ԽՍՀՄ-ում ծնված Ապագայի «Սասունցիները» - Mediamax.am

exclusive
9038 դիտում

ԽՍՀՄ-ում ծնված Ապագայի «Սասունցիները»



«Ինչքան որ ես ծնվածս օրվանից իրեն ճանաչել եմ եւ ինչքան որ հիմա եմ հետադարձ նայում հորս՝ Սարգիս Մուրադյանի արվեստին, իր անցած ստեղծագործական ուղուն, կարող եմ ասել, որ հայրիկիս ստեղծագործությունների մեջ հայրենիքն ամենակարեւոր թեման էր»,- ասում է ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրն ու նրա պատկերասրահի հիմնադիրը՝ նկարիչ Զարուհի Մուրադյանը։

 

Սարգիս Մուրադյանի ծնողներն երկուսն էլ Արեւմտյան Հայաստանից էին գաղթել, եւ նկարչի ողջ ստեղծագործական կյանքում ազգային թեմաները՝ կորուսյալ հայրենիքը, Ցեղասպանությունը, հայ մտավորականը մեծ տեղ են զբաղեցրել։

 

«Հայրս իր ժամանակի համար շատ ազատ մարդ էր, սովետական իրականության մեջ ինքը շատ էր տարբերվում իր ժամանակակիցներից, կոմունիստ չի եղել, երբեք որեւէ կուսակցության չի հարել»,- ասում է Զարուհի Մուրադյանը։

 

Խորհրդային Հայաստանում, երբ Անդրանիկի կամ Չաուշի անունը տալն անգամ ազգայնականություն էր համարվում, Սարգիս Մուրադյանը, որն արդեն հայտնի նկարիչ էր, Արմավիրի մարզի Ապագա համայնքում խիզախում է պատկերել ազատագրական պայքարի հերոսներին։

 

Ապագան, որը սասունցիների գյուղ է, բնակեցվել է 1919 թ-ին։ Այստեղ են Ցեղասպանությունից հետո հաստատվել Արեւմտյան Հայաստանի Բիթլիս նահանգի Մոտկան գավառի գյուղերի բնակիչները։

 

Թե ինչպես է այդ ժամանակ Սարգիս Մուրադյանը հայտնվել Ապագայում, Զարուհի Մուրադյանը չի հիշում, բայց որ հայրը միշտ շատ լուրջ է մոտեցել մնայուն արժեքներին, փաստ է։

 

Ասվածի վկայությունն է այն բնորոշումը, որը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը տվել է նկարչի այս աշխատանքին․

 

«Ապագա գյուղի մշակույթի տան նախասրահում 1974-ին ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի կատարած «Սասունցիներ» որմնանկարը Խորհրդային Հայաստանում մոնումենտալ նկարչության բնագավառում երբեւէ ստեղծված առավել հաջող, գաղափարական եւ կերպարային խորը ու հրատապ բովանդակությամբ, գեղարվեստական արտահայտիչ լեզվով օժտված որակյալ աշխատանքներից է:

Կասկածից վեր է՝ անվանի արվեստագետի այս ստեղծագործությունը գեղարվեստական բարձրարժեք աշխատանք է»։

 

«90-ականների վերջն էր, հայրս ինձ ասաց՝ արի գնանք Ապագա, տեսնենք, թե իմ որմնանկարն ինչ վիճակում է։ Եկանք գյուղ, ակումբը փակ էր, ու մեզ ոչ ոք չասաց, որ բանալին պահակի մոտ է։ Երկար կանգնեցինք փակ դռների մոտ ու վերադարձանք Երեւան», - պատմում է Զարուհի Մուրադյանը:

 

Նկարիչ Սարգիս Մուրադյանը միայնակ է ստեղծել էսքիզը, իսկ որմնանկարը նկարելիս իրեն օգնել են Հրաչյա Հակոբյանը, Գառնիկ Սմբատյանը եւ Ռ․Սարգսյանը (անունը հայտնի չէ)։

 

Եռամաս կառուցվածք ունեցող հորիզոնաձիգ մեծադիր նկարի կենտրոնում պատկերված է ազգային տարազով, մանկանն իր գիրկն առած տիրամայրը, առաջին պլանում ուշադրություն են գրավում բացված «Սասնա ծռեր» մագաղաթյա մատյանը, խաչքարն ու մանկան օրորոցին հենված հրացանը։

Նկարի ձախ մասում պատկերված է հրաձգություն հայ մարտիկների եւ թուրքերի միջեւ, որտեղ առանձնանում է Զորավար Անդրանիկի խրոխտ կերպարը։ Նկարի աջ մասը սահմանափակվում է Գեւորգ Չաուշի թաղման սգերթի տեսարանով, ուր ֆիդայու կերպարանքով պատկերված է նաեւ ինքը՝ Սարգիս Մուրադյանը։

 

«Ապագացիների համար շատ սիրելի դարձած նկարը ստեղծման օրվանից բացասաբար է ընդունվել խորհրդային իշխանությունների կողմից՝ որակվելով «ազգայնական» ։ Մի քանի անգամ գյուղ են եկել տարբեր հանձնաժողովներ, փորձել են նկարը ոչնչացնել, բայց գյուղացիները թույլ չեն տվել, ժամանակավոր փակել են ֆիդայիների բեղերը, նույնիսկ նկարի մոտ հերթապահություն է սահմանվել։ Նկարի պատճառով այդ ժամանակ աշխատանքից ազատվել է գյուղապետ Խոսրով Խոստեխյանը»,- պատմում է համայնքի ներկայիս ղեկավար Արտաշես Բարսեղյանը։

 

Խորհրդային բռնաճնշումներին դիմակայած մեծադիր որմնանկարն այսօր ոչ այդքան բարվոք վիճակում է։ Մշակույթի տան տանիքի վատ վիճակի պատճառով նկարը վնասվել է։ Ձախից նկարի ողջ բարձրությամբ մեծ ճեղք է անցնում, մի քանի տեղ ներկը թափվել է, իսկ առաստաղը սպիտակ ներկելիս նկարի վրա կավիճ է թափվել, ու ողջ աջ կեսը այսօր պատված է կավիճի բարակ շերտով։

 

«Մոտ 20 տարի չէի տեսել նկարը, ու երբ նորից գնացի գյուղ եւ տեսա այն, հուզվեցի այդ նկարի վեհությունից՝ մեծ, տպավորիչ ու շատ ազդեցիկ որմնանկար է,- ասում է նկարչի դուստրն ու շարունակում,- նայեցի, տեսա, որ վերանորոգման կարիք կա, ծանոթացա գյուղապետի հետ, հետո էլ նամակով դիմեցինք Մշակույթի նախարարություն։ Գրեցի, որ որմնանկարը ողբերգական վիճակում չէ, բայց վերանորոգման կարիք ունի։ Ինձ կանչեցին նախարարություն ու ասացին՝ անգամ տեղյակ չեն, որ այսպիսի աշխատանք կա։ Նախարարությունում ինձ հայտնեցին, որ մի քանի քայլ կա մինչեւ վերականգնման հարցին հասնելը»։

 

Մոտ մեկ տարի տեւած աշխատանքներից հետո ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը 2016թ․ հոկտեմբերի 12-ի նիստում որմնանկարին տվել է հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Բայց դրանից հետո որմնանկարի հետ կապված աշխատանքները կանգ են առել։

 

Զարուհի Մուրադյանը մի քանի անգամ էլ է դիմել Մշակույթի նախարարություն, առաջարկել՝ եթե չկա գումար որմնանկարն ամբողջությամբ վերանորոգելու համար, առայժմ գոնե կատարել ամրակայման աշխատանքներ։

 

«Մշակույթի նախարարությունում ինձ ասացին, որ իրենք գումար չունեն, կան միջնադարյան վտանգված բազմաթիվ հուշարձաններ, ու գումար լինելու դեպքում առաջնահերթ դրանք կվերանորոգեն։ Ասացին՝ փող գտեք, մենք ձեզ կօգնենք։ Եթե ես փող գտնեմ, ինձ ոչ մեկի օգնությունը պետք չի, իսկ այսօր մեր երկրում մշակույթի համար գումար գտնելը այդքան էլ հեշտ չէ »,- ասում է Զարուհի Մուրադյանը։

 

Գյուղապետ Արտաշես Բարսեղյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 2009 թվականին համայնքի միջոցներով վերանորոգել են մշակույթի տան տանիքը, բայց որմնանկարը վերանորոգելու համար միջոցներ չկան։ Իրենք էլ իրենց հերթին են շատ կառույցների դիմել, բայց պատասխան չեն ստացել: «Որոշել ենք Ապագա գյուղի անունով հիմնադրամ ստեղծել, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են մեր երկրի համար լավ ու մնայուն գործ կատարել, իրենց ներդրումն ունենան նկարի վերականգնման աշխատանքներում», - ասում է նա:

 

Ըստ նախնական հաշվարկների, Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերանորոգման համար մոտ 15 000 դոլար կպահանջվի։ Այդ գումարը պետք է հայթայթել, քանի դեռ որմնանկարն անվերադարձ չի վնասվել եւ անհետացել։

 

Արփինե Մուրադյան

 

Լուսանկարները՝ Զարուհի Մուրադյանի արխիվից 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին