[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս I - Mediamax.am

exclusive
15578 դիտում

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս I


Լուսանկարը` Toby

Էդուարդ Համբարձումյանը
Էդուարդ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Սարիբեկյանը
Կարինե Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիա Շահնազարյանը
Մարիա Շահնազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Մանոյանը զրուցում է Մարիա Շահնազարյանի հետ
Մարիամ Մանոյանը զրուցում է Մարիա Շահնազարյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` REUTERS


Հայաստանում ծնվում են տասնյակ երեխաներ, որոնք լույս աշխարհ են գալիս ոչ թե կենսաբանական, այլ փոխնակ (սուրոգատ) մայրիկի օգնությամբ: Մեր հայրենակիցները այս երեւույթին տարբեր կերպ են վերաբերում՝ ոմանք ողջունում են՝ ասելով, որ շատ զույգերի համար այն երեխա ունենալու միակ հնարավորությունն է: Ոմանք էլ մերժում են՝ ասելով, որ բժիշկները չպետք է իրենց վրա վերցնեն այն, ինչը վերապահված է Աստծուն: Մեդիամաքսը որոշեց հետազոտել փոխնակ մայրության թեման եւ զրուցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

 

Մտահոգիչ վիճակագրություն

 

2000-ականներին սկզբին անպտղության մակարդակը Հայաստանում շատ բարձր էր։ Առաջնային եւ երկրորդային անպտղության ցուցանիշը հասնում էր 32 %-ի։

 

Վերջին տասնամյակում անպտղության ցուցանիշը գրեթե երկու անգամ կրճատվել է՝ դառնալով 14.5 %։ Այդուհանդերձ, այն շարունակում է բարձր համարվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է, որ եթե պոպուլյացիայի մեջ անպտղությունը գերազանցում է 15 %-ը, դա սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը։ Շատ հաճախ լուծումը օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն է։

 

ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը Մեդիամաքսին հայտնել է, որ

իրենք փոխնակ մայրության հետ կապված հատուկ վիճակագրություն չեն հավաքագրում։ Սակայն, հաշվի առնելով,  որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները (արհեստական սերմնավորում, արհեստական բեղմնավորում եւ փոխնակ մայրություն) սկսել են ավելի արագ զարգանալ, դիտարկում են տարեկան հաշվետվական ձեւերում ներառել հատուկ վիճակագրություն։ 

 

Որտե՞ղ եւ ինչ գնով

 

2018 թվականի սկզբի դրությամբ Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կիրառում էր հինգ մասնավոր կենտրոն՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնը, Պտղաբերության կենտրոնը, Հանրապետական ծննդատունը։ 2018թ. մարտին «Աստղիկ» ԲԿ-ում սկսել է գործել հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության բաժանմունք:

Կարինե Սարիբեկյանը Կարինե Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Սարիբեկյանն ասում է, որ 2016 թվականին Հայաստանում գրանցվել է փոխնակ մայրության մեթոդի շուրջ 100 կիրառում. 35-ը՝ Պտղաբերության կենտրոնում, 25-ը՝ Մոր եւ մանկան կենտրոնում,  13-ը՝ «Շենգավիթ» կենտրոնում, 26-ը՝ «Վիտրոմեդ» կենտրոնում:

 

Լիցենզիան կենտրոններին տրվում է անժամկետ եւ կարող է հետ կանչվել միայն նախադեպի առկայության պարագայում՝ բողոքի կամ որեւէ անցանկալի դեպքի:

 

Փոխնակ մայրության հետ կապված ծառայությունները վճարովի են եւ պետական պատվերով երբեք չեն տրամադրվել։ Փոխնակ մայրությունը բավականին թանկ «հաճույք» է. տարբեր կենտրոններում փոխնակ մայրության ծրագրի արժեքը կազմում է 14 000-ից 25 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այն ներառում է արտամարմնային բեղմնավորման ողջ գործընթացը, փաստաբանի ծառայությունները եւ սուրոգատ մոր հոնորարը: Որոշ կենտրոններ նաեւ հավելյալ գումար են գանձում՝ սուրոգատ մայր տրամադրելու համար:

 

«Երբեք չեմ զղջացել քայլիս համար»

 

Փոխնակ մայր Օ.Ա.-ն մասնագիտությամբ վարսահարդար-մատնահարդար է, աշխատում է մասնագիտությամբ։ 29 տարեկան է, ունի երեք երեխա։ 2017 թ․հոկտեմբերին զույգ է ունեցել՝ աղջիկ եւ տղա։

 

«Ֆինանսական պատճառներով որոշեցի գնալ այդ քայլին։ Ուզում էի երեխաներիս համար լավ ապագա ապահովել։

 

Փորձում էի հաղթահարվել բոլոր դժվարությունները, քանի որ լավ գիտակցում էի, թե ինչպիսի քայլի եմ գնացել։ Հղիության ամբողջ ընթացքում խոսում էի փոքրիկների հետ, շատ հետաքրքիր զգացողություն էր։

 

Հղիության ընթացքը անցել է նորմալ։ Միայն թե շատ էի գիրացել՝ 50 կգ-ից դարձել էի 90 կգ։ Բալիկները աճել են շատ լավ, մեկը ծնվեց 3 կգ, իսկ մյուսը՝ 2 կգ 700 գրամ քաշով։

 

Բալիկները իմը չեն եւ ես նրանց նկատմամբ հավակնություն էլ չեմ ունեցել, չնայած որ 9 ամիս նրանց իմ կրծքի տակ եմ պահել։

Լուսանկարը` REUTERS

Ուրախ եմ, որ կարողացա լավ մարդկանց օգնել եւ երջանկացնել նրանց։ Մեր շփումը մինչեւ հիմա պահպանվում է։ Նրանք արտերկրում են։ Երեխաների նկարները միշտ նայում եմ, մտածում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո կտեսնեմ նրանց։

 

Երբեք չեմ զղջացել քայլիս համար։ Նախկինում, երբ լսում էի փոխնակ մայրության մասին, մտածում էի, որ երբեք նման բան չեմ անի, բայց մի պահ եկավ, որ ինքս էլ այդ որոշումը կայացրեցի։

 

Երեք երեխա ունեմ՝ երկու տղա, մեկ աղջիկ։ Մեծը 10 տարեկան է, միջինը՝ 8, փոքրը՝ 4։

 

Երեխաներիս ասել էի, որ իրենց քույրիկն ու եղբայրն են լույս աշխարհ գալու, իսկ հետո ասացինք, որ խնդիրներ եղան եւ փոքրիկները պետք է հիվանդանոցում մնան ՝ բժիշկների հսկողության տակ, եւ երբ լավ լինեն, նրանց տուն կբերենք։ Սկզբնական շրջանում շատ էին հարցեր տալիս, ես էլ դրանցից նեղվում էի, հուզմունքս շատ էր։ Հիմա աստիճանաբար մոռանում են այդ ամենի մասին։

 

Օ.Ա.-ն ասում է, որ իր՝ փոխնակ մայր լինելու մասին իմացել են միայն ամուսինն ու իր մայրը։

 

«Ամուսինս զարմացավ, երբ ասացի, որ այդ քայլին եմ ուզում գնալ։ Բայց երկար չեմ համոզել, մի քիչ մտածեց եւ ասաց, որ չի արգելում՝ անկախ եմ իմ ցանկություններում, եթե պատրաստ եմ, դեմ չէ։ Հղիության ամբողջ ընթացքում ամուսինս այստեղ չի եղել։ Եկավ, ծանոթացավ զույգի հետ եւ կրկին գնաց  Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:

 

Ընդհանուր առմամբ, ստացել եմ 12 հազար դոլար։ Գումարը ծառայում է իր նպատակին։ Պահել եմ երեխաներիս համար։ Ուզում ենք Հայաստանից գնալ՝ Գերմանիա կամ Ռուսաստան։ Սկզբնական շրջանում, երեւի, կգնանք Մոսկվա՝ ամուսնուս մոտ,  հետո՝ Եվրոպա։ Երեխաներիս ապագան Հայաստանից դուրս եմ տեսնում»։

 

Ցուցումներն ու հակացուցումները

 

Մարդու Պտղաբերության Կենտրոնի (Fertility Center) հիմնադիր եւ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանն ասում է, որ փոխնակ մայրությանը դիմելու հիմնական ցուցումներն են՝ կնոջ մոտ արգանդի բացակայությունը (բնածին կամ բժշկական միջամտության արդյունքում), արգանդի խոռոչի եւ որոշ դեպքերում՝ վզիկի հետ կապված խնդիրներ, որոնց հետեւանքով կինը չի կարող կրել երեխային:

Էդուարդ Համբարձումյանը Էդուարդ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հղիությունը հակացուցված է նաեւ մի շարք  հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են, օրինակ, շաքարային դիաբետի, պարբերական հիվանդության ծանր տեսակները, սրտային անբավարարությունը եւ այլն:

 

Այսինքն, դրանք առողջական այնպիսի խնդիրներ են, որոնց պատճառով հղիության ընթացքում օրգանիզմը կարող է «չդիմանալ» նման սթրեսի, եւ կարող է վտանգվել ապագա մայրիկի կյանքը (իսկ հղիությունն օրգանիզմի համար իսկապես մեծ սթրես է):

 

Բժիշկը զգուշացնում է, որ փոխնակ մայրիկի միջոցով երեխա ունենալու որոշում կայացրած զույգը պետք է պատրաստ լինի ամիսներ տեւող նախապատրաստական գործընթացին: Հարկավոր է, որ ամուսինները հետազոտվեն, ինչպես դա արվում է արտամարմնային բեղմնավորումից առաջ: Եթե ինչ-ինչ պատճառներով կնոջ կամ տղամարդու մոտ առկա են խնդիրներ, որոնց հետեւանքով առողջ սաղմիկներ ստանալը հնարավոր չէ, զույգին առաջարկվում է դիմել դոնորական ձվաբջջի կամ սերմի օգնությանը: 

 

Փոխնակ կինը կենսաբանական ծնող լինել չի կարող

 

Ոլորտը կարգավորող «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում, որն ընդունվել էր 2002 թվականին, վերջին տարիների ընթացքում փոփոխություններ են արվել:

 

Կարինե Սարիբեկյանը, մասնավորապես, նշում է, որ նախկինում օրենքը թույլ էր տալիս, որ փոխնակ մայրը լինի նաեւ երեխայի կենսաբանական ծնողը, այսինքն`տրամադրել իր ձվաբջիջը, ստանալ սաղմը, կրել հղիությունը եւ հետո երեխային հանձնել ծնողներին։ Սա այլեւս արգելված է։ Կենսաբանական ծնողը հանդիսանում է երեխայի գեների կրողը, իսկ փոխնակ մայրը չի կարող գենետիկական կապ ունենալ երեխայի հետ։ 

 

«Սովորաբար մենք ներկայացնում ենք փոխնակ մայրիկների 2-3 թեկնածություն, որոնցից զույգն ընտրում է մեկին: Ամուսինները կարող են նաեւ իրենց թեկնածուին առաջարկել: Ապագա փոխնակ մայրը պետք է հանձնի անալիզներ՝ վարակները, սեռավարակները բացառելու, հորմոնների մակարդակը ստուգելու եւ պտուղ կրելու հետ կապված որոշ գենետիկ հիվանդությունների հավանականությունը ժխտելու համար: Պարտադիր է նաեւ հոգեբանի եւ հոգեթերապեւտի կոնսուլտացիա, որպեսզի վստահ լինենք, որ կինը հոգեկան եւ հոգեբանական խնդիրներ չունի», - ասում է Էդուարդ Համբարձումյանը:

 

ԴՆԹ թեստ

 

Օրենքում եւս մեկ փոփոխություն է կատարվել, որի համաձայն երեխան ծնողներին հանձնվում է եւ նրա ծնունդը պաշտոնապես գրանցվում է միայն ԴՆԹ թեստավորումից հետո, որին պետք է ենթարկվեն փոխնակ մայրը, նորածին երեխան, կենսաբանական ծնողը կամ ծնողները։ Կարինե Սարիբեկյանն ասում է, որ սա կանխում է բոլոր հնարավոր խախտումները։

 

Փաստաբանների պալատի փաստաբան Մարիա Շահնազարյանը Մեդիամաքսին ասել է, որ օրենքը լրացուցիչ փոփոխությունների կարիք ունի:

 

«ԴՆԹ թեստավորում անցկացնելու իրավասություն ունեն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները: Առայժմ որեւէ ծննդօգնություն իրականացնող հաստատություն ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու լիցենզավորում չունի, բայց ցանկալի կլիներ, որ դա իրականացվեր հենց այն վայրում, որտեղ տեղի է ունենում ծննդօգնություն:

Մարիա Շահնազարյանը Մարիա Շահնազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստացվում է, որ 10 աշխատանքային օրերի ընթացքում ծնողները, երեխան եւ փոխնակ մայրը պետք է գնան մեկ այլ հաստատություն, որտեղ կանցնեն ԴՆԹ փորձաքննություն: Բայց երեխային հիվանդանոցից դուրս չեն գրում այնքան ժամանակ, քանի դեռ նա չունի ծննդյան վկայական: Այսինքն`այս գործընթացի կազմակերպումը խնդրահարույց է: Լավ է, որ այդ կետը ներառվել է օրենքում, բայց դրա կիրառության համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ապահովել», - նկատում է Մարիա Շահնազարյանը:

 

Եթե ԴՆԹ փորձաքննությունից հետո պարզվում է, որ երեխան կրում է ամուսինների գենը, այդ եզրակացության հիման վրա գրանցվում է ծնունդը:

 

Եթե պարզվի, որ երեխան ամուսիններինը չէ, այլ փոխնակ մոր երեխան է, ապա վերջինիս կգրանցեն որպես երեխայի ծնող: Այս դեպքում կարող է ընթանալ դատական գործընթաց, որպեսզի կողմերը հասկանան, թե ո՞ւմ մեղքով է սա եղել: Եթե պատճառն այն է, որ փոխնակ մայրը պայմանագրի պայմանները չի կատարել, ապա ամուսինները կարող են բոլոր ծախսերը փոխհատուցելու պահանջ ներկայացնել:

 

Կարգավորումը

 

Օրենքի համաձայն, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինը (կինը)` միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը` իր ցանկությամբ:

 

Օրենքը չի սահմանափակում չամուսնացած անձանց՝ միայնակ կնոջը կամ տղամարդուն, երեխա ունենալ փոխնակ մոր օգնությամբ: Օրենքը սահմանափակում չի սահմանում նաեւ օտարերկրացիների համար: Նրանք  իրավունք ունեն գալ Հայաստան եւ օգտվել փոխնակ մոր ծառայությունից, սակայն պարտադիր պայման է գրանցված ամուսնության առկայությունը, որը մեր երկիրը կճանաչի:

 

«Հայաստանում միասեռական ամուսնություններն արգելված են, հետեւաբար միասեռական զույգի ամուսնության վկայականը չի ընդունվի. ամուսնությունը պետք է լինի տարբեր սեռերի պատկանող անձանց՝ կնոջ եւ տղամարդու միջեւ», - ասում է Մարիա Շահնազարյանը:

 

Ի՞նչ է գրվում պայմանագրում

 

Զույգի եւ փոխնակ մոր միջեւ կնքվող պայմանագիրը գաղտնի է, հրապարակման ենթակա չէ՝ բացառությամբ դատարանի համապատասխան որոշման:

 

Յուրաքանչյուր զույգի համար առանձին պայմանագիր է կազմվում, որը համապատասխան իրավունքներ եւ պարտականություններ է սահմանում կողմերի համար:

 

Մինչեւ նոտարական գրասենյակ դիմելը կողմերն ունենում են հանդիպումներ՝ (զույգի, փոխնակ մոր եւ իրավաբանի մասնակցությամբ), քննարկում պայմանագրի հիմնական կետերը եւ փորձում համաձայնության գալ որոշակի հարցերի շուրջ:

 

Սեռական կյանք չվարել, երկրից չհեռանալ

 

Պայմանագիրը փոխնակ մոր համար սահմանում է՝ պարտադիր կատարել բժշկի ցուցումները, օգտագործել բոլոր դեղերը, որեւէ շեղում կամ խնդիր նկատելու դեպքում անհապաղ դիմել բժշկին եւ տեղեկացնել զույգին: Փոխնակ մայրը պարտավոր է հղիության ժամանակ չծխել, ալկոհոլ չօգտագործել, բժշկի նշանակած դեղորայքից բացի այլ դեղեր չօգտագործել, սեռական կյանք չվարել, ամեն կերպ իրեն զերծ պահել պտղի կորստից:

 

Եթե հղիությունն ընդհատվի փոխնակ մոր մեղքով, նա պարտավոր է փոխհատուցել ամուսինների բոլոր ծախսերը: Իսկ եթե հղիությունն ընդհատվի ոչ նրա մեղքով, ապա ամուսինները կպարտավորվեն հատուցել բոլոր բժշկական ծախսերը, որոնք կապված կլինեն հղիության արհեստական ընդհատման հետ, բոլոր դեղորայքային, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վիրահատական ծախսերը: Բացի այդ, փոխնակ մայրը կստանա որոշակի փոխհատուցում, ինչից հետո պայմանագիրը կհամարվի դադարեցված: Հղիության ընդհատումից հետո, եթե այն փոխնակ մոր մեղքով չէր, զույգը եւ փոխնակ մայրը կարող են շարունակել պայմանագիրը:

Մարիամ Մանոյանը զրուցում է Մարիա Շահնազարյանի հետ Մարիամ Մանոյանը զրուցում է Մարիա Շահնազարյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոխնակ մայրը պարտավոր է գաղտնի պահել տեղեկատվությունն այն մասին, թե ում համար է երեխա ունենում: Երեխային ունենալուց հետո փոխնակ մայրը իրավունք չունի փնտրել երեխային կամ այցելել նրան, եթե ամուսինները դա չեն ցանկանում:

 

Հղիության ողջ ընթացքում փոխնակ մայրը չպետք է բացակայի ամուսիններին հայտնի բնակության վայրից եւ, առհասարակ, Հայաստանի տարածքից: Դա կարող է տեղի ունենալ միայն ամուսինների հետ համաձայնության գալու պարագայում:

 

«Եղել են դեպքեր, երբ հղիության հաստատումից հետո փոխնակ մայրը տեղափոխվել է ամուսինների բնակարան եւ ապրել է նրանց հսկողության տակ: Շատ է պատահում, երբ ծնողները, անհանգստանալով ապագա երեխայի համար, իրենք են փոխնակ մորը ապահովում դեղորայքով ու սննդով, եւ վերահսկում են նրա առողջական վիճակը», - պատմում է Մարիա Շահնազարյանը:

 

Պայմանագրով նախատեսված է նաեւ այն դեպքը, երբ մեկից ավելի երեխա կծնվի: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար լրացուցիչ գումար է նախատեսվում: Այդ գումարի չափը որոշում են պայմանագրի կողմերը:

 

Միայն երկու անգամ

 

Կինը իրավունք ունի փոխնակ մայր լինել իր կյանքի ընթացքում միայն երկու անգամ: Այդ սահմանափակումը նախատեսված է օրենքով: Փոխնակ մայրերի անձնական տվյալներում նշվում է, թե քանի անգամ են ամուսնական զույգերի համար երեխա ունեցել: Օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ ծնված երեխայի ծննդյան վկայականում ոչինչ չի նշվում փոխնակ մոր մասին, սակայն ՔԿԱԳ մարմնում լրացվում է քարտ, որտեղ նշվում են փոխնակ մոր անձնական տվյալները:

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս II

Եթե փոխնակ մոր թեկնածուն գտնվում է ամուսնության մեջ, ապա նա կարող է փոխնակ մայր հանդիսանալ միայն իր ամուսնու կողմից գրավոր համաձայնության դեպքում: Եթե նա գրանցված ամուսնություն չունի, ապա հարկավոր է այդ փաստը հաստատող տեղեկանք ներկայացնել ՔԿԱԳ մարմնից:

 

Կենսաբանական ծնողների պարտականություններն ու իրավունքները

 

Ամուսինների հիմնական պարտականությունները կապված են վճարումների հետ: Օրինակ, եթե զույգը փոխնակ մորը իր ծառայության դիմաց պետք է վճարի պայմանական 4.9 մլն դրամ, ապա այդ գումարից որոշակի մաս նրան հարկավոր է վճարել 9 ամիսների ընթացքում: Պայմանական 100 հազար դրամ ամսական կտրամադրվի փոխնակ մորը նրա սննդի համար: Եթե փոխնակ մայրը 9 ամիսների ընթացքում ցանկանում է ավելի շատ գումար ստանալ, ապա երեխայի ծննդից հետո նա ավելի քիչ գումար կստանա, քանի որ նվազեցումներն արվելու են ծառայության համար նախատեսված մայր գումարից:

 

Ամուսիններն իրավունք ունեն ցանկացած ժամանակ այցելել փոխնակ մորը: Եթե տեսակցությունների ժամանակ ամուսինները Քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված էական պայմանների խախտումներ նկատեն, ապա կարող են դադարեցնել պայմանագիրը եւ ընդհատել հղիությունը:

 

Եթե հղիությունը սպառնա փոխնակ մոր առողջությանը կամ կյանքին, ապա ամուսինները պայմանագրով պարտավոր են տալ իրենց համաձայնությունը հղիությունն ընդհատելու համար:

 

Եթե ամուսինները ամուսնալուծվեն

 

Մարիա Շահնազարյանն ասում է, որ սովորաբար ամուսինները մեծ սիրով սպասում են երեխայի ծննդին եւ իր պրակտիկայում նման դեպք չի պատահել, բայց եթե օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող զույգը ամուսնալուծվի, ապա նրանց պարտավորությունները փոխնակ մոր նկատմամբ չեն դադարի: Պայմանագիրը կգործի մինչեւ երեխայի ծնունդը եւ նրանք պարտավոր կլինեն կատարել իրենց պարտականությունները:

 

Իսկ ի՞նչ կպատահի, եթե փոխնակ մորը դիմելուց հետո ամուսինների հետ դժբախտ պատահար տեղի ունենա: Փաստաբանն ասում է, որ եթե դժբախտ պատահարի հետեւանքով ամուսիններից մեկը կենդանի մնա, ապա պայմանագիրը կշարունակի գործել նրա համար: Իսկ եթե երկուսն էլ մահանան, ապա նրանց ժառանգորդները (հայր, մայր, քույր, եղբայր) հանձն կառնեն նրանց պարտականությունները: Նրանք կձեւակերպվեն որպես երեխայի խնամակալներ:

 

Պաթոլոգիաների դեպքում

 

Վաղ շրջանում որոշվում է՝ պտուղն արատավոր է, թե՞ նորմալ: Եթե պարզ դառնա, որ հղիությունը ընթանում է պաթոլոգիաներով, ապա բժիշկը կարող է հղիության ընդհատման ցուցում տալ կամ այդ հարցը կարող է թողնվել ամուսինների որոշմանը:

 

Եթե նրանք ուզում են ընդհատել ծնունդը, իսկ փոխնակ մայրը չի ցանկանում, ապա երեխան ծնվում է եւ դառնում փոխնակ մոր երեխան: Սակայն կան հստակ դեպքեր, երբ անհրաժեշտ է ընդհատել հղիությունը, եւ փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել հղիության արհեստական ընդհատումից: Եթե երեխան արատներով է ծնվել փոխնակ մոր պատճառով, ապա սա պայմանագրի էական պայմանների խախտում է եւ վրա է հասնում փոխնակ մոր կողմից վնասի փոխհատուցման հարցը, հստակեցնում է Մարիա Շահնազարյանը:

 

Փոխնակ մայրության մասին պտամող հոդվածաշարի երկրորդ մասը կարդացեք այստեղ:

Փոխնակ մայրության մասին պտամող հոդվածաշարի երրորդ մասը կարդացեք այստեղ:

 

Աննա Բուբուշյան, Լուսինե Ղարիբյան, Մարիամ Մանոյան, Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին