«Դիմակահանդեսի» ծնունդն ու նոր կյանքը - Mediamax.am

exclusive
8667 դիտում

«Դիմակահանդեսի» ծնունդն ու նոր կյանքը


Դրվագ «Դիմակահանդես» բալետից
Դրվագ «Դիմակահանդես» բալետից

Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի

Դրվագ «Դիմակահանդես» բալետից
Դրվագ «Դիմակահանդես» բալետից

Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի

Իշխան Արբենին (Ռուբեն Մուրադյան) եւ Նինա (Մերի Հովհաննիսյան)
Իշխան Արբենին (Ռուբեն Մուրադյան) եւ Նինա (Մերի Հովհաննիսյան)

Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի

Իշխան Արբենին (Սեւակ Ավետիսյան) եւ Նինա (Սյուզաննա Փիրումյան)
Իշխան Արբենին (Սեւակ Ավետիսյան) եւ Նինա (Սյուզաննա Փիրումյան)

Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի

Վիլեն Գալստյանը
Վիլեն Գալստյանը

Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի


2017 թվականի մարտի 5-ը յուրահատուկ էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար. շուրջ 30 տարի տեւած դադարից հետո հայկական բեմում վերականգնվեց Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը: Արդյունքում ամբողջացվեց մեծանուն կոմպոզիտորի բալետային փունջը:

 

Որոշեցինք ներկայացնել բալետի ստեղծման հետ կապված ուշագրավ փաստեր, ինչպես նաեւ ներկայացման անցած ճանապարհը:

 

«Նոր վալսի» ծնունդը

 

1941 թվական, Մոսկվա: Միխայիլ Լերմոնտովի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ Ե.Վախթանգովի թատրոնում բեմադրվում է «Դիմակահանդես» դրաման: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Սիմոնովը ներկայացման երաժշտությունը վստահում է Արամ Խաչատրյանին:

 

Խաչատրյանը սիրով ընդունեց առաջարկը եւ մեծ ոգեւորությամբ եւ իրեն բնորոշ բծախնդրությամբ գործի անցավ: Նա վերընթերցեց Լերմոնտովի դրաման, ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր արտահայտությանը: Կոմպոզիտորի մտքում հատկապես տպավորվել էին գլխավոր հերոսուհու՝ Նինայի խոսքերը.  վերադառնալով տուն ճակատագրական պարահանդեսից հետո, իշխան Արբենինի երիտասարդ կինը բացականչում  է «Ինչ լավն է նոր վալսը…»:

 

Հետագայում կոմպոզիտորը խոստովանում էր, որ ամենից շատ մտատանջություն նրան պարգեւել էր հենց վալսը: «Մտքումս անընդմեջ կրկնում էի լերմոնտովյան տողերը, կորցրել էի անդորրը եւ զառանցում էի վալսով»:

 

Վալսը ծնունդ առավ հանկարծակի: Խաչատրյանը դիմանկարի համար բնորդում էր նկարչուհի Եվգենիա Պաստերնակի մոտ եւ հանկարծ մտքում լսեց այդ հնչյունները, ընդհատեց սեանսը եւ սկսեց գրի առնել երաժշտությունը:

Իշխան Արբենին (Սեւակ Ավետիսյան) եւ Նինա (Սյուզաննա Փիրումյան) Իշխան Արբենին (Սեւակ Ավետիսյան) եւ Նինա (Սյուզաննա Փիրումյան)

Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի

1943 թվականի բեմադրության համար գրված երաժշտության հիման վրա Խաչատրյանը գրեց հինգ մասից բաղկացած «Դիմակահանդես» սյուիտը:1954 թվականին Բորիս Լավրենեւի «Լերմոնտով» ներկայացման երաժշտությունը կրկին վստահվեց Խաչատրյանին: Այս ներկայացման հիման վրա կոմպոզիտորը 1959 թվականին գրեց չորս մասից բաղկացած սյուիտը:

 

Ուսուցչի անավարտ գործը

 

Արամ Խաչատրյանը շատ էր ուզում վերոհիշյալ երկու երաժշտական երկերի վրա կառուցել «Դիմակահանդես» բալետը: 1970-ականներին ռուս պարուսույցեր Լիդիա Վիլվովսկայան եւ Միխայիլ Դոլգոպոլովը կազմեցին «Դիմակահանդես» դրամայի բալետային լիբրետոն: Սակայն կոմպոզիտորը այդպես էլ չհասցրեց գրել բալետի երաժշտությունը:

Դրվագ «Դիմակահանդես» բալետից Դրվագ «Դիմակահանդես» բալետից

Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի

Այնուամենայնիվ, կոմպոզիտորի այս մտադրության մասին տեղյակ էր Խաչատրյանի սիրելի աշակերտներից մեկը՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը: Ուսուցչի մահից հետո Էդգար Հովհաննիսյանը համակցեց «Դիմակահանդես» եւ «Լերմոնտով» ներկայացումների սյուիտները, օգտագործեց Խաչատրյանի գործերի մի շարք այլ հատվածներ եւ գրեց բալետը: Հովհաննիսյանն այնպիսի ակնածանքով էր վերաբերում իր ուսուցչին, որ արգելել էր աֆիշում նշել իր ազգանունը Խաչատրյանի ազգանվան կողքին:

 

Վիլեն Գալստյանի երազանքը

 

Բալետն առաջին անգամ բեմ բարձրացավ 1982 թվականին՝ Օդեսայի թատրոնում: Առաջնախաղին ներկա էր նաեւ Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:

 

«Օդեսայում բաժակ բարձրացրեցի եւ հրավիրեցի բալետմայստերներ Նատալյա Ռիժենկոյին եւ Վիկտոր Սմիրնով-Գոլովանովին բեմադրել բալետը մեր թատրոնում: Իրենք մեծ հաճույքով եկան Երեւան եւ բեմադրեցին «Դիմակահանդեսը»: Ներկայացումը, որի մեջ ես էլ իշխան Արբենինի դերն էի խաղում, ցուցադրվեց մի քանի տարի, հետո երկար տարիներ դուրս մնաց խաղացանկից»,- հիշում է մաեստրոն Մեդիամաքսի հետ զրույցում:

Վիլեն Գալստյանը  Վիլեն Գալստյանը

Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի

Վիլեն Գալստյանը խոստովանում է, որ միշտ երազել է բեմադրել «Դիմակահանդեսը»: «Երբ որոշեցի բեմադրել բալետը, առաջին հերթին երաժշտական խմբագրումը պիտի անեի: Հատ-հատ բոլոր համարները մտածում էինք, որպեսզի կրկնություն շատ չլինի, ինչը շատ էր նախորդ տարբերակում: Այս տարբերակում ցանկացել եմ շատ հակիրճ, Լերմոնտովի պոեզիային համահունչ ներկայացնել այս դրաման: Լերմոնտովի բանաստեղծությունները այնքան լավն են, որ ինձ էլ պետք չէր լիբրետո. ներկայացումն ամբողջությամբ հիմնված է լերմոնտովյան քառյակների վրա»,- ասում է մաեստրոն:

 

Ամփոփելով մեկ տարին

 

Մեկ տարվա ընթացքում «Դիմակահանդեսը» հասցրել է գրավել իր հաստատուն տեղը թատրոնի խաղացանկում եւ սիրվել  հանդիսատեսի կողմից:

Իշխան Արբենին (Ռուբեն Մուրադյան) եւ Նինա (Մերի Հովհաննիսյան) Իշխան Արբենին (Ռուբեն Մուրադյան) եւ Նինա (Մերի Հովհաննիսյան)

Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը գոհ է կատարված աշխատանքից: «Խաչատրյանը հանճար է, եւ նրա գրված բալետները պարզապես հրաշալի են: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում բալետմայստեր Վիլեն Գալստյանի ջանքերի շնորհիվ բալետը սրընթաց վերելք է ապրում», - ասաց Օրբելյանը Մեդիամաքսին: Նա վստահ է, որ տաղանդավոր պարողներ ունենք, որոնց պետք է սատարել եւ զարգանալու հնարավորություն տալ:

 

Վիլեն Գալստյանը նույնպես գոհ է: Բալետմայստերը հույս հայտնեց, որ ապագայում «Դիմակահանդեսը» կընդգրկվի թատրոնի հյուրախաղերի խաղացանկում. հատկապես լավ կլինի ցուցադրել ներկայացումը Սանկտ-Պետերբուրգում կամ Մոսկվայում՝ Միխայիլ Լերմոնտովի հայրենիքում:

 

 

Սոնա Միրզոյան

 

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին