Լիդիանի երկրաբան-փրկարարը եւ Արտավանի հրդեհի դեմ տված նրա կռիվը - Mediamax.am

exclusive
8491 դիտում

Լիդիանի երկրաբան-փրկարարը եւ Արտավանի հրդեհի դեմ տված նրա կռիվը


Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Լիդիան Արմենիայի արագ արձագանքման թիմը
Լիդիան Արմենիայի արագ արձագանքման թիմը

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից


Բնության հանդեպ սեր, որը դարձավ մասնագիտական ուղի, մարդկության հանդեպ սեր, որը վերափոխեց այդ ուղին. երկրի ընդերքը մի քանի տարի հետազոտելուց հետո Արթուրը հասկացավ, որ իրեն պետք է նվիրի մարդկային կյանքեր փրկելուն եւ որոշեց յուրացնել փրկարարի գործը:

 

Երկրաբանից փրկարար

 

33-ամյա Արթուր Հովսեփյանը ծնվել է ուսուցչի ընտանիքում: Աշխարհագրության մասնագետ հայրը որդուն հորդորում էր այդ ուղին շարունակել, բայց տղան ավելի շատ սիրում էր բնության հետ շփումը եւ որոշեց դառնալ երկրաբան, մասնագիտացավ օգտակար հանածոների ոլորտում:

 

Հանքարդյունաբերության ոլորտի մի քանի ընկերություններում աշխատելուց հետո՝ 2011թ.-ին, Արթուրը միացավ Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագիծն իրականացնող Լիդիան Արմենիայի թիմին, որտեղ էլ կայացավ մասնագիտական վերափոխումը:

 

Ղեկավարությունը, նկատելով աշխատակցի հատուկ վերաբերմունքն աշխատանքում անվտանգության ապահովմանը, 2015թ.-ին նրան առաջարկեց տեղափոխվել տեխնիկական անվտանգության բաժին:

 

«Երկար մտածելուց հետո համաձայնեցի: Կարծում եմ, որ ճիշտ է գնալ այնտեղ, որտեղ ավելի օգտակար եւ արդյունավետ կլինես»,- ասում է Արթուրը:

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Վերջին երկու տարում նա որակավորվել է մի շարք հեղինակավոր կազմակերպությունների նեղ մասնագիտական դասընթացներում եւ համարվում է տեխնիկական անվտանգության գծով Հայաստանի լավագույն մասնագետներից մեկը:

 

Լիդիան Արմենիան հոգացել է, որ Արթուրն անվտանգության տարբեր թրեյնինգներ  անցնի Լոնդոնում, Մանչեստրում, Վանկուվերում, որոնց արդյունքում որակավորվել է որպես ուսուցանող-թրեյներ։

 

«Երկրաբանությունը չեմ թողել, մեծ հաշվով: Երկրաբանահետախուզական աշխատանքների ժամանակ մենք շատ ենք առնչվել անվտանգության խնդիրներին, այն ժամանակ ոլորտը նոր էր, անվտանգությունն այդքան էլ բարձր չէր, եւ ես որոշեցի, որ պետք է անպայման ներգրավվեմ այդ աշխատանքներում՝ ռիսկերը հնարավորինս բացառելու համար: Անելիքներ միշտ էլ լինելու են, մեր գործը ռիսկային է, հույս ունեմ, որ կհասնենք ցանկալի նշանակետին»,- ասում է նա:

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Այժմ Արթուրը հեռակա սովորում է Կանադայի Բրիթիշ Կոլումբիա տեխնոլոգիական ինստիտուտի անվտանգության կառավարում բաժնում. «Դա ինձ կտա մասնագիտական բարձր գիտելիքներ, որը կօգտագործեմ մեր ընկերության եւ երկրի, տարածաշրջանի անվտանգության ապահովման մեջ»:

 

Անվտանգության պահպանումը՝ աշխատանքում եւ կենցաղում

 

Արթուրը կարեւորում է Հայաստանում անվտանգության մշակույթի բարձրացումը.

 

«Լիդիանը արտասահմանից պարբերաբար մասնագետներ է հրավիրում, փորձում ենք Հայաստանում բարձրացնել անվտանգության մշակույթը, որպեսզի մարդիկ իրենց անվտանգության նկատմամբ ավելի ուշադիր դառնան թե՛ աշխատանքում, թե՛ տանը»:

 

Գյուղերում, նշում է նա, տեղեկացվածությունը բարձր մակարդակի վրա չէ, մարդիկ շատ ժամանակ չեն մտածում իրենց կյանքի, առողջության, անվտանգության մասին:

 

«Ամուլսարում Լիդիան Արմենիայում անվտանգության ապահովմանը մեծ նշանակություն է տալիս, ոչ մի միջոց չի խնայվում դրա համար: Ես էլ այդ բաժնի զինվորն եմ, իսկ զինվորը պետք է անի առավելագույնը»:

 

Արտավանի հրդեհի դեմ «կռիվը»

 

Արթուրը երկու տարում ստեղծել եւ ղեկավարում է Լիդիան Արմենիայի արագ արձագանքման թիմը, որի անդամները համայնքներից են: Համայնքներից անդամների ընտրությունը պատահական չէ. այդ մարդիկ միշտ տեղում են եւ անհրաժեշտության դեպքում կարող են օգտակար լինել:

Լիդիան Արմենիայի արագ արձագանքման թիմը Լիդիան Արմենիայի արագ արձագանքման թիմը

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Խմբի 11 անդամները մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարարական դասընթացներին, եւ որակավորվել են որպես փրկարարներ։ Խումբը տեղում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում մինչեւ փրկարարների եւ շտապ օգնության ժամանումը:

 

«Մենք պատրաստ են ոչ միայն Լիդիան Արմենիայի տարածքում, այլեւ շրջակա համայնքներում ու երկրում փրկարարական աշխատանք կատարել»,- ասում է արագ արձագանքման խմբի ղեկավարը:

 

Այդ պատրաստակամությամբ էլ Արթուրն ու իր թիմը մասնակցել են 2017թ.-ի օգոստոսի 11-ին Վայոց ձորի Արտավան գյուղի անտառներում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին:

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

«Գիշերը, ժամը մոտ 03:30-ին ընկերությունից զանգ ստացա, ասացին, որ հրդեհ է բռնկվել: Կապ հաստատեցի համապատասխան մարմինների հետ, ովքեր խնդրեցին հանդիպել: Մեր տնօրենն էլ զանգահարեց եւ ասաց, որ անմիջապես պետք է շտապենք աջակցության՝ համապատասխան տեխնիկայով: Լուսադեմին շարժվեցինք դեպի Արտավան-Սարավան հատվածը, պաշտոնյաներն ու նախարարներն այնտեղ էին: Ներկայացրեցի, թե ինչով կարող է աջակցել Լիդիան Արմենիայի թիմն ու հենց առաջին օրվանից մեր խոշոր տեխնիկայով ներգրավվեցինք հրդեհաշիջման անմիջական աշխատանքներին:

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Բուլդոզերով հողային պատնեշ էինք պատրաստում, որպեսզի կրակը չառաջանա: Կրակն արդեն հասել էր գյուղացիների քաղած արտերին, շատ արագ էր տարածվում, բայց մեզ հաջողվեց հրդեհի տարածման դեմն առնել:  Զուգահեռ սկսվեց Խոսրովի չարաբաստիկ հրդեհը, ապա հաջորդեց հրդեհը Նաիրիտում, որոնց շիջման աշխատանքներին եւս աջակցել եմ իմ մասնագիտական խորհուրդներով»:

 

Իրար հաջորդած հրդեհների մեկուսացումից հետո Արթուրի եւ նրա թիմի աշխատանքն աննկատ չմնաց: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն Արթուրին շնորհեց միջազգային կարգի փրկարարի որակավորում: Թիմի անդամները՝ տեխնիկաների օպերատորները, ՀՀ նախագահից երախտագիտության մեդալներ ստացան:

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

«Իհարկե, ոգեւորիչ է, երբ գնահատվում ես: Դա պարտավորեցնում է, բայց մյուս կողմից էլ այս ամենը պարգեւների համար չի արվում: Արեցինք հնարավորն ու անհնարինը, եւ այդ աշխատանքը գնահատվեց»,- համեստ ժպտում է նա եւ շարունակում,- «Որոշակի գիտելիքներ ունենալը թույլ է տալիս դառնալ, այսպես ասած, դաշտի տերը: Հրաշալի զգացողություն է, երբ փրկում ես մարդկանց:

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Հրդեհներին հաջորդած օրերին Ջերմուկից Երեւան վերադառնալիս մեր աչքի առաջ ավտովթար եղավ: Առաջին օգնություն ցուցաբերեցինք՝ նման բաներ առօրյայում ամեն պահի կարող են պատահել»: 

 

Գործում հոգի դնելու եւ նշաձողերի մասին

 

Արթուրի համար ամենակարեւորը գործում հոգի դնելն ու բարձր նշաձողերի հասնելու համար ջանք չխնայելն է.

 

«Ժամանակին ավելի շատ հակված էի արտերկրում աշխատել, բայց հիմա, երբ տեսնում եմ, որ կարելի է եռանդի եւ նվիրման շնորհիվ արդյունքի հասնել, որոշել եմ, որ պետք է մնամ Հայաստանում: Դեռ 33 տարեկան եմ, կարծում եմ կհասցնեմ շատ բաներ անել ընկերության եւ մեր երկրի համար»:

Լուսանկարը` Արթուր Հովսեփյանի արխիվից

Իր երազանքների մասին Արթուրը չի բարձրաձայնում: Կատակում է, որ իր թերությունը համարում է դեռ ամուսնացած չլինելը, բայց կարծում է, որ դրա ժամանակն էլ կգա. «Իմ արդարացումն ունեմ, գյուղում եմ ծնվել, մեծացել, դպրոցական վերջին տարիներին տեղափոխվել եմ Երեւան, պարտադիր ծառայություն, որից հետո կրթությունը շարունակել, զուգահեռ աշխատել, կարծում եմ այդ ամենն արդարացնում է, որ դեռ ամուրի եմ»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Արթուր Հովսեփյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին