Մեր եւ Մաթիաս Քիսլերի անակնկալը՝ Մանուշ Հարությունյանի 96-ամյակին - Mediamax.am

exclusive
8579 դիտում

Մեր եւ Մաթիաս Քիսլերի անակնկալը՝ Մանուշ Հարությունյանի 96-ամյակին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 12-ին Մեդիամաքսն ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այցելել են լեզվաբան Մանուշ Հարությունյանին՝ շնորհավորելու նրա ծննդյան տարեդարձը: Անակնկալ այցը կազմակերպվել էր Մեդիամաքսի նախաձեռնությամբ, որին դեսպանը սիրով միացել է: Այցի մասին Մանուշ Նազարեթովնան չի իմացել, բայց «Հոսպիս»-ում նրան հատուկ պատրաստել են այդ հանդիպմանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուշ Նազարեթովնայի սենյակի դուռը փակ է: Բացում եմ ու առաջին բանը, որ նկատում՝ հատակին թափված փայլերն են (արդեն սկսել են ծննդյան տոնը նշել): Մանուշ Նազարեթովնան նստած է իր բազկաթոռին, գեղեցիկ հագնված, մարգարիտե վզնոցով: Մոտենում եմ նրան, շնորհավորում, միանգամից ճանաչում է.

Լուսանկարը` Մեդիամաքս

-Ինչքան ուրախ եմ, որ այցելել եք: Ես մտածում էի, թե երբ կգաք նորից: Ես երջանիկ եմ ձեզ նորից հանդիպել: Այսօր այնքան շքեղ եմ հանգնվել, ամբողջ կյանքում չեմ ջանացել այսպես, բայց մեր կենտրոնի աշխատակիցները հատուկ պատրաստել են ինձ:

 

-Մանուշ Նազարեթովնա, մենակ չենք: Հատուկ հյուր ունեք:

Մանուշ Նազարեթովնայի աչքերը լցվում են, անհանգիստ դռան կողմն է նայում: Հայտնում եմ, որ Գերմանիայի դեսպանի հետ ենք եկել, բայց միանգամից չի ըմբռնում, թե ով է հյուրը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեսպան Մաթիաս Քիսլերը ներս է մտնում եւ սկսում է գերմաներեն խոսել: Մանուշ Նազարեթովնան նախ հուզվում է.

 

-Ես հինգ տարի գերմաներեն չեմ խոսել, վստահ չեմ, որ վարժ կկարողանամ խոսել:

 

-Դուք հրաշալի գերմաներեն եք խոսում, - նկատում է դեսպանը, գրկում պրոֆեսորին եւ ապա մոտ նստում նրան: Հաջորդ 40 րոպեներին դեսպանն ու Մանուշ Նազարեթովնան գերմաներենով են շփվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քիչ անց դեսպանի հետ եկած կինն է մոտենում ու շնորհակալություն հայտնում: Մերի Կարապետյանը, ով այժմ աշխատում է Գերմանիայի դեսպանատանը, Մանուշ Նազարեթովնայի ուսանողներից է եղել եւ ծննդյան շնորհավորանքներից բացի սիրելի դասախոսին է փոխանցում իր եւ նրա բոլոր ուսանողների շնորհակալությունը:

 

-Մանուշ Նազարեթովնա, ինչպե՞ս եք Ձեզ զգում,- նստում եմ նրա հարեւանությամբ:

 

-Հրաշալի, ես այնքան հպարտ եմ: Շնորհակալ եմ, որ այս մարդու հետ եք եկել: Ես կարոտել էի գերմաներեն խոսելուն, երջանիկ եմ, որ նման հնարավորություն ունեցա:

 

-Մանուշ Նազարեթովնա, այս մարդը Հայաստանում Գերմանիայի դեսպանն է, հավանաբար միանգամից գլխի չընկաք:

 

-Ինչպե՞ս թե դեսպանն է, Աստված իմ…

Լուսանկարը` Մեդիամաքս

Դարձյալ հուզվում է, աչքերն անհանգիստ այս ու այն կողմ տանում, հետո նորից շրջվում դեսպանի կողմը: Տիկինն անդադար պատմում է իր կյանքի բոլոր կարեւոր դրվագները, թե ինչպես է սովորել գերմաներեն, ինչպես է պաշտպանել ու ինչպես թարգմանել իր կյանքի կարեւոր գիրքը՝ Հայնրիխ Հուբշմանի «Հայագիտական ուսումնասիրությունները»:

 

Դեսպանը կլանված լսում է տիկնոջը ու նրանց զրույցն ընդհատվում է, երբ առաջարկում են կտրել ծննդյան տորթը: Այնուհետեւ Մանուշ Նազարեթովնան դեսպանին է ցույց տալիս իր սենյակի պատին կախված նկարն ու ասում, որ թոռն է նկարել երեք տարեկանում, հետո հպարտությամբ պատմում, որ միջազգային ցուցահանդեսում երրորդ տեղն է զբաղեցրել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինձ համար մեծ պատիվ էր այցելել մի կնոջ, ով այնքան մեծ վաստակ ունի Հայաստանում գերմանագիտության զարգացման գործում, ծանոթանալ պրոֆեսոր Հարությունյանի հետ եւ տեսնել, թե ինչ տպավորիչ կենսագրություն ունի: Չափազանց զգացված եմ, որովհետեւ ծանոթացա մի կնոջ հետ, ով ասում էր, թե հինգ տարի չի խոսել գերմաներեն, բայց հրաշալի գերմաներենով էր զրուցում ինձ հետ: Որպես դիվանագետ շատ-շատ հետաքրքիր մարդկանց ես հանդիպում, բայց հազվադեպ է լինում, որ ծանոթանում եմ այնպիսի անձնավորության հետ, որը երկար տարիներ լեզվի միջոցով կարողացել է զարգացնել հարաբերություններ այնպես, ինչպես դա արել է տիկին Հարությունյանը»,- ասում է Մաթիաս Քիսլերը Մանուշ Նազարեթովնայի սենյակից դուրս գալուց հետո:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեսպանին հրաժեշտ տալուց հետո վերադառնում եմ սենյակ, որտեղ Մանուշ Նազարեթովնան նստած է ծննդյան օրն իրեն այցելած մտերիմների հետ: Մոտենում եմ, բռնում ձեռքը, աչքերը փայլում են, շուրթերը՝ դողում.

 

-Ինձ ցուցահանդես սարքեցիք Դուք եւ Սոֆյան (իր մտերիմն է-հեղ.), այս ինչ հրաշալի բան արեցիք: Իմ կյանքում ես ոչինչ չեմ արել շնորհակալության համար, արել եմ, քանի որ պարզապես համարել եմ՝ դրա կարիքը կա: Երբեք ոչ մեկի չեմ մերժել, հավանաբար դրա համար եմ այսքան երկար ապրում: 

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին