96-ամյա լեզվաբան Մանուշ Հարությունյան. «Հարկավոր է շատ կարդալ» - Mediamax.am

exclusive
30279 դիտում

96-ամյա լեզվաբան Մանուշ Հարությունյան. «Հարկավոր է շատ կարդալ»


Մանուշ Հարությունյանը
Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Հարությունյանը
Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Հարությունյանը
Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Հարությունյանը
Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Հարությունյանը
Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Հարությունյանը
Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Հարությունյանը
Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Հարությունյանը
Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Հարությունյանը
Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սենյակի փակ դռան հետեւից հնչում է տարեց կնոջ բարձր ձայնը: Կիրթ արտասանությամբ բառերը խնամքով շարվում են կողք-կողքի եւ լսվում է, թե ինչպես է փորձում կիսատ թողնել ճաշը, որպեսզի ընդունի հյուրերին:

 

Հյուրերը մենք ենք, որոնց պատշաճ ընդունելու համար տիկինը մի քանի օր էր խնդրել, բայց վերջին րոպեներին, հավանաբար, չի ցանկանում ավելորդ սպասեցնել: Սենյակից դուրս եկող կնոջը խնդրում ենք փոխանցել նրան, որ կարող է հանգիստ ավարտել ճաշը: Կենտրոնի տնօրենը, որտեղ ապրում է տիկինը, բոցավառված աչքերով պատմում է, որ Մանուշ տատն իրենց պարծանքն է, միշտ հպարտանում են, որ «Հոսպիս»-ի խնամքի տակ այդպիսի գրագետ ու մեծ հարգանք վայելող տիկին է ապրում:

 

-Մի անգամ իր ուսանողներն էին եկել: Երբ լսեցին, որ իր մասին խոսելիս Մանուշ տատ ենք ասում, խիստ զարմացան, թե ինչպես կարելի է անուն հայրանունով դիմելու փոխարեն նրան այդպես դիմել: Հաճախ նաեւ գործընկերներն են այցելում՝ դասախոսներ են,- ասում է կենտրոնի տնօրենն ու անցնում կարեւոր հարցին,- իր հետ բարձր կխոսեք, լավ չի լսում, բայց եթե հստակ արտասանեք, շուրթերով լավ կարդում է: Հա՜, կարդալու մասին, ամեն օր պարտադիր գիրք է կարդում, ինձ խնդրում է, որ գրքեր բերեմ իրեն:

 

Տնօրենի խոսքն ընդհատում է Մանուշ Նազարեթովնային խնամող կինը եւ ասում, որ արդեն կարող ենք մտնել: Լուսավոր սենյակում բազկաթոռին նստած է սպիտակ մազերով տիկինը, արագ ձեռքն է սրբում ու այն մեկնում մեզ բարեւելու: Հատուկ դանդաղ ու վանկերով եմ խոսում եւ սպասում, որ կարդա շուրթերիս գծագրվող բառերը:

Մանուշ Հարությունյանը Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Հարությունյանի ապրած 96 տարիների մասին միայն կնճիռներն են վկայում, որոնք երբեմնի, հավանաբար կոկետ, կնոջ դեմքին դասավորված են նույն այն խնամքով, որով նա ընտրում է հայերենի ամենանուրբ բառերը՝ խոսքը կառուցելու համար: Նույնիսկ՝ անտեղյակ մարդը հայերենի հանդեպ այդքան հոգատար վերաբերմունքից միանգամից գլխի կընկնի, որ լեզվաբան է:

 

Նստում եմ մոտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հարցերս ականջին բարձր արտասանեմ: Մի քանի րոպե անց Մանուշ Նազարեթովնան կկոցում է աչքերը, կոպերը կիսով փակում են թափանցիկ երկնագույն աչքերն ու մեզ տանում նրա մանկություն, Շիրակի մարզի Հովտաշեն գյուղ, որտեղ ծնվել է նա:

 

5 տարեկանի կռիվը

 

Առաջին անգամ դպրոց գնացի շատ տարօրինակ ձեւով: Երկաթուղային աշխատողների երեխաների համար նոր դպրոց էին բացում եւ աշակերտներ էին հավաքում: Մայրս ինձ օգնում էր սովորել գրել: Ամենաբարդը «Ճ» տառը սովորելն էր, անընդհատ պարապում էի: Հետո ստացվեց այնպես, որ բոլոր երեխաներին ընդունեցին, ինձ՝ ոչ: Ասացին՝ դու դեռ փոքրիկ ես: Ընդդիմացա՝ փոքրիկ չեմ, գրել գիտեմ: Եկա տուն, լացուկոծս դրեցի: Պառկել էի գետնին ու լալիս էի, թե ինչու ինձ չթողեցին գնալ դպրոց:

Մանուշ Հարությունյանը Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայրս կայարանում հեռագրիչ էր աշխատում, նրան հարգում էին, նորից գնաց դպրոց, ընդառաջեցին, բայց ասացին, որ կընդունեն ժամանակավոր: Ընդունվեցի դպրոց, սակայն մեկ ամիս անց շատ ծանր հիվանդացա քութեշով: Այն ժամանակ բուժման շատ միջոցներ չկային, բուժումը երկար տեւեց: Մեր տուն եկած հյուրերի գլխավոր նպատակն ինձ զբաղեցնելն էր: Այնպես զբաղեցրին, որ մինչեւ դպրոց գնալն արդեն ավելի շատ բան գիտեի, քան երկրորդ դասարանի աշակերտները (ծիծաղում է,- հեղ.): 

 

Մայրս չնայած միջնակարգ կրթություն էլ չէր ստացել, բայց շատ կարդացած կին էր: Գորգ էր գործում հորս օգնելու համար եւ այդ ընթացքում գիրքը դնում էր կողքին ու կարդում: Չորս երեխա էինք, իմը, քոնը չկար։ Մենք ապրում էինք մյուսների կյանքով։ Կարեւոր, անկարեւոր չկար: Ես երախտապարտ եմ իմ ծնողներին։ Այն, ինչ ես ունեմ, լավ թե վատ, ամենն իմ ծնողներից է գալիս։

 

Լեզուների չիմացությունն ու ապագա թեկնածուի համառությունը

 

Մեր ընտանիքում բոլորս էլ մեծ սեր ունեինք կրթության հանդեպ: Քույրս Լենինգրադում ասպիրանտուրայում էր սովորում, եղբայրս Ստալինյան թոշակ էր ստանում, ես մտածում էի՝ իրավունք ունե՞մ վատ սովորելու: Դպրոցում գերազանցության վկայական ստացա եւ առանց քննությունների ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի Արտասահմանյան երկրների գրականության ֆակուլտետ, իսկ անձնագիր ստացա, երբ երկրորդ կուրսի ուսանող էի: Այնտեղ լեզուն անցնում էինք այնքան, որքան կբավարարեր ուղղակի կարդալու համար:

Մանուշ Հարությունյանը Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանում լավ էի սովորում, բնավորությամբ էլ գյումրեցի էի եւ չէի կարող հետ մնալ ուրիշներից: Որոշ ժամանակ անց գերազանցության թոշակ էի ստանում, ապա՝ Մայակովսկու անվան կրթաթոշակ:

 

Բուհն ավարտելուց հետո մեր ազգականներից մեկը, ով ամբիոնի վարիչ էր, ինձ առաջարկեց գերմաներեն դասավանդել: Մինչ առաջին օրը աշխատանքի գնալը 10 ժամ փորձում էի, թե ինչ պիտի հագնեմ, որպեսզի լուրջ եւ տարիքով մարդու տպավորություն թողնեմ:

 

Գերմաներենի ընտրությունը, իրականում, պատահական եղավ: Ինձ ուղարկեցին Մոսկվայի պետական համալսարան՝ ասպիրանտուրայում սովորելու՝ օտար լեզուների գծով: Ես ոչ ռուսերեն գիտեի, ոչ գերմաներեն:

 

Այդ լեզուները յուրացնելու հարցում կարեւոր դեր խաղաց ինքնասիրությունը եւ ցանկությունը, որ հայերի մասին վատ կարծիք չունենան: Միաժամանակ, անկախ ինձանից գերազանց սովորեցի երկու լեզուն էլ եւ բոլոր քննություններս գերազանց էի հանձնում: Ղեկավարս միշտ ասում էր՝ ինչ արտակարգ ջանասեր աղջիկ է: Նա ինձ առաջարկեց Գերմաներենի պատմության թեման վերցնել, որը պաշտպանելու համար ոչ միայն լեզվի տարբեր շրջանները պետք է ուսումնասիրեի եւ քննություններ հանձնեի, այլեւ հին գերմանական լեզուներն իմանայի՝ հին սաքսոներեն, հին վերին գերմաներեն եւ այլն: Կարդում էի, հասկանում էի, սովորում եւ հանձնում քննություններս, արտառոց բան չկար: Առաջին քննությունները, որ հանձնեցի՝ երկու առարկայից էր՝ գերմանական բանասիրություն եւ գոթական լեզու, երկու հինգ ստացա:

Մանուշ Հարությունյանը Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ աշխատում էի թեմայիս վրա, ղեկավարս ոչ մի հարցում չէր օգնում, ասում էր՝ ասպիրանտ ես, պարտավոր ես ինչպես հարկն է սովորել: Մինիմումը հանձնելու ժամանակ ինձանից առաջ մի աղջիկ էր պաշտպանում, ում ղեկավարը շատ դանդաղ էր խոսում: Ինձ հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ասաց, որ գրեթե ժամանակ չի մնում եւ պետք է կրճատեմ ելույթս: Ես՝ իմ վատ ռուսերենով, կրճատեմ խոսքս… Տրամադրությունս ընկած հետ եկա, բայց գլխումս նրա այլ խոսքն էր հնչում՝ «գիտե՞ք Ձեզ հետ պաշտպանողների շրջանում գիտությունների ամենաերիտասարդ թեկնածուն եք լինելու»:

 

Ինձ հետ պաշտպանող ընկերուհիս ասաց՝ «Մանուշկա, ոչ մի բան մի կրճատիր: Դու շատ արագ ես խոսում, դա էլ կլինի կրճատում»: Շատ էր զավեշտալի այն, որ առանց ռուսերենի եւ, իմ կարծիքով, գերմանական լեզուների պատշաճ իմացության ես ընդունվեցի ասպիրանտուրա եւ պաշտպանեցի գերազանց: Դարձա Հայաստանում առաջին գիտությունների թեկնածուն, որը պաշտպանել էր օտար լեզուների գծով:

 

Սովորելու տարիներին ես ղեկավարիս ոչինչ չնվիրեցի, բայց ավարտելուց հետո նրան հայկական կոնյակ, գինի ու կոնֆետ էի տարել, եւ հրավիրեցի իր ընտանիքի հետ այցելել Երեւան՝ որպես շնորհակալություն այն մարդուն, ով ինձ դեպի կյանք ուղեգիր էր տվել: 

 

Հատուցված պարտքը

 

Վերադարձա Հայաստան: Թեեւ ԵՊՀ շրջանավարտ էի, բայց նախընտրեցի դասավանդել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, քանի որ այնտեղ լեզուն էր հիմնական մասնագիտությունը: Ամբիոնի վարիչն էի, եւ եղավ այնպես, որ երկու տարի Լեզվաբանականն ու Երեւանի պետական համալսարանը միավորեցին: Երբ նորից առանձնացնում էին, ԵՊՀ պրոռեկտորն ինձ առաջարկեց մնալ համալսարանում՝ խոստանալով նաեւ համալսարանականների ծրագրով բնակարան տալ: Ես հպարտ երեխա էի, մտածեցի՝ ինչպե՞ս, իմ ամբիոնի անդամներին անտե՞ր թողնեմ: Նրանց հետ վերադարձա Բրյուսովի համալսարան, բայց մեկ տարի անց ինձ համոզեցին տեղափոխվել ԵՊՀ:

Մանուշ Հարությունյանը Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիմումս ներկայացրեցի, ինձ հետ մրցույթին եւս երեք հոգի էր մասնակցում: Մրցույթն անցա ընդամենը երեք դեմ-ով եւ նշանակվեցի Օտար լեզուների ամբիոնի վարիչ: Բոլոր հարցերում իմ նկատմամբ արտակարգ վերաբերմունք կար, նույնիսկ պարգեւատրություն ստացա ռեկտորի, պրոռեկտորի ու եւս երկու հոգու հետ: Այդ շրջանում պահանջ դրեցի, որ բոլոր դասախոսներն իրենց կողմից դասավանդվող լեզվի բառարան կազմեն:

 

Համարում էի, որ այդ ոլորտում պարտավոր եմ ինչպես հարկն է բոլորին օգնել: Ինքս էլ էի դասագրքեր գրում ու թարգմանչական աշխատանքով զբաղվում: Պարտավոր էի այդ ամենն անել, սիրում էի աշխատել եւ արդյունքը ստացվում էր: Գրեցի մոտ 50 աշխատություն:

Մանուշ Հարությունյանը Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գերմաներեն-հայերեն եւ հայերեն-գերմաներեն եզակի բառարանը համահեղինակեցի, գրեցի Գերմաներենի քերականության դասագիրքը: Որքան էլ տարօրինակ է, բայց այդ գրքով ավելի շատ տարվեցին Գերմանիայում ապրողները, քան տեղացիները։ Գրեցի նաեւ 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարանների դասագրքեր, որոնք ամեն տարի վերահրատարակվում էին։ Այդ շրջանում անհրաժեշտ եղավ նաեւ գերմաներենի մի ձեռնարկ գրել, որպեսզի Գերմանիայում աշխատող բանվորները կարողանան առանց դժվարությունների հաղորդակցվել:

 

Սեղանի գոհարը

 

Իմ սեղանի գոհարը գերմանացի լեզվաբան, հայագետ, իրանագետ Հայնրիխ Հյուբշմանի «Հայագիտական ուսումնասիրություններ»-ի թարգմանությունն է, որի վրա երկար եմ աշխատել: Ես այս գրքով կարող եմ ասել, որ իզուր չեմ ապրել կյանքս։ Գիրքը տարա տպագրության, ասացի՝ հոնորար չեմ պահանջում, միայն աշխատեք արագ հասցնել։ Հրատարակվեց Գյուլբենկյան հիմնադրամի օգնությամբ։

Մանուշ Հարությունյանը Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչո՞ւ էր պետք Հայնրիխ Հյուբշմանի գրքի թարգմանությունը: Հայնրիխ Հյուբշմանի լեզուն հասարակ լեզու չէ։ Նա արտակարգ լեզվաբան է: Այդ շրջանում ավարտողները, երբ զբաղվում էին լեզուների ուսումնասիրմամբ, բոլորը համարում էին, որ հայերենն իրանական լեզու է։ Նա եւս այդպես էր համարում, բայց աշխատանքի ժամանակ նկատել էր, որ այն բառերը, որոնք եւ՛ իրանական լեզուներում կան, եւ՛ հայերենում, բոլորովին տարբեր օրենքների են ենթակա։ Մեկնեց Իտալիա, Սուրբ Ղազար կղզում մի ամբողջ տարի ուսումնասիրեց հայերենը, շատ լուրջ պայքար տարավ եւ ապացուցեց, որ հայերենն իրանական լեզու չէ, այլ ինքնուրույն՝ հնդեվրոպական լեզու է։ Քանի որ մեր շրջանավարտներն այդքան չէին կարող գերմաներեն սովորել, որ Հայնրիխ Հյուբշման կարդային, ես հասկացա, որ իմ հիմնական պարտականությունը պետք է լինի նրան թարգմանելը:

 

Շատ կարդալու խորհուրդը

 

Մայրենի լեզուս համարում եմ հայերենը: Բացի գերմաներենից եւ ռուսերենից բավական լավ սովորեցի անգլերեն եւ ֆրանսերեն, որոնք խիստ անհրաժեշտ էին ինձ։ Եվ ռուսերենը շատ էի սովորում ոչ միայն որ անհրաժեշտ էր, այլեւ առանց ռուսերենի հնարավոր չէ շփվել համաշխարհային գրականության ու շատ ուրիշ բաների հետ։

 

Իմ հիմնական խորհուրդը հետեւյալն է՝ հարկավոր է շատ կարդալ եւ չընտրել, որովհետեւ բոլոր տեղերից այնքան մեծ ինֆորմացիա ես ստանում, եւ հանկարծ հասկանում ես՝ սա էլ չգիտեի, սա էլ… եւ մտահորիզոնդ լայնանում է։ Այնքան սիրելի գրողներ ունեմ, եւ ոչ միայն գերմանացիներ, այլեւ անգլիացի, ֆրանսիացի։

Մանուշ Հարությունյանը Մանուշ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես շատ եմ կարդում, նույնիսկ այս տարիքում: Եթե չկարդայի՝ ցնդել էի արդեն։ Նորից վերընթերցեցի շատ գրքեր, որոնք կարդացել էի, եւ ուրիշ ձեւով ընկալեցի դրանք։ Չի կարող պատահել, որ գիրքն ընկնի ձեռքս եւ ես կիսատ կարդամ եւ ասեմ, որ այսինչը վատ գրող է։ Ամեն մեկն իր տեղն ունի։ Իհարկե, կան գրողներ, որոնք հետաքրքիր, հեշտ են գրում, բայց չես կարող միայն իրենցից ինֆորմացիա ստանալ։ Յուրաքանչյուրն իր ինֆորմացիան է տալիս քեզ, եւ եթե կարիք ունես այդ ինֆորմացիայի՝ մեծ հաճույքով ես կարդում։

 

***

 

Ապրած 96 տարիները երկու ժամում վերապրելու ընթացքում Մանուշ Նազարեթովնայի ձայնը հաճախ է դողում, աչքերը լցվում են, երբեմն որոշ բաներ մոռանում է, մի քանի րոպե լուռ ու խորասուզված հայացքն ուղղում պատուհանին, բայց այն դուրս է գալիս սենյակի պատերից ու ավելի հեռուն գնում: Քիչ անց նորից վերադառնում է ու շարունակում խոսքը: Պատմության վերջին էջը փակելուց հետո խաղաղ ժպտում է, ապա ուղղվում իմ կողմը. «Եթե ինչ-որ հարցում կարող եմ Ձեզ օգնել, անկաշկանդ դիմեք: Նույնիսկ, կարող եք գալ, գերմաներեն սովորել»:

 

Այնուհետեւ պարտադրում է կոնֆետ վերցնել.

 

-Շնորհակալություն, որ այդքան համբերատար լսեցիք ծեր պառավիս:

 

Ժպտում եմ, մոտենում իրեն, կռանում բազկաթոռի առաջ ու ճերմակ ձեռքը պահում ափերիս մեզ:

 

-Ձեզ շնորհակալություն, Մանուշ Նազարեթովնա:

 

-Այցելեք ինձ, ուրախ կլինեմ շատ,- ասում է տիկինն ու հայացքը սառեցնում դռան կողմը, մինչ այն փակվում է մեր հետեւից:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին