Տեսողական խնդիրներով դիմորդները շարունակ սպասում են - Mediamax.am

exclusive
3436 դիտում

Տեսողական խնդիրներով դիմորդները շարունակ սպասում են


Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսան Ահարոնյանը
Ալեքսան Ահարոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Սահակյանը
Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչեւ անցյալ տարի, թիվ 14 հատուկ դպրոցը միակ տեղն էր, ուր հասնելու համար Ալլան ուղեկցողի կարիք չուներ։ Անցյալ սեպտեմբերին սովորեց նաեւ Երեւանի ծայրամասից Մանկավարժական համալսարան տանող ճանապարհը։ Լսողությունն ու մյուս զգայարանները օգնում են չտեսնող աղջկան օգտվել հանրային տրանսպորտից ու կանգառից քայլելով հասնել համալսարան։

 

«Հիմնականում տանեցիներն էին ուղեկցում, բայց ամբողջ կյանքում չե՞ն տանելու-բերեն։ Ինձ համար ամենակարեւոր գործոններից մեկը ինքնուրույն մարդ ձեւավորվելն է»,-ասում է 20-ամյա Ալլա Սահակյանը։

Ալլա Սահակյանը Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անցյալ տարի ավարտել է Երեւանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը։ Ակտիվ աշակերտ էր, մասնակցում էր հայոց լեզվի օլիմպիադաների, երբ դպրոցում հյուրեր կամ լրագրողներ էին լինում, Ալլան առաջին շարքերում էր։ 

 

«Առաջադիմության, գրագետ խոսքիս համար մանկավարժներն ինձ էին առաջարկում, որ խոսեմ։ Ինտերնետը քրքրեք, կգտնեք»։

 

Դպրոցում բոլորը վստահ էին՝ Ալլան հաջողությամբ կհանձնի հայոց լեզվի միասնական քննությունը, կդառնա հատուկ հոգեբան։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) տրամադրել էր ընթերակա, որը պետք է օգներ Ալլային։

 

«Քննությունը դպրոցներից մեկում էր անցկացվում։ Ընթերական պետք է կարդար հարցերը, ես պատասխանեի, ինքը նշեր։ Տիֆլոմանկավարժը (չտեսնող երեխաների կրթությամբ եւ դաստիարակությամբ զբաղվող մասնագետ) կամ ընդհանրապես մանկավարժը գիտի՝ ինչպես պետք է ընթերցի թույլ տեսնողի համար, գրագետ, ճիշտ մոտեցում ցույց տա։ 

Ալլա Սահակյանը Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ ընթերակայի ընթերցելու ձեւն ինձ հասանելի չէր։ Ասում էր՝ չենք հասցնի, արի առաջ անցնենք, բայց ի՞նչ իրավունք ուներ։ Ես էլ զգում էի, որ ժամանակի մեջ չենք տեղավորվում, ստիպված լսում էի իրեն։ Ստացա 5, 25 միավոր։ Շատ ամոթ էր։ Այդ կինը մեղավոր չէ, որ չգիտի՝ ինչպես է պետք աշխատել չտեսնողի հետ։ Ես ինձ եմ մեղադրում, որ չդիմեցի հանձնաժողովի նախագահին, որ լրացուցիչ ժամանակ տրամադրեին եւ ընթերակային փոխեին»։

 

Ալլան նորից փորձեց։ Այս անգամ ընթերակային տրամադրեց Մանկավարժական համալսարանը։ 16,5 միավորով ընդունվեց հատուկ կրթության ֆակուլտետ՝ տիֆլոմանկավարժություն սովորելու։ Հեռակա ուսուցում է ստանում։

Ալլա Սահակյանը Ալլա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թիվ 14 հատուկ դպրոցն այս տարի յոթ շրջանավարտ ունի։ Բուհ դիմելու են երկուսը։ Ամեն տարի, նախորդի փորձի հիման վրա, դպրոցն ու ԳԹԿ-ն խնդրի լուծման նոր տարբերակ են մտածում։

 

«Նախարարության հետ պայմանավորվել ենք, որ այս տարի քննությանը երեխայի հետ նստի մեր դպրոցի աշխատողներից մեկը՝ դաստիարակը, ուսուցիչը, որը չտեսնողի հետ աշխատելու փորձ ունի։ Եթե, օրինակ, հայոց լեզվի քննություն է, թող նստի ռուսերենի ուսուցիչը, որ չմտածեն, թե հուշելու հարց կա։

 

Բացի կարդալուց, այստեղ նաեւ հոգեբանական խնդիր կա։ Չտեսնող երեխան իր ուսուցիչներին ճանաչում է, իսկ իր կողքին նստած օտար մարդուն կարող է չվստահել»,- ասում է Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը։

 

Դպրոցում, որտեղ սովորում են կույր, մնացորդային եւ թույլ տեսողությամբ երեխաներ, դասագրքերի մեծ խնդիր կա։

 

Բրայլյան (տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված ուռուցիկ-կետային համակարգ) դասագրքերը մատների վրա կարելի է հաշվել։ Չտեսնող աշակերտներն ավարտում են դպրոցը՝ առանց ֆիզիկայի,  երկրաչափության, անգլերենի կամ հայոց լեզվի դասագրքի։ Նրանք չունեն նաեւ բրայլյան համակարգով կամ խոշոր տառատեսակով շտեմարաններ։ Տեսողական խնդիրներով երեխաները կրթություն ստանում են անհավասար պայմաններում, բայց քննություն հանձնում ու գնահատվում են նույն չափանիշներով, ինչ տեսողական խնդիր չունեցողներն եւ քննության պատրաստվելու հնարավորությունից օգտվողները։

 

«Երբ քննությունները միասնական չէին, երեխաները գրում էին բրայլով, հետո հանձնաժողովի համար կարդում իրենց շարադրությունը, ասում, թե որտեղ ինչ կետադրական նշան են դրել։ Այն ժամանակ երեխան երեք էր ստանում ու ընդունվում, իսկ հիմա հավասար մրցակցություն են դրել, ու երեխան պետք է իրենց պահանջած 50 միավորը հավաքի, որ իր ուզած ֆակուլտետն ընդունվի։ Ամեն տարի մի քանի աշակերտ է ավարտում, 50 կամ 100 հոգի չեն, որ հնարավոր չլինի նրանց համար արտոնություններ սահմանել»,- ասում է Ալեքսան Ահարոնյանը։

Ալեքսան Ահարոնյանը Ալեքսան Ահարոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի բուհական համակարգում սովորում է հաշմանդամություն ունեցող շուրջ 440 ուսանող։ ԳԹԿ տնօրեն (հարցազրույցի պահին դեռ պաշտոնավարում էր-հեղ.) Արա Իսպիրյանը պարզաբանում է, որ նրանց համար օրենքով սահմանված արտոնություններ չկան։ Ամեն տարի, կախված խնդրից, հաշմանդամություն ունեցող դիմորդին անհատական մոտեցում է ցուցաբերվում, որ կարողանա հնարավորինս անխոչընդոտ հանձնել քննությունները։ Օրենսդրական փոփոխություններ անելու առաջարկով անցյալ տարի դիմել են ԿԳՆ, առայժմ՝ անարձագանք: 

 

«Առաջարկել ենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար այլ տեսակի քննություններ արվեն կամ արտոնություններ ձեւակերպվեն։ Գուցե կարողանան իրենց դպրոցի գնահատականներով ընդունվել։ Պետք է իրավաբանները քննարկեն, եթե որեւէ խնդիր չլինի, օրենքներում կամ կարգերում ամրագրեն, որպեսզի ընդհանուր լուծում լինի բոլորի համար, ոչ թե յուրաքանչյուր տարի անհատապես փորձենք երեխայի հետ լուծում գտնել»,-ասում է Արա Իսպիրյանը։

 

Քննությունների կազմակերպման հարցով հաշմանդամություն ունեցող որեւէ աշակերտ այս տարի չի դիմել ԳԹԿ։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին