Ռոբերտ Քարու. Հանքարդյունաբերության «Երկաթե մարդ» բնապահպանը - Mediamax.am

exclusive
7228 դիտում

Ռոբերտ Քարու. Հանքարդյունաբերության «Երկաթե մարդ» բնապահպանը


Ռոբերտ Քարուն ընտանիքի անդամների հետ
Ռոբերտ Քարուն ընտանիքի անդամների հետ

Լուսանկարը` Ռ.Քարուի արխիվից

Ռոբերտ Քարուն ընտանիքի անդամների հետ
Ռոբերտ Քարուն ընտանիքի անդամների հետ

Լուսանկարը` Ռ.Քարուի արխիվից

Ռոբերտ Քարուն
Ռոբերտ Քարուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբերտ Քարուն
Ռոբերտ Քարուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբերտ Քարուն
Ռոբերտ Քարուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբերտ Քարուն
Ռոբերտ Քարուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբերտ Քարուն Ամուլսարում
Ռոբերտ Քարուն Ամուլսարում

Լուսանկարը` Լիդիան

Ռոբերտ Քարուն, Հայկ Ալոյանը եւ Արմեն Ստեփանյանը
Ռոբերտ Քարուն, Հայկ Ալոյանը եւ Արմեն Ստեփանյանը

Լուսանկարը` Լիդիան


Բնապահպանական կրթությամբ Ռոբերտ Քարուն երբեք չէր մտածում, որ մի օր կսկսի աշխատել հանքարդյունաբերական ընկերությունում, իսկ տարիներ անց կհայտնվի մի երկրում, որի մասին անգամ չէր լսել: Բնապահպան գիտնականին եւ նրա կնոջը Հայաստան է բերել ու արդեն երկու տարի այստեղ է պահում աշխատանքը Լիդիան Արմենիայի Ամուլսարի նախագծում:

 

Բնապահպանական առողջապահության ոլորտում կրթություն ստացած 62-ամյա Ռոբերտ Քարուն շատ է կարեւորում առողջ ապրելակերպն ու անգամ Երեւանում բաց չի թողնում ոչ մի սպորտային իրադարձություն: Ժամանակին երկու անգամ Iron Man տրիատլոնի (Երկաթե մարդ եռամարտ) մասնակցած Ռոբերտ Քարուն Հայաստան տեղափոխվելուց հետո մասնակցել է նաեւ Երեւանի կիսամարաթոններին:

 

Մեդիամաքսը Lydian International ընկերության կայուն զարգացման փոխնախագահ Ռոբերտ Քարուի հետ զրուցել է բնապահպանության եւ հանքարդյունաբերության փոխազդեցությունների, Հայաստանում ապրելու առանձնահատկությունների, առողջ ապրելակերպի, կյանքում եւ աշխատանքում կարեւոր արժեքների մասին:

 

Բնապահպանական տեխնոլոգիաներում կրթությունն ու հանքարդյունաբերությունը

 

Ես էնտուզիաստ եմ, ով շատ է սիրում բնությունը, հետեւաբար, շրջակա միջավայրի պաշտպանությունը լավագույն ոլորտն էր, որում իմ կիրքն ու հետաքրքրությունները կարող էի ներդնել հետազոտությունների եւ, ի վերջո, աշխատանքի մեջ:

 

Սկզբում ես չէի ակնկալում, որ կաշխատեմ հանքարդյունաբերական ընկերությունում: Սովորաբար բնապահպանները դեմ են հանքարդյունաբերական ընկերություններին, քանի որ, ենթադրվում է, որ դրանք բացասաբար են ազդում շրջակա միջավայրի վրա: Այդուհանդերձ, 1979թ.-ին ես սկսեցի աշխատել հանքարդյունաբերական ընկերությունում, որովհետեւ հասկացա, որ կարող էի լինել լուծման եւ փոփոխության մասնակիցը, որն ավելի լավը կդարձներ հանքարդյունաբերությունը: Այն ժամանակ շրջակա միջավայրի աղտոտումը և հարակից ուսումնասիրությունները դեռ նոր էին եւ ես կարողացա որոշակի փորձառություն բերել այս ոլորտ:

Ռոբերտ Քարուն Ռոբերտ Քարուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարիների ընթացքում հանքարդյունաբերությունը զգալիորեն փոխվել է: Ինչպես ասացի՝ երբեք չէի մտածում, որ կաշխատեմ հանքարդյունաբերական ընկերությունում, բայց այդ ոլորտ մտնելուց հետո ես հասկացա դրա բոլոր դրական կողմերը, եւ մնացի:

 

Աշխատանքը պետական եւ մասնավոր հատվածների հետ

 

Ես նաեւ աշխատել եմ կառավարական կառույցներում: Անշուշտ, նախընտրում եմ աշխատանքը մասնավոր հատվածի հետ: Օրինակ, Լիդիանի գլխավոր գործառնական տնօրենի աշխատասենյակն իմ աշխատասենյակի հարեւանությամբ է, իսկ գործադիր տնօրենինը՝ մի քանի սենյակ այն կողմ: Մենք՝ երեքս, ընկերությունում կարևոր փոփոխություններ կատարելու բավարար լիազորություն ունենք, մինչդեռ կառավարությունում այդ առումով կա բյուրոկրատիա եւ տարբեր մակարդակներում ծագող խնդիրներ: Ավելի շատ բավականություն ես ստանում, երբ ի վիճակի ես փոփոխություններ կատարել, եթե դա պահանջվում է:

 

Հանքարդյունաբերությունում առկա բնապահպանական բարդ խնդիրները

 

Աշխարհում հանքարդյունաբերությունը վերջին շրջանում շատ է փոխվել: Ամենաբարդ խնդիրներից մեկն անցյալից մնացած ժառանգության եւ հեղինակության հետ է կապված, քանի որ մարդիկ հիշում են, թե ինչպիսին էր հանքարդյունաբերությունն անցյալում:

 

Թույլ տվեք օրինակ բերեմ: Երբ ես երիտասարդ էի, և երբ ընտանիքով տեղ էինք գնում, մենք կարող էինք նստել մեքենայի հետնամասում՝ առանց ամրագոտիների: Ամրագոտիներ չկային: Հաճախ մարդիկ Կոլա էիր խմում, ու հետո դատարկ շիշը ուղղակի կարող էին դուրս նետել պատուհանից, քանի որ այն ժամանակ տարածված չէր գիտակցումը, որ այդպես չի կարելի: 40 տարի առաջ մենք չգիտեինք, որ կան որոշակի բաներ, որոնք կարող են երկարատեւ հետեւանքներ ունենալ շրջակա միջավայրի վրա եւ անհրաժեշտ է կառավարել դրանք: Այժմ մենք գիտենք, որ չի կարելի ընդերքից դուրս հանել քարը եւ լցնել այն առվի մոտ՝ առանց հատուկ պաշտպանական համակարգերի, քանի որ դա աղտոտում կառաջացնի:

Ռոբերտ Քարուն Ռոբերտ Քարուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանը, որպես հետխորհրդային երկիր, լավ օրինակ է, որովհետեւ Խորհրդային տարիների հանքարդյունաբերությունը օգտագործում էր ամբողջ հնացած մեթոդաբանությունը, որի մասին մարդիկ մինչ օրս հիշում են: Այժմ, հասկանալի է, թե ինչու են որոշ մարդիկ ասում՝ դուք նրանցից մեկն եք եւ պատրաստվում եք անել նույն բանը:  

 

Հյուսիսային Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Կանադան իրենց երկրները կառուցել են հանքարդյունաբերությամբ եւ ռեսուրսների շահագործմամբ: Կանադան մեծ հանքարդյունաբերական, բայց եւ գեղեցիկ երկիր է, մենք ունենք հրաշալի այգիներ, անտառներ, լճեր եւ գետեր: Դա հնարավոր է: Ինձ համար ամենամեծ մարտահրավերն է այնպես անել, որ մարդիկ մոռանան, թե ինչ է եղել երեկ եւ հավատան, որ այսօրվա տեխնոլոգիան մաքուր է:

 

Իհարկե, հանքի շահագործման ընթացքում օրինակ, վիզուալ ազդեցություններ կլինեն, մենք մեծ բաց հանք կունենանք,  մակերեսին բլուրներ կհայտնվեն, բայց հանքարդյունաբերության ավարտից հետո տարածքը բուսականությամբ կծածկենք: Արտաքինից շատ բաներ տարբեր կլինեն, բայց տարածքը պիտանի կլինի օգտագործման:

 

Լիդիանում աշխատանքի առանձնահատկությունները

 

Ես բնապահպան գիտնական եմ, հանքարդյունաբերությունում աշխատել եմ 1979թ.-ից եւ բնության պաշտպանությունն ինձ համար առաջնային է:

 

Ես հեռախոսազանգ ստացա Լիդիանից, քանի որ երկար տարիների աշխատանքի արդյունքում հեղինակություն էի վաստակել: Լիդիանը հետաքրքրված էր՝ արդյո՞ք, կցանկանամ օգնել այդ նախագծում: Ես այդ պահին թոշակի էի անցել եւ բավականություն էի ստանում ամենով, որ զբաղված էի: Բայց նախագիծը շատ հետաքրքիր թվաց, այդպիսով ես կնոջս հետ եկա տեսնելու, թե ինչ է այն: Իմ մնալու պատճառը Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հավատն էր այս նախագծի հանդեպ ու փաստը, որ նա ձգտում է կիրառել միջազգային լավագույն չափանիշները եւ չի ստորադասում շրջակա միջավայրը կամ մարդկանց անվտանգությունը, ինչը ինձ համար շատ կարեւոր է: 

Ռոբերտ Քարուն Ռոբերտ Քարուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես չէի գա մի տեղ, ուր պատասխանատու եւ ժամանակակից հանքարդյունաբերություն չի ապահովվում: Ես կարծում էի, որ կարող եմ որոշակի  ներդրում ունենալ: Ամուլսարի Կայուն զարգացման խմբում 39 մարդ է ներգրավված: Ես ունեմ շատ գրագետ եւ ընդունակ թիմ: Բոլոր այս մարդիկ կրթված են եւ պատրաստ են սովորել, այսպիսով՝ սա ինձ համար մենթորության եւ ուսուցման հնարավորություն է:

 

Իմ դերն այստեղ շրջակա միջավայրի պաշտպանությանը հետեւելն է, համայնքի ներգրավվածությունը ապահովելը (համոզված լինել, որ մենք լսում եւ համագործակցում ենք) եւ անվտանգության, աշխատակիցների առողջության ու բարեկեցության ապահովումը: Սա ինձ համար բնական է, քանի որ դրանք արժեքներ են, որոնց ես հավատում եմ:

 

Ես հավատում եմ առողջ կենսակերպի կարեւորությանը, մասնագիտական կյանքիս մեծ մասն հանքարդյունաբերությունում եմ աշխատել: Ես 62 տարեկան եմ եւ դեռ մասնակցում եմ մարաթոնների ու Ironman տրիատլոնի: Շատ ակտիվ եմ, այնպես որ, մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը հետեւելը մի բան է, որ ես շատ կարեւորում եմ:

 

Առաջին տպավորությունը Հայաստանից

 

Հաճելիորեն զարմացած էի, երբ եկա Հայաստան: Ես չգիտեի՝ ինչ սպասել: Շատ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե որտեղ է Հայաստանը գտնվում, եւ պիտի ասեմ, որ ինքս էլ չգիտեի, երբ զանգը ստացա: Իմ պատկերացումն ունեի, թե ինչպիսին է հետխորհրդային երկիրը: Ես չէի ակնկալում տեսնել այսքան գեղեցիկ քաղաք, ինչպիսին Երեւանն է: Մենք գալիս էինք օդանավակայանից, ուշ գիշեր էր: Հասանք Հանրապետության հրապարակ, որտեղ շատրվանները միացված էին, հուլիս ամիսն էր, Անդրեա Բոչելլին «Con Te Partiro»-ն էր երգում եւ բոլոր շենքերը լուսավորված էին: Մեր առաջին ժամանումից այդպիսի գեղեցիկ տպավորություն ստացանք: 

 

Հետո մի քանի օր ունեիք Երեւանը բացահայտելու համար: Դուք շատ հրաշալի վայրեր ունեք: Համալսարանը միշտ փոխում է քաղաքը, եւ դուք մի քանի համալսարան ունեք: Ենթակառուցվածքը տպավորիչ է, այստեղ ապահով է, մաքուր, իսկ մարդիկ՝ բարեկամական:

 

Այո, որոշ խնդիրներ կան, ենթակառուցվածքները դեռեւս զարգանում են եւ կշարունակեն զարգանալ, բայց ես, ընդհանուր առմամբ, տպավորված էի եւ մենք վայելում էինք մեր ժամանակն այստեղ: Մեծագույն բանը, ինչպես նշեցի, մարդիկ էին: Նրանք շատ բաց եւ ընկերական էին, օգնելու պատրաստակամությամբ:

Ռոբերտ Քարուն Ռոբերտ Քարուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես սովորում եմ հայերեն, կարող եմ մի փոքր խոսել, բայց այսօր կխոսեմ անգլերեն (Ռոբերտ Քարուն նախադասությունն արտասանում է հայերենով,- հեղինակ):  Մենք սովորեցինք այբուբենը, հայոց լեզուն եւ մարդիկ այնքան գոհ էին դրանից: Երբ որեւէ բան էինք հարցնում հայերենով, մարդիկ շատ գնահատում էին, որ ժամանակ ենք հատկացրել լեզուն սովորելու համար: 

 

Ես հիշում եմ՝ մի օր իրավաբանի գրասենյակում էինք եւ դռան վրա հայերեն տառերով գրված էր «Նոտար»: Ես եւ կինս նստած էինք ու կարդացինք դա բարձրաձայն, իսկ ընդունարանի աշխատողն ասաց. «Աստված իմ, դուք հասկանում եք մեր լեզուն: Դա այնքան լավ է»: Հետաքրքիր է տեսնել, որ մարդիկ գնահատում են մեր ջանքերը:

 

Հայաստանի առանձնահատկություններն ու հանքարդյունաբերությունը

 

Հանքարդյունաբերությունը կարող է լինել միայն այնտեղ, որտեղ կան ռեսուրսներ: Դա խանութ կամ այլ արդյունաբերություն հիմնելու նման չէ, դուք պետք է ճիշտ «ժայռ» (երկրաբանություն) ունենաք: Ինչպես գիտեք, Հայաստանը ժայռերի երկիր է, դուք լավ հանքարդյունաբերական պաշարներ ունեք, եւ դա ներդրումներ գրավելու հնարավորություն է: Միջազգային ներդրողի համար, սակայն, ձեր ունեցած մեծագույն ռեսուրսը մարդիկ են: Հայաստանում բնակչությունը շատ կրթված է, եւ դա մեծ առավելություն է ներդրողների համար: Հանքը շահագործելու համար հարկավոր է լինելու 700 մարդ եւ մենք հեշտությամբ կգտնենք այդ խելացի ու գիտակ 700 մասնագետներին: Սա մեծ առավելություն է երկրի համար:

Ռոբերտ Քարուն Ամուլսարում Ռոբերտ Քարուն Ամուլսարում

Լուսանկարը` Լիդիան

Կարծում եմ՝ ամենը, որ արվում է Ամուլսարի նախագծում շատ եզակի է աշխարհի ցանկացած կետում փոքր նախագծի համար: Աշխարհում շատ կան մեծ հանքարդյունաբերական ընկերություններ եւ ես աշխատել եմ նրանց հետ (Barrick, Newmont, Teck, Goldcorp, Kinross), բայց Լիդիանը փոքր ընկերություն է, որն ընտրել է փորձառու մարդկանց, բոլոր ղեկավարները, մեծամասամբ, մարդիկ են, ովքեր 30 տարվա փորձ ունեն:

 

Սովորաբար, փոքր ընկերությունները փոքր բնապահպանական եւ սոցիալական ծրագրերից են սկսում: Ամուլսարը սակայն սկսել է մեծ սոցիալական եւ բնապահպանական ծրագրերով, եւ ինձ համար կարեւոր է, որ ես աշխատում եմ մի հանքավայրում, որը պատրաստվում է 25 հազ. հա ազգային պարկ հիմնել: Իմ աշխատանքային փորձում սա առաջին հանքավայրն է, որն աջակցում է երկրում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրմանը: Մենք անկախ խորհրդատվական  խումբ ունենք, որի 5 միջազգային եւ 2 հայ անդամները խորհրդատվություն են տրամադրում եւ ազդեցություն ունեն ծրագրի վրա: Այս ամենը ինձ համար գրավիչ են դարձնում նախագիծը եւ ես հպարտ եմ, որ ներառված եմ դրանում:

 

Լիդիանի արած աշխատանքն, ուղղված կենսաբազմազանության պաշտպանությանը, օրինակ է նույնիսկ միջազգային այլ հանքավայրերի կենսաբազմազանության փորձագետների եւ պատասխանատուների համար: Սա մի բան է, որով հայերը կարող են շատ հպարտանալ, քանի որ այս հանքն օրինակ կծառայի աշխարհի շատ այլ հանքերի համար:

 

Ընտանիքը՝ որպես ամենամեծ նվաճում

 

Ես ունեմ չորս երեխա՝ երկու տղա եւ երկու աղջիկ: Նրանք բոլորն ամուսնացած են եւ երեխաներ ունեն: Ես 11 թոռնիկների պապիկ եմ: Ընտանիքն ինձ համար ամենակարեւորն է: Ես կառուցել եւ շահագործել եմ հանքավայրեր ամբողջ աշխարհում, բայց ինձ համար  մեծագույն նվաճումն ընտանիքս է: Երեխաներիս հետ նախկինի նման ընկերություն անելու կարողությունը, նրանց հաջողակ ու ամուսնության մեջ երջանիկ լինելը, լավ աշխատանք ունենալը՝ սա է իմ ամենակարեւոր դերը որպես ծնող, հայր:

Ռոբերտ Քարուն ընտանիքի անդամների հետ Ռոբերտ Քարուն ընտանիքի անդամների հետ

Լուսանկարը` Ռ.Քարուի արխիվից

Երբ ես ինչ-որ բան եմ անում, ես մտածում եմ, թե ինչպես դրան կարձագանքեն երեխաներս: Ես երբեք չէի կարող անազնիվ լինել, քանի որ իմ երեխաները կարող էին թերթերում կարդալ, իմանալ ինչ եմ անում եւ ասել. «Հայրիկ, սա դո՞ւ ես»:

 

Ազնիվ եւ թափանցիկ լինելը, մարդկանց ասելը, թե ինչպիսին կլինեն ազդեցությունները, շատ կարեւոր է ինձ համար: Ես երբեք չէի ներգրավվի մի բանում, որը բացասաբար կազդեր ինչ-որ մեկի առողջության կամ կյանքի վրա: Եթե հետեւանքներ կան, ես չեմ լինի անազնիվ եւ չեմ ասի, որ չեն լինելու: Կասեմ, որ ազդեցության ընդունելի մակարդակ է լինելու, օրինակ մենք փոխելու ենք լանդշաֆտը: Ցանկացած մեծ ենթակառուցվածքային ծրագիր ունի ազդեցություն:

Ռոբերտ Քարուն ընտանիքի անդամների հետ Ռոբերտ Քարուն ընտանիքի անդամների հետ

Լուսանկարը` Ռ.Քարուի արխիվից

Եթե ճանապարհ եք կառուցում, դարձյալ կա ազդեցություն: Բայց ժամանակակից հանքարդյունաբերության մեջ հնարավոր է կառավարել այն այնպես, որ որեւէ կերպ չազդի բնակչության բարեկեցության վրա: Ես աշխատել եմ այն հանքերում, որոնք դա արել են ճիշտ, եւ ես կարող եմ տեսնել, որ դա հաջողությամբ իրականացվում է նաեւ Ամուլսարում:

 

Հետաքրքրությունները սպորտում եւ Ironman տրիատլոնը

 

Առողջությունն ինձ համար կարեւոր է: Ես շատ եմ աշխատել իմ ողջ կյանքի ընթացքում եւ այժմ ժամանակն է վայելել իմ արածը: Եթե դու առողջ չես, չես կարող անել դա: Ես ցանկանում եմ ապրել մինչեւ 80 կամ 90 տարեկան եւ լինել առողջ, ինչի համար շարունակում եմ մարզվել, վայելել բնությունը, նաև այստեղ՝ Հայաստանում: Առաջին տարին, որ եկա, Լիդիան Արմենիայից երեք մարդ էինք, որ վազեցինք Երեւանի կիսամարաթոնին:

Ռոբերտ Քարուն, Հայկ Ալոյանը եւ Արմեն Ստեփանյանը Ռոբերտ Քարուն, Հայկ Ալոյանը եւ Արմեն Ստեփանյանը

Լուսանկարը` Լիդիան

Հետո այլ մարդիկ սկսեցին միանալ: Այս տարի արդեն մեր ընկերությունից մասնակիցների թիվը դարձավ 11: Դա լավ իմաստով վարակիչ է: Սա այն է, ինչ ես սիրում եմ եւ դա կարեւոր ներդրում է, որ կարող եմ անել:

 

2015թ.-ին, երբ ես թոշակի անցա, առաջին բաներից մեկը, որ արեցի, անմիջապես հեծանիվ գնելն էր: Թոշակի անցա ուրբաթ օրը, իսկ երկուշաբթի իմ հեծանիվով սլացա դեպի Կանադայի Արեւմտյան ծովափ ու սկսեցի միայնակ հեծանվային ուղեւորությունը դեպի Մեքսիկա (3,500 կմ): Հեծանիվ վարելը բնության հետ հարաբերվելու, դանդաղ ճանապարհորդելու հրաշալի տարբերակ է, ինչի համար էլ ես սիրում եմ այն:  

 

Ես երկար տարածության վազորդ եմ, բազմաթիվ մարաթոններում եմ վազել, որոնցից 25-ի համար, ներառյալ Բոստոնյան մարաթոնը, որակավորում է պահանջվում: Ես Ironman տրիատլոնի եմ մասնակցել երկու անգամ (եռամարտ, որը ներառում է 3.86 կմ լող, 180.25 կմ հեծանվարշավ եւ 42.20 կմ մարաթոնյան վազք, որոնք հաջորդում են իրար առանց ընդմիջումների,- հեղինակ):

 

Ձյուդոյի սեւ գոտի ունեմ եւ մարմնամարզությամբ եմ զբաղվել: Ես պարզապես բավականություն եմ ստանում ֆիզիկապես ակտիվ լինելուց: Կյանքում հանդիպել եմ մի կնոջ, ով նույն կերպ է մտածում: Ես եւ կինս այս ամենը միասին ենք վայելում: Իմ երեխաները նույնպես շատ ակտիվ են: Եթե իմ օրինակը ոգեշնչում է Հայաստանում իմ թիմակիցներից ոմանց, ես դա համարում եմ կարեւոր ձեռքբերում:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Ռոբերտ Քարուի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին