Խիզախելու եւ երազելու վայր՝ Ամրակից համայնքում - Mediamax.am

exclusive
4409 դիտում

Խիզախելու եւ երազելու վայր՝ Ամրակից համայնքում


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արուսիկ Զեյնալյանը
Արուսիկ Զեյնալյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հայկ Զալիբեկյանը
Հայկ Զալիբեկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Լոռու մարզի Ամրակից համայնքում բացվել է «Խիզախ երազանքների վայր»։ Հենց այդ վայրի ստեղծումը խիզախելու եւ երազանքներն իրականացնելու օրինակ է։ 

 

2017թ. սեպտեմբերին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Ամրակից  տեղափոխված անգլերենի ուսուցչուհի Արուսիկ Զեյնալյանը որոշեց դպրոցում ստեղծել նոր՝ժամանակակից գրադարան։ Ամրակիցի դպրոցական ու համայնքային գրադարանները տասնամյակներ չեն համալրվել, իսկ հնացած ու մաշված գրքերով աշակերտներին դժվար է ընթերցասեր դարձնել։

 

Աշակերտները, ուսուցիչները կասկածում էին, որ Արուսիկին կհաջողվի իրականացնել ծրագիրը, բայց չխանգարեցին, թեւաթափ չարեցին։

 

Ամրակից համայնքը կունենա երազանքների գրադարան

 

«Առաջին օրից ես մի բանի մասին էի երազում, որ իմ երեխաները, գուցե առանց գիրք կարդալու, տեսնելով, թե ոնց ենք մենք էս գրադարանը ստեղծում, ինչքան ուժ ու սեր ենք ներդնում գաղափարի իրականացման մեջ, կսովորեն շատ կարեւոր մի բան, որ միայն էնտուզիազմով՝ չունենալով փող ու ծանոթներ, կարելի է սարեր շուռ տալ, կյանք փոխել, ինչ ուզում ես, անել։ Ամենակարեւորը էնտուզիազմն է, մեր քրտնաջան աշխատանքը, հավատքը․․․ ու վերջ։ Հուսով եմ, որ սա կլինի այն վայրը, որը կսովորեցնի մեծ երազանքներ ունենալ եւ շատ խիզախ լինել այդ երազանքներին հասնելու ճանապարհին»,- գրադարանի բացման հյուրերին պատմում է Արուսիկը։ 

 

Արուսիկ Զեյնալյանը Արուսիկ Զեյնալյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Նախաձեռնությունը նա իրականացրել է ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի օգնությամբ, մի շարք մարդկանց ու կազմակերպությունների աջակցությամբ։ Գրադարանը ժամանցի վայր է լինելու, դասախոսություններ, խմբակներ են կազմակերպելու, ֆիլմեր դիտեն, խաղեր խաղան։ 

 

«Ես շատ էի կասկածում, որ կստացվի, որովհետեւ շատ մարդիկ են ուզել մեր դպրոցում էդպիսի գործեր անել, չի ստացվել, կիսատ են թողել, գնացել։ Ընկեր Արուսիկն էլ եկավ, ասաց պիտի իրար հետ գրադարանը սարքենք, ասացի՝ չեք կարող, վստահ չէի։ Երբ աթոռները, գրքերը բերեցին, սկսեցի հավատալ։ Հասկացանք, որ պիտի վստահենք մեր ուժերին»,- ասում է 9-րդ դասարանցի Մերին։ Դեռ չբացված գրադարանից նա արդեն վերցրել է Անրի Վերնոյի «Մայրիկ»-ը։ 

 

 

«Ես էլ «Հարի Փոթեր»-ն եմ վերցրել։ Կինոն նայել էի, որ գիրքն էլ տեսա, ուզեցի կարդալ»,- ավելացնում է Սյուզին: 

 

Գրադարանի բացումը Ամրակիցում տոն է։ Դպրոցի շենքն ու բակը զարդարել են, երեխաները գրքի հերոսների կերպարանքով են հանդես գալիս։ Հավաքվել են աշակերտներն ու մեծահասակները, հարեւան գյուղերի բնակիչները, որովհետեւ գրադարանից նաեւ նրանք են օգտվելու։   

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Գրադարանում ամեն գյուղ ունենալու է իր գույնը։ Երբ ընթերցողը գրանցվի, նրան տալու ենք իր համայնքի գույնի քարտ, որը պետք է կախի գրադարանում տեղադրված փայտե ծառից։ Այդպես մենք կիմանանք, թե որ գյուղից ավելի շատ կարդացող կա։ Նոր գրանցված երեխաները քարտերը կախում են ամենացածր ճյուղերին։ Երբ 5 գիրք են կարդում (մենք նշում ենք քարտի վրա), բարձրանում են երկրորդ աստիճան։ Երբ 10 գիրք կարդան, կհասնեն ամենաբարձր ճյուղին։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

20 գիրք կարդալուց հետո դառնում են պատվավոր ընթերցող, կարող են ուրիշներին խորհուրդ տալ՝ ինչ գիրք կարդալ, եւ նրանց նկարները կկախենք ինչ-որ տեղ։ Ամեն հնարավորություն օգտագործում ենք։ Եթե նույնիսկ երկրորդ հարկ բարձրանալու համար կարդան, էլի լավ է»,- ասում է Արուսիկը։ 

 

Ամրակիցի հաջողված փորձից ոգեւորված՝ Հայկ Զալիբեկյանը մտածում է նոր նախաձեռնության մասին։

 

Հայկ Զալիբեկյանը Հայկ Զալիբեկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ուզում ենք Հայաստանում ու Արցախում կառուցել նման գրադարաններ։ Սկզբնական շրջանում կստեղծենք գյուղական 10 համայնքներում։ Արդեն ունենք մոդելը, թեստը անցել ենք, գիտենք դժվար ու հեշտ կողմերը։ Իհարկե, ամենամեծ խնդիրը դրամի հայթայթումն է, բայց լավատես ենք, որովհետեւ դրա ձեւն էլ ենք սովորել։ Հույս ունենք հետագայում այդ գրադարանները կապել իրար ինտերնետի, ընդհանուր կառավարման, ծրագրի միջոցով։ Այսպիսի գրադարանները դուռ են դեպի ավելի մեծ աշխարհ», - ասում է Հայկը: 

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին