Սփյուռքահայերի 15-օրյա «ծառայությունը» հայկական բանակում - Mediamax.am

exclusive
26214 դիտում

Սփյուռքահայերի 15-օրյա «ծառայությունը» հայկական բանակում


Լուսանկարը` Արար հիմնադրամ

Լուսանկարը` Արար հիմնադրամ

Ջորջ Տաբակյանը՝ աջից
Ջորջ Տաբակյանը՝ աջից

Լուսանկարը` Արար հիմնադրամ


Հայկական բանակի մասին հերոսական ու ոգեւորող պատմությունները շատ են, հատկապես՝ 2016-ի ապրիլից հետո: Բանակի խնդիրներն ու դժվարություններն էլ են շատ: Ոգեւորությունն ու դժգոհությունները միախառնվում են ու Զինված ուժերի հակասական պատկեր ստեղծում: Պաշտպանության նախարարությունն ու «Արար» քաղաքական հետազոտությունների հիմնադրամը սկսել են պիլոտային ծրագիր, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ երիտասարդներին անձամբ ծանոթանալու հայոց բանակին: «Մարար»-ը պարբերաբար շեշտվող ու կարեւորվող սփյուռք-բանակ գաղափարի գործնական արտահայտություն է:

 

Տարբեր երկրներից Հայաստան ժամանած 10 հայ երիտասարդներ օգոստոսի 21-ից ժամանակավոր «զորակոչվել» են բանակ: 15 օր նրանք ապրում են զինվորական առօրյայով՝ անցնում  վարժանքներ, կրակային պատրաստություն, այցելում զորամասեր, մարտական դիրքեր, սահմանամերձ գյուղեր:

 

«Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանն ասում է, որ փորձում են կապ ստեղծել սփյուռքահայ երիտասարդների եւ բանակի միջեւ, քաջալերել հայրենադարձությունը: Ծրագրի պատասխանատուները կարծում են, որ բանակի միջոցով Հայաստանը բացահայտած երիտասարդներն ապագայում, հնարավոր է, ցանկություն ունենան Զինված ուժերի մաս կազմել:

 

«Սփյուռքի՝ բանակի մասին պատկերացումներն ավելի զգայական են, դեռ լավ չեն հասկացել՝ ինչ է բանակը եւ ինչի համար է կարեւոր բանակ ունենալը: Սփյուռքը միշտ ֆիդայիններով է մեծացել: Պատմության մեջ դա մի պահ պետք էր, կարեւոր էր եւ, անշուշտ, մեր հարգանքը բոլորին: Բայց այսօր եւ ապագայում պետք է բանակն ուժեղացնել, եւ դրա ձեւերից մեկը պրոֆեսիոնալ զինվորականությունն է: Պետք է հասարակության մեջ մեծացնել սպայի կերպարի գրավչությունը»,- ասում է Ջորջ Տաբակյանը:

 

Ծրագրին մասնակցել կարող են 20-35 տարեկան առողջ երիտասարդները, որոնք դատված չեն եղել, ծառայությունից չեն խուսափել: Մասնակցության հայտը լրացնելուց հետո ծրագրի պատասխանատուներ սկսում են ուսումնասիրել դիմումները: Ընտրված մասնակիցները հոգում են իրենց ճանապարհածախսը եւ վճարում մասնակցության՝ կեցության, սննդի, ապահովագրության, տրանսպորտի, հագուստի եւ այլնի համար: Այս տարի ստացվել է 15 հայտ:

 

32-ամյա Դավիթ Սարգսյանը 8 տարեկանում Հայաստանից հեռանալուց հետո առաջին անգամ է վերադարձել հայրենիք: Ասում է՝ տարիքն ու ընտանեկան կարգավիճակը թույլ չեն տալիս մտածել ծառայության մասին, բայց նախընտրեց սեփական աչքերով տեսնել, քան անընդհատ լսել բանակի մասին:

 

«Ծրագրին մասնակցելու առաջին նպատակը Հայաստան գալն էր: Երկրորդ, ուզում էի մոտիկից ծանոթանալ մեր բանակին, ապրել զինվորների հետ՝ իրենց կյանքով,  տեսնել ծրագրով նախատեսված պատմական հուշարձանները»:

 

«Մարար»-ի ավարտին դեռ ժամանակ կա, բայց պատասխանատուներն արդեն հաջողությունների մասին են խոսում. մասնակիցները հասկացել են ինչ է բանակը, ինչպես է աշխատում: Նրանցից մեկը Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել:

Ջորջ Տաբակյանը՝ աջից Ջորջ Տաբակյանը՝ աջից

Լուսանկարը` Արար հիմնադրամ

Ջորջ Տաբակյանն ասում է, որ ապրիլյան պատերազմից հետո սփյուռքում մեծ հետաքրքրություն առաջացավ բանակի նկատմամբ, սկսեցին դրամահավաքներ կազմակերպել զոհվածների ընտանիքներին, բանակին օգնելու նպատակով: Հայաստանում եւ սփյուռքում շատերի մոտ հարց առաջացավ՝ ո՞րն է իրենց տեղը, ի՞նչ պիտի անեն իրենք, եթե իրավիճակը կրկնվի: «Մարար»-ի նախաձեռնողները հույս ունեն, որ ծրագրի շնորհիվ մի քանի տարի հետո բանակը կհամալրվի սփյուռքահայ զինվորականներով:

 

«Մոտավոր հաշվարկով տարեկան 800-1000 ընտանիք է վերադառնում Հայաստան: Նրանք գալիս, բիզնես են ստեղծում, աշխատատեղեր են բացում, ներդրում կատարում: Հույս ունենք, որ սփյուռքում կան շատ մարդիկ, որոնք պատրաստ են այդ գործը նաեւ բանակում անել: Վճարի խնդիր չէ, այլ հավատի, որ կարեւոր է այդ մասնագիտությունը Հայաստանում զարգացնել: Պաշտպանության նախարարը եւս նշեց, որ այսօր բանակը բաց է սփյուռքի համար: Մենք պետք է հստակեցնենք, որ եթե սփյուռքահայն իր տեղը տեսնում է մեր բանակում, պետք է կարողանա հանգիստ ծառայել»,- նշում է «Արար»-ի գործադիր տնօրենը:

 

Նախաձեռնությունը ոգեւորել է ոչ միայն մասնակիցներին, այլեւ՝ սպաներին: Մայոր Վազգեն Քոչարյանը, սփյուռքահայերի առաջին խմբին դեռ հրաժեշտ չտված, հաջորդին դիմավորելու մասին է մտածում: Ասում է՝ ծրագիրը օգտակար է ե´ւ մասնակիցների, ե´ւ զինվորների համար:

 

«Երբ ես կամ իմ ծառայակիցները մեր ծանոթներին, հարազատներին պատմում ենք, որ տարբեր երկրներից տարբեր զբաղվածություն ունեցող մարդիկ եկել են 15 օր բանակում անցկացնելու համար, ոգեւորություն է առաջանում:

Լուսանկարը` Արար հիմնադրամ

Մասնակիցներն էլ կարող են իրենց հարազատներին պատմել՝ ինչպիսին է հայկական բանակը, ինչով են սնվում, ինչ են հագնում, ինչպիսի գիտելիքներ են ստանում, որ իրենց ընկերներն էլ ցանկություն հայտնեն մասնակցելու»:

 

Սեպտեմբերի 3-ին «Մարար»-ի առաջին  փուլը կավարտվի, կհայտարարվի հաջորդի մեկնարկը: Ինչ պարբերականություն կունենա ծրագիրը, կախված կլինի դիմողների թվից:

 

Աղջիկների ընդունելու զորամասերում դեռ պատրաստ չեն, բայց ապագայում նման ընդունելություն նախատեսվում է: Հնարավոր է՝ խմբերից մեկն կազմված լինի բացառապես աղջիկներից:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին