Արտակարգ Նիկոլայը՝ երկու 30-ամյակ կամ «Հըբը կյանքս իզո՞ւր անցավ» - Mediamax.am

exclusive
8308 դիտում

Արտակարգ Նիկոլայը՝ երկու 30-ամյակ կամ «Հըբը կյանքս իզո՞ւր անցավ»


Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Նիկոլայ Գրիգորյանը Ֆիզուլիում
Նիկոլայ Գրիգորյանը Ֆիզուլիում

Լուսանկարը` անձնական արխիվից

Նիկոլայ Գրիգորյանը Գանձասարում
Նիկոլայ Գրիգորյանը Գանձասարում

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


2017թ.-ի դեկտեմբերի 15-ին լրանում է լրագրող, ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային կապերի միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի 60-ամյակը, ինչպես նաեւ լրագրողական գործունեության 35-ամյակը:

 

Մեդիամաքսը Նիկոլայ Գրիգորյանի հետ պտույտ է կատարել նրա կյանքի կարեւոր փուլերով ու թերթել անցած տարիների էջերը: 

 

Առաջին ռեպորտաժը, Գլավլիտն ու օրենքի հանդեպ սերը

 

9-րդ դասարանում որոշել էի, որ պիտի բանասիրական ֆակուլտետում սովորեմ, իրավական թեմաներով գրեմ եւ աշխատեմ այն ոլորտում, որը զբաղվում է հանցագործությունների կանխարգելմամբ: Առաջին տարին չընդունվեցի. շարադրություն էի գրել, որը թեմայի հետ չէր առնչվում: Երկրորդ տարին արդեն շատ ավելի լավ էի նախապատրաստվել եւ ոչ մի դուռ բաց չէի թողել պարտության համար, բոլոր կարեւոր թեմաներով պատրաստի շարադրություններ ունեի եւ մինչեւ հիմա անգիր հիշում եմ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն ու «Սասունցի Դավիթ» էպոսը, առաջին թեման ընկավ գրավորին, երկրորդը՝ բանավորին, որոնցով էլ ընդունվել եմ համալսարան:

 

Բանասիրականի ուսանողական մթնոլորտը բոլորովին այլ էր, փայլուն դասախոսներ ունեինք, այնքան խորացա գրականության, գրականագիտության մեջ, որ երբ ավարտեցի՝ քիչ էր մնում գնայի գրականագիտության ճանապարհով:

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

Բայց, իհարկե, իմ ներսում կար այդ սպասումը, որ ես մանկուց երազել եմ աշխատել «Մարդ եւ օրենք» խմբագրությունում: Այն ժամանակ դա հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդում էր, որը թեեւ պրիմիտիվ տեքստերով էր, բայց, բոլոր դեպքերում, լայն մասսայականություն էր վայելում: Բուհն ավարտելուց հետո գնացի ՀԽՍՀ Հեռուստառադիոպետկոմի կոմունիստական դաստիարակության գլխավոր խմբագրության իրավական պրոպագանդայի բաժին, որտեղ աշխատեցի 8 տարի: Նամակների հսկայածավալ քանակություն էր գալիս խմբագրություն, որոնց հետքերով գնում էինք, հաղորդումներ պատրաստում:

 

1982 թ.-ին պատրաստեցի առաջին հաղորդումս ներքին գործերի նախարարության Միլիցիայի դպրոցի առօրյայի մասին՝ «Կադրերի դարբնոցը» վերտառությամբ ռադիոռեպորտաժ էր: Այն քաղաքականապես շատ հասուն գնահատվեց:

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Իրավական թեմաներով գրելու համար այն ժամանակ իրավական դաշտը եւ միջազգային փորձը չկային, շատ էր աչքաչափային: Խորհրդային շրջանում կար տոտալ հսկողություն եւ շատ չէիր ընդարձակվի, կար գրելու ձեւը, կարգը:

 

Հսկողությունը շատ խիստ էր, այնպես էր լինում, որ բաժնի վարիչը ինձ էր ուղարկում Կենտկոմ՝ հաստատելու հաղորդումների տարվա պլանը: Ես՝ երիտասարդս, մեծ թղթապանակը թեւիս տակ սեղմած՝ մեծ հպարտությամբ բարձրանում էի աստիճաններով: Ունեինք հզոր Գլավլիտ, նույնիսկ, 3-4 տողանոց ռադիոհաղորդումը եթեր հեռարձակելու համար վրան 4-5 ստորագրություն էր դրվում:

Լուսանկարը` անձնական արխիվից

Քաոսի ժամանակը

 

Անկախության հետ եկավ նաեւ այս ոլորտում անտերության ժամանակը, ամեն բան թողնված էր քո խղճին: Հիմնականում ես էի որոշում, թե ինչ վերաբերմունք կլինի նրա նկատմամբ, ում նկարահանում եմ: Անմեղության կանխավարկածի եւ մարդու իրավունքների ոտնահարում էր տեղի ունենում, բազմաթիվ այլ խախտումներ, որոնք այսօր հստակ գիտեմ եւ որոնց մասին, նաեւ իմ սխալներով, տեղեկացնում եմ լրագրողներին: Իհարկե, հիմա արդեն շատ ավելի հստակեցված է ամեն բան, դերաբաշխումը տեղի է ունեցել:

Նիկոլայ Գրիգորյանը Ֆիզուլիում Նիկոլայ Գրիգորյանը Ֆիզուլիում

Լուսանկարը` անձնական արխիվից

Իրավական խախտումներից զատ՝ լրիվ իմ խղճին էր մնացել, թե ոնց վարվեմ, ինչ անեմ պատերազմական իրավիճակում: Երբ մարդ չկար, ում հետ կարող էի խորհրդակցել՝ կարելի է արդյո՞ք տվյալ զենքը, դիրքը եթերում ցույց տալ, թե՝ ոչ: Պատկերացրեք՝ քաոս, անկարգություն, զգացմունքայնությունն ավելի գերիշխող էր, եթերում մի բառի համար մարդ էին սպանում, ոստիկանները խուսափում էին համազգեստ կրելուց, «ասֆալտի ֆիդայինների» հետ հանդիպումից:

Նիկոլայ Գրիգորյանը Գանձասարում Նիկոլայ Գրիգորյանը Գանձասարում

Լուսանկարը` անձնական արխիվից

1988-ից հետո դուրս էի եկել «Մարդ եւ օրենք»-ից, որտեղ ինձ առաջարկում էին թեմաներ, որոնք կապ չունեին այդ ժամանակի մեր իրականության հետ: Գնացի «Լրաբեր», որտեղ կյանքը եռում էր, իմ նկարահանումների թիրախները սահմանամերձ գոտիներն էին: Զինված ջոկատների մեծ մասին ճանաչում էի, մեծ մասն իմ ընկերներն էին: Այս ֆոնին բոլորիս ուղեղում հայկական բանակի ստեղծվելու գաղափարն էր եւ փորձում էինք դա տարածել: Բայց ամենուր քաոս էր: Մի ջոկատը տարել էր մեր հանրապետության բոլոր «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները, մյուսը՝ «ՈՒԱԶ»-ները: Կարող էիր կարմիր լույսի տակ կանգնել, պարանոցիցդ քաշեին, գցեյին դուրս եւ մեքենադ վերցնեին:

 

Սահմանին մի փոքրիկ միջադեպ էր լինում, Երեւանը վերածվում էր քաոսի, ճանապարհային երթեւեկությունն էր խախտվում, կողոպուտներ, ավազակային հարձակումներ:

Լուսանկարը` անձնական արխիվից

«02»-ի տղան

 

Քաոսային այդ շրջանում ինձ անընդհատ համոզում էին աշխատանքի անցնել Ներքին գործերի նախարարությունում: Այդ ընթացքում երեք նախարար փոխվեց: Այնտեղ լրատվության մի տեսուչ կար, որը շատ քիչ կապ ուներ լրատվության հետ: Շատ դժվար համաձայնեցի, որովհետեւ երբեք չէի պատկերացնում, որ ուսադիր կկրեմ եւ կանցնեմ այդպիսի ծառայության, որովհետեւ ազատ ու ստեղծագործ ներաշխարհի տեր էի: Բայց համոզեցին, որ դա կարեւոր է եւ ես համաձայնեցի:

 

Սկսվեց «02» հաղորդաշարը, հետո թերթը, ռադիոն: Հիմնադրեցի Ներքին գործերի նախարարության լրատվական կենտրոնը: Այդ ժամանակ ամենակարեւորը հեռուստահաղորդումն էր, որը մեծ ռեյտինգ ուներ: Նորություն էր՝ կենդանի կյանքն էր ցույց տրվում, պատերազմի դաշտը, փողոցը, ոստիկանական ակտիվ գործունեությունը, եւ նաեւ ոստիկանի կերպարն էր ներկայանում, որը խելոք է, խիզախ,հնարամիտ, բարձր մակարդակի պրոֆեսիոնալ, հմուտ քննություն է վարում, հանցագործություն է բացահայտում, պատերազմի դաշտում իր հայրենիքն է պաշտպանում, լավ ընտանիք ունի:

 

Բարդ իրավիճակ էր, բայց միշտ աշխատել եմ եթերում երբեք որեւէ մեկի արժանապատվությանը չկպնել: Պատկերացրեք՝ մարդ, որը ծանր հանցագործություն է կատարել, որը ոչ թե զղջում է, այլ մտածում է՝ ինչ անի, որ պատասխանատվությունից խուսափի, եւ դու պիտի հանգիստ զրուցես իր հետ: Ինձ հարցնում էին՝ ինչպե՞ս էր լինում, որ քեզ հետ հաճույքով էին խոսում:

 

Օրինակ, «Մարդ եւ օրենք»-ում աշխատելու ընթացքում եղել են շատ ծանր դեպքեր, որ ինձ հոգեպես ընկճել են, գնացել եմ բարդ նկարահանման եւ առանց նկարելու վերադարձել եմ, որովհետեւ չեմ պնդել, որ խոսեն: Գիրք վաճառող մարդուն սպեկուլյացիայի հոդվածով նստացրել էին: Դա շատ տարածված ու ծանր հոդված էր, եւ կարող էին յուրաքանչյուրին կպցնել: Տոկոսը լրացնելու համար, նույնիսկ, կարող էին իրենց հարազատին բռնել: Գնացինք բերդ ու բերեցին մի երիտասարդի, որը չէր ուզում, որ իրեն նկարահանենք, իսկ դուբինկայով աշխատակիցը փորձում էր նրան կարգի հրավիրել եւ ստիպել, որ խոսի: Ես թույլ չեմ տվել երբեք, որ որեւէ մեկին նեղացնեն եւ ստիպեն նկարահանվել: Իսկ համոզել լինում էր, ներքաշում էի զրույցի՝ մեկ-երկու հոգեբանական քայլ, ու զրուցակիցս սկսում էր խոսել:

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Այդ բարդ շրջանում «02» հաղորդաշարը բավական լուրջ ներդրում էր Ներքին գործերի նախարարության աշխատակցի հեղինակության եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման մեջ: Այն հնարավորություն էր տալիս բացահայտել հանցագործություններ՝ ավազակային հարձակումներ ու կողոպուտներ, երբ ցույց էինք տալիս հանցագործին, մեզ էին դիմում նրա գործողություններից տուժած այլ քաղաքացիներ եւս, մարդիկ ճանաչում էին իրենց կողոպտված իրերը, հաղորդումից հետո սպանություններ էին բացահայտվում, միութենական հետախուզվողներ էին բռնվում, անհետ կորածներ հայտնաբերվում, դիակներ ճանաչվում: Այսինքն՝ դա ոստիկանության մի կարեւոր ստորաբաժանում էր: Այդ հանցավորության դեմ հեռուստատեսային պայքարի շրջանը բավական լուրջ, ակտիվ եւ վտանգավոր գործողությունների շրջան էր, եւ հաղորդաշարը մեծ հեղինակություն ունեցավ: Ինձ մինչեւ հիմա, շատ հաճախ, ասում են՝ «02»-ի տղան»: 

 

«02»-ի շրջանը 4 տարուց մի քիչ ավելի տեւեց: Դա այն շրջանն էր, որի մասին հպարտությամբ կարող եմ ասել՝ իմ ներդրումն եմ ունեցել մեր երկրում իրավակարգի հաստատման, իրավապահ մարմինների հեղինակության բարձրացման, մեր երկրում քաոսի կրճատման, պատերազմում հաղթանակի: Ես ակտիվ եմ եղել բոլոր խոշոր ալեկոծումների ժամանակ, հպարտությամբ կարող եմ մատս ծալել, որ իմ փոքրիկ նպաստը բերել եմ այդ գործին: 

 

Վանոյի մուտքը ՆԳՆ՝ աշխատանքից ազատում ու վերադարձ

 

Վանո Սիրադեղյանը նշանակվեց Ներքին գործերի նախարար եւ մի քանի օր անց ինձ ազատեց աշխատանքից: Ասում էին՝ ինձ «մաֆիոզի» տեղ են դրել, բայց պարզվեց, որ մեկն ուզել էր իմ տեղում աշխատել, ինչի արդյունքում ինձ հեռացրին առանց որեւէ պատճառի:

 

Մեկ ու կես ամիս շատ զայրացած էի, բայց Վազգեն Սարգսյանն ինձ հրավիրեց իր մոտ եւ մշակեցինք ՊՆ Զինուժի ծրագիրը՝ կառուցվածքով հարեւնման 02-ին:

 

Այնուհետեւ Վլադիմիր Գասպարյանն ինձ գտավ եւ ասաց, որ լուրջ թյուրիմացություն է եղել, իմ փոխարեն նշանակված երիտասարդին նախարարը կտանի իրեն օգնական եւ ինձ հորդորեց վերադառնալ ՆԳՆ, ասաց՝ սա քո տեղն է, «02»-ը քոնն է, դու ես ստեղծել: Սկզբում ընդդիմացա, բայց քանի որ «02»-ն իմ երախայրիքն էր, այդ գործի նկատմամբ սերս ավելի շատ էր, վերադարձա:

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Սիրադեղյանի հետ աշխատելը հեշտ էր ու հաճելի: Այդքան կարճ ժամկետում՝պետական գործչին հարիր նման սկզբունքայնություն ու խորաթափանցություն: Ես ոչ մի տեղ չեմ ասել այս մասին: Մի անգամ մեկը եկել էր եւ պետության երաշխավորության թղթի դիմաց բավական լուրջ գումար էր առաջարկում Սիրադեղյանին, եւ ես զեկուցեցի նրան: Նա ասաց՝ «Կոլյա, մենք չենք կարող թույլ տալ, որ այս երկիրը դառնա «իզգոյ» երկիր, մենք պետություն ենք կառուցում եւ պարտավոր ենք գայթակղություններին դիմանալ»: Ես չէի կարող նրան չզեկուցել, երբ տեղեկատվություն փոխանցեցին, որ Մոսկվայից նախարարին թիրախ ունեցող քիլերներ են ժամանել Երեւան, եւ տեղեկատվություն կրողները երկու պատգամավորներ են՝ եղբայրներ:

 

Եւս մեկ դրվագ, որ կապված էր թմրանյութերի հետ՝ ցանկանում էին շատ լուրջ ֆինանսական ներդրմամբ Հայաստանը թմրանյութերի համար տարանցիկ երթուղի դարձնել:  Համարժեք պատասխան տվեց, նա շատ խորությամբ հասկանում էր թմրամոլության եւ հանցավոր աշխարհի բացասական ազդեցությունը երկրի վրա: Ասում էր՝ «էս փոքր երկիրը մենք չենք թողնի, որ նարկոտիկի մեջ խեղդեն»:

 

Ասում էր՝ «օրենքով գողերի ինստիտուտը երկիրը ստրկացնելու համար մեկ մեխանիզմն է, որն անմիջականորեն ազդում է առաջին հերթին երիտասարդության վրա, հսկողության տակ է վերցնում տնտեսությունը եւ  ուղղակի ներազդում կառավարման վրա»: 

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրա համար նա ձեռնամուխ եղավ քոքից կտրելուն օրենքով գողերի ինստիտուտն ու հանցավոր աշխարհի հեղինակների ազդեցությունը բնականոն տնտեսության վրա: Երկրում ինչ չլուծված խնդիր ինչ պրոբլեմ կար՝ փլվում էին նաեւ միլիցիայի գլխին:

 

Այն ժամանակ երկիրը նոր էր ոտքի կանգնում, իրավական հենքեր չկային, տնտեսությունը մի քիչ վայրի էր, շատ-շատերն էին դիմում նրա օգնությանը: Շատ դեպքերում իմ միջոցով էր տեղի ունենում այդ օգնությունը մշակույթի, գրականության մարդկանց:

 

Հիշում եմ՝ թանգարանից նկարներ էին գողանում, քանի որ պատուհանը մետաղյա ճաղավանդակ չուներ, 5 հազար ռուբլու պատմություն էր: Ոչ միայն հետամուտ եղավ հանցագործությունը բացահայտելուն, այլեւ ճաղավանդակի խնդրի լուծմանը:

 

Հրաժեշտ ՆԳՆ-ին

 

Ես միշտ իմ գործով եմ զբաղվել, անհատապես որեւէ մեկին չեմ ծառայել: Միշտ էլ կարծել եմ, որ այս երկիրը ավելի պինդ, մրցունակ եւ դիմացկուն կարող է լինել, եթե կուսակցական բզկտումներ չլինեն: Սկզբում, երբ ինձ առաջարկում էին մտնել ՀՀՇ եւ բարձր պաշտոն ստանձնել, ասացի՝ ես կուսակցության հետ գործ չունեմ: Իմ տեղի վրա այնքան մարդ աչք ուներ. ստեղծագործ ուժերով լցված մարդիկ, ովքեր ցանկանում էին այդ տեղում հայտնվել:

 

Այնպես չէր, որ Վանո Սիրադեղյանն իմ նկատմամբ վատ վերաբերմունք ուներ, ես շատ բարձր եմ գնահատում նրան թե՛ որպես մարդ եւ գրող, թե՛ որպես նախարար: Նա ինձ առաջարկում էր միլպետների պաշտոն… օդանավակայանում էի, զանգեցին, ասացին՝ Վանոն հրամանդ ստորագրել է, գնում ես Չարենցավանի միլպետ: Զանգեցի, ասացի՝ շեֆ, սպասիր, գալիս եմ: Սառած ճանապարհներով 15 րոպեում հասա, խնդրեցի, ասացի՝ պետք չի, ես՝ միլպե՞տ, ի՞նչ գործ ունեմ: Մի քանի ամսից առաջարկեց Դիլիջանի միլպետի պաշտոնը, հետո Երեւան քաղաքում ոստիկանների վրա հսկողության հատուկ տեսչական բաժին բացեց եւ նշանակեց այդ բաժնի պետ: Ասացի՝ շեֆ, ես միլիցա չեմ, միլիցա բռնող ո՞նց դառնամ:

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդյունքում, որոշ ժամանակ միլիցիայի բաժնի պետի տեղակալ աշխատեցի, մտածեցի՝ գուցե համադրեմ, բայց չեղավ: Վերջում, երբ դարձյալ ցանկը դրեց դիմացս, որ պաշտոն ընտրեմ, ազատման դիմում գրեցի:

 

Արտակարգ գործունեության մեկնարկը

 

Սպիտակի երկրաշարժից հետո որոշել էի, որ պիտի ստեղծեմ տեղեկատվական դաշտ, 01-09 խորագրով հեռուստահաղորդաշար, մարդկանց սովորեցնեմ ինչպես պաշտպանվել հրդեհներից, հանցագործություններից, ինչպես առաջին օգնություն ցույց տալ։ Այդ ծրագրից «02»-ին նվիրեցի մոտ հինգ տարի: Հետո վերադարձա հեռուստատեսություն, որովհետեւ դա իմ կոչումն էր։

 

«Լրաբեր»-ի տնօրենի պաշտոնակատարն էի,  եւ այդ ընթացքում լրագրող Ռոբերտ Մավիսակալյանը մի քանի ամիս ինձ անընդհատ դարպասում էր: Ցանկանում էր, որ երկրորդ պետական հեռուստաընկերություն հիմնեինք։ Դա էլ սարքեցինք՝ «Նորք» հեռուստաալիքը։ Ղեկավարեցի լրատվական բլոկը, որտեղից դուրս եկա եւ վերադարձա «Արտակարգ ալիք»։

 

1997թ.-ին Արտակարգ իրավիճակների վարչության պետ Վյաչեսլավ Հարությունյանը, ով նոր էր նշանակվել, ինձ հրավիրեց ու պատմեց, թե ինչպես են ընտանիքով դիտում իմ հաղորդումները, առաջարկեց ստեղծել վարչության լրատվական ծառայություն։ Ասացի, որ այլեւս ուսադիր չեմ կրի։ Ասաց՝ ընդունվիր աշխատանքի, քո հեռուստահաղորդմանը ոչ ոք չի խառնվի, ում հետ ուզում ես՝ համագործակցիր, բայց սա էլ սարքիր։ Սկսվեց իմ արտակարգ գործունեությունը, որի համար երբեք չեմ ափսոսում, դուրս գալուց էլ չեմ ափսոսել։ Ես կարողացա ստեղծել այն տեղեկատվական հենքը, դաշտը, որտեղ սերունդ մեծացավ ու մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն եղավ։

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իմ հպարտությունն էր, դրա շնորհիվ մեր երկիրը դարձավ օգնություն, փրկություն եւ փորձ արտահանող երկիր։ Բացի այդ, նախարարությունը մեկ հարկի տակ հավաքեց կանխատեսող, կանխարգելող, արձագանքող, օգնության գնացող բոլոր գերատեսչությունները։ Այս նախարարությունը մեր երկրում դարձավ շատ խոշոր կղզյակ՝ մարդասիրության, մարդկանց օգնելու պատրաստակամության, հայրենասիրության։ Կառույց, որը մատից փուշ է հանում, դեպի պետություն մարդկանց ուղղված հայացքն արդեն փոխվում էր, երկրում տրամադրություն ու մթնոլորտ էր փոխվում: Շնորհակալ եմ Արմեն Երիցյանին, որ կյանքի կոչեց եւ երազանքներից կառույց ստեղծեց՝ պինդ, հզոր, կառուցիկ։

 

Անցում փրկարար ծառայության

 

Լրատվական ծառայությունից փրկարար ծառայության չէի անցնի, եթե նախարար Արմեն Երիցյանի հորդորը չլիներ։ Ես այնտեղ էլ չեմ հեռացել լրատվականից, համակարգում էի ու ծրագրեր կազմում, մարզերի հետ աշխատում, դասընթացներ կազմակերպում, նախարարությունից դուրս չէր գալիս որեւէ բառ, որից ես տեղյակ չլինեի։ Եթե լրատվությունից ինձ պոկեին՝ ընդվզումը միանգամից կլիներ, որովհետեւ ինձ կոչումով չէին կարող գրավել: 

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ինձ գեներալ-մայորի կոչում էին տալիս, ամբողջ նախարարությունը գիտեր, ես՝ ոչ: Ինձ համար դա չէր կարեւորը, ոչ էլ պաշտոնը։ Կարեւորն այն առաքելությունն էր, որը ես իրականացնում էի։ Ես զբաղվում էի նաեւ հասարակական կազմակերպություններով, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմով, որն ընդգրկում էր երկրի բոլոր նախարարությունները, գերատեսչությունները։ Զբաղվում էի նաեւ հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի ընդունելու խնդրով: Հպարտությամբ կարող եմ մատս ծալել, որ շատ լավ գործ արվեց։

 

Արտակարգ իրավիճակներում աշխատելու հմտությունների փոխանցումը

 

Իմ կյանքի տարբեր փուլերում ճակատագիրն այնպես է տնօրինել, որ ես ամեն ինչ նորից սկսեմ: Կային գործեր, որոնք չհասցրեցի իրենց գագաթնակետին: Ամենակարեւոր կիսատ մնացած գործը, որ հիմա պիտի հասցնեմ, ու դա անպայման կարվի, Դիմակայության ազգային ծրագրի կայացումն է: Մեր ազգային մարտահրավերները, որ արձանագրված են նաեւ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, հիմնականում երկուսն են՝ երկրաշարժ ու պատերազմ: Մեր պետությունը՝ յուրաքանչյուր մարզ ու համայնք, ընտանիք ու բնակիչ, պետք է հասկանա բոլոր վտանգները, իմանա դրանցից բխող ռիսկերի մասին: Պիտի իմանա, թե ինչպես կարելի է պաշտպանվել, կանխարգելել, լինել դիմակայուն, որ փորձությունը գա՝ փորձանքի պես գլխիդ չփլվի, այլ այնքան դիմակայուն լինես, որ հաղթահարես այն:

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Դեռ չեմ ստեղծել այս բոլոր տեսակի ռիսկերի հանրամատչելի շտեմարանը: Բազմաթիվ ծրագրեր կան: Լրագրողները, որոնք այսօր ամենահզոր զենքն են, առաջին հերթին պետք է պատրաստված լինեն արտակարգ իրավիճակներում ճիշտ աշխատելուն, սովորեն լինել պետության թիմի մեջ, երբ արհավիրք կա, իմանան՝ ինչպես կարող են ներգրավվել կանխարգելման, անվտանգության, դիմակայունության մշակույթի դաստիարակման մեջ: Իրենք դառնան առաջինը կրողը եւ հետո կարողանան դա փոխանցել թիրախային բոլոր խմբերին՝ մասնագիտական բարձր վարպետությամբ, բարոյական անհրաժեշտ կայուն հիմքով, որովհետեւ ամեն ինչի հիմքում բարոյական հենքն է: Կլինի այն՝ կունենանք հաջողություն, ոչ՝ կլինեն փլուզումներ, հոգեկան սողանքներ, երկրաշարժեր եւ այլ արհավիրքներ:

 

Որոշեցի դասախոսել բուհերում, քանի որ ուզում էի սկսել ապագա լրագրողներից, նրանցից, ովքեր գալու են լրատվական դաշտ, որ նրանք գիտելիքներ ունենան  արտակարգ իրավիճակներում աշխատելու համար: Հիմա պիտի փորձեմ նաեւ դասախոսներին դասավանդել:

 

Ընտանիքը, որ թույլ չի տալիս թուլանալ

 

Ունեմ երեք երեխա, երկու թոռ: Երկու դուստրերս աշխատում են լրատվության ոլորտում: Ժամանակին ավագ դուստրս՝ Նունեն, իմ խմբագիրն էր, կրտսերը՝ Մանեն, Արտակարգ ալիք հեռուստատեսության ղեկավարը, երկուսն էլ լավ օգնականներ էին, որոնց ես շահագործում էի, եւ որոնք ազատագրվեցին իմ լծից: Երեխաներս ինձ մեղադրում էին, թե ինչու ուրիշներն իրենց երեխաների մասին այդքան մտածում են, ես՝ ոչ: Տղաս միանգամից մի քանի ուղղություններ է ընտրել՝ ՏՏ, բիզնես, բանկային գործ, սցենարներ, գիրք, հեքիաթներ է գրում:

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեխաներիցս գոհ եմ, եթե նույնիսկ այս տարիքում ինչ-որ փոքրիկ հարցում ուզենամ ինչ որ թեթեւ մեղանչում անել, երեխաներս չեն թողնի, որովհետեւ իրենք այդպես են դաստիարակվել: Իրենք թույլ չեն տա, որ ես թուլանամ, որի համար ես երջանիկ եմ:

 

Թոռներս՝ Մանեի երեխաները, իմ երջանկությունն են: Մի աշխատող ունեի, հենց ուզում էի ջղայնանալ, հարցնում էր՝ Ալեքսը ո՞նց է: Գիտեր, որ դա իմ մոտ լայն ժպիտ է առաջացնում:

 

Տանը ե՛ւ կնոջս հոգատարությունը, ե՛ւ երեխաներս, եւ՛ թոռներս… այդ ամենն է իմ երջանկությունը: Վերջին՝ դժվարին շրջանում ընտանիքս իմ կողքին էր, շատ գոտեպնդեց եւ նաեւ նրանց եմ պարտական, որ այսօր կարող եմ բաց ճակատով նայել աշխարհին ու ասել, որ շարունակում եմ եւ պիտի շարունակեմ:

 

Ազգ ապրեցնող գաղափարները

 

Այնպես է ստացվել, որ փոքր ժամանակ ավելի շատ մորս հետ եմ եղել, զգացմունքայնությունն ավելի գերիշխող է եղել: Եվ քանի որ մենակ շատ եմ եղել, նաեւ շատ կարդացել եմ ու ստացել փողոցային ու գրքային դաստիարակություն: Տղամարդու մեջ ինչը կկարեւորեի՝  տղամարդկությունը: Տղամարդկությունը ընկերության մեջ ավելի դժվար է, քան թշնամության մեջ: Տղամարդկությունը խաղաղության ժամանակ ավելի դժվար է, քան պատերազմի: Պատերազմում հեշտ է տղամարդ կամ հերոս լինելը, սովորական կյանքում՝ ոչ, երբ ամեն պահի ընտրություն պետք է անես, ամեն պահդ որոշում է պահանջում, չկա ընկերություն առանց ինքնազոհության, ինքնազրկանքի: Հիմա այլ արժեքներ են գնահատվում, ազնվությունը՝ հարիֆություն, բարությունը՝ խեղճություն է համարվում:

 

Ներողամիտ լինելն ամենածանր պատիժն է, ամենադժվար գործն է վիրավորանք կուլ տալը: Այնքան շատ են նախանձության ու թշնամության դրսեւորումները, որ մի առանձին ջանք էլ պահանջում է դա չնկատելը: Եթե ընդհանրացնելու լինեմ՝ մարդ պիտի տղամարդ լինի ու մարդկային լինի:

Նիկոլայ Գրիգորյանը Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տղամարդը, ով մեծ երազանք ունի, իր այդ թիրախի համար, երբեմն, ստիպված է լինում մոռանալ ընտանիքին, ինքն իրեն ու ընտանիքին զոհաբերել շատ ավելի բարձր գաղափարի համար: Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր կարողանում են բարձրանալ իրենցից, իրենց ընտանիքից վեր ու գրկել, փայփայել այն գաղափարները, որոնք ազգ են ապրեցնում, երկիր են ստեղծում, ամրապնդում, որ այդ երկիրը լինի անվտանգ, դիմակայուն, ուրախ, հաջողակ ու երջանիկ: Երբեք հնարավոր չէ, որ նախանձ ու չար մարդիկ երջանիկ լինեն: Բարության մեջ է երջանկությունը:

 

Երկրորդ 30-ամյակ ու ավելի իմաստավորված շարունակություն

 

«Հեղնար աղբյուր» ֆիլմում ասում է՝ «Հըբը կյանքս իզո՞ւր անցավ»… Կարծես սրընթաց անցած լինի կյանքը, որտեղ չես կարողանում հասցնել ընկալել այդ թվի իմաստը, որը, կարծես, ինձ համար չէ: Ներքին մեղավորության զգացում ունեմ, որ շատ բան չեմ արել, թեկուզ կողքից ասում են, որ շատ բան եմ արել: Կիսատ գործեր կան, եւ կփորձեմ 60-ամյա իմաստնությամբ, ավելի արագ ու արդյունավետ կարգավորել խնդիրները եւ ուշադրություն չդարձնել նախանձության, վիրավորանքի վրա, որովհետեւ դրանք ոտքիցդ քաշող են, ճահիճ են տանում, քեզնից շատ մեծ էներգիա, էնտուզիազմ ու գաղափար են խլում:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Նիկոլայ Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին