի քաղաքապետարանը նրան բնակարան է հատկացրել։ Ասում է` իր համար անսպասելի էր, բայց արագ ադապտացավ երեւանյան կյանքին։ Հիմա ամեն առավոտ քայլում է Հրազդանի կիրճում, վայելում բնությունն ու նոր երգեր մտմտում։ Ասում է` մի օր այնտեղ ստեղծագործական գրասենյակ է բացելու։ «Ես ապրում էի բետոնե խրճիթում, բայց լավատես էի։ Դա ինձ համար աշխարհի լավագույն անկյունն էր։ Անահիտ Բախշյանի համառ ջանքերով քաղաքապետարանն ինձ բնակարան հատկացրեց։ Հիմա այս տունն է իմ լավագույն անկյունը։ Լավագույն տեղն ընտանիքիս կողքին է»։

Մոտ 6 տարի առաջ կրկին ամուսնացած Գուսան Հայկազունը հիվանդությունը հաղթահարելուց հետո արդեն զավակ է ունեցել։ 65 տարեկանում 5–րդ անգամ հայր դառնալը նրա կյանքին նոր գույն է հաղորդել։ Փոքրիկ Անահիտին երկար էին սպասել։ Հիմա երգահանը նրան դիմում է «Առյուծի ձագ», «Արծվի ճուտ» ու փայլող աչքերով խոսում 9 ամսական դստեր մասին։

«Ես եւ Արմինեն 5-6 տարի է, ինչ ամուսնացած ենք, երեխա չէինք ունենում, բայց շատ էինք ուզում։ Ես 4 երեխա ունեմ, որոնք արդեն մեծ են։ Շատ եմ սիրում նրանց, սակայն երբ նրանք փոքր էին, աշխատանքի էի լինում, իսկ հիմա ամբողջ օրը երեխայիս հետ եմ անցկացնում։ Ինձ համար շատ հետաքրքիր է։ Շուտով խոսելու է, քննարկում ենք՝ առաջինը մամա՞ է ասելու, պապա՞, թե՞ տատի։ Անահիտը դեռեւս իմ 5–րդ երեխան է, ուզում եմ էլի երեխաներ ունենալ։ Թող օրինակ ծառայեմ մյուսներին»,– հպարտ նշում է նա։
Գուսան Հայկազունը Գուսան Հայկազունը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրենից երիտասարդ կնոջ հետ ամուսնանալու մասին խոսելով էլ նշում է, որ իրենց միջեւ տարիքային տարբերությունը շատ չէ, ընդամենը 29 տարի։ «Ես դրանից վախենում էի, բայց մենք չենք զգում տարբերությունը, որովհետեւ նույն բնավորությունն ունեք, նույն մտածելակերպը»,– ասում է Գուսանը։

Երգահանը նշում է, որ կինն իրեն շատ է օգնում կազմակերպել աշխատանքը, համերգները։ Արմինեն երգում է իր «Հայկազունք» համույթում, հենց այդպես էլ ծանոթացել են։

Գուսան Հայկազունը հիմա էլ ստեղծագործում է, ունի երգեր, որոնք տարածվում են, թեեւ ոչ այն թափով, ինչպես տարիներ առաջ։ Ավելի շատ ունի երգեր, որոնք չեն էլ ձայնագրվել։ Ասում է` յուրաքանչյուր ձայնագրություն մոտ 500 դոլար արժե, ինքը տարվա ընթացքում 1-2 երգ է կարողանում ձայնագրել։ Մյուսները մնում են թղթի վրա։

Եթե Ռուբեն Հախվերդյանը երգում է «Լավագույն տղերքը հեռանում են», Գուսան Հայկազունը երգում է՝ «Լավագույն տղերքը մենք ենք»։ Ըստ նրա՝ 3-4 տարի առաջ գրված այս երգն իր երգերի ծաղիկն է, սակայն մեծ տարածում չի գտել. «Այն ժամանակ լավ երգը ժողովուրդն ընդունում էր, տարածում էր, իսկ հիմա երգը տարածելու համար գումար է պետք։ Հեռուստատեսությամբ ցույց են տալիս նրանց, ովքեր վճարում են։ Երգերը տարածվում են տեսահոլովակներով, իսկ դա մեծ գումար արժե։ Ես հազիվ եմ կարողանում տարվա ընթացքում 1-2 երգ ձայնագրել, չունեմ 7000-8000 դոլար, որ տեսահոլովակ նկարահանեմ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակին Գուսանին խնայում էին պատերազմի դաշտում եւ թույլ չէին տալիս մասնակցել ծանր  մարտերին։ Մարտական ընկերները ավելի քան որեւէ մեկը գնահատում էին նրա գրած երգերի ազդեցությունը ռազմի դաշտում։ «Չի գտնվի կռված մի տղա, որը չասի, թե մարտի դաշտում ինչ ոգեւորություն էին տալիս երգը, պարը։ Պատահական չէ, որ ասում են` լավ երգը պատերազմի ժամանակ ծանր հրետանի է։ Ես ափսոսում եմ, որ հիմա ժամանակս ավելի շատ ծախսում եմ կենցաղային հարցերի, ոչ թե գրելու վրա։  ՊՆ-ն պետք է ծրագիր տար ինձ, որ գրեի»,- ասում է նա, ապա նկատում, որ Քառօրյա պատերազմի մասին էլ է երգ գրել։

Ապրիլյան պատերազմում ազատամարտիկն առաջին գծում չի եղել, թեեւ դիմել է Արցախում համերգների գնալու համար։ 25 տարի անց սկսված պատերազմի մասին նա գրել է Երեւանում, բայց նշում է, որ լավագույն երգն այն է, որը տեղում է գրվում։ «Հպարտ գնացեք» երգը պատերազմի դաշտում` խրամատում է գրվել, «Գետաշեն»-ը` Գետաշենը պաշտպանելու մեկնելիս, «Հայեր, միացեք»-ը` ցույցերի ժամանակ։ Ազատամարտիկ–երգահանը նկատում է, որ կռվելու իր տարիքն անցել է, երիտասարդներն էլ այսօր ավելի բարձր մարտական ոգի ունեն, քան ժամանակին իրենք` պատերազմ հաղթած ազատամարտիկները։ Հիմա նա ուզում է շարունակել պայքարը երգով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գուսանի երգերը դադարել են լինել իրենը` դարձել են համազգային։ Դա եւ՛ լավ է, եւ՛ վատ։ Երգերի կատարման համար հեղինակից թույլտվություն չեն հարցնում, թեեւ դա օրենքի պահանջ է։ Գուսանը դրանից չի սրտնեղում, ոչ էլ հոնորար է ուզում` կատարման իրավունք տալու համար։ Երգերի վատ կատարումներից երբեմն ազդվում է, սակայն դա էլ է բնական համարում՝ ամեն մեկը կատարում է իր ոճով։ Եթե ժամանակին սրտնեղում էր, որ հեղինակի անունը չի նշվում, հիմա դրան էլ է համակերպվել, միակ բանը, որ չի կարողանում տանել` խոսքերի եւ երաժշտության փոփոխությունն է. 

«Երկար պայքարեցինք, որպեսզի գոնե այլ հեղինակի չվերագրեն երգը։ Հիմա չեմ նեղվում, երբ անունս չեն տալիս։ Երգը պիտի երգվի, թող կատարեն, սերունդ կրթեն, միայն թե չփոխեն խոսքերը, երաժշտությունը։ Երգիչների մեջ նման հիվանդություն կա՝ փոխում են բառը՝ չհասկանալով, որ դա կարող է փոխել հեղինակի միտքն ու նպատակը»։
Գուսան Հայկազունը Գուսան Հայկազունը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա հպարտ է, որ իր երգերն ապրում են, բայց սրտնեղում է, որ իրեն մոռանում են  հրավիրել որեւէ միջոցառման։ «Իմ հեղինակած երգերից մոտ տասը ՊՆ-ն կատարում է որպես քայլերգեր։ Բոլորը գիտեն՝ հեղինակն ով է, իրենց կողքին է, բայց մոռանում են հրավիրել որեւէ միջոցառման։ Շուշիի ազատագրման միակ հաջողված երգը` «Շուշին» կատարում են, սակայն ինձ չեն հրավիրում Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին ոչ Հայաստանից, ոչ էլ Արցախից»,- ասում է ազատամարտիկը, ապա հավելում, որ, ի տարբերություն ղեկավարների, ժողովուրդն իրեն սիրում է եւ ուշադրության արժանացնում։ Նրա խոսքով` ոչ պետական միջոցառումների եւ հանդիպումների պակաս չի ունենում, ամբողջ շաբաթը հագեցած է։



Ամալյա Հովհաննիսյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am