exclusive
7632 դիտում

Փլվում է Անդրանիկին տեսած Գյումրիի «օժիտի տունը»


Լյուդմիլա Պալտյանը
Լյուդմիլա Պալտյանը

«Շապիկի բամբակը բերած է Հնդկաստանից, թելը մանած է Մոսկովում, փաթուսխեն գործած է Մորոզովի ֆաբրիկայում, պարտնոյը շորը կարել է Թիֆլիզում»:

Հարսի ու փեսայի զգեստների, մինչեւ անգամ «չամաշորի» կտորի ու որակի մանրամասները, «բոխճեքի» ու «օսկեղենի» քանակը հասարակությանը հետաքրքրում է ոչ միայն այսօր, այլեւ դարեր առաջ: Միայն թե հիմա աշխարհագրությունն է մեծացել, անուններն են փոխվել՝ պարտնոյը դարձել է դիզայներ, չալղըչոնք դարձել են աստղեր, ավանդական գաթան՝ մի քանի հարկանի տորթ, մեծի խոսքով թամադան՝ հանդիսավար:

Ճի՞շտ է, թե՞ սխալ ճոխ մանրամասների մասին խոսելը, պատասխանը կտա ժամանակը: Գուցե դրոշմվի մարդկանց հիշողության մեջ ու փոխանցվի դարեդար, ինչպես Գյումրիի երկհարկանի կառույցը, որ դարձել է 19-րդ դարի հարսանեկան արարողության կարեւոր մաս ու մնացել պատմության տողերի արանքում:


-Ըսիկ օժիտի տունն է: Ջավահիր խանումի օժիտն է եղել էս շենքը, հերը քաղքի հարուստներից է էղել, աղջկա հարսնըքին ջեհեզ է տվել, խո հմիկվա հարսների պես վեց հատ սրբիչով չեն էրթա հարս, էն վախտերը ուրիշ է եղել,- Մանիկ տատը իր սկեսրայրից է իմացել այս շենքի պատմությունը, բայց որոշ մանրամասներ չի մտաբերում, -ումոնցեն է եղել էդ հարսը չեմ հիշե:

Ջավահիրը Էրզրումից Ալեքսանդրապոլ եկած ընտանիքից էր: Նրանց ալեքպոլցիները այլ ազգանունով կնքեցին՝ Դրամփյան: Սուրբ Աստվածածին եկեղեցու ծածկն ու գմբեթը եղել են փայտից, բնակչությունը այն որոշել է դարձնել քարից, որի համար գումար են հանգանակել: Երբ մեծահարուստ այս ընտանիքից օգնություն են խնդրել՝ ընտանիքը մեծ գումար է հատկացրել այս գործին: Կինը բերում է ու գումարը տալիս է ամուսնուն, որն էլ դրմփացնելով գումարը դնում է սեղանին, այստեղից էլ առաջացել է նրանց գերդաստանի անունը՝ Դրամփյան:

1897 թվականին Նիկողայոսը իր աղջկան՝ Ջավահիր Դրամփյանին ամուսնացրել է Ալեքսադրապոլի առաջին ընտրովի քաղաքագլուխ Գեղամ Տեր-Պետրոսյանցի հետ եւ շքեղ ճարտարապետությամբ այդ շենքը որպես օժիտ նվիրել է դստերը:


Բայց հետագայում տիկին Ջավահիրը ցանկացել է ընդլայնել տունը ու դիմում է գրել քաղաքապետ ամուսնուն.

-Էդ փաստաթուղթը կա: Ի տարբերություն ներկա ժամանակների, չի չարաշահել իր դիրքը: Ջավահիրը որպես անհատ, ոչ որպես քաղաքապետի կին, դիմել է թույլտվություն ստանալու: Պատշգամբով հատված կառուցվել է ավելի ուշ,- նշում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանն ու ներկայացնում Ջավահիր խանումի անվան հետ կապված եւս մեկ կարեւոր փաստ:

Հենց իրենց տան դիմաց եղել է Ալեքսանդրապոլի փոքրիկ զբոսայգին, որի հարեւանությամբ էլ՝ քաղաքային գերեզմանոցը: Կանաչ տարածք ստեղծելու համար, Ջավահիրը խնդրել է թույլ տալ ջրագիծ հասցնել մինչեւ կանաչ «Գորկա»:


- Չերքեզի ձորից Գորկայի հատված ջրագիծ է բերվում ու պոմպերով ջուր է հասցվում զբոսայգուն: Էն ժամանակ քաղաքապետարանը Ռուսաստանի տարբեր անկյուններից մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան ծառատեսակներ է բերել: Զբոսայգու ամեն մի քայլուղի իր անունն է ունեցել: Որպես շնորհակալություն քաղաքային խորհուրդը իրավունք է տվել Ջավահիրին զբոսայգու ծառուղիներից մեկը իր անունով անվանել, - պատմում է «Կումայրի»
արգելոց-թանգարանի տնօրենը:

Հետագայում օժիտի շենքը ծառայել է որպես Ալեքպոլի քաղաքապետարան, սպայատուն:

Անդրանիկն ու Ալեքսանդրապոլի պայմանագիրը

1918 թվականին՝ Ալեքսանդրապոլի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով Անդրանիկի գլխավորությամբ կազմավորվել է հայկական առանձին՝ Հարվածային գունդ՝ բաղկացած 1 500 կամավոր զինվորից:

- Էդ շենքի բալկոնից Անդրանիկը զորքին ոգեւորել է, իսկ Կարախանյանների տանն էլ մեկ օր գիշերել է, - հատուկ շեշտում է ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը: Այս մասին խոսում են նաեւ պատմական տարբեր աղբյուրներում հիշատակումները:

 «Անդրանիկը հավաքված զինվորիները բերավ սպայակույտի տան առջեւ, խոսեցավ ոգեվորիչ ճառ մը, խրախուսեց զինվորները»: Այս գրառումը Վահան Թոթովենցի «Զորավար Անդրանիկ եւ իր պատերազմները» ինքնակենսագրական վիպակում է, Անդրանիկի կենսագրական գրվածքներում եւս կան գրառումներ:


Պատմության հաջորդ շրջադարձին եւս այս երկհարկանի կառույցը դառնում է պատմական վայր: Տարբեր աղբյուրների համաձայն, Ջավահիրի օժիտի շենքում Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին՝ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։

Օժիտի շենքի նոր տերերն ու «անտերությունը»

Նոր հասարակարգում նոր շունչ ստացավ «օժիտը»: Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքում տեղավորվեց քաղաքային գործկոմը, հետագայում՝ այստեղ հիմնվեց Լենինականի Պիոներ պալատը:


- Նկարչական դպրոցը գտնվում էր օրիորդաց գիմնազիայում, տեղափոխվեց այդ շենք, էդ նույն շենքի մեջ տեղավորվեց փողային նվագախումբը եւ պարի խմբակը, -հիշում է Ռաֆիկ Եղոյանը: - 1964-65 թթ. կառուցեցինք Պիոներ պալատի համար նոր շենք, տեղափոխվեցին, այստեղ մնաց նկարչական դպրոցը:

- Ես էստեղ նկարչական դպրոց եմ հաճախել, հետո աշխատեցի որպես տնտեսվար ու արդեն 30 տարի է էս շենքի մեջ կապրիմ, - պատմում է Լյովա Ղազարյանը,- ինչ գիտենայի օր բդի տունս կորցնեմ ու փրկության տանիք պտի դառնա էս շենքը, որը հմի գլխներիս կբլի:

1890-ականների կառույցը 1988-ի երկրաշարժին դիմանում է: Փլվում է միայն շենքի ճակատային հատվածի տանիքի բարձր խոյացած հատվածը, որի քարերը այժմ շարված են շքամուտքի դռների առաջ:


Շենքը կանգուն է մնում, բայց վթարվում է: Նկարչական դպրոցը այլ շինություն է տեղափոխվում: Ջավահիրի օժիտը օթեւան է դառնում նկարչական դպրոցի հինգ աշխատակիցների անօթեւան ընտանիքների համար: Երեսուն տարիների ընթացքում ընտանիքներից շատերը ավելի ապահով տանիք են գտել՝ վախենալով ամեն օր քանդվող ու ճաքող շինությունից:


Այսօր այստեղ միայն մեկ անօթեւան ընտանիք է ապրում՝ ժամանակի քանդող ուժի հետ պայքարելով: Կոկիկ, մաքուր անկյուն են ստեղծել, առաջին հայացքից չի էլ զգացվում, թե որտեղ ես, բայց երբ տանտերը ցույց է տալիս, թե երկրորդ հարկում ինչ փլուզումներ են, կաթոցներ, ոտքերի տակ փոշիացող փայտյա ծածկ, պատմական ամեն ինչ մոռանալով, մի ոտնաչափ անվտանգ հատված ես որոնում ու քարանում:

Ընտանիքը տարիների ընթացքում նախկին ու ներկա պատասխանատուներին է դիմել՝ խարխլվող տանիքի ու բնակարանի ստանալու ակնկալիքով:
Լյուդմիլա Պալտյանը Լյուդմիլա Պալտյանը


-Մենք ստեղ նստած, առանց մեզ հաշվի առնելու շենքը 2011 թվականին օտարել են: Իբր աճուրդ են կազմակերպել, 21 միլիոն դրամով վաճառել է քաղաքապետարանը, - Լյուդմիլա Պալտյանը ներկայացնում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են շինությանը:

Պարզվում է, 2011 թվականին Գյումրիի քաղաքապետարանը վաճառել է կառույցն այն հիմնավորմամբ, որ արգելոց-թանգարանի 818 քմ մակերեսով շենքը երրորդ աստիճանի վթարային է, քայքայվում է ու համայնքը միջոցներ չունի վերականգնելու: Գնորդը Հովհաննես Գրիգորյանն է, ում գտնել այդպես էլ չհաջողվեց:


-Քաղաքապետարանը կօտարեր, թող իմ բնակարանային պահանջս բավարարեր, նոր վաճառեր, ես անօթեւան եմ, երկու սենյակի շահառու, վերջը սա պատմական շենք է, մենք էլ ըստեղ կապրինք, բայց հաշվի չեն առել, դարձել ենք հուշարձանի մասնիկ ու մեզ էլ հետը վաճառել են: Էս շենքն էլ օր էսքան պահպանվել է, մենք ենք պահե... կուգային փետերը կպոկեին կտանեին, չեմ թողել, պահել եմ, բայց արդեն կբլի գլխներիս... ու՞ր երթանք, ի՞նչ էնենք, -Լյուդմիլա Պալտյանի հարցերին պատասխան չուներ Գյումրիի քաղաքապետտարանը:


Միայն նշեցին, որ 2013 թվականին որոշվել է համայնքին վերադարձնել պատմական այս շինությունը՝ գերակա շահ ճանաչելով: Այդպիսով, նախ անօթեւան ընտանիքի բնակարանի ու պատմական հուշարձանի վերականգման հարցերը նորից կդառնա պետության հոգսը: Սակայն գերակա շահ ճանաչելու նախագիծը հասել է կառավարություն ու քանի որ Գյումրիում նման նախադեպ չի եղել, դեռ մտածում են արդեն չորրորդ աստիճանի վթարայնության հասնող պատմական շենքը փրկե՞լ, թե ոչ:

Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի եւ արխիվային

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am