[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս II - Mediamax.am

exclusive
9918 դիտում

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս II


Սանդրո Բոտիչելիի «Գարունը» կտավը
Սանդրո Բոտիչելիի «Գարունը» կտավը
Էդուարդ Համբարձումյանը
Էդուարդ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Գարգրցյանը
Լիլիթ Գարգրցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` lenami

Լիլիթ Գարգրցյանը
Լիլիթ Գարգրցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` lenami

Լուսանկարը` India Beirao da Veiga


Հայաստանում ծնվում են տասնյակ երեխաներ, որոնք լույս աշխարհ են գալիս ոչ թե կենսաբանական, այլ փոխնակ (սուրոգատ) մայրիկի օգնությամբ: Մեր հայրենակիցները այս երեւույթին տարբեր կերպ են վերաբերում՝ ոմանք ողջունում են՝ ասելով, որ շատ զույգերի համար այն երեխա ունենալու միակ հնարավորությունն է: Ոմանք էլ մերժում են՝ ասելով, որ բժիշկները չպետք է իրենց վրա վերցնեն այն, ինչը վերապահված է Աստծուն: Մեդիամաքսը որոշեց հետազոտել փոխնակ մայրության թեման եւ զրուցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

 

Հատուկ ռեպորտաժի առաջին մասը կարդացեք այս հղումով:

Հատուկ ռեպորտաժի երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Սեփական երեխա ունենալը պարտադիր է

 

Մարդու Պտղաբերության Կենտրոնի (Fertility Center) հիմնադիր եւ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանն ասում է, որ

փոխնակ մայրերին հիմնականում գտնում են հայտարարությունների միջոցով:

 

Առաջնային պայմանները հետեւյալն են. փոխնակ մայր կարող է լինել 20-35 տարեկան կինը, որն ունի գոնե մեկ սեփական երեխա: Եթե կինն ամուսնացած է, պահանջվում է նաեւ ամուսնու գրավոր համաձայնությունը:

 

Փոխնակ մայրիկի դերում իրավունք ունի հանդես գալ նաեւ զույգի բարեկամներից մեկը: Նման դեպքերում օրենքն ավելի «փափուկ» է գործում, մասնավորապես, տարիքային սահմանափակումների հետ կապված:

Էդուարդ Համբարձումյանը Էդուարդ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցանկացած դեպքում, նույն կինը կարող է փոխնակ մայր լինել միայն երկու անգամ:

 

«Փոխնակ մայր ընտրելիս ուշադրություն ենք դարձնում ոչ միայն առողջական ցուցանիշներին, այլեւ՝ մարդկային հատկություններին, ապրելակերպին, ընտանեկան միջավայրին: Ամուսինների եւ փոխնակ մոր հարաբերությունները տարբեր են լինում: Եղել է դեպք, երբ զույգը չի ցանկացել իրական կյանքում հանդիպել սուրոգատ մոր հետ՝ ամբողջ գործընթացը վստահելով փաստաբանին եւ կլինիկային: Կան եւ հակառակ դեպքեր՝ ծնողները եւ փոխնակ մայրը մտերմանում են եւ երեխայի ծնվելուց հետո շարունակում են շփումը», - պատմում է Պտղաբերության կենտրոնի ղեկավարը:

 

Բուն գործընթացը եւ «ավելացած» սաղմերը

 

Էդուարդ Համբարձումյանը պատմում է, որ բուն գործընթացի սկզբում դեղերի միջոցով տեղի է ունենում կենսաբանական եւ փոխնակ մայրերի դաշտանային ցիկլերի համապատասխանեցում, ինչից հետո իրական մայրիկից վերցվում են ձվաբջիջները, իսկ փոխնակի արգանդը «պատրաստվում» է սաղմի իմպլանտացիային:

 

Ինչպես եւ սովորական արտամարմնային բեղմնավորման ժամանակ, մի քանի սաղմ ստանալու դեպքում, հիմնականում տեղադրվում են երկուսը: Մնացած սաղմերը սառեցվում են եւ համարվում են զույգի սեփականությունը: «Եթե ամուսինները ցանկանում են պահպանել սաղմերը, պարտավոր ենք դրանք անհրաժեշտ պայմաններում պահել՝ զույգի կողմից կատարվող տարեկան վճարումների դիմաց: Հակառակ դեպքում զույգը պետք է գրավոր հրաժարվի սաղմերից եւ այս պարագայում մենք պետք է ազատվենք իրենցից, քանի որ, օրենսդրության համաձայն, իրավունք չունենք տեղադրել այն որեւէ ուրիշ կնոջ արգանդի մեջ», - պատմում է բժիշկը:

 

Թաքցնե՞լ, թե ոչ

 

Էդուարդ Համբարձումյանն ասում է, որ արտերկրում, սովորաբար, չեն թաքցնում, որ դիմել են փոխնակ մոր ծառայություններին եւ հետագայում կարող են անգամ նրան ծանոթացնել երեխայի հետ՝ ներկայացնելով որպես «երկրորդ մայրիկ»:

Լիլիթ Գարգրցյանը Լիլիթ Գարգրցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Գարգրցյանն ասում է, որ Հայաստանում գերադասում են գաղտնի պահել, որ երեխան ծնվել է փոխնակ մորից: «Իսկ եվրոպական հետազոտությունները հիմնականում ցույց են տալիս, որ ճիշտ է երեխային ասել այդ մասին: Եվրոպայում նախընտրում են կապ պահել սուրոգատ մոր հետ: Ու հակառակը, երբ երեխային չեն ասում, բայց նա ինչ-որ տարիքում հանկարծ իմանում է, որ սուրոգատ մորից է ծնվել, նրա մոտ կարող են լուրջ հոգեբանական դժվարություններ առաջանալ», -Մեդիամաքսին ասել է Լիլիթ Գարգրցյանը:

 

Սիրո պտուղներ

 

Սուրոգատ մայրության ծրագրի միջոցով մայրացած Սոնան (անունը փոխված է) ապրում է Հայաստանում: Ահա նրա պատմությունը.

 

«10 տարվա ընթացքում շատ կլինիկաներ էինք դիմել եւ ոչ մի տեղ պատասխանատվություն չվերցրեցին իմ՝ բնական ճանապարհով երեխա ունենալու համար:

 

Փոխնակ մայրության հետ կապված բոլոր բարդույթները հաղթահարում ես, երբ սկսում ես պարզ գիտակցել, որ անկախ ծնվելու ճանապարհից, այդ երեխան ձերն է, նա կծնվի առողջ եւ ինքդ էլ կմնաս այնքանով առույգ, որ ի վիճակի կլինես խնամել եւ մեծացնել նրան:

 

Փոխնակ մայրիկին տրամադրեց կլինիկան: Կնոջ տվյալներին ծանոթանալուց եւ անձամբ հանդիպելուց հետո համոզվեցինք, որ նորմալ մարդ է, ում կարելի է վստահել: Այդպես էլ եղավ, մինչ օրս չենք զղջացել մեր ընտրության համար:

Ունեինք փաստաբան, որին նույնպես կլինիկան էր առաջարկել, իսկ բոլոր փաստաթղթերն ու պայմանագրերը վավերացրել ենք նոտարի միջոցով:

 

Չնայած նրան, որ հիվանդությունս ձեռքբերովի է եւ չի կարող փոխանցվել ապագա երեխային, այնուամենայնիվ՝ արտամարմնային բեղմնավորման մեթոդով ինձանից ձվաբջիջներ վերցնելուց հետո մեկն ուղարկվեց ԱՄՆ, որտեղ համապատասխան հետազոտման արդյունքում հաստատվեց, որ գենետիկորեն այն մաքուր է:

 

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս I

Մեր սաղմերի տեղադրումը հաջողությամբ պսակվեց միայն երրորդ փորձից եւ որոշ ժամանակ անց պարզվեց, որ մեկի փոխարեն՝ երկու բալիկ ենք ունենալու:

 

Երկու երեխաների համար փոխնակ մայրը ստացել է 13 000$ (մեկ երեխայի դեպքում գումարը  կազմում էր 10 000 $ , որին գումարվում է 3000$ `  յուրաքանչյուր երկրորդ, երրորդ երեխայի համար): Պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր ամիս փոխնակ մայրիկին վճարել ենք 150 000 դրամ, այնուհետեւ՝ 200 000-ական դրամ, եւ ծննդաբերությունից հետո փոխանցել ենք մնացած գումարը:

 

Փոխնակ մայրիկին վճարելու եւ այլ ծախսերը հոգալու համար վարկ էինք վերցրել: Քանի որ բանկերը սուրոգատ մայրությանը վերաբերող հատուկ պայմաններ չունեն՝ այն ձեւակերպվեց որպես սպառողական վարկ: 

 

Հղիության առաջին երեք ամիսները բավականին բարդ էին, սակայն հետո ամեն ինչ հարթ գնաց: Ամբողջ ընթացքում՝ ուրախության հետ մեկտեղ յուրաքանչյուր վայրկյան իր մեջ վախ էր պարունակում, սկսում ես մտածել բոլոր հնարավոր իրավիճակների մասին: Օրինակ՝ մեր հղիությունը համընկավ ձմեռային շրջանի հետ եւ անընդհատ մտքեր էին պտտվում, որ փոխնակ մայրը կարող է սայթակել, հիվանդանալ: Պայմանագրով ֆիքսված էր, որ ես իրավունք ունեմ առանց տեղեկացնելու իր տուն գնալ, զանգահարել ցանկացած պահի, երբ ինչ-որ բան անհանգստացնում է: Բայց դրա կարիքը չի եղել ՝միշտ իմացել ենք, որտեղ է, ինչով է տվյալ պահին զբաղվում, ինչ է կերել այդ օրը եւ այլն:

Լուսանկարը` lenami

Մեր փոխնակ մայրը չափից դուրս պարտաճանաչ էր: Բացի նրանից, որ այդ քայլին գնացել էր գումարի համար, կար նաեւ ուժեղ մարդկային գործոն՝ նա ամբողջովին հասկանում էր մեր իրավիճակը:

 

Երեխաները ծնվեցին 8-րդ ամսում՝ կեսարյան հատման միջոցով: Վիրահատությունը շատ լավ անցավ, առանց որեւէ բարդության: Ողջ ընթացքում այնտեղ եմ եղել եւ տեսել եմ բալիկներիս ծնունդը: Մեզ անմիջապես առանձնացրեցին, փոխնակ մայրը նույնիսկ չտեսավ երեխաներին: Կարող էինք նրանց ցույց տալ, սակայն նա նման ցանկություն չունեցավ: Փոխնակ մայրիկը լիովին գիտակցում էր, որ սա իր համար աշխատանք է եղել եւ էմոցիոնալ տեսակետից սխալ կլիներ երեխաներին տեսնել ծննդաբերելուց անմիջապես հետո: 

 

Զույգերը թեթեւ քաշով էին ծնվել եւ մի շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո մեր համալրված ընտանիքը, վերջապես, վերադարձավ տուն: Չեմ կարող ասել, ինչ է զգում մայրը, երբ ինքն է երեխա ունենում, որքանով նման են զգացողությունները: Ես գտնվում էի լավ իմաստով շոկային, գերերջանիկ վիճակում եւ անդադար հուզվում էի:

 

Փոխնակ մայրիկի հետ շարունակում ենք կապը պահել: Այդ ամիսների ընթացքում շատ մանրամասներ իմացա նրա կյանքից եւ ինձ միշտ հետաքրքիր է, ինչ փոփոխություններ կան, ինչպես է մեծանում նրա սեփական երեխան: Ինքն էլ հետաքրքրվում է իմ երեխաներից եւ միշտ ասում է՝ «ինձ համար ամենակարեւորն այն է, որ առողջ, լավ երեխաներ են ծնվել»:

 

Հղիության ընթացքում մեր փոխնակ մայրը ամաչում էր այն փաստից, որ ծանր ֆինանսական վիճակից ելնելով ստիպված է հանդես գալ նման դերում: Հնարավորինս թաքնվում էր ծանոթներից եւ տանից դուրս էր գալիս հիմնականում միայն մեզ հետ: Դրա հետ մեկտեղ նա ամբողջապես գիտակցում էր, ինչ քայլի է գնացել: Ես իրեն շնորհակալ եմ եւ երախտապարտ՝ ինքը ինձ մայր դարձրեց եւ իր առողջության հաշվին ընտանիքս երջանկացրեց:

Մեր բոլոր մտերիմները գիտեն, որ դիմել ենք փոխնակ մայրիկի օգնությանը եւ ողջունել են այս որոշումը: Հատուկ որեւէ մեկից չեմ թաքցրել, թե ինչ ճանապարհով են ծնվել երեխաներս: Ով գլխի է ընկել եւ հարցրել է՝ հաստատել եմ, սակայն երբեք դա առանձին չեմ շեշտել:

 

Այս հղիությունը տասը տարվա սպասում էր, իսկ երեխաները՝ իմ ու ամուսնուս սիրո պտուղներն են: Այդ տասը տարիների ընթացքում մեր ընտանիքը չքանդվեց, քանի որ իմ ու ամուսնուս  հարաբերությունների հիմքում ընկած է մեծ ու փոխադարձ սեր եւ միասին լինելու ցանկություն: Կասկած անգամ չկար, որ մենք այլ կերպ կընդունենք  երեխաներին՝ նրանք մեր պայքարի, սիրելու ու երջանկության ամենակարեւոր արդյունքն են»:

 

Կապի ձեւավորման խնդիրը

 

Հոգեբան Լիլիթ Գարգրցյանը հիշեցնում է, որ ներարգանդային զարգացման շրջանում ձեւավորում է մայր-երեխա ու նույնիսկ երեխա-ծնող կապը: Եթե հայրը որոշակի պարբերականությամբ շփվի զարգացող երեխայի հետ, հոր ձայնն էլ նրան ծանոթ կթվա, եւ ծնվելուց հետո նրանց միջեւ որոշակի կապ կլինի: Հոգեբանական խնդիրը, որ կարող է առաջանալ սուրոգատ մոր միջոցով ծնված երեխայի համար, հիմնականում կապի ձեւավորման խնդիրն է:

 

«Եթե կենսաբանական մայրը կոնտակտի մեջ չի մտնում իր մեջ մեծացող պտղի հետ, դա կարող է երեխայի մոտ առաջացնել հուզական դժվարություններ: Երեխայի պրենատալ՝ մինչծննդյան զարգացման ընթացքում ձեւավորվում է ոչ գիտակցական, բայց զգայական աշխարհի պատկեր, որի մեջ մտնում են մոր օրգանիզմի ձայները՝ սրտի, արյան շրջանառության, որը նման է ծովի խշշոցի, մոր ձայնը (եթե  նույնիսկ մայրն իր հետ չի խոսում, միեւնույն է՝ մոր ձայնը, նրան շրջապատող ձայները կազմում են երեխայի զգայական աշխարհի պատկերի մի մասը)», - ասում է հոգեբանը:

Լիլիթ Գարգրցյանը Լիլիթ Գարգրցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ երեխան ծնվում է, այդ զգայական աշխարհը փլուզվում է: Կայուն միջավայրից երեխան հայտնվում է լրիվ այլ իրավիճակում: Նորածնին անմիջապես դնում են մոր կրծքին, որ նորից լսի մոր շնչառությունը, նրա սրտի ձայնը եւ զգա ջերմությունը, որն օգնում է ինչ-որ չափով վերագտնել ապահովությունը: Ծննդաբերությունից հետո առաջին մեկ ու կես օրը համարվում է չափազանց զգայուն շրջան, որն ամենանպաստավորն է մայր-երեխա կապի առաջացման համար: Դրան նպաստում է նաեւ կրծքով կերակրելը, ինչը փոխնակ մայրը չի անում, իսկ կենսաբանական մայրը չի կարող անել:

 

Հայացք «կողքից»

 

«Փոխնակ մայրիկին դիմելու պարագայում կենսաբանական մայրը, ինչպես հայրը, «կողքից» է տեսնում, թե հղիությունն ինչպես է զարգանում, նա արձագանքում, խոսում է ուրիշի արգանդում շարժվող երեխայի հետ: Սակայն այս խնդիրներն անհաղթահարելի չեն: Եթե կենսաբանական ծնողները որոշակի պարբերականությամբ հանդիպում են փոխնակ մորը, դա օգնում է կապի ձեւավորմանը: Չեմ բացառում, որ սկսած նորածնությունից՝ հուզական ապրումները մոր մոտ կարող են առաջացնել այն հորմոնները, որոնք առաջանում են ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո: Կապի ձեւավորման համար շատ կարեւոր է նաեւ նորածնության շրջանում երեխայի խնամքը:

 

Եթե կենսաբանական մոր համար կարող է խնդիր դառնալ երեխայի հետ կապի բացակայությունը, ապա փոխնակ մոր դեպքում «վտանգն» այն է, որ չկապվի երեխայի հետ, որին կրում է: Քանի որ իր ներսում կենդանի էակ է զարգանում, ինքը զգում է երեխայի շարժը, ռեակցիաները, հնարավոր չէ՝ որոշակի հուզական հակազդում չտա:

Լուսանկարը` India Beirao da Veiga

Միկրոհոգեվերլուծությամբ զբաղվողները համարում են, որ բեղմնավորման պահից սկսած՝ երեխան արդեն կրում է ինչ-որ ինֆորմացիա: Նույնիսկ կան տեսություններ, որոնց համաձայն ձվաբջիջը բջջային մեմբրանի մակարդակում կրում է ինֆորմացիա, մոր մտքերը տպվում են մեմբրանի վրա, եւ ըստ դրա՝ տարբեր երեխա կարող է ստեղծվել: «Բայց այդ բոլոր տեսությունները փաստերով ապացուցելի չեն: Մենք երբեք չենք կարող միանշանակ փաստել, որ երեխայի մոտ առաջացած խնդրի պատճառն այն է, որ նա ծնվել է արտամարմնային բեղմնավորումից», - շեշտում է հոգեբանը:

 

Բայց ապացուցված է, որ մոր հուզական վիճակն ինչ-որ ձեւով անդրադառնում է երեխայի վրա: Բազային հույզերի՝ տհաճության, հաճույքի, վախի, երջանկության միմիկաները պտուղն ունի մինչեւ ծնվելը: Ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ նկատել են կապ մոր հուզական վիճակի եւ երեխայի միմիկայի միջեւ: Քանի որ որոշ հորմոններ անցնում են երեխային, ենթադրվում է, որ երեխան հուզականորեն զգում է նույնը, ինչ՝ մայրը:

 

«Փոխնակ մայրը հասարակության կողմից հաճախ պարսավանքի է արժանանում նրա համար, որ երեխա է ունենում եւ տալիս ուրիշին, թեեւ երեխայի կենսաբանական ծնողը չէ: Փոխնակ մայրը պետք է իր մտածողության, համոզմունքների, դիրքորոշումների մեջ կարեւոր փոփոխություններ կատարի, որպեսզի կարողանա այդ երեխային ընկալել որպես ոչ իրենը, եւ կարողանա ծննդաբերել ու երեխային հանձնել ուրիշին: Մայր-երեխա կապը շատ ուժեղ է, նույնիսկ կարելի է ասել՝ բնազդային, եւ որպեսզի այդ կապը չձեւավորվի եւ ինքը կարողանա հանձնել երեխային, իր համար սահման է դնում», - ասում է Լիլիթ Գարգրցյանը:

 

«Պետք է տրամադրես քեզ, որ երեխաները քոնը չեն»

 

Հոգեբանի խոսքերը հաստատում է փոխնակ մայրիկ Շուշանը (անունը փոխված է).

 

«Պետք է հոգեբանորեն տրամադրես քեզ, որ երեխաները քոնը չեն: Մի ընկերուհի ունեի, որը փոխնակ մայր դարձավ, երեխաների ծնվելուց հետո չտվեց ծնողներին, համարում էր, որ իրենն են: Դատարանով, մեծ քաշքշուքներից հետո մի կերպ հանձնեց էրեխեքին»:

 

Շուշանը 31 տարեկան է, ապրում է ամուսնու եւ իր 10 եւ 14 տարեկան երեխաների հետ:

 

«Փոխնակ մայր լինելու մտադրություն չկար, բայց ֆինանսական շատ մեծ խնդիրներ ունեցանք: Գրանցվեցի կլինիկայում, բժշկական զննություն անցա: Երբ առաջարկեցին փոխնակ մայր լինել, պայմաններին ծանոթացա, ամուսնուս հետ քննարկեցինք, որոշեցինք:

 

Երբ ծանոթացա զույգի հետ, այնքան լավ մարդիկ էին, որ էլ չկարողացա ասել «ոչ»: Մեկ ու կես ամիս շփվեցինք, եկանք համաձայնության, պայմանագիր կնքեցինք: Իմ բոլոր պայմանների հետ համաձայն էին, ամեն հարցում կողքիս կանգնած էին:

 

2016 թվականին երեխաները ծնվեցին: 13 հազար դոլար եմ ստացել, որովհետեւ զույգ ունեցա: Իրենց հետ կապը կա, ցանկացած հարցով ինձ աջակցում են: Ես էլ ամեն տարի զանգում, երեխաների ծնունդը շնորհավորում եմ», - Մեդիամաքսին պատմում է Շուշանը:

Լուսանկարը` lenami

«Նրանց չեմ տեսել, ինքս չուզեցի: Բայց եթե նույնիսկ տեսնեի, հաստատ ոչ մի զգացողություն չէի ունենա, որովհետեւ այդ ամբողջ ընթացքում ինձ տրամադրել էի, որ իմը չեն: Անգամ հոգեբանի մոտ չեմ գնացել: Երբ իմ սեփական երեխաներով էի հղի, ամեն վայրկյան խոսում էի հետները, շոյում էի, բայց որպես փոխնակ մայր՝ շատ սառն էի, բացարձակ չէի շփվում: Եթե շարժվում էին, իրենց մամա-պապային էի տեղյակ պահում, ասում էի՝ թող առաջինն իրենք շփվեն: Ամսվա ընթացքում 3-4 անգամ հանդիպում էինք, ամեն մանրուք պատմում էի իրենց», - շարունակում է նա:

 

Շուշանը կրկին հղի է, երկրորդ անգամ է փոխնակ մայր դառնալու: Ասում է, որ հիմա ֆինանսական խնդիր չունի, պարզապես այն կինը, ում համար առաջին անգամ էի փոխնակ մայր եղել, ասաց, որ իր քրոջ ընկերուհին Ֆրանսիայից եկել է՝ հատուկ իրեն դիմելու համար, շատ է խնդրել:

 

«Ընտանիքում որոշել ենք, որ 35 տարեկանում պետք է ունենամ երրորդ երեխայիս:

Ոչ մեկի կարծիքն ինձ չի հետաքրքրում: Հարեւանները, բարեկամները չեն իմացել: Իմ երեխաներին էլ բացատրել եմ, որ Աիդա (անունը փոխված է) քույրիկը հիվանդ է, չի կարողանում իր բալիկներին պահել, ես պիտի պահեմ, տամ իրենց: Ամուսնուս հետ էլ ոչ մի խնդիր չի առաջացել, որովհետեւ իր համար եմ արել, ինքն էր այդ խնդիրների մեջ: Սկզբում դժվար էր, չէր համաձայնում, բայց հետո հասկացավ, որ ուրիշ ելք չկա», - ասում է Շուշանը:

 

Հատուկ ռեպորտաժի առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Հատուկ ռեպորտաժի երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Աննա Բուբուշյան, Լուսինե Ղարիբյան, Մարիամ Մանոյան, Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին