Գյումրիի Ամենափրկիչի զարդարանքներն ու զանգերի առեղծվածը - Mediamax.am

exclusive
8242 դիտում

Գյումրիի Ամենափրկիչի զարդարանքներն ու զանգերի առեղծվածը


Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` արխիվային նյութերից

Լուսանկարը` արխիվային նյութերից

Լուսանկարը` արխիվային նյութերից

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Ձախից երկրորդը Ռաֆիկ Եղոյանն է
Ձախից երկրորդը Ռաֆիկ Եղոյանն է

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի


-Եկեղեցին պետք է լավ տրամադրություն փոխանցի, այն ոչ միայն պետք է մտնողի հոգին լցնի հոգեւոր լույսով, այլեւ ամեն մի անկյունից պիտի ժպտան Աստվածաշնչյան պատկերները, իսկ նրանք պայծառ են թե՛ գույնով, թե՛ գծերով: Հավատացյալը եկեղեցում է ծանոթանում մեր սրբերի հետ - հայ եկեղեցական որմնանկարչության ու մանրանկարչության գաղտնիքներն է բացատրում բազմաթիվ եկեղեցիներ նկարազարդած Լեւոն Զաքյանն ու մեկնում, թե ինչ է պատկերել Գյումրիի ամենամեծ եկեղեցու գմբեթին:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Անմիջապես գմբեթի տակ Հիսուս Քրիստոսն է՝ բազմած խորհրդանշական չորս կենդանակերպերի վրա, իսկ ներքեւում հրեշտակներն ու հրեշտակապետերը եւ չորս քերովբեներն են, իսկ թմբուկի տակ՝ անկյուններում, 4 ավետարանիչներն են: Գմբեթի եւ սյուների որմնանկարները միմյանց կապելու եւ իրար լրացնելու համար որմնանկարիչ վարպետը դրանց միջեւ պատկերել է հայկական մանրանկարներ:

 

«Ամենափրկիչ»՝ այսպես է հեղինակն անվանել որմնանկարը, այն առանձնանում է հայկական մանրանկարչությանը բնորոշ պատկերներով, նախշերով ու գունային լուծումներով:

 

- Սրբազանն ասում էր՝ մի քիչ գույները վառ վերցրեք, գյումրեցիք վառ գույներ սիրում են: Կարմիրը, կապույտն ու ոսկեգույնն է գերակշռում: Չնայած ժամանակի ընթացքում գույները «կնստեն»: Բայց ոչ միայն վառ գույներն են յուրահատուկ այստեղ, այլեւ այդպիսի մեծության Քրիստոս ոչ մի եկեղեցի չունի: Մոտ 8 մետր է կազմում Քրիստոսի հասակը: Ամենամեծ Մարիամ Աստվածածինն էլ Օձունի եկեղեցում է պատկերված,- նշում է նկարիչ Վահագն Հովհաննիսյանը, որն օգնում է Լեւոն Զաքյանին:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Ամենափրկիչն ունեցել է որմնանկարներ, դրանք մասամբ պահպանվել են: Բայց հայաստանյան շատ եկեղեցիներում մեր որմնանկարները չեն պահպանվել: Տարբեր դարաշրջաններում՝ հատկապես 13-19-րդ դարերում, շատ որմնանկարներ թշնամին ոչնչացրել է, ներկել, օտար մշակույթների նախշերով է զարդարել:

 

- Աշխարհի բոլոր եկեղեցիները զարդարված են, մենք, որ առաջատար ենք եղել մանրանկարչության մեջ, հետ ենք ընկել: Մեր մատյաններում է պահպանվել Քրիստոսի ու Տիրամոր իրական պատկերը, բայց մոռանալով մեր հայկական մանրանկարչության առանձնահատկությունները՝ դարերի ընթացքում կրկնօրինակել ու վերցրել են ռուսականից ու եվրոպականից մասնիկներ, ինչը սխալ է: Չէ՞ որ սխալ կերպարը տպվում ու մնում է հավատացյալի հիշողության մեջ, իսկ մենք մեր այս որմնանկարով կիլիկյան մանրանկարչության ավանդներն ենք վերադարձնում եկեղեցի՝ նորովի մեկնաբանությամբ - նշում է Լեւոն Զաքյանը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Նկարազարդումները համարյա ավարտուն են, շարունակվում են եկեղեցու ներքին հարդարման մյուս աշխատանքները: Թե երբ, ի վերջո, Ամենափրկիչը հավատացյալների համար կբացի իր դռները, անհայտ է: Բայց գյումրեցին սրտի խորքում ներքին, անբացատրելի համոզում ունի:

 

Մինչեւ Ամենափրկիչը չվերականգնվի, Գյումրին ոտքի չի կանգնի

 

- Հրապարակով անցնելով օր տեսա Ամենափրկիչը չկա, ասեցի աշխարհն ավերվավ, ուրեմն քաղաքն էլ չկա, նոր հասկցա՝ ինչ կկատարվի: Ավելի մեծ աղետ էր, քան 1926 թվականինը: Էն ժամանակ Ամենափրկիչի վրա ընդամենը մեկ ճաք էր առաջացել, ու գմբեթը իր առանցքի շուրջը պտտվել էր 5 սմ, բայց կանգուն էր մնացել մինչեւ 1988 թվականի երկրաշարժը: Մենք դեռ վերականգնման աշխատանքներ կէնեինք,-հուզմունքը հազիվ զսպելով պատմում է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը, որը դեռ 1960-ականներից զբաղվել է եկեղեցու վերականգնման աշխատանքներով ու Ամենափրկիչը համարում է իր զավակը, որին ոտքի կանգնեցնելը եղել է պարտք, նվիրում:

 

Նա կարող է ճանաչել եկեղեցու ամեն մի քարը, չմոռանալ ոչ մի պատմական դեպք, որ կապում է Ամենափրկիչը դարերին ու քաղաքին: Հպարտությամբ ու հատուկ շեշտադրությամբ մատնանշում է եկեղեցու առանձնահատկությունները.

 

1. Ամենափրկիչը կառուցվել է 1858-1876 թթ., հայկական եկեղեցիներից միակն է եղել, որն ունեցել է մետաղական կոնստրուկցիաներ, ինժեներական հատուկ լուծումներ, որոնցով զբաղվել են հայազգի գեներալներ Միրոնովն ու Լազարեւը:

Լուսանկարը` արխիվային նյութերից

2. Գյումրեցիք, իրենց բնավորության համաձայն, ցանկացել են ունենալ «ամենամեծ ու ամենաբարձր ժամը», դրա համար հանգանակել են գումար, ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի, շատ բանվորներ առանց վարձք են աշխատել, որ «ամենաբարձր ժամը սարքեն»: 48 մետր բարձրություն ունի Ամենափրկիչը, որին այսօր գերազանցում է միայն Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

 

3. Քանի որ գրունտները վատն էին, միակ եկեղեցին է, որի համար կառուցվել է նկուղային հարկ՝ կամարներով, որի պատերի հաստությունը 4 մետր է: Նկուղը պատերազմի տարիներին ծառայել է որպես ռումբապաստարան:

Լուսանկարը` արխիվային նյութերից

4. Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես թանգարան, հետագայում՝ դասական երաժշտության սրահ, որտեղ առաջինը համերգով ներկայացել է Գոհար Գասպարյանը:

 

5. Սբ Ամենափրկիչը, ինչպես շատ կառույցներ, կրում է Անի քաղաքի միջնադարյան կոթողների ազդեցությունը, սակայն այն Մայր Տաճարի կրկնությունը չէ, ինչպես ընդունված է կարծել: Այն օժտված է ուրույն հատկանիշներով: Շինարարությունն իրականացնող ղեկավար Անտիկենց Թադեւոսն ամեն մի քարը դնելիս ֆայտոնով գնացել է Անիի Մայր տաճար, բայց ոչ թե տեսքն է կրկնօրինակել, այլ ինժեներական լուծումները նմանեցրել: Պատմում են նաեւ, որ եկեղեցու ներքին պատերն ու առաստաղը սվաղված էին հատուկ շաղախով, որտեղ, կրից բացի, օգտագործված է եղել ուղտի բուրդ:

Լուսանկարը` արխիվային նյութերից

-Բայց 88-ին բլավ, որովհետեւ քաղաքի ճարտարապետները հանձնարարել էին կամարամածներ կապել: Դրսից ու ներսից մետաղյա կամարամածներ կային կապած մինչեւ գմբեթ, երկրաշարժի ժամանակ դրանք ճոճվել էին տարբեր ուղղությամբ, զարկե գմբեթը բլել էին,- ճարտարապետը խոր շունչ է քաշում ու պատմում, թե ինչպես երկրաշարժից հետո նախ մտածում էին թողնել եկեղեցու ավերակներն ու Ամենափրկիչը դարձնել երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան, բայց հետո քաղաքը որոշեց վերականգնել այն, ու Ռաֆիկ Եղոյանը նորից ստանձնեց Ամենափրկիչի վերականգնման աշխատանքները:

Ձախից երկրորդը Ռաֆիկ Եղոյանն է Ձախից երկրորդը Ռաֆիկ Եղոյանն է

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

1990-ականներին եկեղեցին վերակառուցելու համար քաղաքը նորից հանգանակեց: Դար ու կես առաջ Ջիվանին, տեսնելով այս քաղաքի շքեղ եկեղեցիները, գրել էր. «Իրանք սնունդ չունին ապրելու համար, հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք»: Աշուղը նորից, եթե տեսներ, թե հաց ու տուն չունենալով խոնարհված եկեղեցու վերակառուցման համար ինչպես էին գումար հավաքում ժամի սիրահար քաղաքում, զարմանքը կկրկնապատկվեր: Այդ զարմանքն ու ոգեւորությանը միացան շատ բարերարներ, բուդդիստ կին բարերար Չին Խայը 100 հազ. դոլար նվիրեց, ՀՀ կառավարությունը 70 մլն դրամ հատկացրեց, Գյումրիի բյուջեից 2003-2014 թթ. տարեկան հատկացվել է 10-15 մլն դրամ: Անցնող տարիներին շարունակվեցին կամովին ու ստիպողաբար բարեգործությունները «Ամենափրկիչ» հիմնադրամին:

 

-Ամենափրկիչը ինչխօր մեր հոգու ու քաղաքի սրտի մեջի ճաքն էղներ, մինչեւ էդ ճաքը, էդ ցավը չբուժվի, մենք չենք բուժվի, իրեք տարի առաջ օր գմբեթին խաչը դրեցին, աչքերս լցվավ, խաչը օր դրավ շունչս ինչխօր բացվեր,- 2014թ. հունիսի 21-ն է հիշում Սուրեն պապը, երբ «ժաժք» տեսած գյումրեցին նորից ապացուցեց, որ շարունակելու է ապրել, նորից կառուցել, շատերի աչքերին կարելի էր տեսնել արցունքներ, որոնցում միախառնված էին կորստի, վերապրած ցավի, ապրելու հավատի, հաղթահարման ուրախության հյուլեները:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

-Եկեղեցու բարձրությունից խաչը փոքր կէրեւա, բայց օրհնության վախտ տեսա ինչ մեծ է, 3 մետր է, կզարմանամ, թե 1874 թվականին էդ մեծ խաչը Արդար Մանուկը ինչղ է հանէ վերեւ առանց տեխնիկա,- նշում է Արաքսյա տատն ու հույս հայտնում, որ կտեսնի նաեւ այն օրը, երբ Ամենափրկիչի զանգերը կղողանջեն ու կկանչեն պատարագի:

 

Ամենափրկիչի զանգերի առեղծվածը

 

Ամենափրկիչի զանգակատունն անհավատության տարիներին՝ 1932թ., փորձել են քանդել տանկերով, հետո պայթեցրել են: 1960-ականներին վերականգնվել է զանգակատունը:

 

-Եկեղեցին ունեցել է 7 զանգ: Երկրաշարժից հետո զանգերն ու խաչը անհետացել էր: Էրկու զանգ գտանք Ռուսթավելի ու Մսի կոմբինատի պաժառնու մոտերից, փրկարարները երեւի տարել, պահել էին: Մի զանգն էլ մի մարդ էր տարել, չէր տալիս, երբ շատ ուզեցինք, տարավ Մայր Աթոռին տվեց: Մենակ էս մե ճաքած զանգը վերադարձավ Ամենափրկիչ: Վրեն գրված է, որ պատրաստված է Մոսկվայում, Նիկոլայ Ցարի պատվերով,- Ռաֆիկ Եղոյանն է պատմում զանգերի մասին ու նշում, որ այն ժամանակ այդ գործարանը մեծ համբավ է ունեցել, հատուկ տեխնոլոգիայով են պատրաստել, մեր զանգի կշիռը գրված է՝ 7 փութ 20 ֆունտ (մոտ 120 կգ), բայց ճարտարապետին տանջում է մեկ հարց:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Մի քանի տարի առաջ ծանոթ ժամհարը տեղեկացրել է, որ Ամենափրկիչի զանգերից մեկը ղողանջում է Շիրակի մարզի Փանիկ գյուղի կաթոլիկ եկեղեցում: Երբ Ռաֆիկ Եղոյանը գնացել է զանգը տեսնելու ու Ամենափրկիչ վերադարձնելու, Փանիկ գյուղի մեծավորները ճարտարապետին պատասխանել են, որ եկեղեցու զանգը իրենց գնել են, ու նա իրավունք չունի զանգը տանել: Գուցե, զանգը առաքելական եկեղեցու է, բայց հիմա ղողանջում է կաթոլիկ եկեղեցու զանգակատանն ու համայնքում:

 

-Զանգի վերադարձի հարցը էդպես էլ կիսատ մնաց: Ես էլ տեղափոխվեցի Երեւան ապրելու, հետամուտ էղնող չեղավ, -զրույցի ընթացքում հավելեց Ռաֆիկ Եղոյանը:

 

Երկու տարի առաջ եկեղեցուն փոքր զանգ նվիրեց քանդակագործ Արտուշ Պապոյանը: Երեւի այս դեպքով տպավորված, քանդակագործը զանգը ձուլել էր հայկական վերտառությամբ, Ամենափրկիչի զարդաքանդակներով ու եկեղեցու անունով, որ եթե հանկարծ զանգը կորի, հեշտ լինի գտնելը, ապացուցելը ու վերադարձնելը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Ներքին հարդարման աշխատանքներից հետո նախատեսվում է ձուլել եկեղեցու մեծ զանգը: Եկեղեցու վերականգնման աշխատանքները ստանձնած Ղուկասյան ընտանիքը հստակ չի կարող ասել, երբ կգա այն օրը, երբ Ամենափրկիչը կվերաբացվի: Այժմ նախատեսվում է ապամոնտաժել վերամբարձ կռունկն ու տեղադրել մեծ ջահը:

 

-Ինչքան մեր Ամենափրկիչը կառուցվել է, էնքան էլ մեր քաղաքն է կառուցվել, մեր բնակարաններն են կառուցվել: Եթե մարդիկ կան ուզում են ներդրում անեն, կարող են օգնել, վարագույրների, ներկելու, ներքին հարդարման ցանկացած աշխատանքում: Ցավոք սրտի, մի հոգի չկա օգնող: Իսկ թե երբ կավարտրվի՝ Առաջն Աստված,- ասում է Գյումրիի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյանի

Ի դեպ, Մայր Աթոռը երբեւէ չի օգնել Ամենափրկիչին: Ամենափրկիչը ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է ընդգրկված, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում շինարարական աշխատանքներին որեւէ ճարտարապետ չի հետեւում, որը հետամուտ կլիներ հայկական եկեղեցաշինության ավանդույթների պահպանմանը: Ոչ թե ճարտարապետական, այլ միայն հոգեւորականի խորհուրդներով փորձում է օգնել Շիրակի թեմի առաջնորդը:

 

Չնայած Ամենափրկիչը դեռեւս վերականգնված չէ, այն ոգեւորիչ օրինակ է հանդիսացել հեռավոր Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի համանուն տաճարի համար՝ կարդացեք 2015 թվականի սեպտեմբերին հրապարակված մեր պատմությունը:

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի եւ արխիվային նյութերից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին