Վերականգնվել է Հեղնար աղբյուրը - Mediamax.am

19601 դիտում

Վերականգնվել է Հեղնար աղբյուրը


Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Յուլյա Ռուստամյանը
Յուլյա Ռուստամյանը

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լեւոն Աթոյանցը, Յուլյա Ռուստամյանը, Ռոբերտ Ամիրխանյանը
Լեւոն Աթոյանցը, Յուլյա Ռուստամյանը, Ռոբերտ Ամիրխանյանը

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Մարմաշենի վանական համալիրը
Մարմաշենի վանական համալիրը

Լուսանկարը` Արա Կյուրեղյան


Ալեքպոլյան կենցաղի, վարպետների նիստն ու կացը, կենցաղն ու սովորությունները արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը պատկերել է «Հեղնար աղբյուր» վիպակում: Գյումրվա խոսվածքով ու ամենանուրբ մանրամասնություններով քաղաքն է իր ուստեքով ու դարերով քարացած ադաթով, իսկ այս ամենի հետ նաեւ սիրո մի դժբախտ պատմություն՝ քառասուն աղբյուրների հեղինակ Ուստա Մկրտիչը իր ամոթով ու իր առեղծվածային աղբյուրով:

 

Նրա երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրաբանում է ուրիշի հետ, երբ Ուստա Մկրտիչը հայտնաբերում է իրողությունը, կնոջ սիրտը ճաքում է: Հեղնարի մահվանից հետո վարպետը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար։

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Լեգե՞նդ է եղել, թե՞ իրական պատմություն, որ գրի է առել Մկրտիչ Արմենը, այդ սահմանագիծը դեռ ոչ ոք չի կարողացել գտնել: Բայց այն մնաց քաղաքի հիշողության մեջ, երբ էկրանավորվեց: Ռեժիսոր Արման Մանարյանի հեղինակած «Հեղնար աղբյուրը» ներկայացրեց 1970 թվականին:

 

 

Սակայն ֆիլմը նկարահանելու ընթացքում լենինականցիները դժգոհում էին: Հեղնարը ուրիշի էր սիրել ու ավանդապահ կենցաղով գյումրեցոնց դուրը չէր գալիս, որ «քաղաք մե անբարոյակնըմ կար, ըդոր մասին էլ կինո կնկարեին ու խայտառակ կէնեին սաղին»: Դերասանները արդարացումներ ու պատճառաբանություններ էին ներկայացնում, բայց համոզելը դժվար էր:

 

Այս մասին խոսում է նաեւ ֆիլմի գլխավոր օպերատոր Լեւոն Աթոյանցը. «Իր սյուժեով Հեղնարը անբարոյական էր, մենք դա դարձրինք սեր, իսկ Մկրտիչ Արմենը մեր դեմ էր... Բոլոր լենինականցիները գիտեին, թե մենք էլ ենք այդպես նկարում ֆիլմը, բայց մենք ընտանեկան դավաճանությունը դարձրեցինք մեծ սեր»:

 

Այդ տարիների հիշողություններով կիսվում է նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը.

 

-Ինչպես բուռն ընդունեցին «Կտոր մը երկինքը», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը, այդպես «Հեղնար աղբյուրը» չընդունեցին գյումրեցիք, ծափահարություններ կային, բայց ավելի զուսպ: Հետաքրքիր ֆիլմ է, տարիքի հետ տարբեր կերպ ես ընդունում: Հմի առանց արցունքի չեմ նայե: Կյանքի փորձից հետո այլ կերպ ես ընկալում, Մկրտիչ Արմենի խոսքերը հիմա ավելի լավ եմ հասկանում. «Ընտանիքի պատիվը սուրբ է, վով ընտանիքի պատվի համար իրան սերը սբանե, իրան կսբանե: Տա Աստված, օր ամեն տեղ ընտանիքն ու սերն իրար հետ էղնին»:

 

Հրաշք կա հավատացողի համար. Մոտեցիր ախպուրին

 

Ուստա Մկրտիչը իր առեղծվածային աղբյուրը այնպես էր կառուցել, որ ով մոտենում էր, ջուրը ցամաքում էր՝ միայն Ուստա Մկրտիչը կարող էր խմել ջրից, սրանով ի ցույց դնելով, որ Աստված օրհնում է ընտանիքը, կնոջ ու ամուսնու վերերկրային միությունը:

 

Աղբյուրի հրաշքի ու կատարված փոփոխության մասին մանրամասնում է ֆիլմի գլխավոր օպերատոր Լեւոն Աթոյանցը. «Մեզ խանգարեցին, որոշ էպիզոդներ կտրեցին, օրինակ` երբ վարպետը աղբյուրի ջուրը գալիս է խմելու` ջուրը հոսում է, իսկ ուրիշի համար` չի հոսում: Ֆիլմում դա պիտի այդպես էլ առեղծված մնար, բայց ստիպեցին, որ փոխենք ու ցույց տանք, թե Ուստեն խորամանկ է, ոտքերը դնում է իր գիտեցած քարին, որ ջուրը միայն իր համար գա: Այդպես ստիպեցին, որ ֆիլմը փչացնենք: Պարտկոմը չթողեց, որ էդ գաղտնիքը էդպես էլ մնար ու ավելացրեց հրաշքը բացահայտող հատվածը»:

Մարմաշենի վանական համալիրը Մարմաշենի վանական համալիրը

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Ֆիլմի կադրում 10-րդ դարի Մարմաշենի վանական համալիրի պատկերը հուշել էր առեղծվածային աղբյուրի գտնվելու մոտավոր վայրը ու այն ճանաչել էր մոսկվաբնակ գործարար Արթուր Գալստյանը, ում մանկության տարիները անցել էին այստեղ՝ պապական տանը, բայց աղբյուրի մասին չէր իմացել: Այն գտնելու հետաքրքրությամբ էր ոգեւորվել ու այդ նպատակով հատուկ եկել էր Հայաստան: Աղբյուրը գտնելու ու վերականգնելու հարցում նրան օգնեցին ֆիլմի գլխավոր օպերատոր 88-ամյա Լեւոն Աթոյանցը եւ վահրամաբերդցիները:

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Աղբյուրի տեղանքը գտնում են, բայց հուշաքարը այդպես էլ գտնել չի հաջողվում: Նախաձեռնող խումբը որոշում է նույնությամբ քանդակել հուշաքարը՝ «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնօր ջրեն» վերտառությամբ:

 

Ֆիլմի էկրան բարձրանալուց 48 տարի անց, հենց այն նույն տարածքում, որտեղ անցկացվել էր աղբյուրի տեսարանների նկարահանումները, տեղի ունեցավ Հեղնար աղբյուրի բացման արարողությունը:

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Բայց այս անգամ ֆայտոնով ոչ թե վարպետներն էին գալիս, այլ ֆիլմի հերոսները՝ ֆիլմի օպերատոր Լեւոն Աթոյանցը, ՀՀ վաստակավոր արտիստ, ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը՝ Երանոսի դերակատարը եւ Հեղնարի դերակատարուհի Յուլյա Ռուստամյանը:

 

Միջոցառմանը ներկա էր նաեւ Ուստա Մկրտիչի դերակատար՝ Սոս Սարգսյանի դուստրը` Անուշ Սարգսյանը:

 

Վերապրումների ու հույզերի մթնոլորտ էր, իրականություն էր դարձել ֆիլմը ու նկարահանումների կեսդարյա հիշողությունների հույզերը խեղդում էին հերոսների կոկորդները:

 

Երկար տարիներ Փարիզում բնակվող Հեղնարի դերակատարուհին՝ Յուլյա Ռուստամյանը, արցունքն աչքերին հիշում էր նկարահանման պահերը.

 

-Երբ ինձ առաջին անգամ հրավիրեցին այստեղ նկարահանման, շատ ուրախացա: Այն ժամանակ 20 տարեկան էի, սովորել էի Մոսկվայում, երգչուհի էի, ինձ գտավ ռեժիսոր Կարեն Գեւորգյանը, ով պետք է նկարահաներ այս ֆիլմը, բայց հետագայում հանձնարարվեց Արման Մանարյանին: Նրան պետք էր իմ տեսակը, իմ գեղեցկությունը, անհատականությունը:

Յուլյա Ռուստամյանը Յուլյա Ռուստամյանը

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Ես էլ որպես հայ, ում հայրը ծնվել էր Լենինականում, շատ ուրախացա ՝ գալով այստեղ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ վերականգնվեց աղբյուրը: Սա սիրո, հայրենիքի ու արհեստավորի մասին գեղեցիկ ֆիլմերից է:

 

-«Հեղնար աղբյուրը» անմահ գործ է, պետք է հիշել ռեժիսորին եւ այն դերասանախումբը, որոնք գերծանրաբեռնված աշխատել են, մեկ օրվա մեջ 4 օրվա մետրաժ է հանձնել եւ արդյունքում ստեղծվեց գյումրվա աշխարհին մոտ մի կինոժապավեն, որ ապրելու է դարերով, ու ֆիլմում դեռ կգտնեն այն, ինչ նախատեսված է սերունդների համար,- իր ելույթում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը՝ Երանոսի դերակատարը:

 

Բացման արարողության ամբողջ ընթացքում հնչում էր ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտական պատառիկը, որում զգացվում է Հեղնարի վախն ու զգուշությունը, Ուստա Մկրտիչի ամոթն ու հակասական զգացումները:

Լեւոն Աթոյանցը, Յուլյա Ռուստամյանը, Ռոբերտ Ամիրխանյանը Լեւոն Աթոյանցը, Յուլյա Ռուստամյանը, Ռոբերտ Ամիրխանյանը

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

Կոմպոզիտորը, նախ գինով՝ ֆիլմի ներկա հերոսների հետ խմեց բացակա ընկերների կենացը, ապա խմելով աղբյուրի ջրից ասաց. «48 տարի անց վերջապես կարողացա Հեղնար աղբյուրի ջուրը խմել»:

 

Այժմ աղբյուրը ցամաք չէ ու չի սպասելու Ուստա Մկրտիչի հնարքին: Միայն մարդու ձեռքի հպումից է այն սկսում հոսել ու հագեցնել անցորդի ծարավը:

 

Հեղնար աղբյուրի զբոսաշրջային գաղտնիքը

 

Շիրակի մարզի տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի ղեկավար Արսեն Վարդանյանն ասում է. 

Լուսանկարը` Արա Կյուրեղյան

-Լեգենդների, ավանդույթների ավելացումը նպաստում է զբոսաշրջային հոսքին: Խնդիրը ոչ միայն շենք-շինությունների պաշպանումն է, նաեւ կարեւոր լեգենդների պահպանումն ու տարածումը, որովհետեւ ավանդույթի ու կենցաղավարության հիշողությունն են նաեւ թարմացնում:

 

2020 թվականին լրանում է «Հեղնար աղբյուր» ֆիլմի էկրանավորման 50 տարին, վահրամաբերդցիները խոստացան, որ նշելու են մեծ տոնակատարությամբ։

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

 

Լուսանկարները՝ Արա Կյուրեղյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին