Չծերացող «Փոքրիկ իշխանը» 80 տարեկան է - Mediamax.am

exclusive
7475 դիտում

Չծերացող «Փոքրիկ իշխանը» 80 տարեկան է


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մարտիրոսյանը
Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչ Իվանյանը
Հրաչ Իվանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անտարեսի հրատարակությունները
Անտարեսի հրատարակությունները

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդիթ Պրինտի հրատարակությունները
Էդիթ Պրինտի հրատարակությունները

Լուսանկարը` Մեդիամաքս

Կռունկի հրատարակությունները
Կռունկի հրատարակությունները

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոքրիկ իշխանը Մեծ Իշխանասարի (3549) գագաթին
Փոքրիկ իշխանը Մեծ Իշխանասարի (3549) գագաթին

Լուսանկարը` Հրաչ Իվանյանի

Փոքրիկ իշխանը Փոքր Իշխանասարի (3451) գագաթին
Փոքրիկ իշխանը Փոքր Իշխանասարի (3451) գագաթին

Լուսանկարը` Հրաչ Իվանյանի


«Փոքրիկ իշխանը» Հրաչի ամենասիրելի ստեղծագործությունը չէ, ու հաճախ կատակում է, թե երբեւէ չի էլ կարդացել, բայց ընկերներն ու ծանոթները Փոքրիկ իշխանի հետ կապված որեւէ իր տեսնելիսˋ առաջինը Հրաչին են հիշում:

 

Իր համար էլ անսպասելիˋ Հրաչը դարձավ Փոքրիկ իշխանի կոլեկցիոներ: Տարիներ առաջ Անտուան դե Սենտ-Էքզյուպերիի աշխարհահռչակ ու սիրված ստեղծագործությունը գնել էր, որ նվեր տար, ու նվիրելուց առաջ որոշեց կարդալ:

Հրաչ Իվանյանը Հրաչ Իվանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ո՛չ հավաքածուի միտք կար, ո՛չ էլ գիտեի գրքի՝ այդքան լեզուներով թարգմանված ու այդքան օրինակով հրատարակված լինելու մասին: Պատահաբար մոտս կուտակվեց մի քանի լեզվով «Փոքրիկ իշխան», ու մի օր հասկացա, որ շարք է դարձել: Սկսեցի գրքի մասին նյութեր փնտրել: Միտք առաջացավ հայերեն առաջին օրինակը գտնելու, տեսնելու, ունենալու, ու էդպես ձեւավորվեց հավաքածուի գաղափարը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի «Փոքրիկ իշխան» ունի ու որ լեզուներով, փոքրիկ տղայի տեսքով քանի առարկա կա իր հավաքածուում, Հրաչը չգիտի. թիվը շատ արագ է փոխվում՝ ընկերներն են արտերկրից բերում, ինքն է փոխանակում այլ կոլեկցիոներների հետ: Բազմաթիվ են նաեւ Էքզյուպերիին ու նրա մյուս գործերին առնչվող գրքերը:

 

Շատերի համար «Փոքրիկ իշխան»-ի նկատմամբ այս հետաքրքրությունը տարօրինակ զբաղմունք է, ավելորդ ծախս, գրապահարանում իզուր զբաղեցվող տարածք: «Ինչո՞ւ է հավաքում» հարցի պատասխանը ինքն էլ չգիտի:

Լուսանկարը` Մեդիամաքս

««Փոքրիկ իշխանը», որպես գրական-գեղարվեստական ստեղծագործություն, ինձ առանձնապես չի հետաքրքրում: Այն մեծ հնարավորություն է տալիս հավաքածու ստեղծելու, որովհետեւ դուրս է եկել գրքի շրջանակից: Մեզ հայտնի ու անհայտ գրեթե ամեն ինչ կա Փոքրիկ իշխանի տեսքով՝ սկսած առօրյայում օգտագործվող իրերից: Փոքրիկ իշխանն ինձ հետաքրքրում է որպես հավաքածուի նմուշ, հետեւաբար, ես նրա, այսպես ասած, ապրանքային տեսքն եմ ուսումնասիրում՝ կազմը, թղթի որակը, կամ հիմա շատ է հրատարակվում ոչ հեղինակային նկարներով»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչը գրապահարանում առանձին դարակ է հատկացրել հայերեն «Փոքրիկ իշխան»-ներին: Ունի իրեն հայտնի 34 հայերեն հրատարակություններից (ներառյալ՝ նույն հրատարակությունները՝ փափուկ եւ չոր կազմով-հեղ.) 31-ը: Գրեթե մի տան մեծության մոլորակից Երկիր եկած տղայի մասին պատմությունը, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ 1961 թվականին ֆրանսերենից հայերեն թարգմանել է Սոֆի Ավագյանը, հրատարակել «Հայպետհրատ»-ը: Դրանից հետո բնագրից եւ ռուսերենից «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է մի քանի անգամ ու ավելի շատ՝ հրատարակվելˋ արեւելահայերեն, արեւմտահայերեն, համշենի բարբառով, դասական ուղղագրությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Որպես կանոն՝ գրքի վրա հեղինակի գույքային իրավունքը գործում է նրա կյանքի ընթացքում եւ մահից 70 տարի հետո, ապա այն դառնում է հանրային սեփականություն:  «Փոքրիկ իշխանը» «ազատվեց» հեղինակային իրավունքից 2015-ի հունվարի 1-ին: Ու անմիջապես ամբողջ աշխարհում հարյուրավոր նոր հրատարակություններ ու թարգմանություններ հայտնվեցին: Միայն 2015-ին թուրքերեն ավելի քան 80 նոր գիրք հրատարակվեց:

 

«Փոքրիկ իշխանը» ծնվել է Նյու-Յորքումˋ 1943 թվականին՝ Էքզյուպերիի համար դժվար շրջանում: Գերմանական զորքերը մտել էին Փարիզ, ֆրանսիական բանակի օդաչուն թողել էր հայրենիքն ու տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այստեղ նրան առաջարկում են հեքիաթ գրել: «Փոքրիկ իշխանը» նախ անգլերեն տպագրում է Reynal & Hitchcock հրատարակչությունը, ապաˋ ֆրանսիական Gallimard-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստվածաշնչից հետո ամենաշատ թարգմանված (մոտ 350 լեզու եւ բարբառ -հեղ.) ու միլիոնավոր օրինակներով հրատարակված ստեղծագործությունը 75 տարեկան է:

 

«Անտարես»-ը հայաստանյան առաջին ու միակ հրատարակչությունն է, որ չսպասեց 2015-ին ու գնեց «Փոքրիկ իշխան»-ի հեղինակային իրավունքները: «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ «Փոքրիկ իշխան»-ի հրատարակիչներին ամբողջ աշխարհում մատով են ցույց տալիս, հատկապես՝ եթե գիրքը լույս է տեսել հեղինակային իրավունքի ձեռքբերմամբ:

Անտարեսի հրատարակությունները Անտարեսի հրատարակությունները

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աշխարհում կան ուղենշային գրքեր, որոնցով որոշվում էˋ տվյալ երկրի շուկան ազատ է, թե՝ ոչ, գող է, թեˋ ոչ: Այդ գրքերից մեկը «Փոքրիկ իշխան»-ն է: Այսինքնˋ եթե «Փոքրիկ իշխանը» գնվել եւ հրատարակվում է հեղինակային իրավունքի պահպանմամբ, ապա սա այս տիպի պետություն է, եթե գողացված է, ուրեմն, ուրիշ տեսակի պետություն է: Ես հասկացա, որ օր առաջ պետք է գնել «Փոքրիկ իշխան»-ի հեղինակային իրավունքը: Եվ դա մեր առջեւ շատ դռներ է բացել: Միջազգային ասպարեզում դու կարող ես ընդամենն ասել՝«Փոքրիկ իշխան» եմ հրատարակում: Երբ դա հեղինակային իրավունքի ներքո էր, պատիվն ավելի մեծ էր»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանյան մի շարք հրատարակչություններ չդիմացան «Փոքրիկ իշխանը» ունենալու գայթակղությանը՝ անգամ առանց հեղինակային իրավունքի: Թեեւ գրքին հավելյալ արժեք հաղորդում են հեղինակի նկարազարդումները, բայց հատկապես վերջին տարիներին միջազգային շուկայում հայտնվում են Փոքրիկ իշխանի նոր պատկերներ: 2016-ին «Կռունկ» տպագրատունը հրատարակեց Փոքրիկ իշխանի ծանոթ նկարազարդումներից զգալիորեն տարբեր պատկերներ: Թեեւ գրքում նշված է, որ դրանց հեղինակը Կիմա Ինջյանն է, բայց այն ամբողջությամբ կրկնում է կորեացի նկարչի աշխատանքները:

Կռունկի հրատարակությունները Կռունկի հրատարակությունները

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կռունկ»-ի ներկայացուցիչ Արման Աթանյանն ասում է՝ ուզում էին ընթերցողին այլընտրանք առաջարկել: Փորձել են նկարների հեղինակի հետ կապվել, չի ստացվել: Ըստ նրա՝ տպագրել են 500 օրինակ, որը մինչ օրս չի սպառվել. ընթերցողը հեղինակային նկարներն է նախընտրում:

 

«Փոքրիկ իշխան»-ի հայերեն վերջին հրատարակությունը «Էդիթ Պրինտ»-ինն է՝ առանձին գրքով եւ «Նամակ պատանդին» կարճ ստեղծագործության հետ:

 

Շուշանիկ Թամրազյանն ասում է՝ ամեն թարգմանիչ ունի գրքեր, որոնք թարգմանելու մասին երազում է: Իր համար այդպիսի ստեղծագործություն էր «Փոքրիկ իշխանը»:

 

«Յուրաքանչյուր թարգմանություն հանդիպում է հեղինակի եւ թարգմանչի միջեւ: Սա իսկական ներքին տոնախմբություն է՝ պայծառանում է թարգմանության լեզուն, բնագիրը եւ թարգմանված տեքստը հանդիպում են իրար: Սա մի այնպիսի զգացում է, որ ուզում ես անպայման ապրել քեզ սիրելի գործի առիթով»:

 

Ուսանողական տարիներին արված հատվածական թարգմանություններն ամբողջացրեց, ու 2018-ին գիրքը վերահրատարակվեց: Շուշանիկ Թամրազյանը նկատում է, որ փիլիսոփայական հեքիաթը վճիտ, թափանցիկ լեզվով է արտահայտված: «Փոքրիկ իշխանը» չի խոսում աֆորիզմներով, փիլիսոփայական խրատներով, թեեւ հիշեցնում է շատ խոր, համամարդկային ճշմարտությունների մասին:

Փոքրիկ իշխանը Մեծ Իշխանասարի (3549) գագաթին Փոքրիկ իշխանը Մեծ Իշխանասարի (3549) գագաթին

Լուսանկարը` Հրաչ Իվանյանի

«Սա է, թերեւս, «Փոքրիկ իշխան»-ի առեղծվածն ու բացառիկ կախարդանքը»,- ասում թարգմանիչն ու ընդգծում, որ այդ առերեւույթ պարզությունը խաբուսիկ է: Ասում է՝ միշտ էլ մեծ է գայթակղությունը՝ տեքստը կոկելու, կրկնությունները վերացնելու, կրկնվող բառը դերանվամբ փոխարինելու: Մի քանի նախադասություն փորձել է այսպես ասած «հղկել», ու զգացել է՝ «Փոքրիկ իշխանը» նեղացավ, ներփակվեց ինքն իր մեջ ու հեռացավ խորք, եւ տեքստն այլեւս չի զրնգում, ինչպես բնագրում:

 

«Այստեղ Էքզյուպերին կարծես մոտենում է լեզվի մանկությանը ու ենթագիտակցորեն փնտրելով իր երկրորդ ես-ինˋ Փոքրիկ իշխանինˋ փնտրում է նաեւ լեզվի նախաստեղծ ակունքը, երբ յուրաքանչյուր բառ մի ներկայություն է, օժտված է ուրույն կախարդանքով, ինչպես նոր խոսել սովորող երեխայի համար յուրաքանչյուր բառն առեղծված է: Այդ զուլալ լեզուն հեշտ չէ պահպանել թարգմանության մեջ:

Փոքրիկ իշխանը Փոքր Իշխանասարի (3451) գագաթին Փոքրիկ իշխանը Փոքր Իշխանասարի (3451) գագաթին

Լուսանկարը` Հրաչ Իվանյանի

Օրինակ՝ նախորդ թարգմանություններում փորձել են մեծահասակի լեզվամտածողության տեսանկյունից տրամաբանորեն հարթեցնել հայտնի ֆրազներից մեկը՝ «Խնդրում եմ, մի գառնուկ նկարիր ինձ համար»: Բայց բնագրում ասվում է. «Խնդրում եմ Ձեզ... մի գառնուկ նկարի՛ր ինձ համար...»: Հայերենում գուցե սխալ թվա, որ «Ձեզ»-ով սկսվող նախադասությունն ավարտվում է «դու»-ով: Բայց սա ո՛չ վրիպակ է, ո՛չ էլ հեղինակի քմահաճույքը: «Խնդրում եմ Ձեզ»-ը մի անկյանք կաղապար է, քաղաքավարի դիմելաձեւ, որը երեխան ինչ-որ տեղից լսել ու անգիր է արել: Բայց դադարից հետո ծնվում է իսկական հարցը, որը ձեւակերպում է «դու»-ով»:

 

Թեեւ «Փոքրիկ իշխանը» ամենավաճառվող գիրքն է, «Էդիթ Պրինտ»-ի մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն ասում է, որ ստեղծագործությունը վերահրատարակելն իրենց համար բիզնեսի հարց չէր. ցանկացած հրատարակիչ երազում է այս գիրքն ունենալու մասին:

Էդիթ Պրինտի հրատարակությունները Էդիթ Պրինտի հրատարակությունները

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էդիթ Պրինտ»-ը որոշել է հայ ընթերցողի համար ամբողջությամբ բացահայտել գրականությանն ու ավիացիային սիրահարված Էքզյուպերիին: Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ լույս են տեսել «Ռազմական օդաչու», «Գիշերային թռիչք», «Մարդկանց երկիր», «Նամակ պատանդին» գործերը, որոնք գրող-օդաչուի կենսագրության կարեւոր դրվագներն են: Թարգմանվում է նաեւ «Միջնաբերդ»-ը՝ Էքզյուպերիի վերջին ու անավարտ գործը:

 

«Անտարես»-ը եւս չի մոռանում «Փոքրիկ իշխան»-ին: 5 հրատարակություններին կավելանա եւս մեկը: Շուտով լույս կտեսնի գրքի փոքրիկˋ հուշանվերային տարբերակը:

 

Փոքրիկ իշխանը համաշխարհային բրենդ է: Ենթադրաբար «B 612» աստղակերպից իջած տղայի ու նրա օդաչու ընկերոջ պատվին աշխարհի տարբեր ծայրերում արձաններ են կագնեցրել, ֆիլմեր ու մուլտֆիլմեր նկարահանել, թատերական ու օպերային ներկայացումներ, մյուզիքլներ բեմադրել: Ալզասում բացվեց Փոքրիկ իշխանին նվիրված մեծ զբոսայգի, Փարիզում գտնվող պաշտոնական խանութում սիրված գրքի հերոսների պատկերներով բազմաթիվ իրեր են վաճառվում:

 

«Փոքրիկ իշխան»-ի հաջողությունը Էքզյուպերին չհասցրեց վայելել: 1944-ի հուլիսի 31-ին Կորսիկայի օդանավակայանից Սենտ-Էքսը մեկնեց հերթական ռազմական առաջադրանքին: Վայրէջքի մասին լուրին ընկերները երկար սպասեցին: Ավելի ուշ արձանագրեցին՝ օդաչուն չի ժամանել, համարվում է կորած:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի եւ Հրաչ Իվանյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին